Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԵՐԸ ԵԹՈՎՊԻԱՅՈՒՄ



ՀԱՅԵՐԸ ԵԹՈՎՊԻԱՅՈՒՄ«Հայ զինվորի» էջերում հայկական մեծ գաղթօջախներին անդրադարձներ միշտ էլ եղել են: Այս համարից սկսած կներկայացնենք փոքրաթիվ, երբեմն էլ առաջին հայացքից աննշան թվացող հայ համայնքները, որոնք, սակայն, շատ ավելի խորն արմատներ ունեն։ Այդպիսի եզակի ու աներևակայելի հարուստ պատմություն ունեցող գաղթօջախներից է Եթովպիայի հայ համայնքը։

Հայերը աշխարհի որ անկյունում էլ եղել են, մշտապես թողել են իրենց հանճարեղ մտքի արգասիքը՝ նշանակալի ներդրում ունենալով տեղի հասարակական-քաղաքական, տնտեսական, հոգևոր-մշակութային զարգացման մեջ։ Փոքրաթիվ հայ համայնքն այս հնագույն երկրում անփոփոխ կայուն տեղ է զբաղեցրել պետական ու մշակութային կյանքի բոլոր ոլորտներում։ Հայ-եթովպական հարաբերությունները երկու հազար տարվա պատմություն ունեն։

Եթովպիան (հունարեն՝ արևաթուխ) գտնվում է Աֆրիկայի հյուսիս-արևելքում՝ սահմանակցելով Սուդանին, Քենիային ու Սոմալիին։ Հնում Եթովպիան կոչվել է Հաբեշստան, իսկ ժողովուրդը՝ հաբեշներ։ Նման ձևով են Եթովպիան անվանում նաև հին հայկական հեքիաթներում։ Իսկ հայ մատենագիրները եթովպացիներին հիշատակում են որպես խափշիկ՝ սևամորթ։ Եթովպացիների մասին առաջին վկայությունը հաղորդում է Պատմահայր Խորենացին. «Մի հնագույն ավանդություն պատմում է, որ ասորեստանցիներից Պրիամոսին ուղարկված օգնական զորքի մեջ է եղել նաև հայազգի Զարմայր նահապետը՝ եթովպական զորքով։ Նա մասնակցել է Տրոյական պատերազմին և քաջի մահով էլ նահատակվել քաջ Աքիլլեսի ձեռքով, ինչը բնական է, քանի որ հայ զորավարը չէր կարող սպանվել հասարակ զինվորի ձեռքով»։

Հայերի ու եթովպացիների դավանաբանական հարաբերությունները սերտացել են, երբ V դարում (451 թ.) եթովպացիները, ասորիները, ղպտիներն ու հայերը դեմ են դուրս եկել Քաղկեդոնի տիեզերական ժողովի պահանջներին՝ պահպանելով իրենց կրոնական ինքնությունը։ Եթովպական ուղղափառ եկեղեցում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակության բարձրացումը կապվում է եթովպական ամենանշանավոր սրբերից մեկի՝ Մակաբա Էկզիեի (Սուրբ Եվստաթեոս, XIV դար) անվան հետ, որն իր կրթությունն ստացել է հայկական Սուրբ Ստեփանոսի վանքում։ Նա մի քանի անգամ այցելել է Հայաստան, 14 տարի ապրել է Կիլիկիայում և այնտեղ էլ 1358 թ. մահացել է՝ հուղարկավորվելով հայկական եկեղեցու բակում։

Հայ եկեղեցու մի շարք սրբեր (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Հռիփսիմե և սուրբ Գայանե) ու ավանդույթներ տեղ են գտել եթովպական հոգևոր գրականության ու մատենագրության մեջ։

Եթովպիայի հնագույն հայկական գաղթօջախը կազմավորվել է VII դարում, երբ արաբական խալիֆայությունը նվաճելով Սիրիան, Պաղեստինը, Եգիպտոսը հալածանքներ է սկսում այդ երկրներում բնակվող քրիստոնյաների հանդեպ։ Նրանք գաղթում և ապաստան են գտնում ամենամերձակա քրիստոնեական երկրում՝ Եթովպիայում։ Հայերը հաստատվում են Դեսսինե քաղաքի մոտ, որտեղ կառուցում են Սուրբ Ստեփանոսի վանքը։ Հետաքրքիր է, որ այս բնակավայրը հաբեշական մատենագիրները հիշատակել են որպես «Հայկական կղզի»։ Կիլիկիայի հայկական պետականության անկումից հետո հայերի նոր հոսք է ծավալվում դեպի Եթովպիա։

