ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻՑ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԹԱՆԿ ԲԱՆ ՉԿԱ
«Պոլկը տունս է, պոստերը՝ դաչես». հետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրված Տիգրան Միկոյանի՝ բանաձևի պես ասվող խոսքերն են։ Դիրքի ավագ, լեյտենանտ Տիգրան Միկոյանը զոհվեց 44-օրյա պատերազմի ընթացքում՝ սեպտեմբերի 29-ին՝ երկու օր շարունակ իր դիրքի տղաների հետ թշնամու լայնածավալ գրոհներին դիմակայելիս։ Դեռ կուրսանտական տարիների ընկերը՝ հարևան դիրքի պատասխանատու, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արտյոմ Եղոյանն այդ օրն իր դիրքի վրա թշնամու կատաղի հարձակումները հետ մղելով և դիրքի վրա գրոհած հատուկջոկատայինների դեմ գնդացրով կռվելուց հետո դիրք մտած թշնամուց իր ենթակա անձնակազմին անձնազոհաբար պաշտպանելիս դիպուկահարի գնդակից մահացու վիրավորում էր ստացել։ Մարտական ընկերոջ դիրքին օգնության շտապեց Տիգրան Միկոյանը: Արտյոմին փրկելու նետվեց: Բայց ուշ էր… խրամատում նրա անշունչ մարմինը գրկեց… ու դիպուկահարի արձակած կրակոցից ինքն էլ խոցվեց։
…Չարենցի փողոցով դեպի Սայաթ-Նովա թեքվելիս կանգ առա շենքի կողմնային պատին պատկերված զինվորականի մեծադիր նկարի առաջ. նռնակը, ռացիան ու դանակը զրահաբաճկոնին ամրացրած՝ կասկայի տակից պայծառ ու խրոխտ ժպիտով անցուդարձողներին էր նայում կապուտաչ, երիտասարդ սպան: Որտե՞ղ եմ տեսել այս հայացքը՝ չեմ կարողանում հիշել: Պատկերի կողքին գրություն կա՝ «Պոլկը տունս է, պոստերը՝ դաչես» Տիկո: Այսպես լինում է՝ ուզում ես շարունակել ճամփադ, բայց ոտքերդ քեզ ետ են տանում: Ուզում եմ ավելի մոտիկից նայել նրան, զգում եմ, որ ինձ պատմելու բան ունի: Շուրջս եմ նայում՝ մոտակա շենքերից որո՞ւմ կգտնեմ երիտասարդ սպային ճանաչողներին: Հարցիս պատասխանը տալիս է տեղամասային գրադարանի վարիչը՝ տիկին Սուսաննան:
-Իհարկե, ճանաչում եմ, մեր ամենալավ ընթերցողներից էր Տիգրանը: Միշտ պատմական ու զինվորական գրքեր էր տանում: Հրաշալի, անչափ կիրթ ու խելացի տղա էր… Ափսոս, հազար ափսոս, 44-օրյա պատերազմում զոհվեց հերոսի մահով: Պապիկն ու տատիկը մոտակա շենքերից մեկում են ապրում: Տիգրանի տատիկը՝ տիկին Սվետլանան, որ մինչև օրս չգիտի թոռան զոհվելու մասին, սպասում է նրա վերադարձին։ Դաշնակահարուհի է։ Արդեն ինը տարի անկողնային հիվանդ է, ասում է՝ Տիգրանի վերադարձի օրը անպայման ոտքի է կանգնելու, նվագելու է։ Նրան ամուսինն է խնամում։- Խոսելու ընթացքում տիկին Սուսաննան գտնում է Տիգրանի հեռախոսահամարը, ինձ ճանապարհելիս էլ ավելացնում է,- Տիգրանի զինվորներից մեկը՝ Միքայել Մուրադյանը, գիրք էր ուզում գրել Տիգրանի և իր մյուս հրամանատարի մասին, որոնք, կարծեմ, նույն տեղում են զոհվել:
Հիշել էի՝ երիտասարդ սպայի դեմքը ծանոթ էր «Հայ զինվորի» էջերից. ռազմական համալսարանն ավարտած նորաթուխ սպաները զինծառայության մեկնելիս հարցազրույց էին տվել: Տիգրանն ուրախ ժպտում էր: Երեք ընկերով՝ Արտյոմ Եղոյանը, Տիգրան Միկոյանն ու Վլադ Աբրահամյանը, հրաժարվելով վիճակահանությունից, կամավոր ընտրել էին մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը: Տիգրանն ու Արտյոմ Եղոյանը միաժամանակ սովորել էին տարբեր ֆակուլտետներում՝ երկուսն էլ բարձր առաջադիմությամբ։ Արտյոմը հետախույզի մասնագիտությունն էր ընտրել, Տիգրանը՝ մոտոհրաձիգի:
Տիգրանի պապին՝ պարոն Սերգեյին, հանդիպեցի այն բակում, որտեղ երեխա ժամանակ վազվզել է աշխույժ, ժպտերես ու խելացի տղան:
