Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՂԿԻ ՍՏԵՂԾՈՂԸ



ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՂԿԻ ՍՏԵՂԾՈՂԸԱԳՆԵՍ ՋՈԱՔԻՄ (ԱՇԽԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ)

 

Հայերը Սինգապուրում հաստատվել են 18-րդ դարի վերջերից։ Չնայած փոքրաթիվ են, սակայն մեծ ներդրում ունեն գիտության, կրթության, տնտեսության և առևտրի բնագավառներում, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։

1833 թ. Սինգապուրի հայ համայնքին հողակտոր է հատկացվում, և 1835 թ. կառուցվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը ճանաչվում է որպես ազգային հուշարձան։

Յուրաքանչյուր տարի Սինգապուրում նշվում է ազգային ծաղկի՝ խոլորձի օրը։ Սա սինգապուրցիների ամենասիրելի տոներից մեկն է, որի ժամանակ երկրում ընդունված է բոլորին Միսս Վանդայի խոլորձներ նվիրել և ընտանիքին բարեկեցություն ցանկանալ: Իսկ ո՞վ է Միսս Վանդան։

Ագնես Ջոաքիմ Հովակիմյանը (Miss Vanda Joaquim) ծնվել է Սինգապուրում 1854 թ. ապրիլի 7-ին՝ Բարսեղ և Ուրելիա  Ջոաքիմների (Հովակիմյաններ) հարուստ և բարեկեցիկ ընտանիքում։ Նա ընտանիքի 11 երեխաներից երկրորդն էր, իսկ դուստրերից՝ ավագը։ Ագնեսի հայրը Հարավարևելյան Ասիայի ամենահաջողակ կոմերցիոն գործակալներից էր, Սինգապուրում հաջողակ գործարար, տեղի բուսաբանական այգու ղեկավարող խորհրդի անդամ։ Ագնեսի մայրը՝ Ուրելիան, զբաղվում էր այգեգործությամբ, և թերևս մայրն էր սեր ներարկել բնության ու ծաղկունքի հանդեպ։ Մորական պապը՝ Եսայի Զաքարիան, Սինգապուրի Առևտրային պալատում առաջին հայն էր և տեղի հայ համայնքի ղեկավարը։

Ագնեսը տարված էր այգեգործությամբ և իրենց ընտանեկան կալվածքի շրջակայքում խոլորձի (օրխիդեա) տարբեր տեսակներ էր բազմացնում։ Նրա աճեցրած ծաղիկները հիացմունք էին պարգևում ոչ միայն իր ընտանիքի անդամներին, այլև մասնակցելով ծաղկի ամենամյա ցուցահանդեսների, Ագնեսը վաստակում էր բազմաթիվ տպավորիչ մրցանակներ։ Միայն 1893-1895 թթ. սինգապուրյան երեք ցուցահանդեսներում նա նվաճել է քսանյոթ առաջին և տասնինը երկրորդ մրցանակ։

ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՂԿԻ ՍՏԵՂԾՈՂԸԲայց Ագնես Ջոաքիմի փառքի գագաթնակետը 1899 թվականին էր, երբ ամենամյա ծաղկի ցուցահանդեսում նրա ներկայացրած խոլորձն ստացավ հենց ստեղծողի անունը՝ «Միսս Ջոաքիմի Վանդա»։

Եվ հենց նույն տարում՝ 1899 թ., պարգևատրման արարողությունից ընդամենը երեք ամիս անց, Ագնես Հովակիմյանը մահանում է քաղցկեղից։ Նրան հուղարկավորում են Սինգապուրի քաղաքային գերեզմանատանը, սակայն մահից տասնամյակներ անց, ընտանիքի ու հարազատների, նաև տեղի հայ համայնքի ջանքերով, նրա աճյունը տեղափոխում և վերահուղարկավորում են Սինգապուրի կենտրոնում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում, որը դարձել էր Սինգապուրում ապրած ու գործունեություն ծավալած նշանավոր հայերի գերեզմանատունը։

1947 թ. այս գեղեցիկ խոլորձն ընտրվում է երկրի Առաջադիմական կուսակցության խորհրդանիշ, իսկ 1981 թ., նրա մահից մոտավորապես 100 տարի անց, Ագնես Հովակիմի ստեղծած ծաղիկը դառնում է Սինգապուրի ազգային ծաղիկ, այսինքն՝ ամբողջ Սինգապուրի պետական խորհրդանիշ։

Ագնես Ջոաքիմի ստեղծած ծաղիկը պատկերված է Սինգապուրի փոստային նամականիշների, մանրադրամների եւ 500 սինգապուրյան դոլար թղթադրամի վրա: Ագնես Ջոաքիմի ստեղծած ծաղիկը (Papilionanthe hookeriana) բիրմայական և մալայական խոլորձների հիբրիդ էր։

Ագնես Հովակիմյանի անունը 2015 թ. ներառվում է Սինգապուրի Կանանց Փառքի ճեմասրահում։

 

Պատրաստեց  ՀԱՍՄԻԿ  ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #40 (1505) 30.10.2023 - 6.11.2023, Հոգևոր-մշակութային


02/11/2023