Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐԴԱՆՆ ԸՆՏՐԵՑ ԳԻՏԱԿՑՎԱԾ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆԸ



ՎԱՐԴԱՆՆ ԸՆՏՐԵՑ ԳԻՏԱԿՑՎԱԾ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆԸՎարդանը վերջին անգամ զանգեց հոկտեմբերի 13-ին։ Զրույցը երկար չտևեց. գուցե ծնողական պարզ, միևնույն ժամանակ զորավոր օրհնության կարիքն էր ունեցել, որովհետև բարձունքն ինչ գնով էլ լիներ՝ պիտի ազատագրվեր, իսկ բարձունքն անգին էր։ Հետո սկսվեց փնտրումի ծանր ուղին։ Ու ինչ-որ մի պահի Արմենն ինքն իրեն համոզեց՝ թող որ գիտությունը որդուն փնտրի զոհվածների մեջ, ինքը Վարդանին կփնտրի ողջերի մեջ: Իսկ Արմենը Վարդանին ամեն օր է գտնում, գտնում ու վերագտնում է հուշի ամեն պատառիկի մեջ։ «Մինչև պատերազմը՝ սեպտեմբերի 26-ին՝ Վարդանի ծննդյան օրը, վաշտի նկարիչը Վարդանին համազգեստ պիտի նվիրեր՝ մեջքին պահապան խաչի պատկերով, որ Վարդանը զորացրվելիս հագներ: Պատերազմի ժամանակ տղաները կորցնում են իրար, և միայն մարտական գործողությունների ավարտից հետո են ընկերները տեղեկանում Վարդանի զոհվելու մասին։ Տղաներից մեկը գտնում է վաշտի նկարչին, խնդրում նկարել խոստացած խաչն ու համազգեստը հասցնում մեզ»,- հերթով որդու հուշանկյան թանկ մասունքներն է ցուցադրում հայրը՝ Արմենը։

Զինվորական համազգեստը՝ նկարազարդված աղոթող ձեռքերով և խաչով, դառնալու էր Վարդանի ծննդյան նվերը, որ զորացրվելիս պիտի կրեր: Ընդամենը մեկ օր անց ամեն ինչ փոխվում է: Ստորաբաժանումը մշտական տեղակայման վայրից շարժվում է դեպի հարավ։ Հրամանատարի զոհվելուց հետո Վարդանն ինքն է ստանձնում անձնակազմի առաջնորդի դերը։ Մեծ կամքի ու համարձակության շնորհիվ հաջողվում է մի քանի մարտական խնդիր կատարել։

ՎԱՐԴԱՆՆ ԸՆՏՐԵՑ ԳԻՏԱԿՑՎԱԾ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆԸԱկտիվ, աշխույժ, միևնույն ժամանակ համառ ու կարծր բնավորությամբ կրտսեր սերժանտն իրեն վստահված անձնանունն ըստ արժանվույն էր կրում։ Վարդանին անվանակոչել էին ի պատիվ Արցախյան ազատամարտի հերոսներից մեկի՝ Արմենի մտերիմ ընկեր Վարդան Բախշյանի։ Վարդանը ոչ պակաս ոգեշնչվել էր նաև հորեղբոր կերպարով, որը նույնպես առաջին պատերազմի մասնակիցներից էր։ «Հոկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը Վարդանը վիրավորվում է ոտքից, երկրորդ անգամ վիրավորում է ստանում պարանոցի շրջանում, բայց հոսպիտալ գնալուց հրաժարվում է: Հոկտեմբերի 9-ի գիշերը ես հեռախոսով խոսում էի տղաների հետ, իրենք ինձ ասում էին՝ մենք հաստատ գիտենք, որ Վարդանը հոսպիտալում է, և կատակում էին, թե ինչ-որ տեղ Վարդանի բախտը բերեց: Այնինչ, Վարդանը հոսպիտալ չէր գնացել և միացել էր այլ ուղղությամբ իր աջակցության կարիքն ունեցող ընկերներին»,- որդու մարտական ընկերներից լսածն է փոխանցում Արմենը։

Թշնամին դիմացի բարձունքից անընդհատ կրակում էր մեր տղաների վրա: Պետք էր չեզոքացնել, լռեցնել կրակակետը, ինչն էլ արեց Վարդանն իր մի քանի ընկերների հետ: Կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող դիրքն ազատագրելիս զոհվում է Վարդանը, որ վաղուց ընտրել էր գիտակցված անմահությունը։

Վարդան Պետրոսյանը ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սան էր, ապագա մաթեմատիկոս և տաղանդավոր բասկետբոլիստ: Քույրը՝ Արմինեն, պատմում է, որ մի առիթով Վարդանն իրենց ասել է, որ կուզենար այնպիսի բասկետբոլիստ լինել, որի անունով մի օր մրցաշար կանցկացվի: Եվ միայն Վարդանի զոհվելուց հետո ընտանիքը որոշեց ի կատար ածել նրա երազանքը։ Վարդան Պետրոսյանի անվան բասկետբոլի հուշամրցաշարն արդեն սպասված միջոցառում է մարզասերների համար, իսկ Վարդանի հոր՝ Արմենի համար որդուն նորից ու նորից ողջերի մեջ վերագտնելու ևս մի հնարավորություն։

 

ՍԱԹԵՆԻԿ ԽԱԼԱԹՅԱՆ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

Խորագիր՝ #43 (1508) 22.11.2023 - 29.11.2023, Ճակատագրեր


24/11/2023