-Այս բասկետբոլի ցանցը ես եմ տեղադրել,- պատմում է պարոն Սերգեյը,- իմ գրկի մեջ է մեծացել Տիգրանս։ Չեք պատկերացնի, թե ինչ երեխա էր։ Մեջը կրակ կար, իսկական հավերժական շարժիչ։ Երբ սկսեց քայլել, նրա համար կլոր քթերով ճապոնական բոթասներ գնեցի: Այդ քթերի միայն ծայրերին հենվելով՝ վազում էր այնպես, որ ետևից չէի կարողանում հասնել։ Դպրոցական տարիներին կարատեի էր հաճախում. երեք ամսում չորս գոտի ստացավ։ Հետո որոշեց բոքսի գնալ։ Չանցած ամիս ու կես՝ մի օր շատ մտահոգ տուն եկավ, ասաց, որ էլ չի ուզում գնալ: Մի տղայի հետ էր ընկերացել: Այդ օրն իրար դեմ էին կռվել, սպարինգ էին արել, անզգույշ հարված էր հասցրել նրա քթին, արյուն էր բերել։ Նստել էր կողքին, հետը լաց եղել ու որոշել՝ բոքսն իր մարզաձևը չէ։ Համալսարանի հավաքականի հետ բասկետբոլի մրցումների է մասնակցել Վրաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում։ Բաթումիում նրանց հավաքականը դարձել է Եվրոպայի չեմպիոն։
Տիգրանը ծնվել է 1997 թ. հունվարի 21-ին Երևանում: 2014-ին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանը. պետք է լրագրող դառնար։ Պապը, որ քրեական հետախուզությունում էր ծառայում, ոստիկանության բարձրաստիճան սպա էր, վստահ էր, որ թոռը իրավաբանի մասնագիտությունը կընտրի։ Բայց Տիգրանը հաստատակամ էր եղել զինվորական դառնալու իր որոշման մեջ։
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվելու համար ֆիզպատրաստության չափորոշիչները հանձնելիս պտտաձողի վրա 11 ձգում կատարելուց հետո Տիգրանը շարունակել և կատարել էր 16 ձգում։ Երբ ասել էին՝ բավական է, շարունակել էր ձգվել՝ հարուցելով քննող հանձնաժողովի ժպիտն ու զարմանքը: Գերազանցությամբ ավարտելով համալսարանը և ստանալով «լեյտենանտի» կոչում՝ իր իսկ ընտրությամբ ծառայավայր ընտրեց մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը: Տիգրանի մեծ սերը, սրբություններն էին Հայրենիքը, ընտանիքը, ծառայությունն ու իր զինակից ընկերները։ Արձակուրդի օրերին չէր զլանում՝ այցելում էր իր զինվորների ընտանիքներին, վերցնում մայրերի ջերմ ձեռքով պատրաստված փաթեթները, անգամ փոքրիկ մի մանրուք, որ կոգևորեր տղաներին, հասցնում էր դիրքեր։ Սիրում էր իր շուրջը հավաքել զինվորներին, զրուցել, հիշել Նժդեհի խոսքերը. «Կռվի ժամանակ զինվորն ավելի շատ բարոյական մենակությունից է վախենում, քան մահից»։ «Ռազմավարի հանճարը բխում է նրա վեհությունից»։
Երբ արձակուրդ էր գալիս, այստեղ էլ շուրջն էր հավաքում բակի տղա երեխաներին և զենք-զինամթերքից խոսում, սովորեցնում։
Արձակուրդից մեկ շաբաթ էր, ինչ վերադարձել էր զորամաս, երբ սկսվեց պատերազմը։
Սեպտեմբերի 29-ին` ժամը 15։00-ի սահմաններում, հակառակորդը մեծ ուժերով մարտական դիրքի ուղղությամբ փորձեց ճեղքում կատարել: Դիրքում իր անձնակազմի հետ Արտյոմ Եղոյանն էր։ Մոտ տասը րոպե հակառակորդը հրետակոծել էր դիրքը: Երբ դասակի հրամանատար Եղոյանը դուրս էր եկել խրամաբջջից, տեսել էր, որ մի քանի դիվերսանտ արդեն խրամատում են, և թշնամու գումարտակը շարունակում է լցվել խրամատ: Դիրքի անձնակազմին արագ հրահանգավորել էր, բացազատել էր ամբողջ խրամուղու երկայնքով և վերևից գնդացրով կրակ վարել հակառակորդի ուղղությամբ: Իջնելիս դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում էր ստացել։ Դասակի հրամանատարի զոհվելուց հետո զինվորներից Հմայակն էր վարել մարտը, մինչև օգնությունը տեղ հասներ: Երբ մեր հրետանին սկսել էր աշխատել, հակառակորդը զոհեր տալով նահանջել էր, ու այդ ուղղությամբ այլևս հարձակում չէր եղել: Ցավոք, դիրքը երեք զոհ և ութ վիրավոր ունեցավ: Եղոյանի դիրքին օգնության շտապող լեյտենանտ Տիգրան Միկոյանը ճանապարհին էր իմացել, որ դիպուկահարի կրակոցից ընկել է ընկերը, շտապել էր նրան օգնելու…
