ՆՎԱԶԵԼ ԵՆ 33,3%-ՈՎ
Հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը եւ ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը հանրապետության տարբեր լրատվամիջոցների լրագրողներին հրավիրել էին մամուլի ասուլիսի՝ ներկայացնելու 2011 թվականի ընթացքում զինվորական դատախազության եւ ՊՆ քննչական ծառայության կատարած աշխատանքը, ձեռքբերումներն ու բացթողումները, ինչպես նաեւ պատասխանելու լրագրողների հարցերին։
Զինվորական դատախազը որպես ամենաէական ձեռքբերում` նշեց, որ 2011-ին ծանր, մասնավորապես` մահվան ելքով դեպքերի կտրուկ նվազում է արձանագրվել։ 2011-ին արձանագրվել է զինվորական ծառայության անցնելու հետ կապված մահվան 36 դեպք (30-ը՝ հանցագործության հետեւանքով, այդ թվում՝ 10-ը հակառակորդի կողմից կատարված)։ Դատախազը հիշեցրեց, որ 2010-ին գրանցվել է մահվան ելքով 54 դեպք եւ փաստեց, որ բանակում մահվան ելքով դեպքերը նվազել են 33,3 տոկոսով։ 2011-ին գրանցվել է ծառայության հետ կապված սպանության 2 դեպք, մինչդեռ այդ թիվը 2010-ին հասել է 17-ի։ Ցուցանիշը նվազել է 80,8 տոկոսով։ «Իհարկե, անգամ մեկ մահվան դեպքը զինված ուժերում խիստ մտահոգիչ է։ Եվ խոսել մարդկային կորուստների մասին թվային կամ տոկոսային վերլուծությամբ ու նվազումը գնահատել որպես ձեռքբերում, գուցեեւ այնքան էլ ընդունելի չէ, սակայն, այդուամենայնիվ, ակնհայտ է, որ մահվան ելքով դեպքերի նվազումը հետեւողական աշխատանքի արդյունք է, եւ զինդատախազությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ զինված ուժերում հանցավորության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու եւ պատժողական համարժեք քաղաքականություն վարելու ուղղությամբ»։
2011-ին ՀՀ զինված ուժերում արձանագրված հանցագործությունների ընդհանուր թիվը նույնպես նվազել է 2010-ի համեմատությամբ մոտ 10 տոկոսով։ Եթե 2010-ին պետության շահերի պաշտպանության նկատառումով կատարվել էր 301 ուսումնասիրություն եւ պետությանը պատճառած վնասից վերականգնվել է 430 մլն 266 հազար դրամ, ապա 2011-ին զինդատախազությունը կայացրել է 591 ուսումնասիրություն, որի արդյունքում վերականգնված վնասը կազմել է 933 մլն 895 հազար դրամ։
Այն հարցին, թե ինչով է պայմանավորված հանցագործությունների նվազումը, Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Հանցագործությունների թվի նվազումը, ի թիվս մի շարք միջոցների, ուղղակիորեն պայմանավորված է նաեւ ՀՀ զինվորական դատախազության եւ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացված եւ իրականացվող համակարգային բնույթի աշխատանքով, որի հիմքը օրենքի առջեւ բոլորի հավասարության, ցանկացած իրավախախտման նկատմամբ անհանդուրժողականության եւ անպատժելիության մթնոլորտի բացառման սկզբունքն է։ Իրականացվում են համատեղ գործնական-կանխարգելիչ եւ օրենսդրական բնույթի միջոցառումներ, որոնք նպաստելու են զինված ուժերում կարգապահության բարձրացմանը, հետեւապես՝ հանցավորության մակարդակի կայուն եւ հաստատուն նահանջին»։
Ի թիվս այլ միջոցառումների, զինվորական դատախազը առանձնացրեց դեռեւս 2011-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի եւ քրեական օրենսգրքի՝ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների բաժնում փոփոխություններ կատարելու գործընթացը։ Սահմանվել են կարգապահության բարձրացմանն ու հանցավորության նվազեցմանն ուղղված առանձին կանոնակարգումներ, հստակեցվել եւ որոշակիացվել են կարգապահական խախտումները, ինչպես նաեւ հնարավորություն է ընձեռվել սահմանելու նոր հանցատեսակներ եւ պատժատեսակներ, ինչպես նաեւ ներդնելու կարգապահական նոր արդյունավետ միջոցառումներ։
Լրագրողների հարցերը հիմնականում վերաբերում էին մահվան ելքով դեպքերին, մասնավորապես՝ սպանություններին եւ ինքնասպանություններին։ Լրագրողները ցանկանում էին լսել դատախազի հավաստիացումը, որ ծանր հանցագործությունների փաստով հարուցված քրեական գործերի քննությունը կատարվում է պատշաճ օբյեկտիվությամբ, եւ հանցանքների որակումը տարակարծության տեղիք չի տալիս։ «Գլխով եմ պատասխանատու»՝ վստահեցրեց զինդատախազը, միանշանակ պնդելով, որ բացառում է սպանությունը ինքնասպանություն որակելու որեւէ դեպք եւ պատրաստ է ցանկացած քրեական գործ անձամբ քննարկել համապատասխան իրավաբանների եւ մասնագետների հետ. «Ես պատրաստ եմ իրավական հարթության վրա ծավալել մասնագիտական քննարկում, բայց չեմ կարող տուրք տալ տուժողի եւ մեղադրյալի հարազատների զգացմունքներին։ Մինչ օրս կասկածները իրավական հարթության վրա քննարկելու իմ առաջարկին միայն մեկ արձագանք է եղել, բայց մերկապարանոց հայտարարություններ՝ որքան ուզեք»։
Լրագրողները զինվորական դատախազին ուղղեցին նաեւ տարբեր քրեական գործերի քննության ընթացքի վերաբերյալ հարցեր։ Դրանց պատասխանեց նաեւ ՀՀ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը։ Նա հորդորեց լրագրողներին տուրք չտալ չստուգված փաստեր հրապարակելու գայթակղությանը եւ բարեխղճորեն կատարել լրագրողական պարտքը՝ հիշեցնելով այն աղմկահարույց դեպքը, երբ պարբերականներից մեկը լրագրողի թեթեւ ձեռքով տարածել էր տեղեկատվություն ինքնասպանություն գործած զինծառայողի մահվան մասին, մինչդեռ իրականում կատարվել էր ինքնասպանության փորձ, եւ զինծառայողը ողջ էր մնացել։
Վերջում ե՛ւ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը, ե՛ւ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը հույս հայտնեցին, որ լրագրողների հետ պարբերական շփումները, փոխադարձ վստահությունը եւ բանակի կատարելագործմանն ուղղված համատեղ ջանքերն ու միահամուռ կամքը կդառնան երաշխիք՝ ունենալու առավել կարգապահ, օրինապաշտ եւ մարտունակ զորքեր։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #03 (919) 26.01.2012 – 01.02.2012, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում