Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ



ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը հարուստ է Հայրենական մեծ պատերազմի հայազգի մասնակիցների փաստաթղթերի, լուսանկարների, ինչպես նաև նրանց հետ առնչվող այլ իրերով։ Փաստաթղթերի ֆոնդի ցուցանմուշներից հատկապես ուշագրավ են պատերազմի տարիներին ռազմաճակատից գրված նամակներն ու հուշերը։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից և հետպատերազմյան տարիներին տարբեր պաշտոններ զբաղեցրած Գուրգեն Մարտիրոսյանն իր հուշերն է փոխանցել հայազգի մարշալ Հովհաննես Բաղրամյանի մասին։

Գուրգեն Ազարիայի Մարտիրոսյանը ծնվել է 1917 թ. նոյեմբերի 15-ին Ղափանի շրջանի Կեմանց գյուղում (ներկայումս՝ ավերված)։ 1936 թ. ավարտելով Ղափան (ներկայումս՝ Կապան) քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը՝ մանկավարժական աշխատանքի է անցել նույն շրջանի Ծավ գյուղի թերի միջնակարգ դպրոցում։ 1938 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ։ Խորհրդային բանակ է զորակոչվել Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց կարճ ժամանակ անց՝ 1941 թ. նոյեմբերին: Պատանի Գուրգենը ռազմաճակատ մեկնելու ցանկությամբ կամավոր սկզբունքներով ներկայացել է զինկոմիսարիատ, որտեղից էլ գործուղվել է Սուխումի: Ռազմական գիտելիքները հարստացնելու նպատակով սովորել է տեղի հետևակային ուսումնարանում, ստացել «Կրտսեր լեյտենանտի» զինվորական կոչում:

Լեյտենանտ Մարտիրոսյանը սկզբում ծառայել է Անդրկովկասյան ռազմաճակատի 236-րդ հրաձգային դիվիզիայի 818-րդ գնդում՝ որպես վաշտի հրամանատար: 1942 թ. մայիսի 16-ին Ղրիմում ծանր վիրավորվել է: Ապաքինվելուց հետո ծառայությունը շարունակել է 389-րդ հրաձգային դիվիզիայի շտաբում՝ որպես շտաբի բաժնի պետի տեղակալ։

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՄայոր Գուրգեն Մարտիրոսյանն անցել է փառահեղ մարտական ուղի։ Հյուսիսային Կովկասի ռազմաճակատում մասնակցել է Չեչնիայի, Ինգուշեթիայի, Հյուսիսային Օսեթիայի, ինչպես նաև Ստավրոպոլի, Կրասնոդարի երկրամասերի Արմավիր, Մինվոդի, Ժելեզնովոդսկ քաղաքների ազատագրման համար մղվող մարտերին։ 1943 թ. կռվել է Ուկրաինական ռազմաճակատում, այնուհետև մասնակցել Պրահայի և Վիեննայի ազատագրման մարտերին։ 1945 թ. մայիսին Գերմանիա ներխուժած խորհրդային զորքերի շարքերում մարտնչել է ֆաշիստական բանակի դեմ՝ մասնակցելով Բեռլինի գրավմանը։

Ռազմաճակատում ցուցաբերած ծառայությունների համար Գուրգեն  Մարտիրոսյանը պարգևատրվել է «Կարմիր աստղ», Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով, «Մարտական ծառայությունների համար», «Կովկասի պաշտպանության համար», «Պրահայի ազատագրման համար», «Վիեննայի ազատագրման համար», «Բեռլինի գրավման համար» և այլ մեդալներով։ Պատերազմի ավարտից հետո՝ 1945 թ. դեկտեմբերին, զորացրվել և վերադարձել է Հայաստան։

1946 թվականի սեպտեմբերին շարունակել է ուսումը Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, զուգահեռ գործուղվել է սովորելու Հայաստանի կոմկուսի երկամյա դպրոցում։

1952-1956 թթ. Գուրգեն Մարտիրոսյանն աշխատել է Երևանի քաղաքային կոմիտեի կուսկազմակերպչական մարմինների բաժնի վարիչ։ 1956 թ. ընտրվել է ՀԿԿ Երևանի Սպանդարյան շրջանի առաջին քարտուղար։ 1961 թ. ընտրվել է ՀԿԿ Էջմիածնի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար։ 1963-1983 թթ. աշխատել է կուսակցական պետական վերահսկողության, ապա ժողովրդական վերահսկողության Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ։ Թոշակի անցնելու կապակցությամբ նշանակվել է ուսուցիչների կատարելագործման Երևանի քաղաքային ինստիտուտի տնօրեն։ Մահացել է 2006 թվականին, 89 տարեկան հասակում:

1960-ական թթ. սկզբին Գ. Մարտիրոսյանն զբաղեցրել է Էջմիածնի շրջանային կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնը և հենց այդ տարիներին էլ պատիվ է ունեցել երկու անգամ հանդիպելու Խորհրդային Միության կրկնակի հերոս, հայ ժողովրդի պանծալի զավակ մարշալ Հովհաննես Բաղրամյանի հետ։ «Այդ հանդիպումների ժամանակ ստացած տպավորություններս անմոռանալի են և ընդմիշտ կմնան հիշողությանս մեջ»,- իր հուշերում գրել է Գուրգեն Մարտիրոսյանը։

Փառապանծ հաղթանակների համար Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը պարգևատրվում է Լենինի շքանշանով, որի հանձնման կապակցությամբ 1961 թ. մայիսին Հայաստան է այցելում Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը: Վերջինիս ուղեկցողների թվում էր նաև մարշալ Բաղրամյանը: Այս հանգամանքը վկայում է ոչ միայն Ն. Խրուշչովի և Հ. Բաղրամյանի անձնական մտերմության, այլև բարձր ատյաններում մարշալի ունեցած հեղինակության մասին։

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԼենինի շքանշանի հանձնման միջոցառման ժամանակ Հովհաննես Բաղրամյանը Գուրգեն Մարտիրոսյանին և ներկաներին պատմել է, որ իր զինվորական ծառայությունն սկսել է Էջմիածնից, անձամբ մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին: Ծառայել է Էջմիածնի հեծյալ զորամասում: Էջմիածնի հեծելազորի պարապմունքներն ու մարզումներն անցկացվում էին տեղի աղակալած և գերխոնավ հողատարածքներում, որոնք հողագործի մեծ աշխատանքի շնորհիվ վեր էին ածվել վարելահողերի։ Ականավոր զորահրամանատարն այդ շրջանը համարում էր իր երկրորդ հայրենիքը։ Հրաժեշտի պահին սիրելի մարշալը գոհունակություն հայտնեց  Խրուշչովի հետ հանդիպումը լավ կազմակերպելու համար։

Հովհաննես Բաղրամյանի և Գուրգեն Մարտիրոսյանի երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել 1962 թ. ՍՍՀՄ Գերագույն խորհրդի ընտրությունների ժամանակ։ Մարտիրոսյանն իր հուշերում պատմում է, որ Էջմիածնի աշխատավորության կողմից հայազգի մարշալն առաջադրվել և ընտրվել էր ՍՍՀՄ Գերագույն խորհրդի ազգությունների պալատի պատգամավոր: Ինչպես ինքն էր ներկայացնում, իրազեկ էր շրջանի աշխատավորության ձեռքբերումներին և բացթողումներին։ Մարշալ Բաղրամյանը՝ որպես պատգամավորի թեկնածու, պետք է հանդիպեր Էջմիածնի շրջանի աշխատավորության հետ։ Այդ օրերին շրջանի աշխատավորությունը ցնծության մեջ էր։ Մեծից փոքր երազում էին տեսնել, մոտենալ, հնարավորության դեպքում գոնե սեղմել ձեռքը, գրկախառնվել հայ փառապանծ զորավարի հետ։ Հանդիպման օրը շրջանի աշխատավորությունը վաղ առավոտից զուռնա-դհոլով, երգ ու պարով սրտատրոփ սպասում էր մեծարգո հյուրի ժամանմանը։ Ժողովուրդը բուռն ծափերով, բացականչություններով, «ուռա՜»-ներով, բարեմաղթանքներով ընդառաջ էր գնում դեպի մարշալը…

Այդ օրերն անմոռանալի էին շրջանի ողջ ժողովրդի համար: Նրանք ավելի շատ զգացին զորահրամանատարի մեծությունը, նրա անսահման մարդասիրությունը և մեծագույն նվիրվածությունը իր ժողովրդին։ Թեև զորավարն ապրում ու արարում էր Մոսկվայում, այնուամենայնիվ, գիտեր Հայաստանը ողջ մանրամասնությամբ, լիարժեք գիտակ էր հայ ժողովրդի պատմությանը, տեղյակ էր նրա բոլոր խնդիրներին։ Մարշալը վստահում էր պատմության փորձին. «Հաղթանակի ուղին դժվարին է, և այն ազնվությամբ հաղթահարում է միայն նա, որին թևավորում է հայրենասիրությունն ու ազնվագույն նպատակը»:

ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական

պատմության թանգարանի գիտաշխատող

Խորագիր՝ #42 (1507) 14.11.2023 - 21.11.2023, Պատմության էջերից


16/11/2023