Հրամանատարի մասին իր հիշողություններն է պատմում դիրքի ավագ, սերժանտ Գարիկ Աբրահամյանը, որ վերջին անգամ նրան տեսել էր զոհվելուց կարճ ժամանակ առաջ՝ ընկերոջ պահած դիրքին օգնության շտապելիս։
-Շատ արժանավոր սպա էր Տիգրանը,- ասում է Գարիկը,- երկու ամիս էր, ինչ տեղափոխվել էի նրա դասակը, բայց այդքանն էլ բավական էր, որ մենք լավ ընկերներ դառնայինք։ Միշտ ժպտերես էր, բարի ու հոգատար։ Նա սպա էր, մենք՝ զինվոր, բայց մեր միջև հարաբերությունները հարազատական էին, նա մեր ավագ ընկերն էր։ Գրեթե բոլոր հերթապահությունները միասին էինք կրում, սահման պահում։ Մենք կողքի դիրքից էինք ստանում թե՛ սնունդն ու ջուրը, թե՛ մյուս անհրաժեշտ պարագաները։ Երկար ու դժվարանցանելի ճանապարհ էր խրամուղով դեպի վար, որ տեղ-տեղ թշնամու կողմից դիտարկվում էր։ Զինվորներին երբեք մենակ չէր ուղարկում. միշտ ինքն էր գնում նրանցից մեկի հետ, նրանց հետ հավասար տեղափոխում անհրաժեշտ պարագաները։ Լեյտենանտ Միկոյանն այն սպաներից էր, որին յուրային էինք համարում, ցանկացած խնդրով կիսվում էինք հետը, դիմում նրա օգնությանը։ Որպես սպա, որպես մարդ՝ նրան բոլորը շատ հարգում ու սիրում էին։ Որտեղ էլ լիներ, անմիջապես աչքի էր ընկնում։ Իր կատակներով, աշխուժությամբ, ուժեղ բնավորությամբ։ Միշտ իրենից թույլին պաշտպան էր կանգնում, սովորեցնում էր ճիշտն ու սխալը զանազանել։ Իր ընկերներին ամբողջ սրտով էր նվիրվում։ Կյանքը կտար ընկերոջ համար, ինչպես և գնաց այս կյանքից…
…Վերջին անգամ Տիգրանին տեսել եմ, երբ նա գնում էր կողքի դիրքը՝ Եղոյանին օգնության։ Ուզում էի նրա հետ գնալ, բայց կանգնեցրեց ինձ. «Մնա՛։ Դու էստե՛ղ ես պետք. դիրքը պետք է ավագ ունենա»։ Կանգնել էր անտառի մեջ՝ երկու նռնակ զրահաբաճկոնի աջ ու ձախ կողմերից կախած, զենքի պահունակները իրար սկոտչով ամրացրած։ Մինչև այսօր հիշում եմ նրա հայացքը. կարծես գիտեր, որ ետ չի գալու։
…Համեստ, քչախոս, խոհուն, բարի, հզոր։ Այս բառերով են ընկերներն ու հարազատները բնութագրում 44-օրյա պատերազմում զոհված հետախուզական դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արտյոմ Եղոյանին։
Արտյոմ Եղոյանը ծնվել է 1997 թվականի հոկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։ Բռնցքամարտով էր զբաղվում, տարբեր մրցումների է մասնակցել և միշտ առաջին տեղն է գրավել։ Իսկ 10-րդ դասարանում անսպասելիորեն որոշում կայացրեց ընդունվել ռազմական վարժարան։ Երեք տարի սովորելուց հետո ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Բարձր առաջադիմությամբ սովորեց, ավարտեց ու իր իսկ խնդրանքով մեկնեց առաջնագիծ։
Ծառայության հետ կապված ամեն ինչ շատ էր սիրում՝ իր համազգեստը, գործը, զինվորներին։
Զինվորներից մեկը՝ Միքայել Մուրադյանը, որի մասին հիշատակել էի հոդվածի սկզբում, իր երկու հրամանատարների մասին գիրքը գրել ու հրատարակել է, ինչպես ինձ գրադարանում արդեն ասել էր տիկին Սուսաննան։ «Երկու տարվա կյանք» գրքի շապիկին Արտյոմ Եղոյանի ու նրա մարտական ընկեր Տիգրան Միկոյանի պատկերն է։
