Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՈՒՐ ՊԱՐԻՍՊ՝ ՍԱՀՄԱՆԻՆ



ԱՄՈՒՐ ՊԱՐԻՍՊ՝ ՍԱՀՄԱՆԻՆՀրաչ պապի կառուցած երկհարկանի տանը ապրում են նրա երկու որդիները՝ իրենց ընտանիքներով, ու Նարիկո տատը: Տասնմեկ հոգի: Հրաչ պապը արդեն չկա, ու նրա թոռներից երկուսը պապի պատվին Հրաչ ու Հրաչուհի անուններն են կրում: Վայքում Իխտիարյանների տունը նշանավոր է ոչ միայն մեծ ընտանիքով. այդ տանը ապրող տղամարդկանցից երեքը զինվորական համազգեստ են կրում, ավելի ստույգ՝ սահմանապահ են՝ Հրաչ պապի երկու որդիներն ու թոռը՝ Տիգրան Իխտիարյանը:

-Առայժմ՝ երեք զինվորական ունենք,- աում է Տիգրանը,- բայց շատ հավանական է, որ Հարությունը, Հովհաննեսն ու Հրաչն էլ զինվորական դառնան:

-Ինչո՞ւ է հավանական:

Ես ուզում եմ՝ Տիգրանն ամրապնդի ասածը, հաստատի…ինձ անչափ դուր է գալիս մի ընտանիքում 5-6 սահմանապահ տեսնելու հեռանկարը:

-Եթե ծնված օրվանից լսում ես, որ Հայրենիք պաշտպանելը ամենապատվաբեր գործն է, որ զինվորական համազգեստը քաջերի հանդերձանքն է, ապա զինվորական դառնալուց բացի ուրիշ միտք չի ծնվում ապագայիդ մասին մտածելիս:

Ես Տիգրանին չհավատալու պատճառ չունեմ, քանի որ զինվորն իր օրինակով է հաստատում ասածը: Նա զորակոչվելուց մեկ տարի հետո Արմավիրի ուսումնական զորամասում վերապատրաստվել ու ատեստավորվել է ծառայությունը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով շարունակելու համար:

-«Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայության 5 տարիները փորձաշրջան կլինեն ինձ համար, որից հետո հույս ունեմ իսկական զինվորական դառնալ:

-Ի՞նչն ես փորձում:

-Զինվորականի մասնագիտությունը որքան ցանկալի ու պատվաբեր, նույնքան դժվար է ու պատասխանատու,- Տիգրանն սկսում է ծանրումեծ բացատրել զինվորականի մասնագիտության յուրահատկությունները,- միայն ցանկությունը քիչ է, պիտի կամքդ ու ֆիզիկական հնարավորություններդ, գիտելիքներդ ու խառնվածքդ համապատասխանեն սահմանապահի գործի պահանջներին: Պիտի պատրաստ լինես նվիրվել ծառայությանը՝ հրաժարվելով բազմաթիվ հաճույքներից: Պիտի կարողանաս հայրենիքիդ անվտանգությունը վեր դասել սեփական կյանքից: Բառերով այս ամենը հեշտ է ու սիրուն: Բայց երբ սկսում ես գործել, հասկանում ես, թե որքան մեծ պատասխանատվություն ես վերցրել ուսերիդ:

-Եթե գործդ իրոք սիրում ես, դժվարություններից չես վախենում,- ես ոգևորում եմ Տիգրանին,- դու փորձաշրջանդ հաջողությամբ ես անցնում. հրամանատարներդ քեզ լավագույն զինծառայողներից մեկն են համարում:

-Ես երկու գործ եմ սիրում՝ սահման պահել ու մեղու,- ասում է Տիգրանը խանդավառված: Սահման պահել ու մեղու պահել արտահայտությունները կողք կողքի, իրոք, զավեշտալի են թվում ինձ:

-Այդ երկուսը որևէ ընդհանրություն ունե՞ն,- հարցնում եմ ծիծաղելով: Տիգրանը նույնիսկ չի ժպտում, մտածում է: Հետո ասում է վստահ.

-Ունեն:

-Դե, բացատրիր,- ես տրամադրվում եմ հետաքրքիր զրույցի, իսկ Տիգրանը սկսում է պատմել:

-Մեղվի փեթակը ապրում է յուրահատուկ օրենքներով: Փեթակում իշխում է կարգապահությունն ու արդարությունը: Եթե չլինի կարգապահություն, ու եթե մեղուները չենթարկվեն օրենքներին, փեթակը կփլվի, կվերանա: Մեղուները շատ աշխատասեր են: Աշխատավոր մեղուները օրնիբուն ծաղկից ծաղիկ են թռչում, որ նեկտար բերեն: Ոստիկան մեղուները հսկում են ու պատժում կարգազանցներին, օրինակ՝ ծույլ մեղուներին, որոնք բարիք չեն ստեղծում և ուզում են ուրիշների հաշվին վայելել կյանքը: Կան զինվոր մեղուներ, որոնք պաշտպանում են փեթակը օտար ներխուժումներից: Իսկ մայր մեղուն փեթակի տիրակալն է: Նրան հարգում ու ենթարկվում են բոլոր մեղուները: Մեղուները հանդարտ են ու խաղաղասեր, չեն սիրում ագրեսիա ու եթե վտանգ զգացին, կխայթեն:

