Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐ. ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ



ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐ. ՀՈՒՇ-ԵՐԵԿՈՍեպտեմբերի 30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի ունեցով «Անմահ հերոսներ» խորագրով հուշ-երեկո, որն  իրենց գեղեցիկ ու ոգեշունչ կատարումներով հագեցրին ԿԳՄՍ նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» միացյալ երգչախմբի երեխաները: Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում գործող  երգչախմբերի գեղարվեստական ղեկավարն է Վարդուհի Խաչատրյանը, որի նախաձեռնությամբ էլ իրականացվեց  հայրենիքի համար մղված պատերազմներում իրենց կյանքը չխնայած  զինվորականների ոգեկոչման հուշ-երեկոն՝ հանձինս դասակի հրամանատար Յուրի Առուստամյանի, 44-օրյա պատերազմում  անձնազոհաբար մարտնչած զինվորներ Գևորգ Խաչատրյանի և Էրիկ Ղարիբյանի։  Նրանք երեքն էլ ծնվել են սեպտեմբեր ամսին. սեպտեմբերի 14-ին  Գևորգ Խաչատրյանը բոլորեց  իր  երկնային 22-ամյակը, սեպտեմբերի 8-ին Էրիկ Ղարիբյանը կդառնար  23, իսկ սեպտեմբերի 28-ին դասակի հրամանատար Յուրի Առուստամյանը՝ 65 տարեկան:

Էրիկ Ղարիբյանը՝ որպես դիվիզիոնի ինքնագնաց հրետանային կայանքի հաշվարկի նշանառու, հմուտ և գրագետ է կատարել իր առջև դրված մարտական խնդիրները, անձնական խիզախությամբ և արիությամբ օրինակ է ծառայել զինակիցներին։ 2020 թ.-ի հոկտեմբերի 6-10-ը հաշվարկի կրակով կարողացել են հակառակորդին կենդանի ուժի և զրահատեխնիկայի զգալի կորուստներ պատճառել:

Շարքային Գևորգ Խաչատրյանը հոկտեմբերի 10-ին զոհվել է հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից։ Նա երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Յուրի Գրիգորի Առուստամյանը ծնվել է 1958 թ.-ին Կապան քաղաքում։ Առաջիններից էր, որ 1991 թ. կամավորագրվեց և մասնակցեց  ազատագրական մարտերին։ Մասնակցել է մի շարք մարտական գործողությունների, այդ թվում՝ հայրենի Սյունիքի տարածաշրջանի գյուղերի պաշտպանության համար մղվող մարտերին։ 1994 թ. հունվարի 7-ին հերթական առաջադրանքը կատարելիս գումարտակի տղաների հետ վիրավոր վիճակում շրջափակման մեջ է ընկել… Յուրին դիպուկահար էր, կապի գերազանց մասնագետ, ուներ համապատասխան կրթություն, թեթև աթլետիկայի չեմպիոն էր։ Նրա սիրած խոսքերն էին՝ «Ափսոս չէ կյանքը, եթե տալիս ես հող ու ջրի, մատաղ սերնդի խաղաղ կյանքի համար»։

Հուշ-երեկոյի մեկնարկից առաջ ներկաները մեկ  րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի համար զոհված հայորդիների հիշատակը։

Հայրենիքի պաշտպանների  հիշատակը վառ պահելու և նրանց սրբազան գործը շարունակելու հրամայականով ու «Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել» նշանաբանի ներքո հուշ-երեկոյի ընթացքում հնչեցին ինչպես բոլորին հայտնի ու սիրված, նաև նոր ու առաջին անգամ կատարվող հայրենասիրական երգեր։ Համերգն սկսվեց «Հայ զինվոր» երգով, որ հեղինակել է խմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը։

Միջոցառմանը մասնակցեցին նաև Ռազմար Սասունցին՝ իր երգի կատարումով, և Աշուղ Աստղանուշը, որ  կատարեց Յուրի Առուստամյանին նվիրված իր հեղինակած երգը։

Միջոցառման ավարտին իր սրտի խոսքն ասաց նաև Յուրի Առուստամյանի տիկինը՝ Զարինե Հակոբյանը:

-Մենք այսօր բազում դժվարությունների միջով ենք անցնում, բոլորիս հոգին դատարկված ու արցունքով է լցված։ Սակայն չպետք է միայն սգանք, այլ պետք է լցվենք հույսով ու լավ ապագայի հանդեպ մեծ հավատով։ Եվ այդպես էլ լինելու է։ Դրա վկայությունն են այսօրվա միջոցառումը և մեր այս հրաշք երեխաները, որ իրենց ելույթներով մեզ ոգևորությամբ ու զորությամբ զինեցին։

Միջոցառումն ավարտվեց մանկական երգչախմբի  «Ապրել խաղաղ»  խորհրդանշական երգով։

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #37 (1502) 02.10.2023 - 06.10.2023, Հոգևոր-մշակութային


06/10/2023