ՀԱՅՔ
«Սասունցի հայերի պարը ռազմիկների հաղթական պար է»
Մաքսիմ Գորկին 1928-ին այցելել է Հայաստան, հիանալի տողեր գրել Դիլիջանի կիրճի եւ Սեւանա լճի գեղեցկության, Երեւանում ծավալվող շինարարության, հայկական տուֆի, թանգարանների մասին։ Այլ առիթներով բազմիցս անդրադարձել է հայ մշակույթին եւ բարձր գնահատել այն, նամակագրական կապեր է ունեցել Ա. Շիրվանզադեի, Վ. Տերյանի եւ հայ այլ մտավորականների հետ, ամեն կերպ նպաստել ռուս-հայ գրական-մշակութային կապերի սերտացմանը։ Նշանավոր գրողի նախաձեռնությամբ եւ խմբագրությամբ է 1916 թ. գարնանը լույս տեսել «Հայ գրականության ժողովածուն», որը նշանակալից երեւույթ էր եւ հայ ժողովրդի արդար դատի յուրօրինակ պաշտպանություն։ Մասնակցել է «Հայաստանի պոեզիայի անթոլոգիա» ռուսերեն գրքի խմբագրման աշխատանքներին։
Գորկին հիացել եւ իր խոսքն է ասել սասունցիների պարի մասին։ Մասնակի կրճատումներով ներկայացնում ենք այդ խոսքը, որն ըստ էության խոսք է հայերի եւ հայ ոգու մասին։
…Սասունցի հայերի պարերը միանգամայն բացառիկ մի բան էին իրենց ինքնատիպությամբ ու գեղեցկությամբ…
Դրանք չեն ապշեցնում ձեւերի հնարամտությամբ ու բազմազանությամբ եւ չեն ձգտում դրանց։ Նրանցում կա ինչ-որ այլ բան, ավելի նշանակալի ու խոր։ Բեմահարթակ են դուրս գալիս ազգային գունագեղ տարազներով երկու երաժիշտ, մեկը՝ մեծ թմբուկով, մյուսը՝ ծղրտան զուռնայով։ Իսկ նրանց հետեւից ներս է սահում կուրացուցիչ կերպով փայլող մի բազմագույն մարմին՝ քսան տղամարդ։ Նրանք ընթանում են ուս ուսի, ձեռքները միմյանց թիկունքին պահած, նրանք մի միասնական մարմին են, որը շարժվում է միասնական, զարմանալիորեն ռիթմիկ գործող ուժով։ Այդ մարմինը շրջան է կազմում, վերածվում գալարի, ծավալվում ուղիղ գծով, գոյացնում բազմապիսի կորություններ։ Ռիթմի իդեալականությունը, ձեւերի կառուցման թեթեւությունն ու սահունությունն ավելի ու ավելի են ամրապնդում միասնության, միաձուլության գերող պատրանքը։
Դժվար է տարբերել առանձին պարողների, տեսնում ես, թե ինչպես քո առջեւ օրորվում են մի շարք գեղեցիկ դեմքեր, տեսնում ես նրանց ժպիտները, աչքերի փայլը, թվում է, թե ահա նրանք ավելի են շատացել, իսկ հաջորդ պահին՝ ավելի են քչացել։ Յուրաքանչյուրի առանձին անհատական դիմագծերը գրեթե անորսալի են եւ ամբողջ ժամանակ ձեզ հետ կարծեք խոսում են, ձեզ ժպտում է մի դեմք՝ երեւակայական էակի դեմք, որի ներքին կյանքն անսպասելիորեն հարուստ է։ Կրակոտ հնչում է զուռնան, բայց նրա զիլ ձայնն արդեն չի թվում ծղրտալի, բարձրաձայն, փափուկ համանվագում է թմբուկը, եւ այդ երաժշտության ետեւում տեսնում ես մեկ ուրիշ՝ մարդկային ճկուն մարմնի զարմանալիորեն գեղեցիկ շարժումների երաժշտությունը, նրա ազատ խաղը, գունագեղ հագուստների գույնզգույն ալիքավորումը։
Լինում էին պահեր, երբ բազմագլուխ մարմնի շարժումների սրընթացությունը, ահագնանալով, վերածվում էր ոսկեհուռ եւ ծիածանագույն հողմապտույտի։ Ես սպասում էի, թե պարողների շղթան, ահա ուր որ է, կկտրվի առանձին օղակների, բայց այդ մրրիկի պահին անգամ նրանք պահպանում էին շարժումների միահամուռ սահունությունը, մեծացնելով, խորացնելով ուժի եւ միասնության տպավորությունը։
Ես երբեք չէի տեսել եւ չէի կարող պատկերացնել միասնաբար գործող մարդկանց կատարյալ միաձուլության, միահյուսվածության այդպիսի պատկեր։ Անտարակույս, դրանում, շատ հին այդ պարի մեջ թաքնված էր ինչ-որ խորհրդանշական բան… Դրանում չկար ոչինչ, որ թեկուզ աննշան չափով հիշեցներ խլիստների խելահեղ, կատաղի «փութաջանությունը» կամ «պտտվող դերվիշների» հիստերիկ ջղաձգությունները, որոնցից, ինչպես ասում են, հիստերիայով վարակվել են նաեւ մեր աղանդավորները՝ «կովկասյան պրիգունները»։
Սասունցի հայերի պարը, թերեւս, ռազմիկների հաղթական պար է։
Ոչ պակաս ինքնատիպ եւ նույնքան հմայիչ գեղեցկությամբ էին պարում կանայք, որոնք նույնպես հագնված էին արեւելյան գունագեղությամբ ու ծաղկունությամբ։ Պարելով՝ նրանք ցույց էին տալիս, թե ինչպես են սանրվում, ներկում դեմքը, կերակրում թռչուններին, թել մանում, եւ մենք բոլորս նորից զմայլվում էինք նրանց շարժումների սքանչելի ռիթմիկությամբ, ձեռքերի իմաստալից շարժումների գեղեցկությամբ։
Կանայք պարում էին յուրաքանչյուրը մյուսից առանձին, եւ յուրաքանչյուրի իմաստաշարժումներն անհատական էին, ուստի առավել եւս դժվար էր պահել դրանց համաչափությունը, միասնությունը ժամանակի առումով, իսկ այն պահպանվում էր իդեալականորեն…
1929 թ.
Հայերի առաջին տպագիր Աստվածաշունչը
Քաղաքակիրթ ազգերից հայերն առաջիններից էին, որ առանձին գրքով տպագրեցին Աստվածաշունչը։ Սա երեւույթ պետք է դիտել ոչ միայն հայ, այլեւ ողջ քրիստոնյա աշխարհի համար։ Նման ձեռնարկումը պահանջում էր ոչ միայն զուտ տեխնիկական միջոցներ, այլեւ մտավոր կարողություններ, զարգացման որոշակի մակարդակ։ Քաղաքակրթական տեսակետից դա հիրավի հոգեւոր սխրանք էր։
Հիշենք 5-րդ դարը՝ հայերն առաջիններից էին, որ թարգմանեցին Աստվածաշունչը, հիշենք նաեւ 17-րդ դարը՝ հայերն առաջիններից էին, որ տպագրեցին այն։
Համառոտ ներկայացնենք Աստվածաշնչի առաջին հայերեն տպագրության պատմությունը՝ ճանաչելու մեր ազգային խառնվածքի առանձին գծեր։
1655 թ. Հայոց կաթողիկոս դարձավ Հակոբ Ջուղայեցին՝ ազգի լուսավորությանը հետամուտ մի արժանավոր հոգեւորական։ Նրա առաջին գործերից մեկը եղավ Եվրոպա ուղարկել Մատթեոս դպիր Ծարեցուն, որին հանձնարարվեց աշխուժացնել հայ տպագրությունը, հրատարակել գրքեր եւ ուղարկել Էջմիածին՝ ժողովրդի մեջ տարածելու։
Վենետիկում, Հռոմում նկատելի հաջողությունների չհասավ կաթողիկոսի պատվիրակը, ի վերջո հաստատվեց Ամստերդամում։ Այստեղ նա կարողացավ պայմանագիր կնքել նշանավոր տառափորագրիչ Վան-Դիկի հետ, որով վերջինս հանձն էր առնում հայերեն երեք տեսակ տառեր պատրաստել Աստվածաշունչը տպագրելու համար։ Գործը շատ դանդաղ էր առաջ գնում, 1660-ին պատրաստ էին միայն մեկ տեսակի տառեր, որոնցով Ծարեցին կարողացավ տպագրել Ներսես Շնորհալու «Հիսուս որդին»։ Այդ գործում նրան մեծ օգնություն ցույց տվեց պարսկահայ վաճառական Ավետիսը, որն իր գործերով Ամստերդամում էր։ Առանց որեւէ շահ ակնկալելու` նա մարում է Ծարեցու պարտքերը, գնում մի ողջ տպարան եւ նվիրում Էջմիածնին՝ նրան տալով «Էջմիածնի եւ սբ. Սարգսի տպարան» անունը։ Սա առաջին դեպքն էր հայ իրականության մեջ, երբ բարեգործության առարկա դառնում էր տպարանը։
Ծարեցուն, սակայն, վիճակված չէր ավարտել իր ազգանվեր գործը, հիվանդանում է ու մահանում, եւ Ավետիսին է վիճակվում շարունակելու նրա սկսած գործը։ Շնորհիվ Ամստերդամի հայ վաճառականների դրամական օգնության` տպարանի գործունեությունն ակտիվանում է, տպագրվում են նոր գրքեր՝ «Ժամգիրքը», «Սաղմոսի հիշատակարանից» (1662 թ.)։ Հոլանդական նավերն, այդպիսով, իրենց բեռներին ավելացնում են մի նոր ապրանքատեսակ՝ հայերեն գրքեր։ «Հիսուս որդին» տպագրվել էր 1200 օրինակով, «Սաղմոսը»՝ 2700, «Ժամգիրքը»՝ 3000։ Այն ժամանակների համար սրանք մեծ տպաքանակներ էին, եւ այդ ամբողջը փոխադրվում է արեւելք, տարածվում հայերի շրջանում։ Առաջին անգամ գրքի առատություն է նկատվում հայ իրականության մեջ։
Էջմիածինը, որն արդեն իր սեփական տպարանն ուներ Ամստերդամում, ոգեւորված էր այս երեւույթով, եւ 1662 թ. կաթողիկոսը Եվրոպա է ուղարկում իր նոր պատվիրակին՝ Ոսկան վարդապետին, որը Ավետիսի եղբայրն էր, նրանից ավելի հմուտ ու գրագետ։ Դա հաջող ընտրություն էր։ Ոսկանն Ամստերդամ մեկնեց մի ծավալուն հրատարակչական ծրագրով, որի մեջ գլխավորը Աստվածաշնչի տպագրությունն էր։ Սակայն առանց փողի այդ գործը գլուխ բերել հնարավոր չէր, իսկ Ոսկանը Եվրոպա էր եկել գրեթե դատարկ ձեռքերով՝ Էջմիածինն ինքը նյութական նեղությունների մեջ էր։
Շրջագայելով եվրոպական մի շարք հայաշատ քաղաքներով՝ Ոսկանին հաջողվում է գործի մեջ ներգրավել ջուղայեցի երեք ազգասեր վաճառականների, որոնք բավարար գումարներ են տրամադրում Աստվածաշնչի տպագրության համար, բանակցություններ է վարում Հռոմի կաթոլիկ հայրերի հետ՝ խույս տալու սպասվելիք հալածանքներից, եւ որոշակի երաշխիքներով մեկնում Ամստերդամ՝ սկսելու գործը։
Աստվածաշունչը տպագրվեց երկու տարվա ընթացքում (1666-1668)։ Դա գեղեցիկ, որակյալ, սրբագրական սխալներից զերծ հրատարակություն էր, առաջին հայերեն տպագիր Աստվածաշունչը։ Եթե նկատի առնենք, որ Ոսկան վարդապետը գործում էր օտար հողի վրա, տպագրական գործի հետ կապված բազում դժվարությունների առկայության պայմաններում, ապա այդ ժամկետը կարճ եւ Ոսկանի կատարած աշխատանքն էլ սխրանք պետք է համարել։ Աստվածաշնչի հայերեն տպագրությամբ աշխարհին ի ցույց էր դրվում այն անժխտելի փաստը, որ հայերն ընդունակ են իրականացնել ժամանակի պահանջները բավարարող նման խոշոր ձեռնարկումներ եւ կանգնած են հրատարակչական մշակույթի առաջին գծում։
Հատկանշական է, որ Ոսկանը, ցանկանալով հայ տպագրության գործը շարունակել Ֆրանսիայում եւ ստանալ Լյուդովիկոս 14-րդ կայսեր թույլտվությունը, իր բազում հրատարակություններից հենց Աստվածաշունչն է խնդրագրի հետ ուղարկում նրան որպես նվեր։ Կայսրը սիրով եւ իրեն հատուկ ընդգծված քաղաքավարությամբ ընդունում է հայ տպագրիչի այդ նվերը եւ տալիս թույլտվություն։
Բայց նկատենք մեկ այլ իրողություն. Ոսկան վարդապետը, լինելով Էջմիածնի պատվիրակը Եվրոպայում, հոգեւորական, միայն եկեղեցական գրքերի տպագրությամբ չէ, որ մտահոգ էր։ Ամստերդամում մնալով չորս տարի, մինչեւ 1670 թվականը, Ոսկանն ընդհանուր առմամբ տպագրեց 17 անուն գիրք, այսինքն՝ տարեկան չորս գիրք։ Նա էր, որ հայ իրականության մեջ առաջին անգամ տպագրեց Մաշտոց, Նոր Կտակարան։ 1666-ին տպագրեց իր թարգմանած եւ խմբագրած «Քերականությունը»։ 1669-ին տպագրեց 17-րդ դարի հայ նշանավոր պատմագիր Առաքել Դավրիժեցու «Պատմությունը», ընդ որում՝ հեղինակի կենդանության օրոք։ Նույն թվականին տպագրեց «Աշխարհացույցը», որի հեղինակն ավանդաբար համարվում է Մովսես Խորենացին, դրան կցելով աշխարհիկ բովանդակությամբ «Աղվեսագիրքը»։ Դեռեւս չէր սկսվել Աստվածաշնչի տպագրությունը, երբ հրատարակեց այբբենարան՝ իր ազգին պարգեւելով գրագիտության առաջին ուղեցույցը։ Տպագրեց նաեւ տոմարագիրք, երազահան եւ այլն։
Ավելի քան երեք դար է անցել առաջին հայերեն տպագիր Աստվածաշնչի լույս աշխարհ գալուց։ Այս փաստի մեջ տեսնենք մեր ազգային խառնվածքի շատ հատկանշական գծեր՝ հետ չմնալ քաղաքակրթական ընդհանուր առաջընթացից, դնել ազգանվեր նպատակներ եւ անպայման հասնել դրանց իրագործմանը, չերկնչել նյութական ու անձնական զոհողությունների առջեւ, երբ խոսքը վերաբերում է սրբազան առաքելությանը՝ ծառայությանն ազգին։
ՆՈՐԱՅՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Խորագիր՝ #41 (1506) 06.11.2023 - 13.11.2023, Հոգևոր-մշակութային