Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՔ



ՀԱՅՔ«Հայ» Զենոն Արտաշեսը

Մ.թ. 18 թ. հայոց թագավոր հռչակվեց Զենոն Արտաշեսը։ Ազգությամբ նա հայ չէր, հույն էր, Պոնտոսի Պոլեմոն թագավորի որդին։ Նրան թագավոր կարգեց զորապետ Գերմանիկոսը, որն այդ նպատակով հատուկ ժամանել էր Արտաշատ՝ հայոց գահանիստ քաղաք։

Զենոնը հայոց թագավոր դարձավ հայ ավագանու համաձայնությամբ։ Դա քաղաքական քայլ էր, որով հայերն ակնկալում էին Հռոմի կայսրության ռազմական աջակցությունը՝ վերականգնելու հայկական թագավորությունը, որ կորցրել էին Արտաշեսյան արքայատան անկմամբ։ Բայց կար եւս մեկ պատճառ, որ հայերը համաձայնեցին Զենոնի թագավորելուն։ Դա այն էր, որ նա մանուկ հասակից մեծացել էր հայոց միջավայրում եւ, ըստ հույն պատմիչ Տակիտոսի, լավ գիտեր հայերի կենցաղն ու բարքերը, հարմարվել էր դրանց եւ ապրում էր հայավարի։ Հենց դա ընդգծելու համար էր, որ նա ընդունել էր հայերին այնքան հարազատ Արտաշես անունը։

Զենոն Արտաշեսը միակ օտարազգի թագավորն էր, որին հայերը հանդուրժեցին հայոց գահին։ Նա վարեց խաղաղ եւ համեմատաբար ինքնուրույն քաղաքականություն։

 

Գայանե հայուհին

1883-ին Երեւանում բացվեց առաջին մանկապարտեզը։ Այդ գործի նախաձեռնողը Գայանե Հովհաննիսյանն է՝ մի հիանալի հայուհի, որն իր ամբողջ կյանքը նվիրաբերեց երեխաների դաստիարակությանը։ Դասավանդել է Թիֆլիսի Գայանյան վարժարանում, ապա որպես տեսուչ աշխատել Քութայիսիի երկսեռ հայկական դպրոցներում։ Ձգտելով հայ իրականության մեջ եվրոպական կրթության չափանիշներ սերմանել՝ 1881-ին մեկնել է Շվեյցարիա, Ժնեւում ուսումնասիրել նախադպրոցական եւ դպրոցական դաստիարակության նորագույն մեթոդները։ Վերադառնալով Թիֆլիս՝ 1882-ին հիմնել է քաղաքի առաջին մանկապարտեզը, հաջորդ տարի նույն շնորհակալ գործը կատարել Երեւանում։ 1887-ին մեկնելով Կ. Պոլիս՝ այստեղ էլ նվիրվել է երեխաների կրթության եւ դաստիարակության գործին, կազմակերպել կիրակնօրյա միամյա դասընթացներ, որոնց հիման վրա էլ բացվել են դպրոցներ։

Գայանե Հովհաննիսյանը եղել է իր ժամանակի զարգացած կանանցից մեկը, զբաղվել նաեւ թարգմանությամբ, մանկավարժական թեմաներով թղթակցել բազմաթիվ թերթերի։ Նա գերմանացի նշանավոր մանկավարժ, երեխաների նախադպրոցական դաստիարակության խոշոր տեսաբան Ֆ. Ֆրեբելի հետեւորդն էր։ Ժամանակին շատ քաղաքներում՝ Պետերբուրգում, Կիեւում, Խարկովում եւ այլուր գործել են Ֆրեբելի անունը կրող ընկերություններ, որոնք միավորել են նախադպրոցական դաստիարակությամբ զբաղվող մանկավարժներին։ Գայանեն այդպիսի ընկերություն հիմնել է 1882-ին, Թիֆլիսում։ Նրա մասին նյութեր են պահպանվում Բանդենբուրգ ¥Գերմանիա¤ քաղաքի Ֆրեբելի անվան թանգարանում, փաստ, որը վկայում է հայ մանկավարժի գործունեության լայն ճանաչման մասին։

 

Հայոց թագավորի խոստովանահայրը

14-րդ դարի ֆրանսիացի ժամանակագիր, հոգեւորական Հովհաննես Դարդելի անունը կապված է հայ իրականության հետ։ 1377-ին, Երուսաղեմ ուղեւորվելու ճանապարհին, նա Կահիրեում պատահաբար հանդիպում է Կիլիկյան Հայաստանի թագավոր Լեւոն Զ Լուսինյանին, որին սուլթանության զորքը գերի էր վերցրել եւ տարել Եգիպտոս։ Հայոց թագավորի այս վիճակը խոր տպավորություն է թողնում Հովհաննեսի վրա, եւ նա չէր կարող մերժել նրա խնդրանքը՝ Երուսաղեմից վերադառնալիս մնալ նրա մոտ որպես խոստովանահայր։ Այդպես էլ լինում է՝ ետդարձի ճանապարհին Հովհաննեսը կանգ է առնում Կահիրեում եւ որպես խոստովանահայր մի տեւական ժամանակ թեթեւացնում նրա ծանր ապրումները։

Հովհաննես Դարդելը, սակայն, հայոց թագավորի համար ավելին եղավ։ Օգտագործելով իր հեղինակությունն ու կապերը՝ նա համառ ջանքերով հասավ այն բանին, որ Լեւոն Զ-ն ազատվի 20-ամյա գերությունից։ Դա տեղի ունեցավ 1382-ին։ Լեւոն Զ-ն նախ մեկնեց Վենետիկ, ապա հյուրընկալվեց եվրոպական մի քանի թագավորություններում, ուր մեծ պատիվների արժանացավ ¥Կաստիլիայի թագավորը նույնիսկ նրան պարգեւեց Մադրիդ քաղաքը¤, բայց վերջին հանգրվանը գտավ Ֆրանսիայում։ Կյանքի վերջին տարիներին ապրում էր Փարիզի Սենտ-Օուեն արքունական պալատում։ Հետագայում ֆրանսիացի ժամանակագիրն անդրադարձավ Կիլիկյան Հայաստանի պատմությանն սկզբից մինչեւ 1341 թ., ապա առանձին էջերով նկարագրեց Լեւոն Զ-ի գերեվարությունը, գերությունից ազատվելն ու դրան հաջորդած իրադարձությունները։ Երախտապարտ հայերը Հովհաննես Դարդելի ժամանակագրությունը թարգմանել եւ հրատարակել են 1891-ին։

 

Սեն Թովմայի հայերը

Հնդկաստանի Մադրաս քաղաքից ոչ շատ հեռու գտնվում է մի բլուր, որը կոչվում է Սեն Թովմա։

Հայերն այստեղ կառուցել են եկեղեցի, որը չի պահպանվել, բայց պահպանվել է այն քարե արձանագրությունը, որ վավերացրել է եկեղեցու կառուցման թվականը՝ 1547։ Դրանից դեռեւս շատ առաջ այս կողմերում երեւացել են հայեր, բայց մշտապես չեն բնակվել։ Կատարել են իրենց առեւտրային գործարքներն ու հեռացել, բայց այն, որ արդեն 16-րդ դարի կեսերին նրանք եկեղեցի են կառուցել Սեն Թովմայի վրա, վկայում է այստեղ նրանց մշտական բնակություն հաստատելու մասին։

Այս փաստը հաստատում են նաեւ օտարները։ Պատմաբան Ս. Գրիգորյանն իր «Հայք ի հարավային Հնդկաստան» գրքում ¥Վենետիկ, 1922¤, խոսելով Սեն Թովմայի հայկական համայնքի մասին, վկայակոչում է ֆրանսիացի Ֆրանսուա Մարտինի մատնանշած փաստը. «Հավաստյոք հաստատված է, որ Սեն Թովմայի ի բնե սկզբնավորությունն շատ մը հայերի գործ էր, որ այստեղ յուրյանց բնակություններն հաստատած էին»։

Սեն Թովմայում բնակվողներն են, որ աստիճանաբար իջել են բլրից եւ ոչ շատ հեռու հիմնել նոր բնակավայր Մալաբա անունով։ Մալաբան հենց ժամանակակից Մադրաս քաղաքն է։ Հայերը, ուրեմն, Մադրասի հիմնադիրներից են եղել։ Ֆրանսուա Մարտինն այս մասին ուղղակիորեն նշում է իր գրքերից մեկում, որտեղից էլ հայ պատմագիտությունը վերցրել եւ շրջանառության մեջ է մտցրել նրա արտահայտած հետեւյալ միտքը. «Հայերը Ս. Թովմայում են նրա հիմնադրման ժամանակից սկսած եւ զբաղվում են առեւտրով»։ Պորտուգալացիների գալուց հետո հայերը եկվորների հետ միասին հիմնեցին հոյակապ այս քաղաքը ¥Մալաբա¤։ Հավատացնում եմ, որ այստեղ կան հայ ընտանիքներ, որոնց ունեցվածքի արժեքը հասնում է միլիոնների»։

Ինչպես դժվար չէ նկատել, Ֆրանսուա Մարտինը գրել է ներկա ժամանակով, եւ դա պատահական չէ։ Նա եղել է այս շրջանում Հնդկաստանում գործող ֆրանսիական ընկերության աչքի ընկնող դեմքերից մեկը, երկար ժամանակ ապրել Մալաբայում եւ հենց այդ ընթացքում էլ գրել Սեն Թովմայի եւ Մալաբայի պատմությունը։ Այսինքն՝ այն, ինչի մասին գրել է, որպես ականատես ու ժամանակակից է գրել, եւ չի կարելի կասկածել նրա վկայակոչումների արժանահավատությանը։

 

ՀԱՅՔՋորջ Բայրոնը Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին

Անգլիացի մեծ բանաստեղծ Ջորջ Բայրոնը մի առանձնակի համակրանք ուներ հայ ժողովրդի նկատմամբ։ Հանրահայտ է այն փաստը, որ 1816-ին նա այցելել է Սուրբ Ղազար կղզի, ծանոթացել Մխիթարյան միաբանության գործիչների հետ եւ շատ բարենպաստ կարծիք կազմել նրանց ազգանվեր գործունեության մասին։ Այս հանգամանքն էլ առիթ է հանդիսացել հետաքրքրվելու հայ ժողովրդի պատմությամբ, նրա անցյալով ու ներկայով, ավելին՝ ուսումնասիրելու եւ սովորելու հայոց լեզուն։ Կղզում մինչեւ հիմա էլ պահպանվում է այն խուցը, որտեղ ապրել է մեծ բանաստեղծը, գրել, ստեղծագործել։

Բայրոնի հայերենի ուսուցիչը նշանավոր լեզվաբան, բառարանագիր, թարգմանիչ Հարություն Ավգերյանն էր։ Եվ կարճ ժամանակամիջոցում նա այնքան հմտացավ հայերենի մեջ, որ իր ուսուցչի հետ գրեց եւ հրատարակեց «Քերականություն անգղիական եւ հայերեն» (1817), «Քերականություն հայերեն եւ անգղիական» (1819) դասագրքերը, որոնց մեջ զետեղել է նմուշներ հայ հին եւ միջնադարյան գրականությունից, օգնել անգլերեն-հայերեն բառարանի ստեղծմանը։ Բայրոնը հայերենից անգլերեն է թարգմանել հատվածներ Աստվածաշնչից, մասնավորապես՝ այն մասերը, որոնք պակասել են Սուրբ Գրքի անգլերեն թարգմանության մեջ, երկու գլուխ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից», էջեր Ներսես Լամբրոնացու «Ճարտասանությունից»։ Մեծ ցանկություն է ունեցել պոեմ գրել հայկական առասպելների թեմաներով։

Իր հեղինակավոր ազդեցությամբ Բայրոնը զարկ է տվել հայագիտության զարգացմանն ու տարածմանը։

Ավելի մանրամասն ծանոթանանք մեծ բանաստեղծի «Առաջաբանին», որը նրա հայրենասիրության ամենամեծ վկայությունն է։

«Առաջաբանի» պատմությունն այսպիսին է. հայ-անգլերեն քերականության դասագիրքը կազմելիս՝ Հարություն Ավգերյանը Բայրոնին խնդրում է գրել առաջաբան եւ կցել գրքին։ Ամենայն սիրով բանաստեղծը հանձն է առնում կատարել իր ուսուցչի խնդրանքը, եւ ժամանակ անց առաջաբանը պատրաստ էր։ Այն հենց այդպես էլ վերնագրվում է՝ «Առաջաբան» եւ հայտնի դառնում որպես Բայրոնի նշանավոր երկը Հայաստանի եւ հայ ժողովրդի ազատագրության մասին։

Ներկայացնենք այն ամբողջությամբ։

«Անգլիացի ընթերցողը հավանորեն պիտի զարմանա իմ անունն այսպիսի մի գործի հետ առնչված տեսնելով եւ գուցե ինձ, որպես լեզվագետի, իմ արժանիքից ավելի դրվատի։ Չուզենալով գիտակցաբար մեղսակից լինել այդպիսի մի պատրանքի՝ կարելվույն չափ համառոտակի պիտի բացատրեմ իմ անձնական դերը սույն գործի հորինման մեջ եւ այն դրդապատճառները, որ ինձ դեպի այն մղեցին։

Երբ 1816 թվականին Վենետիկ հասա, իմ միտքն այնպիսի վիճակի մեջ էր, որ կարիք էր զգում ծանր զբաղումի եւ այնպիսի մի զբաղումի, որ իմ երեւակայության համար քիչ ասպարեզ թողներ եւ հետապնդումիս համար բավականաչափ դժվարություն հարուցեր։ Այդ ժամանակ ես էլ, մյուսների նման, խիստ հետաքրքրվում էի Սբ. Ղազարի մենաստանի հասարակությամբ, որը կղերական հաստատության մեջ միավորում էր բոլոր առավելությունները՝ առանց յուրացնելու դրա մոլորություններից որեւէ մեկը։ Կացարանի մաքրությունը, հանգստավետությունը, աբեղաների ազնվությունը, բարեկրթությունը եւ եղբայրական առաքինությունները, անտարակույս, պետք է համոզեն աշխարհիկ մարդուն, թե «կա մի ուրիշ եւ ավելի լավ բան» նույնիսկ այս կյանքի մեջ։

Այս մարդիկ քահանաներ են մի հարստահարված եւ ազնվական ազգի, որը հրեաների եւ հույների նման տարագիր եւ ստրուկ է եղել առանց առաջինների պես խստասիրտ կամ վերջինների պես գերի դառնալու։ Այս ժողովուրդը հարստացել է առանց վաշխառության եւ վաստակել է ամեն պատիվ, որ կարող են գերության մեջ վաստակել առանց խարդախության։ Բայց նրանք, այնուամենայնիվ, երկար ժամանակ գրավեցին իրենց բաժինը «Գերության տան» մեջ, որ վերջերս բազմապատկել էր իր անթիվ օթեւանները։

Գուցե դժվար կլիներ որեւէ այլ ազգի տարեգրությունները գտնել ավելի նվազ արատավորված ոճիրներով, քան հայոց, որոնց առաքինությունները խաղաղասիրության արգասիք են, իսկ թերությունները՝ ճնշման հետեւանք։ Սակայն ինչպիսին էլ եղած լինի նրանց ճակատագիրը, իսկ դա անցյալում դառն է եղել, ինչպիսին էլ լինի նա ապագայի մեջ, նրանց երկիրը հավետ պիտի մնա որպես աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկը, եւ թերեւս միայն նրանց լեզուն կարիք ունի ավելի շատ ուսումնասիրվելու, ավելի գրավիչ դառնալու համար։

Եթե Սբ. Գիրքն ուղիղ ըմբռնենք, Հայաստանի մեջ էր, որ զետեղված էր դրախտը, Հայաստան, որ Ադամի սերունդների չափ նույնքան թանկ վճարեց իր հոգու վաղանցուկ մասնակցության համար այն մարդու երջանկությանը, որն իր փոշուց էր ստեղծված։ Հայաստանի մեջ նախ ջրհեղեղը տեղաց, եւ ապա աղավնին հանգչեց։ Բայց կարելի է ասել, թե դրախտի անհետացման հետ սկսվեց նաեւ այս երկրի տարաբախտությունը, որովհետեւ թեպետեւ երկար ժամանակ նա եղավ մի զորավոր թագավորություն, բայց հազիվ երբեք անկախ մնաց, ե՛ւ պարսից սատրապները, ե՛ւ թուրքական փաշաները հավասարապես անապատ դարձրին այն երկիրը, ուր Աստված ստեղծել էր մարդուն՝ ըստ իր հատուկ պատկերի»։

Դժվար չէ տեսնել, թե հայերի նկատմամբ ինչ անկեղծ եւ ջերմ սիրով է գրել իր «Առաջաբանը» մեծ բանաստեղծը։

Որտեղի՞ց էր գալիս Բայրոնի համակրալից վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ, որտե՞ղ են «Առաջաբանի» ակունքները։

Անշուշտ, Բայրոնը, որպես ժամանակի կրթյալ մարդկանցից մեկը, մինչեւ Մխիթարյանների մոտ գալն իմացել է հայ ժողովրդի եւ նրա դառը ճակատագրի մասին։ Բայց հայերի մասին մեծ բանաստեղծի գիտելիքների խորացման, նրա պատմության իմացության ընդլայնման գործում վճռական դեր են խաղացել Մխիթարյանները, մասնավորապես՝ հայերենի իր ուսուցիչ Հարություն Ավգերյանը։ Ականավոր գիտնական Յու. Վեսելովսկին Բայրոնի եւ հայերի մասին իր գրած երկու ակնարկներում վիպական երանգներով պատմում է, թե բանաստեղծն ինչ հափշտակությամբ է ունկնդրել Ավգերյանի հայաշունչ զրույցներն իր ժողովրդի մասին։

Բայրոնի «Առաջաբանի» ակունքները ճիշտ հասկանալու համար արժե մեջբերել մի ընդարձակ հատված Վեսելովսկու մի ակնարկից. «…Պատմում է ծերունին, թե ինչպես հեռու-հեռու՝ այնտեղ ապրում է այն ժողովուրդը, որին ծառայելու համար իրենք նվիրաբերում են իրենց բոլոր ուժերը։ Նա մտովի ապրում է իր հայրենիքում, երազում է հին պապենական երգեր, ցարդ պահում է հինավուրց բարքերն ու հավատալիքները, չի մոռանում իր մայրենի բարբառը, բայց նա հեռվում դեռեւս չի նշմարում հույսի ճառագայթ, չի համարձակվում երազել լավագույն ապագայի մասին… Այն հողի վրա, որտեղ ապրել են իր նախահայրերը, այժմ ցաքուցրիվ ընկած են պալատների, տաճարների եւ բերդերի ավերակները։ Անծանոթ մարդուն այդ ավերակները, իհարկե, ոչինչ չեն բարբառում, բայց այն ժողովրդի համար, որ ստեղծել է այժմ կործանված այդ շինությունները, հարազատ է անգամ դրանց հանդիսավոր լռությունը…

Ագահորեն լսում է Բայրոնը ծերունու զրույցը, եւ թվում է նրան, թե վաղուց ծանոթ եւ մտերիմ է իրեն այդ հեռավոր երկիրը, որի մասին նրան պատմում է ծերունին, այն երկիրը, որտեղ հինավուրց ավերակները պահպանում են անհետացած փառքի եւ կորած երջանկության հոյակապ պատմությունը»։

ՆՈՐԱՅՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #38 (1503) 13.10.2023 - 20.10.2023, Հոգևոր-մշակութային


16/10/2023