ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ
«Զառ» ուսումնական կենտրոնում այս օրերին մարզվում են «Պաշտպան հայրենյաց» ծրագրով զինծառայությունը շարունակելու որոշում կայացրած ժամկետային զինծառայողները: Հաղթահարում են արգելագոտիներ, խոցում ուսումնական թիրախներ ու հղկում շարային քայլքը: Պարապմունքները հեշտ չեն, բայց տղաները հաստատակամ են իրենց ընտրած ուղին անցնելու, բոլոր արգելքները հաղթահարելու և պայմանագրային զինծառայության անցնելու հնարավորություն ստանալու գործում:
Ավետ Պողոսյանն ու Միրզո Չատոևը «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն ընտրած զինծառայողների շարքում են: Այժմ նրանք բարելավում են իրենց զինվորական հմտություններն ու կարողությունները՝ առաջիկա որակավորման քննությունները հաջողությամբ հանձնելու և ծառայությունն արդեն որպես պայմանագրային զինծառայող շարունակելու համար:
-Այսպես, միաժամանակ և՛ Հայրենիքիդ կարող ես օգտակար լինել, և՛ լավ վարձատրվող մասնագիտություն ձեռք բերել: Դեռևս մինչև բանակ գալս էի իմացել այս տարբերակով ծառայելու հնարավորության մասին ու շատ էի ոգևորվել։ Հետագայում արդեն ավելի մանրամասն ծանոթացա ծրագրին ու որոշեցի անպայման ընդգրկվել, փորձել ուժերս։ Դեռ փոքրուց միշտ ցանկացել եմ զինվորական դառնալ։ Մինչև բանակ մեկնելս էլ ծնողներիս ասում էի, որ ժամկետային զինծառայությունից հետո մնալու եմ զինված ուժերում, շարունակելու եմ ծառայությունս։ Նրանք հարգեցին իմ որոշումը, քանի որ գիտեն, որ շատ եմ սիրում այս գործը:
Կարծում եմ՝ զինվորական գործի հանդեպ սերը սկսվում է հայրենասիրությունից: Այսօր տարբեր զորամասերում ծառայում են իմ ազգականներից ու բարեկամներից շատերը: Բոլորն էլ հավասարապես մտահոգված են Հայրենիքի խնդիրներով և պատրաստ են պաշտպանել մեր սահմանները,- ասաց Ավետը:
Ինչ վերաբերում է խաղաղապահ զորքերում զինծառայությունը շարունակելու իր ընտրությանը՝ Ավետը ավելացնում է.
-Ինձ շատ է դուր գալիս խաղաղապահ զորքերի գործունեության բնույթը, ծառայության առանձնահատկություններն ու առաքելությունը։ Այդ պատճառով էլ հենց այստեղ կուզեի ծառայությունս շարունակել:
Ուսումնական կենտրոնում Ավետը կատարելագործում է ժամկետային զինծառայության ընթացքում ստացած զինվորական գիտելիքներն ու հմտությունները: Ժամկետային զինծառայության ընթացքում էլ իրեն լավ դրսևորած զինվորը վստահ է, որ առաջիկա որակավորման քննությունները գերազանց է հանձնելու:
-Լիովին հավատում եմ իմ ուժերին: Պարապում եմ, նախապատրաստվում քննություններին. ֆիզպատրաստություն, կրակային պատրաստություն, շարային պատրաստություն, մարտավարություն և այլն։ Ամեն օր ջանասիրաբար աշխատում եմ, ուզում եմ շատ լավ հանձնել քննությունները։ Հրամանատարական կազմը, որ ներգրավված է մեր պատրաստության գործում, շատ լավ է անցկացնում պարապմունքները, անչափ գոհ եմ։ Հեշտ ու ընկալելի են մատուցում զինվորական գործը, այն ամենը, ինչ անհրաժեշտ է քննություններին մեզ լավ դրսևորելու համար։
Երբ լրանա «Պաշտպան հայրենյաց» ծրագրով նախատեսված պայմանագրային զինծառայության հինգ տարին, արդյոք կշարունակի՞ ծառայությունը հարցին Ավետն առանց երկմտելու պատասխանեց.
-Միանշանակ կմնամ, քանի որ իրոք շատ եմ սիրում զինվորական գործը։ Հարկ եղած դեպքում՝ միշտ պատրաստ եմ պաշտպանելու Հայրենիքս: Մենք միշտ էլ ծառայակից ընկերներով սիրել ենք զինվորական գործը։ Եվ կարծում եմ, որ այսօր բոլորս պետք է հասկանանք, որ հայրենիքի պաշտպանությունն ամենակարևոր գործն է։ Դու կարող ես մի քանի ամիս տանը չլինել, բայց վստահ կլինես, որ քո թիկունքում ընտանիքդ ապահով է: Ծառայակից ընկերներս էլ ինձ պես և ինձ հավասար Հայրենիքին ծառայելու, այս ծրագրով ծառայությունը շարունակելու պատրաստ տղաներ են։
Ինչ վերաբերում է ծառայության հեռանկարներին, Ավետը շեշտում է.
-Ինձ համար անգամ նշանակություն չունի՝ սպա՞ կդառնամ, թե՞ կմնամ շարքային, կարևորը, որ մնամ զինված ուժերում և օգտակար լինեմ Հայրենիքիս պաշտպանության գործին։
***
Միրզո Չատոևին նույնպես առաջին հերթին հենց Հայրենիքի հանդեպ սերն է դրդել, որ շարունակի ծառայությունը՝ որպես պայմանագրային զինծառայող։
-Երբ իմացա ծրագրի մասին, շատ ոգևորվեցի, որոշեցի ծառայությունս շարունակել ու զինվորական դառնալ։ Թե՛ գործի բնույթը, թե՛ ֆինանսական առումով ապահովված լինելը, իհարկե, այս ծրագրով ծառայությունս շարունակելու դեպքում շատ գրավիչ են։
Ընկերներիս, ծանոթներիս, բարեկամներիս շրջանում էլ շատ են այս ծրագիրն ընտրածները։ Այժմ պատրաստվում եմ քննություններին և, կարծում եմ՝ կհաղթահարեմ շեմը և բարձր ցուցանիշներ կգրանցեմ,- անկեղծացավ շարքային Չատոևը:
Որպես ժամկետային զինծառայող անցկացրած զինծառայության մասին մեծ սիրով է խոսում:
-Շատ լավ է անցել ժամկետային ծառայությունս, շատ եմ սիրել ծառայության հետ կապված ամեն ինչ։ Սահման եմ պահել։ Երբ կանգնած ես խրամատում, նոր միայն հասկանում ես քո դերի կարևորությունը՝ վստահ, որ քո ընտանիքը, հարազատներդ ապահով են, չէ՞ որ դու ինքդ ես պաշտպանում նրանց խաղաղ ապրելը։
Զինվորական գործն ընտրելու իր որոշման մասին Միրզոն ասաց.
-Հայրենասիրությունը եթե չլինի մարդու մեջ, նա հաստատ զինվորական գործը չի նախընտրի։ Դե, իսկ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն այս առումով շատ լավ հեռանկարներ է բացում, լավ հնարավորություն է ժամկետային զինծառայողների համար։
Ինչպես Ավետը, Միրզոն ևս վստահեցրեց, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայության հինգ տարին լրանալուց հետո միանշանակ շարունակելու է ծառայությունը զինված ուժերում:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #39 (1504) 20.10.2023 - 27.10.2023, Ազգային բանակ