Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՏԱԽՈՒՅԶ. ԲԱՐԴ ՈՒ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ



ՀԵՏԱԽՈՒՅԶ. ԲԱՐԴ ՈՒ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԶորամասում հատուկ նշանակության ստորաբաժանումների հագեցած պարապմունքներ են: Ժամկետային զինծառայողները մարտավարամասնագիտական հմտություններն են կատարելագործում: Փորձառու սպաները պարապմունքներից առաջ հրահանգավորում են զինվորներին, ավագ ընկերոջ պես աջակցում իրենց փորձով, խորհուրդներով:

Զրուցեցինք ժամկետայիններից մի քանիսի հետ, որոնք շուտով զորացրվելու են: Հրամանատարական կազմը բոլորին գնահատում է որպես օրինակելի, պարտաճանաչ զինծառայողների: Տղաները հետախույզներ են, նրանց ներկայացնում ենք պայմանական անուններով:

Առաջին զրուցակիցս  զինվորականի որդի է:  Ապագա ճարտարագետ է, կես տարի ուսանել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում եւ զորակոչվել: Սիրում է նկարել, ծառայությունից ազատ պահերին ճեպանկարներ է անում, որ քաղաքացիական մասնագիտությունը չմոռանա:

ՀԵՏԱԽՈՒՅԶ. ԲԱՐԴ ՈՒ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՄիասին մտմտում ենք՝ ինչ պայմանական անունով «կնքենք» իրեն ու միասին էլ որոշում ենք՝ Լեոնարդո. իտալացի նշանավոր գիտնական Լեոնարդո դա Վինչին  էլ էր նկարում, ճարտարապետ էր, երաժիշտ, մաթեմատիկոս…

-Մաթեմատիկայից  էլ վատ չեմ,- կատակով նկատում է Լեոնարդոն, ապա լրացնում,- բոլոր նշած մասնագիտություններն էլ ինձ օգնում են տվյալ ստորաբաժանումում լավ ծառայելու համար: Հատուկջոկատայինը  համարվում է էլիտար զինվորական մասնագիտություն: Տարբեր զինատեսակներից կրակում ես, պարաշյուտով թռչում… Շատ բարդ մասնագիտություն է, բայց, դե, ուրիշ աշխարհ է, ուրիշ կյանք, ուրիշ մտածելակերպ: Հետախույզը այլ կերպ է նայում աշխարհին, ամենահասարակ օրինակը նշեմ. սովորական մարդը նայում է քարին ու թփին եւ քար թուփ էլ ընկալում, հետախույզը նույնը անմիջապես թաքստոց, դարան է պատկերացնում, մտովի գույները համադրում ձուլվելու, քողարկվելու, աննկատ մնալու լավագույն տարբերակը գտնելու համար…

Լեոնարդոն մարտական գործողությունների մասնակից է: Անկեղծանում է՝ ծառայության ընթացքում շատ է փոխվել ֆիզիկապես էլ, հոգեպես էլ:

-Մինչ բանակ զորակոչվելս երեք տարի կարատեով եմ զբաղվել, Հայաստանի առաջնությունում մրցանակային տեղ զբաղեցրել: Հիմա էլ շարունակում եմ  մարզվել: Տարբեր մարզաձևերով զբաղվող տղաներ կան զորամասում, ամենքս մեր մարզական հնարքներով ենք կիսվում: Ծառայությունը մտածողությանս մեջ իր դրոշմն է թողել, փոխել կարեւորի ու անկարեւորի, անցողիկի ու մնայունի պատկերացումներս: Մենք փառքի, անվան համար չենք այստեղ, այլ մեր սրբազան արժեքների, ու ամեն սպա ու զինվոր նվիրումով իր առաքելությունն է իրականացնում: Բոլորս այստեղ համախմբված ենք հայրենիքի, մեր հավատքի և ընտանիքի պաշտպանության գաղափարի շուրջ: Հայրենիքը սուրբ արժեք է, Հայրենիքը արժանապատվություն է…

ՀԵՏԱԽՈՒՅԶ. ԲԱՐԴ ՈՒ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՄյուս զրուցակիցս շարքային Ավոն է:

-Ապագա գինեգործ, այգեգործ,  ներկայումս ՝ հայրենիքի պաշտպան: Իմ ձեռքով պատրաստած գինին մի օր կարտահանեմ ու Հայաստանի անունը կհնչեցնեմ միջազգային հարթակներում,- երազանքներն է բարձրաձայնում Ավոն ու հավելում,- բոլոր երազանքներս մարմին են ստանալու, իրականանալու են հայրենի եզերքում:

Ավոն էլ սպորտի ասպարեզում նվաճումներ ունի, Եվրոպայի առաջնության  մասնակից է:

-Սպորտի, մարզվածության շնորհիվ  բավականին հեշտ եմ հաղթահարում ծանրաբեռնված ծրագրով նախատեսված պարապմունքների դժվարությունները:

«Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանի է արժանացել համաբանակային ձեռնամարտի մրցումներում: Նաեւ լավ շախմատ է խաղում: Շախմատիստի եւ հետախույզի միջեւ զուգահեռներ է անցկացնում Ավոն՝ երկուսն էլ նախքան գործելը մի քանի քայլ առաջ են մտածում:

Ինքն էլ է մարտական գործողությունների մասնակցել, կյանքի ու մահվան սահմանագծին Ավոն իր կարգախոսն է մշակել՝ որքան էլ ուժասպառ լինես, պիտի ասես՝  ես կարող եմ  ու հասնես վերջնակետին: Դա կրկնակի կարևոր է հետախույզի համար:

ՀԵՏԱԽՈՒՅԶ. ԲԱՐԴ ՈՒ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ-Հետախույզի մասնագիտությունը բավականին բարդ է, տարբեր զինվորական մասնագիտությունների համաձուլվածք է, որ պահանջում է կամք, վճռականություն, ուժ, հաստատակամություն: Մենք բոլորս էլ հստակ հասկանում ենք՝ ինչի համար ենք այստեղ, կարեւորում ենք մեր դերն ու պատասխանատվության աստիճանը: Հայրենիքն ամենաթանկ բանն է այս աշխարհում, կյանքից էլ ավելի: Տղերքն իրենք կյանքի գնով պահել են, մեզ փոխանցել, մենք էլ պետք է պահենք, «Հայրենիք» ու «Հայ» անունը ժառանգենք մեր զավակներին…

Վերջին զրուցակիցս՝ որպես պայմանական անուն, իր հայրիկի անունն է նախընտրել՝ Արսեն: Ապագա ծրագրավորող է: Ծնողները զինվորական են, հայրը պատերազմի ժամանակ վիրավորվել է:

-Հետախույզն ունիվերսալ զինվոր է, բանակի աչքն ու ականջը, եւ միայն ամենօրյա քրտնաջան աշխատանքի միջոցով է հնարավոր հասնել լավագույն արդյունքի,- ասում է Արսենը: -Մեր պարապմունքները, մարզումներն էականորեն տարբերվում են այլ ստորաբաժանումների զինվորների մարզումներից: Ավելի ծանրաբեռնված օրակարգով ենք պարապում՝ գետանցումներ, լեռնային պատրաստություն, հատուկ կրակային վարժանքներ և այլն… Հատուկ նշանակության ջոկատի տղաները տարբերվում են։ Այլ ստորաբաժանումներում ծառայող ընկերներ ունենք, իրենք էլ ասում են, որ երբ մենք իրենց կողքին ենք, ավելի ապահով են զգում, ավելի վստահ գործում: Հետախույզները անտեսանելի ճակատի մարտիկներն են, դիտարկում են հակառակորդի կարևորագույն օբյեկտները, հավանական անցման ճանապարհները, նրանք են նախնական տեղեկություն տալիս թշնամու ուժերի, տեղաբաշխվածության, մտադրությունների մասին…

Արսենն առանձնացնում է հետախույզին բնորոշ հատկությունները:

-Հետախուզությունը բարդ ու դժվար, բայց միաժամանակ անչափ հետաքրքիր մասնագիտություն է: Այն պահանջում է վերլուծական միտք, ֆիզիկական,  հոգեբանական, մտավոր բարձր որակներ, դիմացկունություն, ճկունություն, հավասարակշռվածություն: Ամենակարեւորն ու առաջնայինը հետախույզի համար հայրենիքի հանդեպ անսահման սերն է՝ կյանքից ավելի…

Վասն հայրենյաց՝ առանց փառքի իրավունքի. հետախույզների անխախտ կարգախոսն է:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #40 (1505) 30.10.2023 - 6.11.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


02/11/2023