ԳԵՎՈՐԳ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. ԵԹՈՎՊԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿԸ
Գևորգ Նալբանդյանի ծննդյան թվականն անհայտ է, միայն գիտենք, որ ծնվել է Արևմտյան Հայաստանի Այնթապ քաղաքում։ Մեծ եղեռնի տարիներին կորցնելով ծնողներին ու հարազատներին՝ որբախնամ կազմակերպությունների շնորհիվ ստանում է երաժշտական կրթություն։ Հայտնի է, որ երաժշտության տեսությունն ուսուցանել է անձամբ Մեծն Կոմիտասը։ Վաղ շրջանում աչքի ընկնելով իր բնատուր շնորհով և ճանաչում ձեռք բերելով որպես տաղանդավոր երաժիշտ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հրավերով Գևորգ Նալբանդյանը տեղափոխվում է Քիլիս՝ երաժշտություն դասավանդելու։ Նա կատարյալ տիրապետում էր մի քանի երաժշտական գործիքի՝ ջութակ, քանոն, փողային որոշ գործիքներ, փայլուն ձայն ուներ և անգամ երաժշտություն էր գրում։ Հայոց ցեղասպանությունից որոշ ժամանակ անց, 1919 թվականին, երբ կրկին վերսկսվում են թուրքերի վայրագությունները, Գևորգ Նալբանդյանը հեռանում է Սիրիա՝ որոշ ժամանակ բնակություն հաստատելով Հալեպում և շարունակելով իր մանկավարժական գործունեությունը։ 1923 թ. նա Հալեպից անցնում է Երուսաղեմ և Հայոց պատրիարքարանի «Արարատյան» մանկատան սաներից ստեղծում է երաժշտական նվագախումբ։
1923 թ. ապրիլին Եթովպիայի թագաժառանգ ռաս Թաֆարի Մաքոննենի կինը՝ իշխանուհի Իթեգե Մենենը, այցելում է Երուսաղեմ։ Նրան այդ ճամփորդության ժամանակ ուղեկցում էր եթովպահայ Արաքսի Յազեճյանը, որը եթովպական արքունիքի կարպետագործական արտադրամասի կառավարիչն էր, իսկ նրա ամուսինը՝ երկրի գաղտնի ծառայությունների այդ ժամանակվա ղեկավարը։ Իշխանուհի Իթեգե Մենենի մայրը Արաքսիի դստեր՝ Աննայի կնքամայրն էր։ Եթովպական արքունիքի հետ այս մերձավոր կապը նաև դեր խաղաց, որ Արաքսիի առաջարկով իշխանուհի Մենենն այցելի Երուսաղեմի հայկական «Արարատյան» որբանոց, որտեղ նրա պատվին հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպվել։ ՀԲԸՄ-ի (Հայ բարեգործական ընդհանուր միություն) բացած որբանոցում հավաքվել էին 1915 թ. Հայոց ցեղասպանությունը վերապրած ավելի քան 900, հիմնականում Վասպուրականից, Ուրմիայից և Սալմաստից մազապուրծ եղած երեխաներ ու պատանիներ։ «Արարատյան» որբանոցը, որն ի սկզբանե հիմնադրվել էր 1918 թ. Պարսկաստանում, այնուհետև տեղափոխվում է Իրաք, իսկ 1921 թ. հաստատվում է Երուսաղեմում՝ տուն ու ապաստան դառնալով ավելի քան 900 հայ որբերի համար։
Վերադառնալով Եթովպիա՝ իշխանուհի Իթեգե Մենենը հորդորում է ամուսնուն ինչ-որ կերպ օգնելու և սատար կանգնելու հայ որբերին։ Արդեն հաջորդ տարի՝ 1924 թվականին, Երուսաղեմ է այցելում եթովպական գահի թագաժառանգ Թաֆարի Մաքոննենը և հյուրընկալվում է Հայոց պատրիարքարանում, որտեղ նրան դիմավորողների թվում էր նաև «Արարատյան» որբանոցի փողային նվագախումբը՝ բաղկացած 40 պատանի հայ երաժիշտներից։ Իշխան Թաֆարին խորապես հիանում և անսահման բերկրանք է ապրում հայ որբերի երաժշտական ունակություններով։ Այնուհետև տեղեկանալով, որ պատանիները Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունից մազապուրծ եղած որբեր են, իսկ որբանոցը ծանր ֆինանսական խնդիրներ ունի, ցանկություն է հայտնում որդեգրելու պատանիներին և իր հետ Եթովպիա տանելու՝ կայսերական նվագախումբ հիմնելու նպատակով։ Իշխանը խնդրանքով դիմում է Հայոց պատրիարքին, որպեսզի վերջինս թույլ տա երաժշտախումբն իր հետ Եթովպիա տանելու։ Որբանոցի ղեկավարությունը չէր կարող հրաժարվել նման առաջարկությունից, իսկ Հայոց պատրիարք Եղիշե Դուրյանի հետ ձեռք բերված համաձայնագրով Թաֆարի Մաքոննեն իշխանը պարտավորվում էր հոգալ նվագախմբի ճանապարհածախսը և ապահովել պատանիների կեցության և ապրուստի պայմանները։ Անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելուց հետո իշխան Թաֆարի Մաքոննենը որդեգրում է 40 պատանիների և իր հետ Եթովպիա՝ մայրաքաղաք Ադիս Աբեբա է տանում։ Որբերի հետ, բնականաբար, Եթովպիա է մեկնում նաև երաժշտախմբի ղեկավար Գևորգ Նալբանդյանը։ Իշխան Թաֆարի հրամանագրով հայ որբերից կազմավորվում է «Արբա Լըջոչ» կայսերական նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է դառնում Գևորգ Նալբանդյանը։ Նվագախմբի անունը ամհարերենով (սեմական լեզվաընտանիքի հարավային խմբին պատկանող լեզու, Եթովպիայի պետական լեզուն, որով աշխարհում խոսում է ավելի քան 21 միլիոն մարդ) նշանակում է «Քառասուն մանկունք»։ Իր խոստմանը հավատարիմ՝ իշխան Թաֆարի Մաքոննենը հոգում է հայ որբերի բոլոր կարիքները՝ նրանց ապահովելով բնակարաններով, իսկ կրթության գործն անձամբ ստանձնում է Գևորգ Նալբանդյանը։
Վրա է հասնում իշխան Թաֆարի Մաքոննենի՝ Եթովպիայի կայսր դառնալու և թագադրվելու պատմական օրը, և այդ առիթով իշխան Թաֆարին Գևորգ Նալբանդյանին պատվիրում է գրելու Եթովպիական կայսրության ազգային օրհներգը։ Հայ տաղանդավոր երաժշտագետը փայլուն իրականացնում է կայսերական գահի առաջնորդի պատվերը՝ ստեղծագործությունն անվանելով «Թեֆերի մարշ, Իթյոպյա հոյ», որ թարգմանաբար նշանակում է «Երջանի՛կ եղիր, Եթովպիա՛»։
Հանրության առաջ երգն առաջին անգամ կատարվում է 1930 թ. նոյեմբերի 2-ին, երբ իշխան Թաֆարին դառնում է Եթովպիայի կայսեր և ստանում Հայլե Սելասիե Ա պատվանունը։ Այդ օրվանից սկսած մինչև 1974 թվականը Գևորգ Նալբանդյանի ստեղծագործությունը դառնում է Եթովպիայի պետական օրհներգը։ Դրանից հետո Գևորգ Նալբանդյանը մեծ հռչակ ու ճանաչում է ձեռք բերում, և կայսրը հարգանքի ու պատվի է արժանացնում տաղանդավոր հային։ Գևորգ Նալբանդյանը շարունակում է իր ստեղծագործական գործունեությունը և գրում 50 և ավելի եթովպիական երգեր, որոնց մեծ մասը նվիրված էր կայսեր Հայլե Սելասիե Ա-ին, որը 1892 թվականից 1930 թվականը՝ մինչև պաշտոնապես կայսեր հռչակվելը, Եթովպիայի թագաժառանգ իշխանն էր և մինչև 1975 թ. փաստացի կառավարում է երկիրը։
Հետաքրքիր է, որ կայսեր թագադրման արարողությանը ժամանած օտարերկրյա պատվիրակություններին դիմավորել է հայ որբերից կազմված նվագախումբը՝ կատարելով յուրաքանչյուր ժամանող երկրի ազգային հիմնը, բացի Թուրքիայից։ Որոշ քննարկումներից հետո Հայլե Սելասիեն և երկրի բարձրաստիճան այլ անձինք ընդառաջել են հայերի՝ իրենց ծնողներին սպանած ազգի հիմնը չնվագելու պահանջին։
Գևորգ Նալբանդյանն է ղեկավարել նաև Եթովպիայի մայրաքաղաքի՝ Ադիս Աբեբայի քաղաքային թատրոնի երաժշտախումբը։ Նա է 1954 թ. հիմնադրել Ադիս Աբեբայի համալսարանին կից «Յարեդ» երաժշտական դպրոցը և մեծ դեր ունեցել երաժիշտների նոր սերնդի կրթության գործում։
Գևորգ Նալբանդյանի ղեկավարած «Քառասուն մանկունք» նվագախումբը կարևոր դերակատարություն է ունեցել Եթովպիայի ազգային երաժշտության ձևավորման, զարգացման, երաժշտական նոր ուղղությունների ու մոտեցումների ստեղծման համար։ Մասնագետների դիտարկմամբ՝ հենց այդ սկզբունքները նպաստեցին 1950-60-ական թվականներին լայն տարածում ու համաշխարհային ճանաչում գտած եթովպիական ջազի առաջացմանն ու զարգացմանը։
Գևորգ Նալբանդյանի երաժշտական ժառանգությունը մեզ է հասել նրա զարմիկի՝ Ներսես Նալբանդյանի միջոցով, որ 1930-ական թվականներին էր եկել Եթովպիա և կարևոր դերակատարում ունեցել ջազի առանձին ճյուղի՝ էթիո ջազի (եթովպիական ջազի) զարգացման գործում։
Գևորգ Նալբանդյանն իր մահկանացուն կնքել է Եթովպիայում, 1963 թվականին։ Նա պարգևատրվել է բազմաթիվ կոչումներով, որոնցից նշանավոր է հատկապես Ֆրանսիայի կառավարության «Ակադեմիական պսակ» պատվավոր կոչումը։
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #41 (1506) 06.11.2023 - 13.11.2023, Հոգևոր-մշակութային