ՄԱՅՐ ՈՒ ՈՐԴԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ
Ալվարդ Ավագի Կոստանյանը Արցախյան պատերազմի տարիներին կամավորական ինքնապաշտպանական ջոկատների կազմում ակտիվորեն մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների պաշտպանական մարտերին։ Նա եղել է «Ադանա» ջոկատից (հրամանատար Անդրանիկ Ջուլհակյան), որը 1990թ. դիրքավորված էր Տավուշի շրջանում, 1991-92թթ. Իջեւանի եւ Նոյեմբերյանի, 1992-93թթ.` Երասխի, Կոռնիձորի, Գյուլիբերդի տարածքներում: Մարտական գործողությունների ընթացքում, դժվարին ու վտանգավոր պայմաններում Ալվարդն ապահովում էր մարտիկների սնունդը, ու կացարանի և խրամատների, բլինդաժների մաքրությունը: Իր ջերմեռանդ ու նվիրված ծառայության շնորհիվ վայելում էր հրամանատարների եւ հերթափոխի տղաների անկեղծ հարգանքն ու սերը։
1993թ. աշնանը Ալվարդը ծնում է Սեւադա անունով իր որդուն, մեծ զրկանքներով մեծացնում նրան, կրթում եւ դաստիարակում: 2011թ. նոյեմբերի 22-ին Սևադան զորակոչվել է ազգային բանակ։ Ծառայում է այնպես, որ ուսումնական զորամասի հրամանատար գնդապետ Գ. Ենոքյանը, գումարտակի հրամանատար փոխգնդապետ Վ. Վարդանյանը Նոր տարվա կապակցությամբ շնորհավորական եւ շնորհակալական նամակ են ուղարկել տիկին Ալվարդին` նշելով, որ Սեւադան հետաքրքրասեր, կարգապահ եւ ակտիվ զինվոր է, ձգտում է լինել օրինակելի զինվորների շարքում։ Նամակում նշվում է նաեւ, որ բանիմաց հրամկազմը ջանքեր չի խնայում զինվորների սոցիալ-կենցաղային պայմանները բարելավելու, ռազմական գիտելիքների եւ հմտությունների, ռազմահայրենասիրական եւ ֆիզիկական դաստիարակության մակարդակը բարձրացնելու համար։
Փառք ու պատիվ Հայաստան աշխարհի այն երիտասարդներին, որոնք շարունակում են դարերի խորքից եկող մեր ռազմական ավանդույթները:
ՌՈՒԲԵՆ ԲԱԽՇՅԱՆ
գնդապետ