ՈՒՍԱԴԻՐՈՎ ԿԱՆԱՅՔ. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼՈՒ
-Հաճախ են աղջիկներն ասում՝ սիրում եմ զինվորական համազգեստը… Միայն համազգեստը սիրելով, բնականաբար, զինվորական չես կարող դառնալ. սպայական փայլուն ուսադիրների հետեւում ամեն ինչ չէ, որ փայլուն ու հարթ է՝ զինվորականի մասնագիտությունը դժվարին, բայց պատվաբեր առաքելություն է, որ պահանջում է անմնացորդ սեր ու նվիրում:
Զրուցակիցս հրաձգային գումարտակի շտաբի պետ, կապիտան Արմինե Գրիգորյանն է։
Գեղատեսիլ Տավուշ աշխարհից է Արմինեն:
-Դպրոցական տարիքից նախնական զինվորական պատրաստություն առարկայից թե՛ մարզային, թե՛ հանրապետական տարբեր օլիմպիադաների էինք մասնակցում, ու միշտ մեր դպրոցը մրցանակային տեղ էր զբաղեցնում,- ասում է Արմինեն:
Ու ամեն հաղթանակ, ձեռքբերում ավելի էր որոշակիացնում երիտասարդ աղջնակի զինվորական դառնալու մտադրությունը։
Դպրոցի զինղեկը՝ Գուրգեն Զարգարյանը, մեծ գնահատանքով է խոսում իր նախկին սանի մասին:
-Դպրոցում Արմինեն հավասարապես փայլում էր բոլոր առարկաներից: Կարող էր դառնալ ե՛ւ լավ բժշկուհի, ե՛ւ լավ իրավաբան, բայց նախընտրեց հայրենիքի պաշտպանի նվիրական գործը: Ռազմագիտության օլիմպիադաներում մեր թիմի դեմքն էր, ինքը թիմն իր հետեւից դեպի հաղթանակ տանելու հզոր ներուժով էր օժտված: Այսօր մեր կրթարանի աղջիկներից շատերը հենց իր օրինակով էլ խանդավառված, ոգեւորված՝ ուսումը շարունակում են ռազմական կրթօջախներում: Թող վերամբարձ չհնչի, վստահեցնում եմ՝ Հայաստանի առաջին կին գեներալը Արմինե Գրիգորյանն է լինելու:
Արմինեն մեծացել է սահմանին, կրակոցների տակ: Տան մոտակայքում էլ զորամասն էր, ու փոքրիկ աղջնակն անհագ հետաքրքրությամբ էր դիտում զինվորական անցուդարձը:
-Ավարտական դասարաններում, երբ պատրաստվում էինք միասնական քննություններին, ասում էի՝ նպատակադրվել եմ ռազմական բուհ ընդունվել: Ծանոթներիցս շատերը տարակուսում էին, զարմանում՝ այն ժամանակ աղջիկների համար ընդունելություն չկար: Չկա՝ կլինի, չգիտեմ էլ՝ ինչու, համոզված ու հաստատակամ պնդում էի,- հիշում է կապիտան Գրիգորյանը:
Ասում են՝ եթե դու ինչ-որ բան շատ ես ցանկանում, ապա ամբողջ տիեզերքը նպաստում է քո ցանկության իրականացմանը:
Հենց այդ տարի էլ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն իր դռները բացեց նաեւ իգական սեռի ներկայացուցիչների համար, ու առաջին աղջիկ կուրսանտներից մեկն էլ հենց Արմինեն էր: Մանկավարժ ծնողները դեմ չգնացին իրենց դստեր որոշմանը:
-17 տարեկանից զինվորական եմ: Գրեթե տասը տարի համազգեստ եմ կրում ու երբ հետ եմ նայում, հասկանում եմ՝ որքան դժվարություններ են հաղթահարվել, քարացած կարծրատիպեր կոտրվել: 17-18 տարեկանում ամբողջովին չես ըմբռնում, թե ինչ բարդ ու դժվարին ճանապարհ ես ընտրել: Այդ տարիքում ավելի շատ զգացմունքներն են կառավարում ու թելադրում, բայց, անկեղծ լինեմ, մի պահ իսկ չեմ զղջացել, ճիշտ որոշում եմ կայացրել:
Արմինեն գերազանցությամբ՝ ոսկե մեդալով է ավարտել ռազմական բուհը, միջազգային բանակային խաղերի բազմակի հաղթող է:
2018 թ. ՀԱՊԿ երկրների զինվորականների «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթում ընդհանուր հաշվարկով գրավել է առաջին տեղը: 2019 թ. «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում ընդհանուր հաշվարկով եւս առաջին տեղն է գրավել, ընդ որում՝ լավագույնն է ճանաչվել գրեթե բոլոր՝ «Պրոֆեսիոնալ», «Դիպուկահար», «Էրուդիտ», «Տեր և տիկին» փուլերում, միայն մեկ՝ «Աթլետ» անվանակարգում է զիջել մրցակցին:
-Միջազգային խաղերում երեք տարի անընդմեջ զբաղեցրել եմ առաջին հորիզոնականը։ Հպարտություն ես զգում, նախ, որ երկրիդ անունը բարձր ես պահում, անասելի հպարտ էի նաեւ, որ լինելով դասակի հրամանատար, ունենալով սովորական ժամկետայիններից բաղկացած անձնակազմ, որ ծառայում է առաջին կարգի զորամասում, ընդամենը կարճ ժամանակահատվածում մարզվելով-պատրաստվելով, կարողանում է ավելի լավ արդյունքներ գրանցել այլ պետությունների հիմնականում մարզիկ զինվորներից կազմված թիմերի հետ մրցակցելիս,- անթաքույց հպարտությամբ ասում է Արմինեն:
***
Որպես դասակի հրամանատար՝ երիտասարդ սպան առաջնագծի տարբեր հատվածներում է ծառայել, ենթակա ժամկետային անձնակազմի հետ, մի որոշ ժամանակ առաջ, գրեթե հասակակիցներ էին:
-Ենթականերից պահանջելուց առաջ նախ հարկ է պահանջես ինքդ քեզնից. ինքդ պարտաճանաչ ու կարգապահ լինես, պատասխանատու, ընդօրինակելու արժանի: Պետք է կարողանաս ճիշտ հարաբերություններ կառուցել, տիրապետել շփման նուրբ արվեստին, ազնիվ ու անշահախնդիր լինել,- ծառայության մեջ իրեն առաջնորդող սկզբունքներն է ներկայացնում զրուցակիցս:
Արմինեն գերազանցությամբ է ավարտել նաև Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, հինգ լեզվի է տիրապետում:
-Եթե զինվորականի մասնագիտությունը չընտրեի, երեւի թե դիվանագետ կդառնայի: Բայց ծառայությունից դուրս իմ կյանքը չեմ պատկերացնում, ծառայությունն իմ կենսակերպն է, ապրելու բանաձեւը…
Նվիրված ծառայության համար կապիտան Արմինե Գրիգորյանը բազմաթիվ մեդալների ու պատվոգրերի է արժանացել:
Վերջերս էլ՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային և իրավապահ կառույցների ներկայացուցիչների միջեւ անցկացված բանակային խաղերին Արմինեն մասնակցել է քառամարտ մրցաձեւին (նռնակի նետում նշանակետին, հարյուր մետր վազք, մեկ կիլոմետր վազք և իրանի ծալում-տարածում) եւ չորս վարժություններից էլ ամենաբարձր արդյունքներն է գրանցել ու դարձել չեմպիոն։
Մեր ամբողջ զրույցի ընթացքում «Կովկասի գերուհի» ֆիլմի հայտնի տողերն են գալիս միտքս ՝ սպորտսմենուհի, գեղեցկուհի…
Համառ ու նպատակասլաց է գեղեցկուհի կապիտանը, երբեք չի բավարարվում ձեռք բերածով, ձգտում է կատարելագործել հմտությունները, ինքնակրթվել:
Անխախտ սովորույթ է դարձրել՝ ծառայության է ներկայանում միշտ մեկ ժամ շուտ:
-Ծառայությունը առավոտյան սկսվում է խնդիրների ճշգրտումից, հետո զորամասի կազմով առավոտյան տողան, որին էլ հաջորդում են մարտական պատրաստության պարապմունքները,- զինվորական առօրյան է ներկայացնում կապիտան Գրիգորյանը,- քանի որ մեր կանանց ստորաբաժանումը պատրաստվում է ատեստավորման, հիմնական շեշտը դրել ենք շարային, ֆիզիկական և մարտական պատրաստության վրա: Ամեն օր քրտնաջան աշխատում ենք, որ լավ արդյունք գրանցենք: Ստորաբաժանման աղջիկներից ամեն մեկն էլ հստակ պատկերացնում է իր դերը, իր պատասխանատվությունը հայրենի եզերքի անվտանգությունը պահելու եւ պահպանելու գործում. ծառայությունը հնարավորություն է մեր ներուժով հայրենիքին օգտակար լինելու:
Հայրենիքի պաշտպանությունն առաջնահերթ է, ու սեռը կապ չունի՝ աղջիկ, թե տղա, պարտավոր ենք պատրաստ լինել կատարելու հայրենանվեր առաքելությունը:
Հայ կինը առանց վարանելու միշտ էլ կանգնել է տղամարդու կողքին, նրան թեւ ու թիկունք եղել երեկ, այսօր, անշուշտ, կլինի և վաղը…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #41 (1506) 06.11.2023 - 13.11.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում