Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԶինված ուժերում արդեն կես տարի է, ինչ կյանքի է կոչվել նոր ծրագիր՝ «Պաշտպան հայրենյաց», ինչը հնարավորություն է ընձեռում շարքային և սպայական կազմին պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով անցնելու պայմանագրային զինծառայության։

Ծառայության ժամկետը հինգ տարի է: Այդ ընթացքում ծրագրի մասնակիցը կստանա աշխատավարձ՝ օգտվելով պայմանագրային զինծառայողի համար նախատեսված արտոնություններից, կունենա աշխատավարձը կրկնապատկելու հնարավորություն, եթե ատեստավորում անցնի, իսկ ծրագրի ավարտին էլ կստանա 5 միլիոն դրամ պատվովճար:

Եթե ժամկետայինը պայմանագիր է ստորագրում ու անցնում վճարովի ծառայության, բայց ընթացքում որոշում է հրաժարվել այս ծրագրով ծառայելուց, ապա պայմանագրային ծառայության այդ ժամկետը չի հաշվարկվի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում, եւ զինծառայողը կշարունակի պարտադիր ծառայության չծառայած մասը։

«Հայ զինվորը» շարունակում է հարցախույզը՝ պարզելու, թե «Պաշտպան հայրենյաց» ծրագրին որքանո՞վ են տեղյակ մեր հայրենակիցները, և եթե տեղյակ են, ապա ի՞նչ տեսակետներ, կարծիքներ ու նկատառումներ ունեն։

 

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Դրական եմ գնահատում այս ծրագիրը։ Ըստ իս՝ այն լավ հնարավորություն է հատկապես շարքայինների համար, որոնք զինվորական դառնալու ցանկություն ունեն։ Սա մի կարևոր ուղի է կանոնավոր բանակում ծառայության անցնելու համար։ Թող կշռադատված որոշում կայացնեն՝ կարո՞ղ են և իրոք ուզո՞ւմ են։ Ամեն մարդ չի կարող զինվորական դառնալ, դա էլ ընդունակությունների, որոշակի որակների և ընտրության հարց է։ Հարցն այն է, որ ժամկետային զինծառայությունով անցածը նաև բանակային կյանքին քաջածանոթ մեկն է լինում և հետագայում սպա դառնալով, նա կարող է և՛ շարքայինի հոգեբանությունը լավ հասկանալ, և՛ սպայինը և միջանձնային փոխհարաբերությունները բանակում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շնորհիվ, կարծում եմ, ավելի ճիշտ հուն կստանան, ուսանելի ու լավ հիմքերի վրա կդրվեն։

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ՀԳՄ նախագահ

 

 

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԵս սահմանապահ գյուղի բնակիչ եմ։ Շատ լավ գիտեմ, թե ինչ դեր ու նշանակություն ունի զինվորական մասնագիտությունը և ինչ կարևոր ու պատասխանատու հանձնառություն է ենթադրում։ Աշխարհազորի կազմում 2020 թվականի պատերազմի ընթացքում մեր գյուղի տղամարդկանցով սահմանին ենք եղել, դիրքերում հերթապահել՝ կանոնավոր զորքի հետ։  Թեև արդեն թոշակառու եմ, բայց, որպես կամավոր, հիմա էլ պարբերաբար ներգրավվում եմ մեր սահմանի պաշտպանությանը: Սահմանապահ գյուղի յուրաքանչյուր բնակիչ պետք է իր զինվորի կողքին լինի։ Որպես այս ոլորտից ոչ հեռու անձնավորություն, կարծում եմ, որ «Պաշտպան հայրենյացը» անկասկած շատ լավ ծրագիր է։ Մեր իրողությունների պայմաններում իրոք հրաշալի ծրագիր է, երբ երիտասարդներին խրախուսում են ընտրելու  զինվորականի մասնագիտությունը և ստանձնելու այդ կարևոր առաքելությունը։ Եթե երիտասարդ լինեի, հաստատ ինքս էլ կդիմեի այս ծրագրին։ Ծրագիրը բավականին բովանդակալից է, պարզ։ Ցանկությունս է, որ մեր երիտասարդները ծանր ու թեթև անելուց հետո ամենայն պատասխանատվությամբ ստանձնեն ծրագրով նախատեսված հանձնառությունները և, իհարկե, օգտվեն այն արտոնություններից, որոնք նախատեսված են ծրագրով։

ՎԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ազատամարտիկ, ԵԿՄ Եղեգնաձորի տարածքային բաժանմունքի անդամ

 

 

ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԾանոթանալով «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, կարծում եմ, որ այն կարևոր դերակատարում կարող է ունենալ հայրենիքի պաշտպանի մասնագիտությունն ընտրած երիտասարդ զինծառայողների համար։ Ենթադրում եմ, որ 6 ամիսը բավարար ժամանակ է, որպեսզի ժամկետային զինծառայողը կողմնորոշվի ու որոշակիորեն հմտանա զինվորական գործում և պարտադիր զինծառայությունը օրենքի ուժով վերածի բնականոն մասնագիտական գործունեության։ Հույս ունեմ, որ ոչ միայն այս, այլև ապագայի նմանատիպ մյուս ծրագրերը հնարավորություն կտան մեր զինված ուժերին  կատարելագործվելու, է՛լ ավելի լավացնելու ծառայության որակը, բարձրացնելու արդյունավետությունը, ինչի արդյունքում տարեցտարի շահառուների հոսքը դեպի զինված ուժեր կմեծանա, իսկ մեր սահմաններն է՛լ ավելի պաշտպանված ու անվտանգ կլինեն։

ՎԱՀԵ ՍԱԼԱՀՅԱՆ

կրթական ծրագրերի ղեկավար

 

Պատրաստեց ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

Խորագիր՝ #41 (1506) 06.11.2023 - 13.11.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


09/11/2023