Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՐԿՆԱԿԻ ՍԵՐ ՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ



ԿՐԿՆԱԿԻ ՍԵՐ ՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ«Մի՛ վախենա, մի՛ վախենա,- այս խոսքերով գինեկոլոգ-մանկաբարձ Անդրանիկ Պողոսյանը մեկը մյուսի ետևից  լույս աշխարհ է ուղեկցում նորածին զույգին և ուրախությամբ ավետում,- 44-օրյայում զոհված  Դավիթի փոխարեն երկու Դավիթ ծնվեց»։

Այս տեսանյութը արագ տարածվեց համացանցով՝ հուզելով շատերին և հավատով ու ուրախությամբ լցնելով վերջին տարիներին ցավ ու բազում կորուստներ ապրած բոլորիս սրտերը։ Կրկնակի երջանկություն ու սեր վերադարձավ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում բնակվող Ռոզա Միքայելյանի և Մխիթար Թորոսյանի ընտանիքը։

-Թող բոլոր մամաները դիմեն այդ քայլին,- ասում է տիկին Ռոզան,- ես որոշումը կայացնելիս ինքս իմ մասին չեմ մտածել. եթե առողջությանս մասին մտածեի՝ չէի ծննդաբերի, որովհետև Դավիթիցս հետո ֆիզիկապես շատ էի հյուծվել, բայցևայնպես, զույգ բալիկ ունեցա։ Ինչպես ասում են՝ թող տան ծուխը չմարի։

…Այս լուսավոր ընտանիքի «ծուխը մարել էր» 2020 թ. սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի հենց առաջին օրը վերջինը եղավ խելացի ու խոստումնալից երիտասարդի համար, ծնողներն իմացան Դավիթի զոհվելու գույժը…

ԿՐԿՆԱԿԻ ՍԵՐ ՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ-Հիմա երկու նորածին երեխաներիս  մեջ էլ Դավոյիս եմ փնտրում,- ասում է տիկին Ռոզան,- բայց, չէ՛, կարծես թե չեմ գտնում։ Շատ խելացի էր Դավոս, ճարտար լեզու ուներ։ Անչափ մեծ էր հարգանքը մեծերի, հատկապես՝ ուսուցիչների հանդեպ։ Նրանցից մեկը մեր փողոցում է ապրում։ Ինձ պատմել է, որ երբ  Դավիթը փողոցում տղաների հետ նստած էր լինում ու տեսնում էր, որ ինքը մոտենում է, անմիջապես ոտքի էր կանգնում ու ստիպում, որ ընկերներն էլ իր օրինակին հետևեն։ Դպրոցում շատ լավ էր սովորում։ Հատկապես մաթեմատիկայից էր ուժեղ։ Իր ուժերով ընդունվել ու սովորում էր Պոլիտեխնիկ համալսարանում։ Վեց ամիս ՀՕՊ զորքերի ուսումնական զորամասում ուսանելուց հետո ծառայությունը շարունակեց սահմանամերձ զորամասերից մեկում։ Շատ էր սիրում զինվորական կյանքը, շատ գոհ էր։ Շատ լավ էր ամեն ինչ։ Ու հետո այդ պատերազմը… Նախորդ օրը նրան ընկերուհին էր զանգել։ Ասել էր՝ հոգնած եմ, հետո կզանգեմ։ Ես հաջորդ օրը փորձեցի զանգել, բայց անհասանելի էր։ Հոգիս ծանր էր, բայց զգացողություն ունեի, թե Դավիթս ապահով է, բան չի լինելու։ Այդ օրը մեքենան նստելու Դավիթի հերթը չէր։ Այն տղան, որին փոխարինել էր, տատիկի մահվան կապակցությամբ արձակում էր ստացել։ Իսկ նրան՝ որպես լավ մասնագետի, վստահվել էր տեխնիկան…

Ընտանիքը շատ ծանր օրեր է ապրել։ Հարազատները այս իրավիճակից միակ ելքը երեխա ունենալու մեջ էին տեսնում, համոզում Ռոզային. «Երեխան իր հետ նոր  երջանկություն  կբերի»։

ԿՐԿՆԱԿԻ ՍԵՐ ՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՏիկին Ռոզան, այս որոշումը կայացնելով, նաև Դավիթի երազանքն է իրականացրել։ Նա շատ էր սիրում երեխաներ, մորը միշտ խնդրում էր՝ «Ի՞նչ կլինի, մի երեխա էլ ունեցիր՝  սիրեմ։ Ե՛ս կպահեմ»։

-Իմ աչքերը կանաչավուն են,- ասում է տիկին Ռոզան,- Դավիթս միշտ ասում էր. «Մա՛մ, եթե երեխա ունենաս, քո աչքերի գույնը կունենա. ի՜նչ սիրուն երեխա կլինի»։ Հիմա մեր երկվորյակներից մեկը հայրիկին է նման, մյուսը՝ ինձ։ Որոշել էինք՝ առաջինը որ մեկը ծնվի՝ Դավիթ ենք դնելու անունը։ Ի դեպ, Դավիթս է իմ աչքերի գույնը ժառանգել, սպիտակամաշկ է։ Մյուս տղայիս անունն էլ Տիգրան դրեցինք աղջկաս՝ Գոհարի առաջարկով։

Ի սկզբանե գիտեինք, որ երկու երեխա է լինելու, բայց մտածում էինք՝ գուցե վերջում միայն մեկը մնա։ Իսկ հետո իմացանք, որ երկուսն էլ նորմալ զարգանում են։ Պարզվեց, որ երկուսն էլ տղա են։ Թող առողջ ու բախտավոր լինեն, սեռը ոչ մի նշանակություն չունի։ Որդիներ կորցրած մեր մամաներին նորից ուզում եմ ասել՝ թող էլի՛ բալիկներ ունենան, այդպես պայքարեն դառը ճակատագրի դեմ։ Երեխան նոր կյանք ու հույս, բախտավորություն է բերում տուն։

-Ինձ համար  դժվար է առանց եղբորս,- ասում է Դավիթի քույրը՝ Գոհարը,- երբ նա կար… չնայած հիմա էլ, վստահ եմ, կա, ինչպես սովորաբար լինում է քույր ու եղբայր հարաբերություններում, իրար հետ  հաճախ էինք վիճում, բայց և առանց մեկս մյուսի չէինք պատկերացնում մեր կյանքը։  Մինչև բանակ գնալը ասում էի. «Երբ ես վերջապես գնալու բանակ, որ երկու տարի չջղայնացնես ինձ», իսկ երբ արդեն բանակում էր, սրտատրոփ սպասում էի, թե երբ է վերադառնալու։

ԿՐԿՆԱԿԻ ՍԵՐ ՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ…Հայրիկս շատ էր ուզում, որ տղաներից մեկի անունը Դավիթ դնենք։ Ես էլ ուզում էի, որ մյուսի անունը Տիգրան լինի։ Այնպես որ, դեռ չծնված՝ արդեն բոլորը գիտեին, որ Դավիթն ու Տիգրանն են ծնվելու։ Ըստ հաշվարկների՝ սպասում էինք, որ հոկտեմբերի սկզբին պետք է ծնվեն։ Բայց ես զգում էի, որ նախատեսվածից տարբեր մի բան է լինելու։ Ինչպես ասում են՝ «Աստծո գործերն անքննելի են». ուրեմն՝ այդպես պետք է լիներ։ Մեր զույգը ծնվեց սեպտեմբերի 29-ին՝ գրեթե Դավիթի զոհվելու օրը։ Առաջին պահերի մեր հույզերն անբացատրելի էին։ Իմ մեջ երջանկությանը խառնված մի միտք կար. եթե պատերազմը չլիներ, նրանք չէին ծնվի…

Մինչև ծնվելն էլ ես եղբայրներիս հետ անընդհատ խոսում էի։ Երբ խոսում էի, նրանք ի պատասխան շարժվում էին։ Միշտ բոլորին ասում էի՝ «Գիտեմ, որ ինձ շա՜տ են սիրելու»։ Նրանք հիմա իմ ձայնին յուրահատուկ արձագանք են տալիս։ Ուսանող եմ. ամբողջ օրը անհամբեր եմ, թե երբ եմ դասից տուն վերադառնալու, որ գրկեմ այդ զույգ հրաշքներին։ Ամեն ինչ փոխվել է նրանց աշխարհ գալով՝ տան մթնոլորտը, ծնողներիս հուզական վիճակը։ Պապան էլ երբ աշխատանքից տուն է գալիս, առաջին հերթին նրանց մոտ է շտապում։

Հույս ունեմ, որ նրանք մեծանալով, աշխարհում մի լավ բան են փոխելու, չնայած որ իրենց ծնունդով արդեն իսկ շատ բան են փոխել մեր ընտանիքի կյանքում։

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ Դավիթ Թորոսյանի ընտանեկան ալբոմից

Խորագիր՝ #40 (1505) 30.10.2023 - 6.11.2023, Ճակատագրեր


02/11/2023