Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՐԺԱՆՏ ԿԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ



ՍԵՐԺԱՆՏ ԿԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ«Կարինեն գաղափարապես հզոր, կայացած անձնավորություն է, հայրենիքի նվիրյալ, որ հանուն հայրենիքի պատրաստ է ամեն ինչի: Ծառայության է անցել իր երկրին ուժերը ներածի չափով օգտակար լինելու համար: Նրան երբեք պարապ չեք տեսնի, անընդմեջ աշխատում է՝ ձգտելով կատարելության: Լավ մարդ է եւ լավ զինվորական,- այսպես է Կարինեին բնութագրում ընկերուհին՝ Արմինեն»:

 

Սերժանտ Կարինե Գրիգորյանը կանանց նորաստեղծ հրաձգային գումարտակում է ծառայում: Այլ զորամասից է տեղափոխվել՝ ցանկանալով իր ներդրումն ունենալ նոր ձեւավորվող ստորաբաժանման կայացման գործում: Վստահ է, որ գումարտակը շուտով կհամալրվի, բարձր արդյունքներ կգրանցի. ցանկացած նորամուծություն պահանջում է որոշակի ժամանակ, ջանքեր, նվիրում:

Կարինեի հետ զրուցում ենք բանակում կնոջ դերի, իր անցած ճանապարհի  մասին։

Համազգեստի հանդեպ սերը երիտասարդ աղջկան փոխանցվել է Արցախյան ազատամարտի մասնակից հայրիկից, նրա  կերպարով է ոգեշնչվել:

ՍԵՐԺԱՆՏ ԿԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ-2016 թ. քառօրյա մարտական գործողությունների ժամանակ ես էլ կամավորագրվեցի, բայց ինձ առաջնագիծ չտարան: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի համալրել հայոց բանակի շարքերը: Մայրս սկզբում դեմ էր իմ որոշմանը. «Առաջ հայրիկիդ էի ճանապարհում ու անհանգիստ, տագնապած սպասում, հիմա էլ քեզ եմ սպասելու»: Երկար զրուցեցի մայրիկիս հետ, համոզեցի, դե, իսկ հայրս ողջունեց որոշումս, հպարտացավ:

Սկզբում դժվար էր ապացուցել, որ «թույլ սեռն» այդքան էլ թույլ չէ… Ինքս ինձ համար ծառայության բարձր նշաձող եմ սահմանել՝ անընդհատ կատարելագործվել, գերազանցել ինքս ինձ: Իմ առաջ նպատակ եմ դնում ու հասնում դրա իրագործմանը: Դիրքերում ծառայության ժամանակ զինվորները խոստովանում էին, որ տեսնելով ցուրտն ու տապը, տարբեր դժվարությունները անտեսող, ամեն մանրուքից չտրտնջացող, թշնամու դիմաց իրենց կողքին վստահ կանգնած աղջիկներին՝ իրենք ավելի ոգևորված  են ծառայում:

Մարտական գործողությունների մասնակից է Կարինեն: Պատերազմական օրերից տարբեր դրվագներ է վերհիշում, պատմում 18-20 տարեկան տղաների անկոտրում կամքի ու վճռականության մասին:

…Կարինեի դեմքին ժպիտ է ուրվագծվում՝ մտաբերել է քաղցրավենիքի տուփերի հետ ուղարկված դպրոցական երեխաների ջերմ նամակները՝ քաղցրավենիքից քաղցր խոսքերով ու մաղթանքներով՝ «անհամբեր սպասում ենք, հետ կգաք…»:

-Հետ եկանք… Ասում են՝ պատերազմում կա՛մ մարմինդ է մնում, կամ հոգիդ… Դժվար էր ինքնուրույն հաղթահարել ապրումները, կառավարել հույզերը: Փորձում էի անընդհատ ինչ-որ բան ձեռնարկել, որ հոգիս փոթորկած  մտքերի հետ միայնակ չմնայի: Հետո ինքս ինձ վրա աշխատեցի՝ սգալով ոչ մի բանի չենք հասնի, անցյալի մեջ մնալը, ցավի մեջ մնալը ճիշտ չէ, պետք է ուժ գտնել առաջ շարժվելու, չհանձնվելու:

ՍԵՐԺԱՆՏ ԿԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԿարինեն պետական մանկավարժական համալսարանի զինվորական մանկավարժություն եւ հոգեբանություն բաժինն է ավարտել, նաեւ մասնագիտական գիտելիքների շնորհիվ է կարողացել հաղթահարել պատերազմի ցավը։

Հիմա էլ նոր նպատակ ունի՝ օժանդակել կանանց գումարտակի կայացմանը, նպաստել ստորաբաժանման կարևորության և արդյունավետության հանրայնացմանը:

-Վերջերս մի մանկապարտեզի կողքով էի անցնում: Տեսնել էր պետք, թե փոքրիկները ոնց էին ուրախացել։ «Աղջիկ զինվոր»՝ կանչում էին հետեւիցս… Չգիտեմ, գուցե մի փոքրիկ աղջնակի սրտում էլ զինվորական դառնալու կայծ վառեցի։

Կանանց գումարտակի ստեղծումը մարտահրավեր է մեր հասարակության մեջ առկա կարծրատիպերին: Փորձում եմ բացատրել, աղջիկներին ցույց տալ այստեղ բերող ճանապարհը: Ոմանք երկմտում են, հարցնում են՝ ինչո՞վ է գրավիչ կանանց ծառայությունը, ինչո՞ւ զորակոչվեն։ Պատասխանում եմ՝ Հայրենիքը պաշտպանելու, անառիկ պահելու համար: Միայն տղաները չպիտի կանգնեն սահմանին, աղջիկները եւս պետք է կարողանան զենք կրել, ունակ լինեն պաշտպանելու մեր երկիրը: Մեկը փամփուշտները կլիցքավորի, մյուսը կրակ կվառի, երրորդը կապը կապահովի… Ուզում եմ, որ շատերն այս ամենը գիտակցելով գան ու համալրեն կանանց գումարտակի շարքերը:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #42 (1507) 14.11.2023 - 21.11.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


16/11/2023