Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԶՐՈՒՅՑ



ՄԻ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԶՐՈՒՅՑՍիրում եմ զրուցել զինվորների հետ: Հայրենիքի սահմանին՝ առաջնագծում, իր հողը զենքով ու կյանքով պաշտպանող յուրաքանչյուր զինվոր ասելիք ունի: Առավել ևս՝ երբ նա նոր է դիտակետը հանձնել ծառայակից ընկերոջը ու ժպտադեմ պատրաստվում է պատասխանել հարցերիս:

Ես ուզում եմ զրույցը մտերմիկ ու անկեղծ լինի, ուզում եմ, որ մենք մոռանանք մեր ուսադիրների ու մեր տարիքային տարբերությունը, հեռանանք «Ճիշտ այդպես-ոչ մի կերպ» հարաբերությունից, բոցաշունչ հայրենասիրական տեքստերից ու հասկանանք, թե ինչ ապրումներ կան սահմանին կանգնած զինվորի սրտում, ու ինչ մտքեր են պտտվում գլխի մեջ:

-Ավրոր Նազլուխանյան,- ներկայանում է զինվորը՝ տեղում ձգվելով: Դեմքին ժպիտ չկա, համակ հպարտություն է: -Մեծ տատիս դրած անունն է, նա պապիս է կոչել Ավրոր, պապս էլ այդ անունն ինձ է ժառանգել:

-Ինքնատիպ անուն է,- ասում եմ:

-Մեծ տատս մասնակցել է Ռուսաստանի հեղափոխությանը: Հետո որոշել է, որ իր թոռանը կոչի «Ավրորա» հերոսական հածանավի անունով: Բայց պապս խառնել է նրա ծրագրերը, ու տղա է ծնվել: Տատս էլ Ավրորայի ա-ն հանել է, դարձրել տղայի անուն:

-Դժվար է դիրքում,- հարցնում եմ զինվորին:

-Դիրքը ընտանիքի փոքրիկ մոդելն է…

Ընտանիք բառից իմ սրտով տաք ալիք է անցնում: Մեծ ընտանիքն իմ անկատար երազանքներից մեկն է, որը թողեց մի ոչ սովորական մղում՝ ընտանեկան պատմություններ լսելու ցանկությունը: Հարցազրույցների ժամանակ ես իմ զրուցակիցներին խնդրում եմ պատմել իրենց ընտանիքների մասին, եթե նույնիսկ այդ պատմությունը չեմ ներառելու հրապարակվող նյութի մեջ:

-Ես մեծ ընտանիք եմ սիրում,- ասում եմ Ավրորին:

-Ես էլ,- պատասխանում է զինվորը: Ու ինձ թվում է՝ դեմքով ստվեր անցավ:

-Բայց իմ ընտանիքը փոքր է,- շարունակում է տղան,- ես ծնողներիս միակ երեխան եմ: Հայրս աշխատում էր, ես ամբողջ օրն անց էի կացնում մորս հետ ու նրան եմ պարտական բոլոր դրական հատկանիշներիս համար: Մայրս անընդհատ խոսում էր ինձ հետ: Ասում էր, որ մարդիկ տարբեր են, ու ես պիտի կարողանամ բոլորի հետ շփվել՝ հենվելով նրանց դրական հատկանիշների վրա: Նա ինձ սովորեցնում էր բարի լինել մարդկանց հանդեպ, հանդուրժել, ներել…Այդ զրույցներից իմ գլխում զանազան մտքեր էին արթնանում, ու ես նկարում էի դրանք: Հիմա էլ եմ նկարում:

-Միակ երեխաները դժվար բնավորություն են ունենում: Առանձնահատուկ խնամքն ու չափից դուրս հոգատարությունը երբեմն ճնշում է նրանց դիմադրողականությունը, զրկում ինքնուրույնությունից: Նրանք դժվար են հարմարվում բանակային կյանքին,- ասում եմ ու մտածում, որ 20 տարեկան պատանու հետ բարդ զրույց եմ սկսել:

-Ինձ երես չեն տվել: Ավելին՝ ծնողներիս դաստիարակությունն էր պատճառը, որ ես բարձր դասարաններում սովորելիս ամաչում էի տնից փող վերցնել, գիշերները աշխատում էի ու ինքս էի հոգում իմ ծախսերը: Իսկ միակ երեխային հատուկ տարօրինակությունս այն էր, որ իմ ունեցածը ոչ մեկի հետ չէի կիսում: Նույնիսկ մանկապարտեզում իմ անձնական խաղալիքներն ունեի, որոնք միայն իմն էին:

