ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱՄԱԿՆԵՐԸ»
Վերածննդի դարաշրջանի մեծագույն դեմքերից մեկն է Լեոնարդո դա Վինչին (1452-1519), նկարիչ, քանդակագործ, գիտնական, ճարտարապետ եւ ճարտարագետ, մաթեմատիկոս, մարդաբան, փիլիսոփա։ Համապարփակ հետաքրքրությունների եւ վիթխարի մտավոր կարողությունների տեր մարդ՝ առժամանակ վայր է դրել վրձինն ու հատիչը եւ նախագծել պաշտպանական կառույցներ, հնարել սուզանավի նախնական ձեւը, գոլորշու ուժով կրակող թնդանոթ, տանկ, որի նախագիծը ներկայումս պահվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում, նախագծել եւ պատրաստել մարդու թռիչքի սարքեր, ռազմական առումով կարեւոր նշանակություն ունեցող շարժական կամուրջներ։ Նա իր հայրենիքի՝ Իտալիայի պարծանքն է։
Հայերս կարող ենք հպարտ լինել՝ Լեոնարդո դա Վինչիի անունն առնչվում է մեր ժողովրդին։ Նա եղել է Հայաստանում։
Որոշ ուսումնասիրողներ (հատկապես իտալացիներ) կասկածի տակ են դրել այն փաստի իսկությունը, որ Լեոնարդո դա Վինչին երբեւէ եղել է Հայաստանում։ Նրանց գլխավոր կռվանն այն է, որ հայերի հայրենիքը բավականաչափ հեռու է Իտալիայից, եւ հնարավոր չէր, որ Լեոնարդոյի տեւական բացակայությունն աննկատ մնար ժամանակակիցների աչքից եւ որեւէ տեղ, որեւէ ձեւով չհիշատակվեր։
Ուսումնասիրողների գերակշիռ մասը, սակայն, կարծում է, որ Լեոնարդոյի ճանապարհորդությունն Արեւելք, մասնավորապես՝ Հայաստան, կարող էր աննկատ մնալ ժամանակակիցների աչքից, եւ դա հենց իր՝ Լեոնարդոյի ցանկությամբ։ Բանն այն է, որ ճանապարհորդության ենթադրյալ տարիներին (1478-ից մինչեւ 1481 թվականն ընկած շրջանում) մեծ նկարիչն իրոք ինքնամեկուսացված կյանք է ապրել։ Դառնացած իր շրջապատից, նույնիսկ բարեկամներից, նա ապրել է խոր հիասթափության մի շրջան եւ, ըստ կենսագիրների, ընկել միստիկ տրամադրությունների մեջ։ Այլ նյութերից երեւում է, որ նա այդ տարիներին իրոք ձգտել է դեպի Արեւելք՝ փորձելով հեռանալ հեղձուցիչ իրականությունից, փախչել հալածանքներից ու խարդավանքներից եւ մի որոշ ժամանակ հոգեկան անդորր գտնել իրեն անծանոթ, խորհրդավոր երկրում։ Այն տարիներին, ըստ մասնագետների, նա կարող էր Իտալիայից Հայաստան հասնել մեկ ամսից էլ պակաս ժամանակում։
Կա եւս մեկ կռվան հօգուտ այն փաստի հաստատման, որ Լեոնարդո դա Վինչին իրոք եղել է Հայաստանում։ Դա հետագա շրջանում նրա ճարտարապետական մտահղացումներում մասնագետների նկատած հայկական տարրն է։ Ուսումնասիրողների կարծիքով՝ Լեոնարդո դա Վինչիի մշակած մի քանի հատակագծերի մտահղացումն առնչվում է Էջմիածնի Մայր տաճարի, Բագարանի եւ Իրինդի եկեղեցիների հատակագծերին, պարունակում է դրանց որոշակի տարրեր (գմբեթակիր մույթեր եւ այլն), եւ նկարիչ-ճարտարապետը չէր կարող օգտագործել դրանք առանց տեսնելու հիշյալ շինությունները։ Դա հստակ երեւում է նաեւ ձեռագրերում առկա պատկերներից, ուրվագծերից։
Ի վերջո, Հայաստանում իր գտնվելու անառարկելի վկայությունը տալիս է հենց ինքը՝ Լեոնարդո դա Վինչին։ Մի՞թե կարելի է կասկածել, որ այն, ինչ գրված է ձեռագրերում, սեփական ձեռքով, դրանց հեղինակի մտացածին երեւակայության արդյունքն է, ինչ-որ «գրական հնարանք», որով նա ցանկացել է թյուրիմացության մեջ գցել որեւէ մեկին կամ ոմանց։ Լեոնարդո դա Վինչին այդպես վարվելու որեւէ պատճառ չի ունեցել եւ չէր կարող ունենալ՝ նա գրել է լոկ իր համար, առանց երբեւէ հրատարակելու մտքի եւ, ինչպես նշեցինք, նույնիսկ մտադրված կերպով դժվարացրել է իր ձեռագրերի հնարավոր ընթերցումն այլոց կողմից՝ գրել է աջից ձախ, այն էլ՝ ցաքուցրիվ, հաճախ՝ անընթեռնելի։
Նշանավոր գրող Կոստան Զարյանը, որ երկար տարիներ ապրել է Իտալիայում, սեփական աչքերով տեսել եւ թերթել է Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերը, ուսումնասիրել եւ թարգմանել է նրա «Հայկական նամակները»։ Փորձենք նրա օգնությամբ կարդալ հատվածներ դրանցից։
Բայց, նախ՝ ինչո՞ւ «նամակներ»։ Բանն այն է, որ Լեոնարդոն իր հայաստանյան գրառումները կատարել է նամակների ձեւով՝ ուղղված «Սուրիայի Դավադարին, Բաբելոնի տեղապահ սրբազան Սուլթանին»։ Սկզբում նկարիչը խոստանում է նկարագրել տեղի ունեցած ինչ-որ աղետի պատճառները եւ հետեւանքները, ապա գրում է. «Գտնվելով Հայաստանի այս կողմում, սիրով եւ խնամքով վերջացնելու համար այն գործը, որի համար դուք ինձ ուղարկել եք, ես, որպեսզի նախաձեռնեմ այդ մասի աշխատանքները, որ անհրաժեշտ են մեր գործը գլուխ բերելու համար, մտա Կալինդրա քաղաքը, մեր սահմանների մոտ, Տավրոսյան լեռների այս կողմի ծովափում, Եփրատից բաժանված եւ ի տես Մեծ Տավրոսի, որ ցցված է արեւմտյան կողմում»։
Կալինդրա քաղաքը եղել է Կիլիկիայում։ Դրա մասին Լեոնարդոն հիշատակում է նաեւ այլ ձեռագրերում։
Լեոնարդոն նկարագրում է նաեւ Տավրոսի լեռները, ճշգրիտ դիտարկումներ անում արեւի ճառագայթների մասին, որ այս կողմերում հատկապես պայծառ են եւ այդտեղ բնակվող հայերին զարմացնում եւ հիացնում են իրենց արտակարգ շողարձակմամբ։ Ամեն ինչ ճիշտ է։ Գիտական ուսումնասիրություններով հաստատված է, որ արեւի ճառագայթների ուժեղ շողարձակման պատճառը կրաքարն է, որով հարուստ են Տավրոսի լեռները։
«Լեռան գագաթը,- շարունակում է Լեոնարդոն,- արեւմտյան մասերում, ուր արեւը շարունակում է լուսավորել մայր մտնելուց հետո, գիշերվա երրորդ մասում…»։
Ըստ երեւույթին, Լեոնարդո դա Վինչին ճանապարհորդել է վերոնշյալ Սուրիայի Դավադարի հետ (որին ուղղված է նամակը), որովհետեւ քիչ անց ավելացնում է. «Այն, ինչ որ ձեզ հետ միասին դիտելու ժամանակ կարծում էինք, որ գիսավոր է, մթի մեջ անդադար փոփոխվող, երկու-երեք մասի բաժանվող կամ ձգվող ու կարճացող, իրականում հորիզոնի վրա ազդող ճանկերն են, որ, թափանցելով լեռների եւ արեւի մեջ, կտրում են ճառագայթների որոշ մասերը»։
Այս բացատրության մեջ ցայտուն ընդգծվում է Լեոնարդո դա Վինչիի կիրքը՝ ներթափանցել բնական երեւույթների մեջ, խորամուխ լինել դրանց գաղտնիքներում եւ տալ սեփական բացատրությունները։
Ձեռագրի նույն էջի վերեւի մասը Լեոնարդոն վերնագրել է «Հայկական նամակներ»։ Դրան կից նա գծագրել է լեռնային մի տեսարան, որը, հավանաբար, արվել է գրվածքի բովանդակությունն ավելի ցայտուն դարձնելու համար։ Այլ խոսքով, նա իր գրվածքը նաեւ նկարազարդել է։
Ձեռագրում ի հայտ է գալիս հայերիս համար խիստ նշանակալից մի իրողություն՝ Լեոնարդո դա Վինչին մտադիր է եղել Հայաստանից ստացած իր տպավորությունները, ապրումները, կրած դժվարությունները վերածել մի ամբողջական գրքի, որի մեջ հայ ժողովրդի անլուր տանջանքները պետք է ֆոն ծառայեին մի համապարփակ կրոնափիլիսոփայական աշխարհայացքի շարադրման համար։ Որպես առանցք պետք է ծառայեր մի միստիկ պատմություն, ըստ որի՝ հայտնվում է դժբախտություններ, ավերումներ կանխատեսող մի առաքյալ, որին հայերն արգելափակում են, ապա ազատ արձակում, երբ տեսնում են, որ նրա բոլոր կանխատեսումները կատարվում են։ Ուսումնասիրողների կարծիքով՝ այդ գրքում Լեոնարդո դա Վինչին պետք է ըստ իր միստիկ տեսության բացատրեր հայ ժողովրդի չարչարանքների պատճառները եւ նկարագրեր նրա ողբերգությունը։
Ձեռագրի աջ կողմում Լեոնարդոն արել է «Գրքի բաժանումը» գրառումը եւ ապա ներկայացրել իր ապագա գրքի ծրագիրը։ Ահա այն.
«Քարոզչությունը եւ հավատքի հաստատումը»,
«Ջրհեղեղը մինչեւ իր ավարտը»,
«Քաղաքի ավերումը»,
«Ժողովրդի վախճանը, հուսահատությունը»,
«Մարգարեի հետապնդումը, իր ազատագրումը եւ գթությունը»,
«Նկարագրություն լեռան պատճառած ավերման»,
«Հասցրած վնասը»,
«Ձյան քանդիչ ուժը»,
«Մարգարեի գյուտը»,
«Նրա մարգարեությունը»,
«Հայաստանի արեւմտյան վարի մասի ողողումը Տավրոս լեռան ճեղքվածքի պատճառով»,
«Ինչպես է նոր առաքյալը ապացուցում, որ ամբողջ այդ ավերումը տեղի է ունեցել այնպես, ինչպես ինքը կանխատեսել էր»։
Ձեռագրում Լեոնարդոն կատարել է նմանատիպ այլ գրառումներ եւս իր ապագա գրքի մասին, որը, ցավոք, այդպես էլ չի գրվել։ Բացատրությունը գտնում ենք իր մի գրառման մեջ. «Անկարելի է գործի անցնել առանց սպասելու, որ որոշ ժամանակ անցնի… Պետք է մտածել, ամեն ինչ պարզել, եւ դա ժամանակի պետք ունի»։
Այս տողերին հաջորդում են մեջբերումներ այն տեղեկություններից, որ մեծ նկարիչն ու քանդակագործն ստացել է տեղի բնակիչներից, միաժամանակ ներկայացնում է սեփական տպավորությունները. «Այս լավ ջրված հովիտները բնակեցված են հարուստ բնակիչներով, դրանք լեցուն են աղբյուրներով, գետերով եւ ծածկված են աներեւակայելի բուսականությամբ, մանավանդ հարավային կողմերում»։