-Պետության մոդել է,- եզրակացնում եմ ես:

-Պետության կամ ընտանիքի…Այստեղ կարևորը կարգուկանոնն է, օրենքին ենթարկվելը, աշխատասիրությունը, բարիք ստեղծելն ու կարգազանցներին արդարորեն պատժելը. չաշխատողներին դուրս են շպրտում փեթակից: Ես այս ամենը տեսել եմ մանկուց: Դպրոցական տղա էի, երբ հորս հետ փեթակները տանում էինք Ուղեձոր գյուղի սարերը: Դիրքերում ամենից շատ սարերի կյանքն եմ հիշում, երբ հորս հետ ապրում էինք փոքրիկ տնակում, խնամում էինք մեղուներին ու ժամերով զրուցում: Հայրս ամսվա կեսը դիրքերում էր լինում, ու երանություն էր սարերում միասին ապրելը: Ինչից ասես, որ չէինք խոսում: Բանակից, հայրենիքից, մարդկային հարաբերություններից, տղամարդու պատվից, մեղուների վարքից…Ես, կարելի է ասել, սարերում եմ դաստիարակվել:

-Սարերում դաստիարակված տղայի համար զինծառայությունը պիտի որ խաղուպար լինի:

Անկեղծ ասած՝ ինձ զարմացնում է փորձաշրջանի գաղափարը. ի՞նչ մտավախություն պիտի ունենա այսքան խելացի ու կազմակերպված տղան զինվորականի մասնագիտությունն ընտրելիս, որ ինքն իր համար 5 տարվա փորձաշրջան սահմանի:

-Գուցե չհամաձայնեք, բայց ցանկացած գործ կարող ես փոքր-ինչ թերի անել, միջակ, բացի զինվորական գործից: Եթե զինվորական ես, պիտի գերազանցի ձգտես: Ես չկարողացա ատեստավորման քննություններից իմ ցանկացած գնահատականները ստանալ, թեև քրտնաջան պարապել էի:

-Ոչինչ, հետզհետե կհասնես քո ուզած արդյունքներին: Կարևորը ձգտումն է:

-Ես գյուղացի պինդ տղա եմ, բայց ծառայության մի քանի ամիսը շատ էի դժվարանում. ֆիզիկական վարժանքները ծանր էին:

-Բայց հաղթահարեցիր, չէ… Եվ հետո՝ ոչ ոք չի ասել, որ ծառայությունը հեշտ է:

-Երբ դու կանգնում ես սահմանին, երբ դիմացդ հակառակորդն է, իսկ թիկունքում՝ Հայրենիքդ, տարօրինակ զգացողություն ես ունենում, թվում է՝ դու սովորական մարդ չես, այլ .. պարիսպ: Ակամա ինքդ քո ամրությունն ես ստուգում մտովի: Ուրիշ ոչինչ քեզ չի մտահոգում սեփական ամրությունից բացի:

-Հրաշալի է,- ասում եմ ես,- վստահ եմ, որ 5 տարվա փորձաշրջանը անցնելուց հետո դու մնալու ես բանակում ու համալրելու ես լավագույն զինվորականների շարքերը:

– Սպաներ կան, որոնք տղամարդու կատարելատիպ են ինձ համար՝ իրենց ինտելեկտով, բարեկրթությամբ, զինվորի հանդեպ վերաբերմունքով, մարդկային որակներով, հայրենասիրությամբ: Զինվորը հրամանատարից է օրինակ վերցնում:

-Ի՞նչ անձնական երազանքներ ունես, բանակից, զինվորական գործից դուրս,- հարցնում եմ՝ որպես զրույցի վերջաբան:

-Ուզում եմ տուն կառուցել իմ ծննդավայրում: Մեր ընտանիքում յոթ տղամարդ կա, հինգը ամուսնացած չեն… Մի օր նրանք բոլորն էլ ընտանիք են կազմելու, երեխաներ են ունենալու: Տունը, որտեղ ծնվել ես, շատ հարազատ է ու թանկ, բայց պիտի հայրական տնից հեռանալու ու նոր օջախ հիմնելու ուժ գտնես քո մեջ: Մեկ էլ՝ պիտի շատ որդիներ ունենաս, որ քո կառուցած տունը միշտ կանգուն մնա…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #45 (1510) 01.12.2023 - 08.12.2023, Ազգային բանակ


06/12/2023