Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԸ ՆՎԻՐՅԱԼՆ Է



ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԸ ՆՎԻՐՅԱԼՆ ԷԶրույց նկարիչ ԽԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

 

Հայրենիքդ այնտեղ է, որտեղ անցել է քո մանկությունը: Հայրենիքից հեռանալով՝ դու կարող ես հետդ վերցնել ամեն ինչ, բացի քո մանկությունից, որովհետև մանկությունդ ու հայրենիքդ իրարից բաժանել չես կարող: Նրանք տարրալուծված են մեկը մյուսի մեջ: Սրանք Ձեր խոսքերն են: Ի՞նչ կփոխվի մարդու կյանքում առանց այդ երկուսի, ի՞նչ կպակասի:

-Հեքիաթն ու հրաշքի սպասումը, այն ջերմությունը, որն ամենադժվար պահերին անգամ ներսից տաքացնում է քեզ: Լսում եմ մանկություն բառը ու զգում եմ մորս թխած գաթայի բույրը: Լիությունը իմ մտապատկերում արթնանում է որպես մի մեծ էմալապատ տաշտ, պռնկեպռունկ լցված անուշահամ, կարմրաթուշ գաթաներով: Ես ապրել եմ եվրոպական երկրներում, ճաշել եմ լավագույն ռեստորաններում, բայց մորս թխած գաթայի պես համեղ ոչինչ չեմ կերել: Կյանքում շատ ուրախություններ եմ տեսել, բայց մայիսմեկյան շքերթին մասնակցելու համար գնված մի զույգ սանդալի պարգևած  ցնծությունն իմ կյանքում այդպես էլ չկրկնվեց: Անհամեստ չհնչի, ես բազում մասնագիտական հաջողություններ եմ ունեցել, փայլուն ցուցահանդեսներ Հայաստանում և Եվրոպայում, բայց երբեք այնպես չեմ հպարտացել, ինչպես այն ժամանակ, երբ զինվորական հայրս, որպես լավագույնը, դրոշակը պարզած՝ քայլում էր իր դասակի առջևից: Չկա ավելի քաղցր հուշ, քան ձեռագործ անող մորս զուլալ երգը…

Այդուհանդերձ, Դուք որոշ ժամանակ արտերկրում եք ապրել:

-Ճիշռտ բառեր ընտրեցիք՝ որոշ ժամանակ…Ես գնացել էի արտերկիր՝ տեսնելու մեծ արվեստի աշխարհը, գնացել էի կատարելագործվելու, լսելու օտարների գնահատականը, ճշտելու իմ տեղն ու վաստակը…Գործս ավարտեցի ու վերադարձա: Զարմանալի է, բայց հեռվում ավելի մոտ էի Հայրենիքիս: Օտարության մեջ զգացի, թե ինչպես եմ մասնատվում առանց Հայրենիքի, ինչպես եմ բաժանվում իմ էությունից: Հիմա ես ավելի լավ եմ նկարում ու ոչ միայն այն պատճառով, որ ես արտերկրում հնարավորություն եմ ունեցել յուրացնելու մեծերի փորձը, ժամերով քարացել եմ Վան Գոգի կտավների առաջ, այլ նաև այն, որ տարիների հետ ավելի եմ մոտեցել Հայրենիքիս:

ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԸ ՆՎԻՐՅԱԼՆ ԷՄի հարցազրույցի ժամանակ ասել էիք, որ գնացել եք արտերկիր լույսի հետևից: Այդ ինչ լույս է, որ չկար Ձեր մանկության մեջ ու Ձեր Հայրենիքում:

-Դա բացարձակապես նկարչությանն է վերաբերում ու մասնագիտական դիտարկում է, կապ չունի այն լույսի հետ, որ Դուք եք պատկերացնում: Խոսքը գույնից լույս ստանալու կարողության մասին է: Շատերն ասում են, որ Մարտիրոս Սարյանը վառ գույներով է նկարում: Նման բան չկա: Պարզապես Վարպետի գույնը լույս է արտածում: Ընդունված է հայ ազգային կերպարվեստը բնորոշել վառ գույներով, մինչդեռ իրականում մեզ հատուկ է լույսի առատությունը: Դա գալիս է մեր անկոտրում հավատից, մեր կենսունակությունից, մեր չմարող հույսից, մեր լավատեսությունից….Նույնիսկ մեր մուգ գույների մեջ լույս կա:

Կարո՞ղ ենք ասել, որ Լույսը մեր ազգային գույնն է:

-Թող դա էլ լինի Ձեր ձևակերպումը: Ես այն նկարիչներից չեմ, որոնք մանկուց պաշտել են նկարչությունը: Ես վայրիվերո նկարել եմ ու երազել եմ մարզիկ դառնալ: Նկարչությունը ինձ նվաճել է դանդաղ, ես սիրել եմ այն, երբ զգացել եմ բարձր, ճշմարիտ արվեստի շունչը: Այդ շունչը միայն նկարելու վարպետությունը չէ, դա գեղեցկության, վեհության, տաղանդի, մարդասիրության ու մեծ Առեղծվածի մթնոլորտն է, որը ճշմարիտ արվեստագետներն են արարում՝ իրենց ազգի համար ստեղծելով հոգևոր Հայրենիք:

Ես առավելապաշտ եմ, եթե խասքը վերաբերում է մասնագիտությանս: Ես սկսում եմ նկարել, երբ իմ մեջ կուտակված ահռելի էներգիան, լարումը պարպելու կարիք եմ զգում: Ես վրձինը դնում եմ կտավին ու բռնում եմ մի ճանապարհ, որը չգիտեմ, թե ուր է տանելու ինձ: Բայց մի բան գիտեմ հաստատ, որ իմ արածի մեջ կեղծիք չկա, չկա պատեհապաշտություն: Ես ամբողջ սիրտս, էությունս, ուժերս դնում եմ իմ գործի մեջ: Սա մեծ պատասխանատվություն է այն մարդկանց հանդեպ, ովքեր ճամփորդելու են ինձ հետ արվեստի աշխարհում, ավելի ճիշտ՝ ես առաջնորդելու եմ նրանց:

ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԸ ՆՎԻՐՅԱԼՆ ԷՈ՞վ է հայ իրականության հերոսը այսօր:

-Նվիրյալը: Այն զինվորականը, բժիշկը, ուսուցիչը, մաքրուհին, հնձվորը, դերձակը, երաժիշտը, որոնք նվիրումով են անում իրենց գործը: Նրանք են կերտում վաղվա Հայաստանը, նրանք են Հայրենիք կառուցում: Նրանց համար նվիրումը ապրելակերպ է և հոգու վիճակ: Նրանք չեն մտածում, որ իրենք հայրենասեր են, չեն ճառում Հայրենիքի հանդեպ սիրո մասին: Նրանք երկրի ողնաշարն են, երկրի հոգին:

Չգիտեմ՝ ուրիշ ազգերը ինչ դեր են վերապահում իրենց արվեստագետներին, բայց մենք՝ հայերս, չենք բավարարվում նրանց ստեղծած գործերը վայելելով: Մենք հանձին արվեստագետի՝ տեսնում ենք մեր հասարակության բարոյական առաջնորդին, մենք ուզում ենք, որ արվեստագետը խոսի մեզ հետ դժվարին, օրհասական պահերին, ունենա շեշտված քաղաքացիական նկարագիր…

-Արվեստագետը պիտի իր ժողովրդի բարոյական առաջնորդը լինի ոչ թե խոսելով ու քարոզելով, այլ իր գոյությամբ, իր կյանքով, իր ապրելակերպով…Ես ցուցահանդես բացեցի՝ ցանկանալով վաճառել նկարներս ու հասույթը տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին: Մի՞թե ես պիտի բարոյախրատական ճառ ասեի միասնության, մեկս մյուսին օգնելու, մեր հայրենակիցներին սատարելու մասին: Ո՞վ ինձ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԸ ՆՎԻՐՅԱԼՆ Էկհավատար, ո՞ւմ կհուզեր իմ ճառը: Արվեստագետը պիտի կարողանա խանդավառել մարդկանց, պիտի կարողանա իր հավատը, լավատեսությունը փոխանցել նրանց, թևեր տալ: Ծովագյուղի դպրոցում դասավանդելիս ես աշակերտ ունեի, որը մի քանի տարի մնացել էր նույն դասարանում, համադասարանցիներից բավականին մեծ էր ու բացարձակ անտարբեր էր դասերի նկատմամբ: Մի օր զարմանքով տեսա, որ կատարել է տնային աշխատանքը, նկարել է ու բավականին լավ: Այդ օրը նա ստացավ իր կյանքի առաջին գերազանցը: Հետզհետե սկսեց ավելի լավ նկարել: Մի օր օրագիր դրեց իմ սեղանին, որ իր գերազանցը «տուն տանի»: Ասում էին՝ առաջին անգամ օրագիր է բերել դպրոց:

Հիմա մենք բոլորս՝ ազգովի, էդ գերազանց-ի կարիքն ունենք ու պիտի ուժ տանք իրար, պիտի մեկս մյուսին հավատ ներշնչենք:

Ի՞նչն է Ձեզ այսօր խանդավառում ամենից շատ, և ի՞նչն է թևաթափ անում:

-Ինձ թևաթափ է անում անտարբերությունը: Հայի սիրո տարածքը չի կարող ամփոփվել իր տան ու իր ընտանիքի շրջանակում: Ինձ խանդավառում է երիտասարդ սերնդի ամրությունն ու կենսունակությունը: Ամենադաժան արհավիրքն անգամ չկարողացավ կոտրել նրա երազանքները: Երիտասարդ հայը հավատում է իր ապագային ու հույսը միայն իր վրա է դնում: Ես վստահ եմ, որ նա կկառուցի իր երազած Հայրենիքն ու կպաշտպանի նրա անվտանգությունը:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #43 (1508) 22.11.2023 - 29.11.2023, Հոգևոր-մշակութային


24/11/2023