Նա գրում է, թե ինչպես է, որ բուսականությունը փոփոխության է ենթարկվում լեռան տարբեր մասերում, այնուհետեւ նկարչին հատուկ սուր դիտողականությամբ նկարագրում է բնության տեսարաններ։ Մեծ հետաքրքրությամբ է կարդացվում այն հատվածը, ուր պատմում է մի դեպքի մասին, որի մեջ հայտնվել է տեղի բնակիչների հետ։ Խոսքը հորդառատ անձրեւի մասին է։ «Նախ՝ մենք հարձակման եւ բռնության ենթարկվեցինք զորավոր եւ կատաղի քամիներից,- գրում է նա,- կարծես դա քիչ էր՝ մեծ ձյունամրրիկներ լցրին հովիտը, քանդեցին քաղաքի մեծ մասը եւ դեռ ավելի՝ ջրհեղեղը ծածկեց քաղաքի ներքեւի մասը… Եվ, վերջապես, դրան հաջորդեց մի հսկայական հրդեհ, ոչ միայն քամիների պատճառով, այլ նաեւ մոտ 30000 սրիկաների պատճառով, որոնք քարուքանդ արին երկիրը եւ շարունակում են քանդել։ Սակավաթիվ վերապրողներ այնպիսի հուսահատական վիճակում են, այնպիսի սարսափի մեջ, որ, ինչպես ապշածներ, հազիվ համարձակվում են մեկը մեկի հետ խոսել։ Ամեն ինչ թողած, իրար կպած, ապաստանել են եկեղեցիների ավերակներում տղամարդիկ ու կանայք, մեծ ու փոքր՝ ինչպես վախեցած այծերի մի հոտ։ Եվ եթե չլինեին նրանք, ովքեր մեզ օգնեցին քիչ ուտելիք տալով՝ չնայած որ առաջ մեր թշնամիներն էին, մենք կմեռնեինք սովից»։
Սա, ինչպես հավաստում են ուսումնասիրողները, հայկական ջարդի նկարագրություն է, որ այդպիսի հավաստիությամբ կարող էր ներկայացնել միայն ականատեսը։ Ձեռագրում երեք հայերի գլուխներ են, ուղտեր, որոնց հեծած բնակիչներն անցնում են գետը։
Մեկ այլ պարագա. Լեոնարդոն, խոսելով իր գործած նկարչական գույների մասին, «Հայկական նամակներում» հիշատակում է «տերրա Արմենիա» կոչվող գունանյութը։ Պետք է ենթադրել, որ այդ գույնի ներկը Լեոնարդո դա Վինչին Իտալիա էր բերել Հայաստանից։
Լեոնարդո դա Վինչին, այո՛, եղել է Հայաստանում, ավելին՝ ուսումնասիրել հայկական ճարտարապետությունը։ Ըստ հետազոտողների՝ հենց այդ փաստից են բխեցնում իտալական ճարտարապետության, հենց իր՝ Լեոնարդոյի ճարտարապետական հատակագծումների վրա հայկական ճարտարապետության ազդեցության անկասկածելի իրողությունը, բերում ասվածը հաստատող օրինակներ՝ վկայակոչելով հստակ շինություններ։
Մենք՝ հայերս, իրավունք ունենք հպարտանալու, որ մեծ իտալացին եղել է մեր հինավուրց հողում, գրել «Հայկական նամակներ» կոչվող ձեռագիր վկայությունները եւ դեռ մտածել մի ամբողջ գիրք գրել Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին։
ՆՈՐԱՅՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Խորագիր՝ #40 (1505) 30.10.2023 - 6.11.2023, Հոգևոր-մշակութային