Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ



ՎԵՐԱԾՆՈՒՆԴԳրիգորյանների տան քար լռությունը խախտվեց փոքրիկ Մհերի լույս աշխարհ գալով։ Մանկան ճիչը արմատապես փոխեց որդեկորույս ընտանիքի կյանքը՝ դառնալով ապրելու վերագտնված իմաստն ու հույսը։

-Տղայիս ծնունդը մեր տան խավարը ցրեց, մթնոլորտը լրիվ փոխեց,- փոքրիկին գիրկն առնելով՝ ասաց տիկին Նազիկը:

-Այն ճանապարհը, որի միջով անցել ենք ես ու ամուսինս, բավականին դժվարին է եղել։ Հղիանալու բազմաթիվ անհաջող փորձեր, հոգեկան ծանր ապրումներ ու անկումներ, առողջական նորանոր խնդիրներ,- անկեղծանում է մերօրյա հերոս Մհեր Գրիգորյանի մայրը:

Բայց բաժին հասած փորձություններից երբեք չեն հուսալքվել, հավատով սպասել են, որ խավարի վերջում մի օր լույս են տեսնելու։ Այդ հավատն ամրապնդել էր նաև ավագ որդին երազում։

ՎԵՐԱԾՆՈՒՆԴՈրդեկորույս ընտանիքում վշտի ու ցավի հետ արդեն նշմարվում են նաև ուրախության արցունքները։ Նորածինը հավերժ զինվոր Մհեր Գրիգորյանի կրտսեր եղբայրն է։ Նրան նույնպես Մհեր են անվանակոչել։ Ծնողների խոսքով՝ փոքրիկը դիմագծերով շատ է նման ավագ եղբորը։

Ծնողները համոզված են՝ միայն մանկան նոր ճիչով, կրկին ոտքի կանգնելով ու ապրելով կարելի է առաջ շարժվել։

Փոքրիկի ծնողները նաև վստահ են՝ իրենց կրտսերը ավագի պես խիզախ ու հայրենասեր է մեծանալու։ Մհեր Գրիգորյանը ավարտել էր Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, երազում էր զինվորական դառնալ։ Ավտովթարը, ցավոք, փոխեց Մհերի ծրագրերը։ Նա չհասցրեց ընդունվել ռազմական համալսարան, փոխարենը մեկնեց ժամկետային ծառայության։ Հայրենիքը պաշտպանելը Մհերի համար իսկապես միայն զինվորական պարտականություն չէր, այլ երազանք ու առաքելություն: Նա պատերազմի առաջին օրվանից կռվեց աննահանջ ամենաթեժ ուղղություններում՝ ամբողջ ընթացքում ծնողներին հավատացնելով, թե իբր հեռու է մարտերի էպիկենտրոնից։

Մհեր Գրիգորյանը արիաբար մարտնչել ու զոհվել է հոկտեմբերի 10-ին։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #39 (1504) 20.10.2023 - 27.10.2023, Ճակատագրեր


26/10/2023