ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԱՆ
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ուսումնական ծրագրով նախատեսված տարբեր պարապմունքներ են անցկացվում: Ապագա սպաների պատրաստության կարևոր և պարտադիր մասն է նաև օդադեսանտային պատրաստությունը: Օրերս ակադեմիայի հատուկ նշանակության և հետախուզական ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ սովորող երկրորդ կուրսի կուրսանտներն իրենց հերթական, ուսումնական ծրագրով նախատեսված ամփոփիչ անկարգելային թռիչքներն իրականացրին:
-Պարապմունքներն անցկացնում են ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության որոնողափրկարարական և պարաշյուտադեսանտային ծառայության սպաներն ու ռազմական ակադեմիայի հետախուզության ամբիոնի դասախոսները,- նշեց փոխգնդապետ Վահե Վազյանը: -Գործնական վարժանքների ընթացքում ապահովվում է կուրսանտների հոգեբանական պատրաստվածությունը, նրանք հաղթահարում են բարձրության հանդեպ վախը: Անկարգելային թռիչքներից բացի, կատարվելու է նաև դեսանտավորում ուղղաթիռից պարանի միջոցով: Նմանատիպ վարժանքները նորություն չեն, սակայն աստիճանաբար ձգտելու ենք ուսումնական ծրագրում ավելացնել նոր տարրեր՝ հաշվի առնելով զինված ուժերի զարգացման միտումները:
Փորձառու հրահանգիչները ևս մեկ անգամ կուրսանտներին հիշեցնում են անվտանգության կանոնները, ազատ անկման ընթացքում գործողությունների ճիշտ հաջորդականությունը, վերստուգում հանդերձանքը, ամրակցումները և անձնակազմին ուղեկցում դեպի ուղղաթիռը։ Նախաթռիչքային խիստ պատրաստություն են անցել կուրսանտները՝ սպաների և հրահանգիչների հսկողության ներքո: Նրանք սովորել են անկարգելը կառավարելու, վայրէջք կատարելու, վայրէջքի պահին ճիշտ դիրք ընդունելու և այլ հմտությունները: Ստացած գիտելիքները այժմ պետք է ցուցադրվեն գործնականում:
Թռիչքի վերաբերյալ անհրաժեշտ ցուցումներ ստանալուց հետո հերթով ուղղաթիռ են բարձրանում կուրսանտները։ 800 մ բարձրության վրա սկսվում է դեսանտավորումը: Բոլորը վայրէջք են կատարում նախանշված կետերում: Թռիչքն ու վայրէջքը բարեհաջող են անցնում: Անձնակազմը պատրաստվում է ուսումնական հաջորդ վարժանքին՝ դեսանտավորում ուղղաթիռից առանց պարաշյուտի, պարանի միջոցով: Գործողությունը կատարվում է տարբեր բարձրություններից՝ շտկելով նախորդ փորձի ժամանակ գրանցված թերությունները: Պարանով իջնելուց հետո դեսանտը զբաղեցնում է սահմանված տեղերը և անցնում շրջանաձև պաշտպանության մինչև հիմնական խնդիր ստանալը:
Վարժանքի արդյունքներն ամփոփում է փոխգնդապետ Արտակ Հակոբյանը:
-Թռիչքների տվյալ փուլում կատարեցինք զենքով թռիչք անկարգելով և պարանով դեսանտավորում ուղղաթիռից: Անձնակազմի գործողություններից գոհ եմ, մեր փոխանցած գիտելիքը նրանք կարողանում են կիրառել գործնականում: Նմանատիպ վարժանքների արդյունքում կուրսանտները ձեռք են բերում ինքնավստահություն, բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն, ինչը շատ կարևոր կլինի հետագայում առաջադրված մարտական խնդիրները ճիշտ կատարելու համար։
Վարժանքից հետո հատուկ նշանակության ջոկի կուրսանտները կիսվում են իրենց տպավորություններով:
Գևորգ- Անկարգելով թռիչքը մի աննկարագրելի զգացում է, չգիտեմ էլ ինչի հետ համեմատել։ Առաջին թռիչքս առանձնապես չի տպավորվել, լարված էի: Ավելի շատ երկրորդ ու երրորդ թռիչքներս եմ հիշում, երբ արդեն գիտեի՝ ինչ է սպասվում: Վախդ հենց այդ ժամանակ ես հաղթահարում, որովհետև օդում դու մենակ ես, ոչ ոք չի կարող օգնել, ինքնուրույն պետք է անես հրահանգիչների սովորեցրած գործողությունները: Վեցերորդ թռիչքս էր այսօր, կարծես սովորական մի բան՝ ըստ կարգացուցակի: Ավելի շատ տեխնիկայի կատարելագործման վրա ենք աշխատել, որ ավելի ճշգրիտ վայրէջք կատարենք։ Լիարժեք իրականացրել եմ առաջադրանքը, խնդիրներ չեն եղել: Անհամբեր կսպասեմ նոր թռիչքների:
Վաչե- Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն եմ ավարտել: Համազգեստի հանդեպ հարգանք, հայրենասիրություն, ծնողների դաստիարակություն, ամեն ինչ միախառնվել է ու ամրապնդել իմ այն գիտակցումը, որ երկրին պետք են պատրաստված, գրագետ սպաներ: Եվ այժմ ես պատրաստվում եմ դառնալ հետախուզական դասակի հրամանատար: Սիրում եմ իմ մասնագիտությունը, հատուկ նշանակության ստորաբաժանումում ծառայելու համար կհաղթահարեմ բոլոր դժվարությունները: Հպարտ եմ ու ոգևորված, որ վարժանքից հետո հրամանատարը իմ գործողություններին ամենաբարձր գնահատականը տվեց: Առաջին թռիչքից սկսած վստահ կատարել եմ վարժությունը, երկու ոտքերիս վրա կանգնելով վայրէջք կատարել: Մինչև անկարգելի բացվելը անչափ հետաքրքիր է. երեք վայրկյան զգում ես ազատ անկման վայելքը: Հետո արդեն պարզապես հիշում ու կատարում ես հրահանգիչների ցուցումները։ Լինում է՝ որոշ բաներ մոռանում ենք, բայց այնպիսի պատրաստություն ենք անցել, որ ցանկացած իրավիճակից կարողանանք դուրս գալ: Գործնական վարժանքները մեզ սեփական ուժերի հանդեպ վստահություն են տվել:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #44 (1509) 27.11.2023 - 01.12.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում