Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ` ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ՄԱՍ



Հունվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեց Եվրոպական տարածաշրջանային ակադեմիա, հանդիպեց ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Ակադեմիայի ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը կարևորեց նման միջոցառման անցկացումը բանակի կազմավորմանը նվիրված տոնակատարությունների նախօրյակին` այն դիտարկելով իբրև բանակին և նրա ղեկավարությանը ավելի լավ ծանոթանալու, զինված ուժերի գործառույթների, խնդիրների և նպատակների մասին առավել սպառիչ տեղեկատվություն ստանալու հնարավորություն:

Ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Հովհաննես Հովհաննիսյանը իր խոսքում նշեց, որ բանակի նշանակությունը, դերակատարումը հայ ժողովրդի կյանքում չափազանց մեծ է, և հունվարի 28-ը հիրավի դարձել է ոչ միայն բացառապես զինվորականների, այլև ողջ հայ ժողովրդի միասնական տոնը: Եվ ավելի ու ավելի է արմատավորվում այն գաղափարը, որ յուրաքանչյուր ընտանիքում երեխաների մեջ մանուկ հասակից պետք է սերմանվի բանակի նկատմամբ սերն ու հարգանքը, որպեսզի տարիներ անց պատանիները փառքով ու պատվով ծառայեն, պահպանեն Արցախյան պատերազմում ձեռք բերված հաջողությունները:

Այնուհետև ելույթ ունեցավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա, մասնավորապես, անդրադարձավ զինված ուժերի կազմավորման փուլերին ու առանձնահատկություններին` շեշտադրելով մարտական գործողություններին զուգահեռ բանակը զարգացնելու նվաճումը: Խոսելով բուհերի ուսանողների հետ ավանդական դարձած հանդիպումների մասին` նախարարը նշեց.

-Հայրենասիրական և ռազմահայրենասիրական դաստիարակությունը յուրաքանչյուր պետության ռազմական ներուժի երրորդ` ամենակարևոր բաղկացուցիչ մասն է: Առաջինը երկրի տնտեսությունն է` իր բոլոր հնարավորություններով, երկրորդը բանակն է` իր զորահավաքային նախապատրաստությամբ և երրորդը ռազմահայրենասիրական դաստիարակությունն է: Պատահական չէ, որ վերջին տարիներին իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքում ռազմահայրենասիրական դաստիարակության բացակայությունը մենք դիտարկել ենք որպես սպառնալիք մեր հայրենիքի պաշտպանական կարողությունների համար: Դա ստիպել է մեզ մշակել համապատասխան հայեցակարգ, որի շրջանակներում միջոցառումներ են ծրագրավորվում:

Ընդգծելով հասարակության հետ լայն շփումների կարևորությունը` Սեյրան Օհանյանը կրկնեց բազմիցս հնչեցրած միտքը` երբ բանակն ու ժողովուրդը միասնական են, անպարտելի են: Բանակը միշտ բաց է հասարակության առջև այնքանով, որքանով պահանջում է մեր զինված ուժերում անհրաժեշտ գաղտնիության ռեժիմը: Սահմանվել է քաղաքացիական վերահսկողություն, որպեսզի ոչ մի բացասական կամ դրական երևույթ, որ պետք է ներկայացվի հասարակությանը, դժվար հասանելի չլինի մեր ժողովրդին:

-Հաղթանակի հասնելու ճանապարհին մեր զինված ուժերը յուրատեսակ քննություն են հանձնել և այսօր էլ շարունակում են ամեն օր հանձնել` պաշտպանելով հանրապետության սահմանները: Ամեն ինչի հետ միասին մենք ունենք նաև բացթողումներ: Ամենամեծ թերացումը, որ նաև հասարակության մեջ է արձագանք ստանում, իհարկե, կարգապահական խնդիրներով է պայմանավորված: Հաճախ ասում են` խաղաղ պայմաններում անթույլատրելի և չարդարացված են կորուստները: Ասեմ, որ մեր պայմանները այնքան էլ խաղաղ չեն, դա հարաբերական է: Ինչպես կարելի է ասել խաղաղ պայմաններ, երբ ունենք առաջին գիծ, որտեղ մեր զինվորը ամեն օր հակառակորդի հետ շփման մեջ է, հաճախ նրա վրա կրակում են, մենք էլ պատասխանում ենք, և այդ լարվածությունը անպայման ինչ-որ ձևով արտահայտվում է ծառայության մեջ: Պետք է նշեմ նաև, որ պատահարների մեծ մասը տեղի է ունենում նաև միջանձնային հարաբերությունների խախտման պատճառով, դեռևս այդ ուղղությամբ մեծ անելիքներ ունենք: Այս առումով շատ են ասում, որ բանակը հասարակության հայելին է, սակայն ես արգելել եմ այդպես արտահայտվել, որովհետև մենք, ի տարբերություն քաղաքացիական ազատ հասարակության, որում դժվար է կարճ ժամանակահատվածում կարգուկանոն հաստատել, առանձնանում ենք ռեժիմային ծառայությամբ, ուղղահայաց ենթարկվածության համակարգով, կարգապահական մոտեցումներով: Եվ այն արատավոր երևույթների դեմ, որոնք մտնում են բանակ, ավելի արագ ու արդյունավետ հնարավոր է պայքարել հենց մեր ուժերով:

Մենք պետք է հպարտանանք, որ ունենք բանակ, որը ապահովում է մեր ժողովրդի անվտանգությունը, դրանում իր ներդրումն ունի յուրաքանչյուր ուսումնական հաստատություն, նաև ձեր բուհը` սկսած պատերազմի մասնակից ղեկավարից: Գտնենք այն լավագույն օրինակները, որոնք կան հասարակության մեջ և ներկայացնենք յուրաքանչյուր ոլորտում այնպես, որ բոլորը գիտակցեն մեր հայրենիքի ապագան ու զարգացման նախապայմանները:

Վերջում Սեյրան Օհանյանը բուհի ռեկտորին և մի շարք դասախոսների պարգևատրեց ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված հոբելյանական մեդալներով:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #03 (919) 26.01.2012 – 01.02.2012, Բանակ և հասարակություն


01/02/2012