ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
Լուսանկարում հայկական բանակի հրետանավորներն են, որոնք անկախ եղանակային պայմաններից մարտական պատրաստության գործնական դաս են անցկացնում, մինչև զորավարժարան մեկնելը կրկնում տեսական դասերին սերտածը՝ ինչպես բացազատել զինտեխնիկան, ինչպես նշանառել։
Այս ստորաբաժանումների դասերը չեն դադարում: Հրամանատարները մանրակրկիտ սովորեցնում են, ստուգում անձնակազմի գիտելիքի մակարդակը, վերացնում թերությունները։
Զորամասում ձևավորված հաշվարկները փորձառու են, մարտական հերթապահություն անցած, տեխնիկայի գործնական վարժանքներին մասնակցած։ Այստեղ բոլորը գիտեն զորատեսակի առանձնահատկությունները, կարևորության ու նշանակության մասին, գիտեն՝ ինչ պատասխանատվություն է դրված իրենց ուսերին, և ինչին պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնեն։
Կրթությունն առաջնային է, թեեւ պակաս կարևոր չէ ներդաշնակումը բոլոր ստորաբաժանումների միջև՝ հետախուզություն, կապ, առաջադրանքներ կատարող հաշվարկներ։ Միայն համատեղ ջանքերով է հնարավոր լիարժեք արդյունքի հասնել։
Կարճատև դադարի ընթացքում զրուցեցինք զինվորների հետ:
-Ամեն մասնագիտություն իր առանձնահատկությունն ունի՝ կապված որոշակի հմտությունների հետ, ինչը ձեռք է բերվում ուսուցման ընթացքում՝ ինչպես տեսական, այնպես էլ գործնական,- ասում է ժամկետային զինծառայող Եղիազար Հովհաննիսյանը:
-Ուսումը շատ կարևոր է: Եթե ուսման մեջ բարձր առաջադիմություն դրսևորենք, գործնականում կատարողականն էլ կլինի գերազանց: Եթե ստորաբաժանումում ամեն մեկս իր գործը լավ իմանա, մասնագիտությանը լավ տիրապետի, սակայն գործնականում միասնական չլինենք, առաջադրանքը չենք կարողանա բարձր արդյունավետությամբ կատարել,- համոզված է ժամկետային զինծառայող Կամո Մալինցյանը:
Հրամանատարները ուսումնական զորամասերում, այնուհետև հիմնական ծառայության վայրում ժամկետային զինծառայողներին ներկայացրել են այն առաջնահերթությունները, առանց որոնց հրետանավորը չի կարող լիարժեք գործել, առաջադրանք կատարել։
Եվ այս ամենին հնարավոր է հասնել կարգապահ, բարեխիղճ և նվիրված ծառայության շնորհիվ։ Սպաները հաճախ են դասերի, պարապմունքների ժամանակ խոսում զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների պահպանման մասին։
-Բանակում առանց կարգապահության շատ դժվար կլինի, քանզի կարգապահությունն իր մեջ ներառում է նաև անվտանգության կանոններ, հստակ և ճշգրիտ քայլերի կատարում սպառազինության հետ աշխատելիս, ինչը, իմ խորին համոզմամբ, պակաս կարևոր չէ նաև հրետանավորի համար,- իր դիտարկումն է արտահայտում շարքային Եղիազար Հովհաննիսյանը:
-Համամիտ եմ Եղիազարի ասածին. բանակում ամեն ինչ սկսվում է զինվորական կարգապահությունից: Առհասարակ, կյանքում էլ կարգապահ մարդը միշտ հասնում է գերազանց արդյունքների,- ընկերոջն է միանում շարքային Մալինցյանը:
Հրետանային զորամասի ժամկետայինները ոչ միայն հիմա են նվիրված ծառայում, կատարում պարտականությունները, այլև վստահեցնում են, որ իրենք հրետանավոր չեն միայն սահմանված երկու տարիների համար, հրետանավոր են միշտ՝ երբ իրենց կարիքը լինի։
-Ծառայելուց հետո կգնանք պահեստազոր, բայց միշտ պատրաստ, հարկ եղած դեպքում՝ վերադառնալ շարք ու կատարել ցանկացած առաջադրանք, քանզի մենք հրետանավոր ենք միշտ:- Այսպիսի շեշտադրումով իր խոսքն ավարտեց Կամո Մալինցյանը:
Նվիրական ծառայությունը շարունակվում է: Տղաները սովորում են ու նաև սովորեցնում նորեկներին՝ ամառային զորակոչին իրենց շարքերը համալրած տղաներին։ Գլխավոր դասը նրանք առաջինն են տալիս կրտսեր զինակիցներին. հրետանին վճռորոշ նշանակություն ունի բանակում ու մարտական իրադրության պայմաններում, աննշան սխալն էլ կարող է ճակատագրական լինել, ուստի պետք է գործել ժամացույցի ճշգրտությամբ և մասնագիտությանն էլ տիրապետել գերազանց։
ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ
Խորագիր՝ #40 (1505) 30.10.2023 - 6.11.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում