Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼԸ ՈՉ ԹԵ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ԱՅԼ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ



ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼԸ ՈՉ ԹԵ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ԱՅԼ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՀրետանային հաշվարկը պատրաստվում է ուսումնական խնդրի կատարմանը։ Նախ՝ ստորաբաժանման հրամանատարը հիշեցնում է անվտանգության կանոնների և քայլերի ճիշտ հաջորդականության մասին։ Եվ ինչպես ցանկացած գործնական առաջադրանքի դեպքում, այս պարագայում նույնպես յուրաքանչյուր հրետանավոր գիտակցում է՝ իր արագ ու գրագետ գործողություններից է կախված նորմացույցի կատարման դրական գնահատականը։

-Մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում մեր առջեւ դրված խնդիրներին։ Ենթակա անձնակազմին մանրամասն փոխանցում եմ մասնագիտական  գիտելիքները և համոզված եմ, որ յուրաքանչյուրիցս է կախված մեր զինված ուժերի մարտունակությունը,- ասում է սերժանտ Ղարիբյանը։

Սերժանտ Ղարիբյանը հրանոթի հրամանատարն է, զորամասի օրինակելի ու կարգապահ զինվորներից մեկը։ Նրա ղեկավարմամբ հաշվարկը հաջորդաբար կատարում է գործողությունները, ըստ պայմանական կոորդինատների որոշում նշանակետերը և զեկուցում պատրաստության մասին…

-Ուսումնական առօրյան հագեցած է, և սա միանգամայն օրինաչափ գործընթաց է, քանի որ մասնագիտական դասաժամերն են ամրապնդում զինծառայողների արհեստավարժությունն ու առաջադրված խնդիրը օպերատիվորեն կատարելու ունակությունը։

Զինծառայող Արամ Սուքիասյանը վստահեցնում է, որ շատ է սիրում հրետանավորի մասնագիտությունը, պարապմունքներն էլ անցնում են շատ հետաքրքիր ու հագեցած։

-Այս մասնագիտությունը պահանջում է բարձր զգոնություն, շատ գիտելիք, ֆիզիկական ուժ եւ մեծ կամք,- համոզված է նա։  Եվ այդ կամքի ուժի ու սովորելու մեծ ձգտման շնորհիվ է կրտսեր սերժանտը համալրել բանակի գերազանցիկների շարքերը:

Նարեկ Աղբալյանը նույնպես զինվորական ծառայության մեջ հաջողության հասնելու իր տեսլականն ունի. լավագույն արդյունքի հասնելու համար պետք է կանգ չառնել՝ անընդհատ կրթվել ու ինքնակատարելագործվել, և որ ամենակարևորն է՝ ծառայել նվիրումով ու կարգապահությամբ։

-Ծառայությունն ինքնին մեծ պատասխանատվություն եւ մեծ պատիվ է։ Որպես արդեն 15 ամիս ծառայող զինվոր, համոզված ասում եմ, որ այն անհրաժեշտություն է բոլոր տղաների համար։ Զինված ուժերում ծառայելը պարտականություն չեմ համարում, այլ առաքելություն։ Համոզված եմ, որ նաեւ ինձնից է կախված բանակի մարտունակությունն ու հզորությունը,- իր ծառայության նշանակության գիտակցմամբ պնդում է զինվորը։

Զինվորական ծառայության հանդեպ Նարեկի ունեցած վերաբերմունքից դժվար չէ կռահել. նա ևս զորամասի լավագույններից է՝ հայրենիքի պաշտպանի օրինակելի կերպար, որն իր հաջողության գաղտնիքը առաջին հերթին պայմանավորում է բանակային կյանքի դժվարությունները պատվով հաղթահարելու պատրաստակամությամբ։

-Խորհուրդ կտամ բոլորին տրամադրվել լավատեսությամբ, քանի որ խոչընդոտները միայն այդ ժամանակ են դադարում բեռ լինելուց։ Բանակում բոլորը պետք է լիարժեք տիրապետեն իրենց մասնագիտությանը,- համոզված է Նարեկը։

Գործնական և տեսական դասաժամերը տարբեր ստորաբաժանումներում սահուն ընթացքի մեջ են՝ ըստ օրվա կարգացուցակի։ Ծառայության մեջ մանրուքներ չկան. հաշվի առնելով բազմաթիվ մարտահրավերներ՝ պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվել մարտունակ զինվոր լինելու յուրաքանչյուր բաղադրիչի,- վստահ են կրտսեր հրամանատարները։

-Միայն այստեղ ես լիարժեք հասկանում զինվորի առաքելությունն ու ծառայության նշանակությունը։ Հասկանում ես, որ այս երկու տարին ամբողջ հոգով ու սրտով, բարձր գիտակցությամբ  ջանք ու եռանդ չպետք է խնայես Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար,- մեր զրույցին է միանում Տիգրան Հակոբյանը:

Տիգրանը մեծ հպարտությամբ է ներկայացնում այն բոլոր կրծքանշանները, որոնք ստացել է օրինակելի վարքի ու իր մասնագիտության մեջ գերազանց արդյունքների հասնելու համար։ Նրա ու բոլորի համոզմունքն է՝ բանակից պետք է քաղել առավելագույնը ոչ միայն որպես հայրենիքի պաշտպան կայանալու, այլև կենսափորձը հարստացնելու և ինքնակրթվելու համար։ Սա է զինվորական երկամյակը պատվով անցնելու նրանց բանաձևը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուսանկարները՝ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #38 (1503) 13.10.2023 - 20.10.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


16/10/2023