ՍՊԱՐՏԱԿ ԱՐԵՎՋԱՆՅԱՆ
Թեև Սպարտակը ծնվել էր հեռավոր Սամարայում և երբևէ չէր եղել Հայաստանում, ծնողների ծննդավայր Վանաձորում, սակայն այնքան շատ էր սիրում Հայաստանը, որ անգամ օտարազգի ուսուցիչները, նրա զրույցների, հույզերի միջոցով ճանաչել ու սիրել են Հայաստանը։ Տասնվեց տարեկանում Սպարտակն առաջին անգամ հայրենիք եկավ՝ գրպանում այն բոլոր պատմամշակութային կոթողների ու հուշարձանների ցուցակը, ուր նպատակադրվել էր այցելել եւ որոնց համազգային ու պատմական նշանակության ու կարևորության մասին կարդացել էր գրքերում։
-Երբ վաղ հասակում տեսնում ես երեխային, չես կարող ենթադրել, որ նա կարող է հայրենիքի պաշտպան դառնալ, հերոսանալ՝ մյուսներին պաշտպանելով։ Սա գուցե նաև դաստիարակությա՞մբ պայմանավորված երևույթ է։ Արևջանյանների ընտանիքում երևի այլ կերպ լինել չէր կարող։ Այնքան կիրթ էր Սպարտակը, բարեպաշտ, ազնիվ, բարձր արժեքներով դաստիարակված երեխա,- հիշում է Սպարտակի առաջին ուսուցչուհին՝ Օլգա Վասիլևնան:
Սպարտակը հայոց պատմությունը գիտեր այնպես, ինչպես իր սեփական կենսագրությունը։ Նա պատմությունն ուսումնասիրում էր ոչ թե որպես անցած-գնացած իրադարձությունների մասին վավերագրություն, այլ քննախույզ հայացքով վերլուծում էր, փորձում գտնել իրեն հուզող բազում հարցերի պատասխանները։ Հենց այդ զրույցներում էլ ուրվագծվում էր գաղափարական մարդու տեսակը, որը հենց այնպես, ազգի ճակատագրին անհաղորդ ապրել չէր կարող։
-Կան մարդիկ, որոնցում վառ արտահայտված է ազգային նկարագիրը, խառնվածքը, տեսակը: Վստահորեն ասում եմ, որ Սպարտակ Արևջանյանը նրանցից մեկն էր։ Շատ խորը, զգացմունքային ներաշխարհ ուներ, միշտ ուներ իր սեփական կարծիքն ու տեսակետը՝ հիմնավոր ու հստակ,- ասում է ուսուցչուհին:
-Սպարտակը հայրենիք էր եկել իրեն այստեղ գտնելու, իրեն ճանաչելու մեծ սպասումներով ու ծննդավայր Սամարա էր վերադարձել մի օր անպայման վերադառնալու, Վանաձորում հաստատվելու երազանքը սրտում,- ասում է մերօրյա հերոսի մայրը՝ Սաթենիկ Արևջանյանը:
Արևջանյանների տանը ազգային ավանդույթներն ու տոները մշտապես առանձնակի վայելչությամբ են նշել, փորձել հայրենիքից հեռու գտնվելով՝ հայրենիքն իրենց ներսում չկորցնել: Երեխաները դեռ վաղ տարիքից մայրենի լեզվով են խոսել: Հայերեն գրել-կարդալ Սպարտակը չգիտեր և ահա փոքր-ինչ հասուն տարիքում իր նախաձեռնությամբ սկսեց հաճախել հարևան քաղաքում գտնվող հայկական եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի հայոց լեզվի դասընթացներին։
Տիկին Սաթենիկը պատմում է, որ տարիներ առաջ Սպարտակը նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու ցանկություն էր հայտնել։ Ծնողները մտածել էին, որ դա ընդամենը ցանկություն է, այնինչ Սպարտակը անակնկալ էր պատրաստել. դեպի Հայաստան չվերթի տոմսերն արդեն պատվիրված էին։ Եվ այս անգամ արդեն Սպարտակը գալիս է հստակ որոշմամբ՝ նախ՝ ժամկետային ծառայությունը կավարտի, իսկ հետո՝ սպայական կրթություն կստանա ու զինվորական կդառնա։
2020-ի սեպտեմբերի 27-ին պատերազմի լուրը կայծակնային արագությամբ հասավ նաև հեռավոր Սամարա, Արևջանյանների ընտանիքում ևս անհանգիստ էին, բայց Սաթենիկն ինքն իրեն մխիթարում էր, որ որդին պատերազմական գոտում չէ։ Ավելի ճիշտ՝ Սպարտակն ինքն էր այդպես սփոփել մորը։
Սպարտակը մասնագիտությամբ հրետանավոր էր և բնականաբար պետք է լիներ այնտեղ, որտեղ ամենածանր մարտերն էին ընթանում։ Ցերեկային անհավասար մարտից հետո՝ գիշերը, ստորաբաժանումը արագ նահանջի հրաման է ստանում: Սպարտակն ըմբոստանում է, փորձում հրամանատարի հետ հնարավոր այլ տարբերակներ քննարկել, հետո կարծես թե համոզվում է, սակայն արդեն նախանշված վայրում ծառայակիցները նկատում են, որ Սպարտակն իրենց հետ չէ։
Սպարտակն իր ծննդավայր Սամարայի ու երբևէ չտեսած Հայաստանի միջև ընտրեց հայրենիքը և անգամ ամենածայրահեղ իրավիճակում, երբ պիտի ընտրեր կյանքը, նախընտրեց գիտակցված մահը։ Նա իր ընտրության մասին հայտնել էր դեռևս Հայաստան գալուց առաջ, կիրակնօրյա դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհուն հայերենով գրած իր առաջին ու վերջին նամակում. «Մնաք բարով, այլևս չենք տեսնվի», որովհետև ինքը հստակ էր որոշել՝ վերադառնում է Հայաստան և ընդմիշտ մնալու է Հայաստանում։
ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Խորագիր՝ #37 (1502) 02.10.2023 - 06.10.2023, Ճակատագրեր