ՀԱՅԵՐԸ ԵԹՈՎՊԻԱՅՈՒՄԵթովպական մատենագիրները վկայում են, որ հաբեշական արքունիքը մեծ վստահություն էր ցուցաբերում իր մոտ ծառայող հայերի նկատմամբ՝ հաճախ շատ բարձր պաշտոններ վստահելով նրանց։ Այդպիսի հայերից էր Մատթեոս հոգևորականը, որ 1513 թ. եթովպական Հեղինե թագուհու անունից բանակցությունների է գնում պորտուգալական թագավորի մոտ։ Եվս երկու հայեր՝ Մուրադ անունով, XVII դարում նշանակվում են Հաբեշստանի դեսպաններ Հնդկաստանում և Ֆրանսիայում։ Այնուհետև հայերի հանդեպ արտոնյալ վերաբերմունքն առավել ակներև դարձավ, երբ XVII դարում պորտուգալացիների՝ Եթովպիան գաղութացնելու անհաջող փորձերից հետո, եթովպացիները խստիվ արգելում են սպիտակամորթների մուտքն իրենց երկիր՝ բացառությամբ հայերի։

Հայ առևտրականները Եթովպիա են ներմուծել երկաթ, կապար, անագ, մանգան, քարաղ, մետաքս, բամբակ, ապակի, ներկանյութեր և արտահանել սուրճ, մեղրամոմ, մորթի, փղոսկր։ XIX դարում հայերը եթովպական բանակին հրետանի և այլ զինատեսակներ են մատակարարել։ Մինչև այժմ մայրաքաղաք Ադիս Աբեբայի ամենահայտնի ու խոշոր գորգագործական խանութ-արտադրամասը պատկանում է հայերին։

Հայերը չնայած փոքրաթիվ էին Եթովպիայում, սակայն վճռորոշ դեր են խաղացել այդ երկրի պատմության մեջ, ցանկացած ոլորտում հասել զգալի նվաճումների, նպաստել երկրի զարգացմանն ու առաջընթացին։

Հայազգի Մուրադ Չեդեբը, որն ապրել է 103 տարի, ուղիղ կես դար Եթովպիան ներկայացրել է եվրոպական երկրներում, հանդիսանալով նաև հատուկ պատվիրակ Լյուդովիկոս XIV-րդ (Արև արքայի) պալատում։

1539 թ. Լեբնա Դենգել թագավորի հրամանագրով Եթովպիան անցնում է հայկական տոմարի։

1632 թ. Եթովպիայի Ֆազիլիդաս արքան զայրանալով կաթոլիկ միապետերի վրա, կաթոլիկներին վտարում է իր երկրից։ Վերջիններս, սակայն, հագնելով հայ հոգևորականների սքեմներ, խուսափում են պատժից։ (Հայ հոգևորականը Եթովպիայում առանձնահատուկ հարգանք ու պատիվ ուներ)։

XIX դարում Թեոդորոս II կայսրը բարկանում և անառիկ ամրոցներից մեկում պատանդ է պահում անգլիացի դիվանագետներին։ Անգլիայի Վիկտորիա թագուհին, փորձելով վերադարձնել իր երկրի պատվիրակներին, դիմում է Երուսաղեմի հայ հոգևորականներին՝ Սահակ եպիսկոպոս Աստվածատրյանին և Տիմոթեոս եպիսկոպոս Սափրիչյանին, որոնք, մոտավորապես երկու տարի ընթացող բանակցություններից հետո, ի վերջո, կարողանում են հասնել դիվանագետների ազատ արձակելուն։ Անգլիայի թագուհին, ի նշան երախտագիտության, հրամայում է գիրք հրատարակել եպիսկոպոսների բարդ ու դժվարին առաքելության մասին։

1935 թ. Իտալիան ներխուժում է Եթովպիա։ Ի դեպ, Եթովպիան միակն էր «Սև աշխարհամասի» երկրներից, որ երբեք ոչ մի պետության գաղութը չէր եղել։ Եթովպական Օգդեն քաղաքի մատույցներում իտալական զորքերին լուրջ դիմադրություն է ցույց տալիս 800 հոգուց բաղկացած հայկական զորամիավորումը, որը կազմավորվել էր կայսերական նվագախմբի ղեկավար Գևորգ Նալբանդյանի և բրիտանական բանակի լեյտենանտ Բաբկեն Սեֆերյանի ջանքերով։