Շարքային Միքայել Մուրադյանը դեռևս ժամկետային զինծառայության ընթացքում էր որոշել՝ ծառայության մասին բանաստեղծությունների ժողովածու հրատարակել։ Ծառայողական առօրյայից ամենավառ հիշողությունները հանձնում էր նոթատետրին: Նրա նոթերի ամենատպավորիչ կերպարներն իր լավագույն հրամանատարներն էին՝ լեյտենանտ Միկոյանն ու ավագ լեյտենանտ Եղոյանը:
-Շատ էի սիրում ծառայությունս,- ասում է Միքայելը,- երկու տարի էլ կտայի կյանքիցս, որպեսզի նույն կազմով ծառայելու հնարավորություն ունենայի։
Զորացրվելուց հետո գիրք գրելու մտքից հեռու էր արդեն, բայց մեկ ամիս անց, երբ սկսվեց պատերազմը, նրա այդ ցանկությունը պարտավորության վերածվեց: Չնայած արդեն զորացրվել էր, բայց 44-օրյա պատերազմին ծառայակից ընկերները և երկու ամենասիրելի հրամանատարներն այնտեղ էին: Կապի մեջ էր տղաների հետ, իմացավ երկու հրամանատարների հերոսական կռվի, նվիրումի և ավաղ… զոհվելու մասին: 2021 թ. լույս տեսավ նրա «Երկու տարվա կյանք» գիրքը:
-Լեյտենանտ Միկոյանն առաջին հերթին ընկերասիրություն էր սերմանում իր ենթակաների մեջ,- պատմում է Միքայելը,- նրանց վաշտը հավաք էր, բռունցքի պես համախմբված հենց նրա շնորհիվ: Ու ես գիտեմ, թե տղաներն ի՜նչ անհամբերությամբ էին սպասում դիրքեր բարձրանալուն, հատկապես, երբ նրանց հետ լեյտենանտ Միկոյանն էր: Զինվորի հետ ավագ ընկեր էր նաև ավագ լեյտենանտ Արտյոմ Եղոյանը: Համեստ էր, քչախոս, բայց նրա ամեն խոսքը մեծ ուժ ու կշիռ ուներ բոլորիս համար: Դիրքերում Եղոյանի հետ եմ հերթապահություն իրականացրել: Հիշում եմ՝ ինչպես էր աննկատ շրջում դիրքի տարածքով և ասես հրաշքով հայտնվում ամենաանսպասելի տեղից: Անքուն հսկում էր մեզ, որ վստահ լիներ՝ ամեն ինչ կարգին է: Անչափ ուշադիր էր իր ենթակաների հանդեպ, ու այդ ուշադրությունը, հոգատարությունը փոխանցվում էր մյուսներին, վարակում:
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի օրերին ամենաուժեղ անձնակազմն էր կռվում Եղոյանի հրամանատարության ներքո՝ Աբազյան Արմանը, մյուս տղաները, սերժանտ Ուստյանը, որ Եղոյանի զոհվելուց հետո ստանձնել էր դիրքի պաշտպանության ղեկավարումը մինչև օգնությունը տեղ կհասներ: Երկու դիրքերն էլ տղաները ամեն գնով անառիկ պահեցին իրենց հրամանատարների զոհվելուց հետո։
***
Տիգրան Միկոյանը չհասցրեց իրականացնել իր երազանքը՝ չդարձավ գեներալ, ինչպես պապիկին էր խոստացել։ Չէր հասցրել ամուսնանալ, անգամ սիրած աղջիկ չուներ։ Երբ ընկերները հարցնում էին՝ ե՞րբ ես ամուսնանալու, կատակի էր տալիս. «Ի՞նչ կարիք կա. զորամասում ճաշ եփող էլ ունեմ, հագուստս լվացող կա, էլ ինչի՞ս է պետք կինը»։ Նրա կյանքի ամենամեծ սերը ծառայողական առօրյան ու հոգսերն էին։ Զորամասն իր տունն էր, դիրքերը մի անկյուն, ուր կարող էր առանձնանալ իր մտորումներով։
Տիգրան Միկոյանն ու Արտյոմ Եղոյանը օրինակելի սպաներ էին, զինվորական գործի իսկական գիտակներ ու նվիրյալներ։ Ավա՜ղ, շատ վաղ հեռացան, չհասցրին իրենց ներուժը լիովին դրսևորել, բայց իրենցից հետո պատգամ ու պահանջ թողեցին՝ Հայրենի հողից և մարտական ընկերությունից թանկ բան չկա։
Երկու սպաներն էլ 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար հետմահու արժանացել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի և «Մարտական ծառայություն» մեդալի:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #39 (1504) 20.10.2023 - 27.10.2023, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում