Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ը ՏԱՆԿԻՍՏԻ ՕՐՆ Է



ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ը ՏԱՆԿԻՍՏԻ ՕՐՆ ԷՏանկային զորամասում հերթական դասաժամն է։ Այն անցկացնում է խաղաղապահ բրիգադում միջազգային առաքելություններում ներգրավված, տարիներ անց էլ տանկիստի մասնագիտությանն արդեն սպայի կարգավիճակում վերադարձած կապիտան Արամ Բեգլարյանը։ Նա մասնագիտությամբ իրավաբան է, իրավագիտության մագիստրոսի աստիճան ունի, սակայն բանակը նրան յուրովի էր ձգում։ Եվ ի վերջո որոշել է իր լուման ներդնել ՀՀ զինված ուժերի զարգացման գործում:

-Ժամկետային զինծառայության ընթացքում էլ տանկիստ եմ եղել՝ վաշտի ավագ նշանառու-օպերատոր,- ասում է կապիտան Բեգլարյանը: -Զինվորական այս մասնագիտությունը յուրահատուկ է: Տանկի անձնակազմի յուրաքանչյուր անդամ պետք է գործի ներդաշնակ, անգամ առանց խոսքերի պետք է համագործակցի անձնակազմի մյուս անդամների հետ: Նախ՝ այս ներդաշնակումն ենք սովորեցնում մեր անձնակազմերին:

Տեսական և գործնական դասաժամերի միջոցով ենթակա անձնակազմին ծանր զրահատեխնիկայի կառավարման և կիրառման հմտությունները փոխանցող սպան ասում է՝ ամեն օր զինվորներին է հաղորդում կարևոր այն նրբությունները, որոնց իմացությունը պարտադիր է տանկի կառավարման, թիրախների անվրեպ խոցման համար։

-Ամեն զորակոչին նոր զինվորներ են գալիս, և մենք բոլորին պետք է փոխանցենք ներկայիս ճիշտ մարտ կազմակերպելու հմտությունները: Տանկիստ դառնալու համար նախ և առաջ պետք է համարձակություն, ֆիզիկական, նաև կամքի ուժ, որովհետև ծանր աշխատանք է թե՛ տանկը սպասարկելը, թե՛ կիրառելը: Նաև գրագետ աշխատանք է հարկավոր կատարել: Բոլոր անհրաժեշտ հմտությունները ձեռք բերելու համար շատ մեծ նշանակություն ունի գործնական հմտությունների ձևավորումը։ Այս նպատակով մարտական պատրաստության պլանով պարբերաբար վարժադաշտում գործնական պարապմունքներ ենք իրականացնում: Ինչ վերաբերում է տանկին, այն ունի հզոր սպառազինություն և մեծ շարժունակություն: Ունի հակառակորդի զրահապատ տեխնիկան և կենդանի ուժը, անգամ ցածր թռչող օդային օբյեկտները ոչնչացնելու հնարավորություն: Այս ամենը արդեն իսկ տանկի՝ մարտ վարելու առավելություններն են: Բացի այդ, մոտոհրաձիգի մարտական ոգին ավելի է բարձրանում, երբ տանկն իր հզորությամբ, իր «առնականությամբ» մարտադաշտ է մտնում և առաջ ընթանում՝ խնդիրը կատարելու: Տանկի հետևից գնալով՝ նա իրեն ավելի պաշտպանված է զգում:

Զինված ուժերի ինչպես բոլոր ստորաբաժանումները, այնպես էլ տանկային ստորաբաժանումներն իրենց խնդիրներն ունեն մարտ վարելու ընթացքում,- ասում է կապիտանը,- և ինչպես մյուս զորատեսակների դեպքում, տանկի դեպքում ևս՝ սկսած ներդաշնակումից և վերջացրած մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործումով, բոլորս մեկ վերջնանպատակ ունենք՝ մեր հայրենիքի պաշտպանությունը:

10 տարեկանից արտերկրում բնակվելով՝ Հայաստան վերադարձած Նարեկ Մարկոսյանը 21 ամիս է, ինչ ծառայում է բանակում։ Զորամասի լավագույն զինվորներից մեկն է, տանկի ավագ նշանառու-օպերատոր։ Հպարտությամբ կրում է «Լավագույն զինվոր-մարզիկ» և «Քաջարի մարտիկ» կրծքանշանները։

-44-օրյա պատերազմից հետո որոշեցի ծառայության անցնել և ոչ մի պահ չեմ զղջում,- ասում է Նարեկը։- Մինչև ծառայությունը տանկերի մասին միայն ֆիլմերից ու համակարգչային խաղերից գիտեի, մոտավոր պատկերացում ունեի մարտի ժամանակ դրանց բուն դերի ու նշանակության մասին։ Իսկ հիմա շնորհակալ եմ ճակատագրին, որ ինձ բախտ վիճակվեց հենց տանկիստ դառնալ։ Միշտ երազել էի կոնկրետ զինվորական մասնագիտություն ձեռք բերել և երբ ծանոթացա տանկիստի մասնագիտությանը, այն ինձ ավելի ու ավելի սկսեց գրավել: Տանկը շատ մեծ՝ 44 տոննա կշռող տեխնիկա է։ Երբ առաջին անգամ կրակեցի տանկից, զգացի դրա ուժը, հզորությունը: Այդ պահին զգում ես, թե ինչպես ես սեղմվում նստարանին ու դեպի ետ հրվում: Նոր միայն հասկանում ես, թե ինչ լուրջ ու հզոր տեխնիկայի հետ գործ ունես ու թե ինչքան զգույշ ու հմտորեն պետք է վարվես դրա հետ:

Նարեկն ամենից շատ գործնական պարապմունքներն է սիրում՝ կրակային ու վարման դասերը, երբ անմիջականորեն շփվում են տեխնիկայի հետ, ուսումնասիրում և սովորում են դրա կիրառման նրբությունները։ Իր տանկի անձնակազմի մասին ասում է.

