ԿՐԿՆԱԿԻ ՊԱՏԻՎ, ԿՐԿՆԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը ստեղծվել է 1994 թվականին՝ բուժծառայության կազմակերպման և էքստրեմալ բժշկության ամբիոնի հիման վրա:
Ֆակուլտետը այս երեք տասնամյակում շուրջ 800 շրջանավարտ է տվել, որոնք համալրել են հայկական բանակի շարքերը:
-Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը բազային հզոր ու հիմնարար կրթություն է ապահովում, ներկայումս էլ համալսարանը գնում է միջազգային ծրագրային հավատարմագրման, և մեր ռազմաբժշկական ֆակուլտետը բնականաբար անմասն չէ այդ գործընթացից, -նշում է ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, բ/ծ գնդապետ, բժշկական գիտությունների դոկտոր Վարդան Ծատուրյանը:- Քայլում ենք ժամանակին համընթաց. մեր առաջնահերթ խնդիրը որակյալ, միջազգային չափանիշներին համապատասխանող մրցունակ կադրերի պատրաստումն է զինված ուժերի համար:
44-օրյա պատերազմի ժամանակ անգնահատելի էր սպիտակ բանակի մարտիկների դերը: Ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտներից ու ուսանողներից շատերն աչքի ընկան անձնուրաց խիզախությամբ ու բարձր պրոֆեսիոնալիզմով. նրանց շնորհիվ բազմաթիվ կյանքեր փրկվեցին:
Զինվորական բժիշկները երկու անգամ են երդվում՝ որպես հայրենիքի նվիրյալ պաշտպան եւ որպես բժիշկ. կրկնակի պատիվ եւ կրկնակի պատասխանատվություն…
***
Կուրսանտ Աշոտ Դարբինյանն այս տարի է համալրել համազգեստավոր հերացիականների շարքերը:
-Զինվորական կյանքն ինձ համար բնավ էլ անծանոթ աշխարհ չէ՝ հայրս զինվորական է: Սիրում էի նաեւ բժշկի մասնագիտությունը ու որոշեցի համատեղել: Անցյալ տարի գործերս հանձնեցի ռազմաբժշկական ֆակուլտետ, բայց չընդունվեցի, գնացի զորքերում ծառայելու: Անկեղծ ասած՝ չեմ ափսոսում. զորքերում ծառայությունը ինձ որոշակի փորձառություն տվեց, հիմա ավելի շատ բան գիտեմ զինվորական առօրյայից, ավելի հստակ եմ պատկերացնում, թե ինչ խնդիրներ կարող են ծագել և առողջական տեսանկյունից և ինչու չէ՝ նաեւ հոգեբանական: Կարծում եմ՝ զինվորական բժիշկն իր մասնագիտական ունակություններից զատ պետք է նաեւ մանկավարժ լինի, հոգեբան ու նաև հոգեբանական օգնություն ցուցաբերի…
Ապագա ռազմական բժիշկներս զգալի առավելություններ ունենք ՝ մենք կրակում ենք, հոսպիտալներ ենք գնում, դաշտային ելքերի, զորավարժությունների ենք մասնակցում, ինչն էլ հետաքրքրություն է մտցնում մեր առօրյայի մեջ…
-Համազգեստ կրելու առաջին իսկ պահից միանգամից ձգվում ես, զինվորանում,- ասում է վանաձորցի Սերգեյ Էվոյանը:- Ծնողներիս երազանքն էր, որ բժիշկ դառնամ, զինվորական հայրս, ցավոք, չտեսավ իր երազանքի իրականությունը՝ որդին երկու սուրբ համազգեստ է կրում՝ բժշկի եւ զինվորականի… Ծնողներս անհուն սեր են ներարկել հայրենիքիս հանդեպ, ու իմ ուժը, ներուժը ծառայեցնելու եմ հայրենիքիս: Նպատակս մեկն է՝ բուհում հիմնարար գիտելիքներ ստանալ. գիտելիքն ամրացնում է վստահությունդ:
-Ամեն առարկա էլ լիարժեք, առանց թերանալու պետք է սովորենք՝ զինվորական բժիշկը սխալվելու իրավունք չունի: Տարբեր ծայրահեղ իրավիճակներում կարող ենք հայտնվել, իսկ մեր պարագայում նաև ձեռքի տակ եղածով պետք է կարողանանք առաջին օգնություն ցուցաբերել, արդյունավետ գործել:
Զինվորական բժշկի մասնագիտության ընտրությունը կյանքդ 180 աստիճանով փոխում է՝ պարտավոր ես ու պարտական ես հայրենիքիդ, հայ զինվորին,- Հարություն Օհանյանն է միանում զրույցին,- մեր ընտանիքում բժիշկներ և զինվորականներ չկան, ես առաջինն եմ երկու բնագավառում էլ, գիտակցում եմ՝ ռազմական բժշկի մասնագիտությունը կրկնակի բարդ և պատասխանատու է, բայց սասունցու համառություն ունեմ, կհաղթահարեմ ամեն դժվարություն, ամեն խոչընդոտ: Բժշկի եւ զինվորական բժշկի աշխատանքը շատ տարբեր է, ինչ խաղաղ պայմաններում գործես, ինչ մարտական թեժ գոտում, որտեղ կարեւոր ու վճռորոշ է ամեն վայրկյանը, կրակի տարափի տակ կյանքեր փրկելը, հաճախ կյանքի գնով…
-44-օրյա պատերազմին ռազմադաշտային ֆակուլտետի շրջանավարտներից ու ուսանողներից շատերն են մասնակցել, անմահացել… Նրանք մեզ համար զինվորական բժշկի կատարելատիպ են, իդեալ և նրանց գործի արժանի շարունակողը կլինենք,- ընդգծում է կուրսանտ Գևորգ Բարսեղյանն ու հավելում,- ռազմական բժիշկները ուսուցման ժամանակ մասնակցում են տարբեր դաշտային վարժանքների, ճամբարային հավաքների, զորավարժությունների, նպատակը դաշտային պայմաններում գործնական հմտություններ ձեռք բերելն է, տեսական գիտելիքները գործնականով ամրապնդելն է, որ պատրաստ լինենք անսխալ ու ներդաշնակ գործելու:
Մեր վերջին զրուցակիցը՝ Հայկ Գեղամյանը, չորրորդ կուրսում է ուսանում: Ռազմաբժշկական ֆակուլտետի լավագույն կուրսանտներից է, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի անվան կրթաթոշակառու է: Մերուժան Ստեփանյանի անվան կրթաթոշակը հատկացվում է ԵՊԲՀ-ում սովորող այն կուրսանտին, որ աչքի կընկնի լավ առաջադիմությամբ, հոգատարությամբ, հայրենասիրությամբ: Հերոս Մերուժանը իր կյանքը զոհելով փրկել է վիրավոր զինվորին:
-Հերոսի անվամբ կրթաթոշակառու լինելը պարտավորեցնում է ինձ միանշանակ առավել լավ ծառայելու, արժանավոր բժիշկ-սպա դառնալու:
***
Բժշկական համալսարանի բակում համազգեստով ուսանողները շարային պատրաստության են, ձիգ ու վստահ են քայլում: Այդպես վստահ քայլերով էլ շարժվելու են դեպի իրենց նպատակը…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՆԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #37 (1502) 02.10.2023 - 06.10.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում