Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՁՆԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ



ԱՆՁՆԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՈՎԶրույց փոխգնդապետ ԳՐԵՆԻԿ ՊԱՊՈՅԱՆԻ հետ:

 

-Պարո՛ն Պապոյան, Ձեր ծառայողական կենսագրությանը ծանոթանալիս բազում ձեռքբերումների ու հաջողությունների շարքում առանձնացրի մի քանիսը. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտելուց անմիջապես հետո սկսել եք հրետանու մարտավարություն դասավանդել նույն բուհում, սահմանային զորամասերում Ձեր ղեկավարած հրետանային մարտկոցները լավագույնն են ճանաչվել իրենց ցուցանիշներով, 2007-ին Դուք առաջին տեղն եք գրավել «Կրակային վահան» համաբանակային մրցույթում, և վերջինը՝ ատեստավորման քննություններից Ձեր արձանագրած արդյունքները լավագույններից մեկն են զորամասում: Այս նվաճումները դժվա՞ր են տրվում Ձեզ:

-Դժվար բառը ինձ համար ուրիշ բովանդակություն ունի, որովհետև ես մանկուց եմ դժվարություններ հաղթահարել և դրա համար հորս եմ պարտական: Հայրս խիստ մարդ էր, տղամարդ դաստիարակելու իր մեթոդներն ուներ: Նա ասում էր, որ տղամարդը պիտի մեծ հոգս վերցնի իր ուսերին, պիտի ոչ միայն իր ընտանիքը պահի, պաշտպանի, այլև հոգա հարազատների կարիքները, օգնի իր շրջապատի մարդկանց: Ես 12-13 տարեկանից աշխատել եմ: Դպրոցից վազելով գալիս էի տուն ու գնում էի այգի, որ օգնեմ հորս գյուղատնտեսական աշխատանքներում, հետո ոտքով 10 կիլոմետր ճանապարհ էի կտրում, որ հասնեմ անտառ ու տուն բերեմ անասուններին, իմ հոտը պաշտպանում էի գայլերից ու արջերից:

-Դուք ընտանիքի միա՞կ որդին եք:

-Ո՛չ, կրտսեր եղբայր ունեմ, որ ինձնից փոքր է 6 տարով: Մի անգամ Գեղամին ինձ հետ տարա անտառ ու կրակն ընկա: Հետդարձի ճանապարհը շալակած եմ բերել: Հայրս սկսեց «մարզել» Գեղամին, երբ ես ընդունվեցի ռազմական բուհ ու գնացի տնից: Գեղամը տղամարդ դառնալու նույն ճանապարհն է անցել հորս ցուցումով, ինչ ես: Հիմա նա փոխգնդապետի կոչում ունի: Հայրս հպարտանում է, որ երկու որդիներն էլ զինվորական են: Նա շատ զուսպ մարդ է, մանավանդ՝ գովեստ շռայլելիս, բայց ես տեսել եմ, թե ինչ խանդավառությամբ է խոսում մեր ծառայությունից:

ԱՆՁՆԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ-Ենթադրում եմ, որ Ձեր հայրն է ուղղորդել իր որդիներին դեպի ռազմական գործը:

-Չէ՛, հայրս չի միջամտել ո՛չ իմ, ո՛չ էլ Գեղամի մասնագիտության ընտրությանը: Նա մեզ դաստիարակել է այնպես, ինչպես իր Սարո պապը դաստիարակել էր իրեն: Չէր հանդուրժում, երբ տղան տրտնջում կամ բողոքում էր, ասում էր՝ տղան չպետք է նվնվա: Աշխատում էր ուժասպառ լինելու աստիճանի, մինչև մկանները պողպատի պես ձգվեին: «Չեմ կարող» բառերը ջնջել էր մեր բառապաշարից: Անտարբերությունը վախկոտություն էր համարում, թուլությունը՝ մեծ արատ:

… Ինչ վերաբերում է մասնագիտական ընտրությանը, ես պատահաբար իմացա ռազմական բուհի մասին ու որոշեցի փորձել ուժերս: Իսկ եղբայրս մասնագիտությամբ դեղագործ է: Նա ժամկետային ծառայությունից հետո որոշեց մնալ բանակում:

Ռազմական բուհի ռեժիմը խաղ ու պար էր ինձ համար, որովհետև բուհը հանգստյան տուն էր այն դժվարությունների հետ համեմատած, որ ես մանկուց հաղթահարում էի քաղաքացիական կյանքում:

-Ինչպես զրույցի սկզբում նշեցի՝ Ձեր ղեկավարած մարտկոցները միշտ բարձր արդյունք են ցույց տվել, սա արդեն կոլեկտիվ աշխատանքի արգասիք է ու աշխատասիրությունից բացի այլ ունակություններ է պահանջում…

-Ես շատ պարզ բանաձև ունեմ, որոնք արդարացնում են իրենց մինչ օրս: Եթե ենթականերդ տեսնում են, որ դու կաշվից դուրս ես գալիս, տքնում ես, չարչարվում ես հանուն հաջողության, ապա վստահաբար չեն կարող գլուխ պահել, կգան քո հետևից: Եթե դու սրտացավ ես քո ենթականերից յուրաքանչյուրի հանդեպ, եթե նրանք զգում են քո հարգանքը, սերն ու հոգատարությունը, չեն կարող չհարգել մեկը մյուսին, չեն կարող չօգնել իրար: Դա բարոյական վարքականոն է, որ անձնական օրինակով հաստատում ես քո ղեկավարած զինվորական կառույցում:

Չմոռանամ ասել, որ ռազմական բուհում դասավանդելը շատ էր տարբերվում զորքերի ծառայությունից: Անձնակազմի ղեկավարումը առաջնագծում, լեռների, քարերի մեջ, վտանգին դեմհանդիման, պահանջում էր կրկնակի պահանջկոտություն ու կրկնակի սրտացավություն, կրկնակի սեր ու կրկնակի խստություն: Այստեղ կարևոր գործոն է հրամանատարի հեղինակությունը: Հրամանատարը պիտի իր ղեկավարած կառույցի լիդերը լինի բոլոր առումներով՝ հայրենասիրությամբ, քաջությամբ, նվիրումով, ինտելեկտով, բարոյականությամբ, մասնագիտական գիտելիքներով… Ենթական պիտի ձգտի հասնել իր հրամանատարի հեղինակությանն ու պատվին: Տեսեք, ես մասնակցեցի ատեստավորման քննություններին, որովհետև խոսքս գործով ապացուցելու և ենթակա անձնակազմին օրինակ լինելու պարտավորություն ունեի: Ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը և կարծում եմ, որ զինվորական խավը պիտի համալրի հայ հասարակության մտավորական շերտը: Ուսադիրներիս ծանրությունը ես զգում եմ ամեն պահի ու անընդհատ աշխատում եմ ինձ վրա, անընդհատ նոր գիտելիք եմ ստանում, ինքնակրթվում եմ:

-Պարո՛ն Պապոյան, ասում էինք, որ շնորհակալ եք Ձեր հորը մանկուց Ձեզ ծանրաբեռնելու, դժվար աշխատանքի վարժեցնելու համար: Դուք նույն կե՞րպ եք դաստիարակում Ձեր որդուն:

-Այո՛: Ես վստահ եմ, որ ապագա տղամարդը պիտի կոփվի մանկուց: Իմ տղան 4 տարեկան է, պապի անունն է կրում: Ես մարտիկ եմ մեծացնում: Կարևոր չէ, թե հետագայում ինչ մասնագիտություն կընտրի, բայց ֆիզիկապես ու հոգեպես պիտի մարտիկ լինի: Սարո մեծ պապս, հայրս ու ես տղամարդու այդ տեսակն ենք հարգում:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #44 (1509) 27.11.2023 - 01.12.2023, Ազգային բանակ


30/11/2023