-Իսկ այստեղ՝ դիրքերում, կա՞ մի բան, որ միայն քոնն է:

Ես կատակում եմ, Ավրորը բարձրաձայն ծիծաղում է:

-Այստեղ ամեն ինչ ընդհանուր է, բացի զենքից: Իմ ԱԿ-103-ը միայն իմն է: Շատ լավ զենք ունեմ:

-Սովորական ավտոմատ չի՞:

Ավրորը թափահարում է գլուխը:

-Լրիվ նոր է: Մենք միասին շատ դիպուկ ենք կրակում: Զենքը զինվորի մի մասն է, առանց զենքի զինվորն ամբողջական չէ: Զենքը զինվորի պատիվն է ու անվտանգությունը…

-Անվտանգությունը հասկացա, պատիվը՝ չէ:

-Զենքով եմ կատարում մարտական առաջադրանքը, առիթի դեպքում՝ զենքով պիտի փակեմ հակառակորդի ճանապարհը: Եթե զենքս դավաճանի ու չկարողանամ կատարել զինվորի իմ պարտականությունը, էլ ի՞նչ պատիվ: Ծառայության ժամանակ իմ պատկերացումները լրիվ փոխվեցին:

-Իսկ դու ո՞նց էիր պատկերացնում բանակը,- ես թողնում եմ, որ զրույցը գնա իր հունով, չեմ ուղղորդում:

-Ավելի կոշտ, խիստ, դժվար: Մտածում էի, որ ես բոլորովին մենակ եմ դիմակայելու դժվարություններին: Բայց ուրիշ բան տեսա:

-Հատկապես ի՞նչը քո պատկերացրածի նման չէր:

-Մտածում էի՝ հրամանատարներս շատ խիստ են լինելու, փորձելու են խեղճացնել ինձ, չարչարելու են վարժանքներով….Բայց պարզվեց՝ սպաները բոլորովին էլ հակամարտության մեջ չեն զինվորների հետ, ընդհակառակը՝ ուզում են օգնել, սրտացավ են, համբերատար, հանգիստ բացատրում են չիմացածդ, ամեն ինչ անում են, որ ծառայությունդ ավելի հեշտ անցնի… Իսկ զինվոր ընկերներդ պատրաստ են ամեն պահի կանգնելու թիկունքիդ: Ծառայության սկզբնական օրերին շատ լարված էի, հետո հասկացա, որ բանակը փորձություն չէ, ու նա, ում պիտի դիմակայեմ, սահմանի մյուս կողմում է, ոչ թե կողքիս: Կողքիս յուրայիններ են: Ու սա բանակի ամենակարևոր իրողությունն է: Սրանից է սկսվում ամեն ինչ. և՛ լավ ծառայելու ցանկությունդ, և՛ սերը զենքիդ հանդեպ, և՛ քաջությունդ՝ դիրքում, և՛ սահմանը կյանքի գնով պաշտպանելու մղումդ…

-Դիրքի կյանքը շա՞տ է տարբերվում զորամասի կյանքից:

-Զորամասում պատրաստվում ես, որ դիրքում ծառայությունդ ավելի անթերի ու հեշտ անցնի: Դասերը, ֆիզիկական մարզումները, ամենատարբեր վարժանքները նրա համար են, որ կարողանաս կատարել մարտական առաջադրանքը: Պիտի ֆիզիկապես և հոգեբանորեն պատրաստ լինես բոլոր հնարավոր իրավիճակներին:

-Դու քանի՞ հատ ես ձգվում:

-13: Շատ լավ եմ վազում: Բարձր գնահատականներ եմ ստանում հրաձգությունից: Նվագում եմ զորամասի զինվորական նվագախմբում, պլակատներ եմ նկարում ներքին հարդարման համար: Երբ բանակ էի գալիս, մտածում էի, որ ծառայության երկու տարին իմ պարտադիր տուրքն է երկրիս, պիտի էդ երկու տարին նվիրեմ բանակին: Ծառայության ընթացքում հասկացա, որ բանակն ինձ ավելին է տալիս, քան ես՝ իրեն, անկեղծ եմ ասում:

– Ի՞նչ է տալիս բանակը զինվորին:

-Ամրացնում է դրական գծերը: Ինչքան լավ հատկանիշ ունես, միանգամից գլուխ են բարձրացնում:

-Իսկ վատ գծե՞րը:

-Դրանք խեղճանում են: Եթե կռվարար ես, սկսում ես կառավարել քեզ, հակառակ դեպքում՝ մեծ խնդիրներ կունենաս: Եթե եսակենտրոն ես, սովորում ես կարևորել ընկերներիդ… Երբ կանգնած ես պոստի ու քո կյանքն ես դրել գետնատնակում քնած ընկերներիդ ու հեռվում երևացող գյուղերի համար, ինքդ քո աչքում բարձրանում ես, ինքդ քեզ դուր ես գալիս: Դիրքում ու միայն դիրքում կարող ես զգալ այն, ինչը բառերով չես պատմի: Դիտակետում գլուխդ լցվում է ամենատարբեր մտքերով: Նախկինում աննշան թվացող բաները հանկարծ դառնում են շատ կարևոր: Հասկանում ես, որ առանց այդ ամենի ապրել չես կարող:

-Օրինակ…

-Ես միշտ էլ սիրել եմ Երևանը, բայց հիմա հասկանում եմ, որ չեմ կարող ապրել առանց Երևանի գիշերների, երբ ոտքով չափչփում էի քաղաքի փողոցները …Չեմ կարող ապրել առանց այն մարդկանց, որոնք շրջապատում են ինձ, չեմ կարող ապրել առանց հայերեն լսելու…

Ավրորը լռում է: Ես վստահ եմ, որ «չեմ կարող ապրել առանց» շարքի մեջ մայրը առաջին տեղում է:

-Մայրիկիդ շա՞տ ես կարոտել:

Մայր բառից զինվորի դեմքին լույս է իջնում: Առանց հայացքը բարձրացնելու, համարյա աննկատելի գլխով է անում:

-Մարտական ընկերը ինչո՞վ է տարբերվում սովորական ընկերոջից:

-Մարտական ընկերը նա է, ով կյանքը կտա, բայց չի թողնի, որ հակառակորդը հասնի գետնատնակ, որտեղ քնած են դիրքի մյուս տղաները:

-Էսօր ի՞նչ ես կերել ճաշին:

-Մեր հրամանատարի պես հարցրիք,- ասում է Ավրորը,- ձվածեղ եմ կերել, բայց դիրքի կերակուրներից ամենից շատ լոբին եմ սիրում: Տղաները հիմնականում մսի պահածոներն են նախընտրում, ես՝ բանջարեղենի… Երբ նոր էի եկել բանակ, մի քանի օր հաց չկերա, մորս պատրաստածի նման չէր, հետո հասկացա, որ իմ նախասիրությունները ոչ ոք հաշվի չի առնելու, ոչ էլ դարդ են անելու, որ ես սոված եմ մնացել, սկսեցի ուտել: Բայց հիմա մեր Հայկը աշխատում է բոլորիս գոհացնել:

-Ինչքա՞ն է մնացել, որ զորացրվես:

-Չորս ամիս… Մեր դիրքը բարձրում է, հակառակորդի դիրքերը, գյուղերը ներքևում են: Բարձրում քո երազանքները շատ համարձակ են դառնում: Հիշո՞ւմ եք, երբ Արշակ թագավորը, նույնիսկ գերության մեջ, ոտքը դնում էր Շապուհ արքայի հրամանով Հայաստանից բերած հայկական հողին, սկսում էր հոխորտալ, սպառնալ: Դիրքը այդ հողն է: Քեզ թվում է՝ հայրենիքդ պաշտպանելու համար մենակ դուրս կգաս հազարի դեմ ու կհաղթես: Ու չես զոհվի: Գծում ես ապագայի ամենահամարձակ երազանքները ու հավատում ես, որ կիրականացնես դրանք:

Ես ուզում եմ հարցնել, թե զորացրվելուց հետո ինչո՞վ է զբաղվելու, բայց տղան ասում է.

-Պիտի արդեն հրաժեշտ տամ, որովհետև հերթափոխի ժամ է:

Զինվորը ձգվում, պատվի է առնում ու արագ քայլերով հեռանում է: Նրա համազգեստը ասես ձուլվում է երկնամերձ, ծառաշատ լեռների համայնապատկերին:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #38 (1503) 13.10.2023 - 20.10.2023, Ազգային բանակ


16/10/2023