-Կես խոսքից հասկանում ենք իրար, երբեմն անգամ առանց խոսքերի կարողանում ենք կատարելապես կատարել մեր գործը: Սա շատ կարևոր է. եթե անձնակազմի յուրաքանչյուր անդամ հստակ չիմանա իր անելիքը, մարտի ընթացքում չենք կարողանա մեր խնդիրը կատարել:

Տանկային զորամասում ժամկետային զինծառայությունն անցկացնելու համար ճակատագրին շնորհակալ է նաև տանկի մեխանիկ-վարորդ Արմեն Ղանդիլյանը:

-Ուրախ եմ, որ հենց այս մասնագիտությունն ինձ բաժին ընկավ։ Տանկիստ ընկեր եմ ունեցել, որից ինչ-որ չափով լսել էի տանկի մասին, բայց չէի պատկերացնի, որ ինքս էլ եմ որպես տանկիստ ծառայելու։ Տանկիստինը շատ է տարբերվում մյուս զինվորական մասնագիտություններից։ Տանկը վարել սովորելը հեշտ չէ. զգալի ժամանակ ու ջանքեր է պահանջում, բայց շատ յուրահատուկ զգացողություն ես ունենում վարելիս։ Իսկ կրակային պարապմունքների ընթացքում ասես զգում ես, թե դրա հզորությունը ինչպես է փոխանցվում քեզ։ Ավտոմատից էլ ենք կրակում, բայց տանկը շատ տարբեր է, շատ հետաքրքիր։ Ժամանակի ընթացքում քո ծառայակից ընկերն է դառնում։ Սկզբում, երբ հասկանում ես, թե որքան բարդ է, սկսում ես կասկածել ուժերիդ, բայց պարապմունքների ընթացքում ավելի ու ավելի ես հմտանում ու հասկանում, որ անհնարին ոչինչ չկա։ Ընդհանրապես, տանկիստները շատ չեն։ Ու երբ գիտես, որ դու նրանցից մեկն ես, մեծ հպարտություն ես զգում։

Արմենի հետ համակարծիք է նաև տանկի հրամանատար Վաչե Բաղդասարյանը. տանկիստի մասնագիտությունը բարդ և միևնույն ժամանակ շատ հետաքրքիր ու յուրահատուկ է։

-Վեց ամիս շարունակ ուսումնական զորամասում սովորում էինք այս մասնագիտությունը, հաղթահարում բոլոր դժվարությունները։ Տղաներով ամեն ինչ անում էինք, որ լավ տանկիստներ դառնանք։ Ճիշտ է՝ ուսումնական գործընթացը դժվար էր, բայց ես հաղթահարեցի բոլոր բարդությունները։ Արդեն ինն ամսվա զինծառայող եմ, բայց դեռ ամեն օր մի նոր բան եմ սովորում։ Աչքերդ բացում ու տանկն ես տեսնում, մինչև փակելը էլի տանկի հետ ես ու անդադար սովորում ես, ավելին ես իմանում տեխնիկայիդ մասին։ Երբեք չեմ մոռանա իմ առաջին կրակը։ Երկու արկ կրակելուց հետո մեխանիկը մի փոքր իջեցրեց տանկի արագությունը, ու հաջորդ արկը կրակելուց առաջ խափանում եղավ։ Արագ վերացրինք խափանումը, և նշանառուն երրորդ արկը կրակեց։ Երեք արկից երկուսն այդ օրը խոցեցին նշանակետերը, և մենք մեր կյանքի առաջին կրակային փորձի արդյունքներով «լավ» գնահատական ստացանք։ Շատ ուրախ էինք։

Տանկի հրամանատարի պատասխանատվությունը շատ մեծ է,- շարունակում է Վաչեն,- նա պետք է կազմակերպի տանկի անձնակազմի ներդաշնակ գործողությունները։ Ինչպես սիրտն է համաչափ բաբախում, այդպես տանկի անձնակազմը՝ հրամանատարը, նշանառուն ու մեխանիկը պետք է ներդաշնակ գործեն, որպեսզի տանկն իր մարտական խնդիրը լիարժեք կատարի։

Առհասարակ, խոսելով տանկիստի մասնագիտական հմտությունների կատարելագործման մասին, բոլոր տղաներն էլ շեշտում են՝ ամենից կարևորն ու արդյունավետը գործնական պարապմունքներն են։ Դրանց շնորհիվ են հղկվում մեքենավարման և թիրախի խոցման ունակությունները, արդյունքում՝ համակվում ես հարկ եղած դեպքում խնդիրն արագ և անթերի կատարելու վստահությամբ։

Ի մի բերելով մտքերը՝ տանկիստ զինվորները միաբերան հաստատում են. տանկի պարագայում խնդրի արդյունավետ կատարման համար մարտական պատրաստությունից ոչ պակաս կարևոր է հաշվարկի անձնակազմի ներդաշնակումը. մեկը մյուսին անխոս հասկանալու, միմյանց գործողությունները կանխատեսելու, ընդհանուր խնդիրը միասնաբար կատարելու ունակությունը։

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #38 (1503) 13.10.2023 - 20.10.2023, Ազգային բանակ


16/10/2023