Եթովպական կառավարությունը բարձր պաշտոնների է արժանացրել հայազգի գործիչներին, որոնք առանձնահատուկ աչքի են ընկել հատկապես դիվանագիտական ասպարեզում՝ Մատթեոս հոգևորականը Եվրոպա մեկնած առաջին դեսպանն էր, Մուրադ Հալեպցին Եթովպիայի թագավորի առևտրական ներկայացուցիչն ու դեսպանն էր Հնդկաստանում, իսկ կայսեր խորհրդականներն էին հայազգի Կապրո Որգեն և Միրաճ Որգեն։ XVIII դարի երկրորդ կեսին Եթովպիայի արքունիքի գանձապետը Սեֆել անունով հայն էր։ Նրա մահից հետո այդ պաշտոնն ստանձնում է Հովհաննես Թովմաճյանը, ապա նրա որդին՝ Պողոսը։ 20 տարի երկրի գլխավոր ճարտարապետն էր Գրիգոր Հովյանը (XIX դ.), իսկ ավելի ուշ՝ ճանաչված ճարտարապետ Մինաս Խերպիկյանը, որի նախագծերով են կառուցվել շատ կամուրջներ ու ճանապարհներ Եթովպիայում։ Մենելիք կայսեր (XIX դ.) բժշկապետն էր Պողոս Մարգարյանը, ոսկերչապետը՝ Տիգրան Հեպեյանը, որ պատրաստել է կայսեր անզուգական թագերը։ Հայլե Սելեսիե կայսեր օրոք արքունի դրամատան պետն էր Միքայել Թոփչյանը, ֆինանսական գործերի կառավարիչը՝ Աբրահամ Քորհաճյանը, դեղագործը՝ Արշակ Թերգյանը։

1882 թ. եթովպահայ համայնքի ազդեցիկ դեմքերից էր Սարգիս Թերզյանը, որը նշանակալի դեր է խաղացել օտար և ներքին թշնամիների դեմ եթովպական ժողովրդի մղած պայքարի պատմության մեջ։ Նա Մենելիք II կայսեր ամենաազդեցիկ մերձավորներից էր, որ զբաղեցրել է զինվորական ու վարչական մի շարք պաշտոններ, գլխավորել Եվրոպա մեկնող շատ պատվիրակություններ։ Իր միջոցներով 1894-1896 թթ. համիդյան ջարդերից մազապուրծ շատ հայ ընտանիքների ապաստան է տվել Եթովպիայում։ Թերզյանն է առաջին մեքենան ներմուծել Եթովպիա։ Նրան Եթովպիայում ընկալում էին որպես ազգային հերոսի։

Հայերի հանդեպ իր առանձնահատուկ վերաբերմունքով աչքի է ընկել կայսր Հայլե Սելասիե Ա-ն։

«Ձեր ցուցաբերած բացառիկ հավատարմությունը երկրի նկատմամբ խորապես հուզել է ինձ։ Ես հպարտ եմ, որ հայասեր եմ։ Դա մեր ընտանեկան մոտեցումն է. հայրս նույնպես հայասեր էր։ Ես ձեզ սիրում եմ նրա համար, որ հայերը միշտ ջերմ են վերաբերվել Եթովպիային։ Այսօր դուք լիովին ցուցաբերում եք ձեր ջերմությունը, ինչպես հարիր է միևնույն ժողովրդի զավակներին»։

Քանի որ հայ համայնքը ամուր կապված էր կայսերական տան պատմության հետ, կայսր Հայլե Սելասիեի տապալումից հետո (1974 թ.), այն նույնպես անկում է ապրում, և հայերի մեծ մասը լքում է երկիրը՝ ապաստան գտնելով ավելի ապահով երկրներում։

Եթովպիայի հայերի նվիրվածությունը լավագույնս դրսևորվեց 1935 թ. իտալական ֆաշիզմի դեմ եթովպական ժողովրդի ազգային-ազատագրական պատերազմի ժամանակ, երբ կազմավորվեց «Հայ համայնքի միությունը», որի նպատակը Եթովպիայի ժողովրդին օգնելն էր։ Իսկ Երկրորդ աշխարհամարտի տարիներին եթովպահայերը մասնակցել են «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան հանգանակությանը։

Բացառիկ է Եթովպիայի հայ համայնքի դերը հայապահպանության գործում։ Ի տարբերություն մյուս հայ համայնքների, այն ձևավորվել է նախքան Հայոց ցեղասպանությունը և միշտ վառ է պահել հայկական դիմագիծը։

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #40 (1505) 30.10.2023 - 6.11.2023, Հոգևոր-մշակութային


02/11/2023