ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԱԶԴԱԿ՝ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԳՏԵԼՈՒ
Պատվո պահակային վաշտի ավագ Մանվել Հարությունյանը զորամասի լավագույն զինվորականներից է: Հարությունյան գերդաստանի առաջին զինվորականն աչքի է ընկնում բարեխիղճ ու նվիրված ծառայությամբ:
Բանակ զորակոչվելիս զինվորական կենտրոնական հավաքակայանում արտաքին տվյալների՝ ձիգ կեցվածքի, հաղթանդամ կազմվածքի ու բարձրահասակ լինելու շնորհիվ Մանվելին ընդգրկում են ծառայության Պատվո պահակային վաշտում։
Բոլորին չէ, որ վիճակվում է ծառայել այս վաշտում:
Որքան էլ ծառայությունը արտաքուստ հրապուրիչ թվա Պատվո պահակայինում, այնտեղ ծառայելն ամենևին էլ հեշտ չէ: Պետության այցեքարտը համարվող ստորաբաժանումում ծառայելու համար թեկնածուները վերը նշված տվյալներից բացի, պետք է օժտված լինեն դիմացկունությամբ ու կոփվածությամբ, պետք է ունենան ֆիզիկական գերազանց տվյալներ, կարողանան դիմանալ երկարատեւ ծանրաբեռնվածությանը, քանզի պարապմունքներն այստեղ ընթանում են օրնիբուն, անկախ եղանակային պայմաններից՝ սաստիկ ցուրտ, ամառվա տապ, վարար անձրեւ… Հարկ է նշել, որ ամեն միջոցառումից առաջ ստորաբաժանման տղաները մարզվում են առավել հագեցած գրաֆիկով:
-Մարզվածությանս շնորհիվ ինձ համար հեշտ հաղթահարելի էին բոլոր դժվարությունները՝ ութ տարի բռնցքամարտով եմ զբաղվել,- ասում է Մանվելը: -Ժամկետային ծառայությանս ժամանակ տարբեր միջոցառումների եմ մասնակցել՝ զորահանդեսներ, տարբեր պատվիրակությունների դիմավորումներ, որոնցից հատկապես տպավորվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի դիմավորումը:
Ժամկետային ծառայության ընթացքում Մանվելը խրախուսվել է «Բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ», «Զինվոր- մարզիկ» կրծքանշաններով եւ բազմաթիվ պատվոգրերով:
Ովքեր անկախության 25-ամյակին Հանրապետության հրապարակում ներկա են եղել տոնական զորահանդեսին, հաստատ հիացած կլինեն Պատվո պահակային վաշտի «դեֆիլեով»՝ շարանցումով: Չափազանց տպավորիչ էր նաեւ վաշտի մենակատարի կատարումը՝ ժամկետային զինվորը ինքնաձիգը պտտելու վարժությունն այնքան արհեստավարժ, այնքան վարպետորեն ու սահուն էր իրականացնում, որ արժանացավ հյուրերի, նախագահի ու նախարարների բուռն ծափահարություններին: Այդ զինվորը Մանվելն էր:
-Շնորհակալական պատվոգիր ստացա հենց զորահանդեսի գեներալից, խրախուսվեցի նաեւ արձակուրդով: Կարճատև արձակուրդի ժամանակ ծննդավայրում՝ Գյումրիում էր, ծանոթ-բարեկամներից հիացական խոսքեր էր լսում:
Գյումրիի իր ուսանած դպրոցում ռազմագիտության ուսուցիչը՝ փոխգնդապետ Ջամբազյանը, որը 90-ականների պատերազմի մասնակից է, առանձնակի հպարտությամբ դիմավորեց իր նախկին սանին:
-Հենց այդ ժամանակ էլ ապագա կնոջս, որի հետ դեռևս դպրոցական տարիներից ընկերություն էինք անում, սիրտը վերջնականապես «գրավեցի»,- խոստովանում է Մանվելը:
***
Ժամկետային ծառայությունից հետո Մանվելին առաջարկեցին մնալ բանակում՝ ծառայելու որպես վաշտի ավագ:
-Հպարտ եմ, որ ծառայում եմ Պատվո պահակային վաշտում, որ ծառայում եմ իմ երկրին, իմ բանակին:
Պետական մակարդակի եւ ոչ մի միջոցառում առանց Պատվո պահակայինի մասնակցության չի անցնում:
Տարբեր հանդիսավոր միջոցառումների ժամանակ Հայաստանի Հանրապետության դրոշը պահելու պատիվը իրեն է վստահվում, Մոսկվայի զորահանդեսին էլ հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի մարտական դրոշի դրոշակակիրն էր:
Տարբեր երկրների պատվիրակություններ միշտ էլ հիացական գնահատանքի խոսքեր են հնչեցրել իրենց ստորաբաժանման հասցեին, անգամ՝ արաբ շեյխերը:
-Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած «IDEX-2019» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին տասնյակ պետություններ էին մասնակցում, Հայաստանն առաջին անգամ էր ներկայանում: Ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը հանդես եկան նաեւ մեր Պատվո պահակախումբն ու զինվորական նվագախումբը:
Պատվո պահակախումբը նոր վարժությունով ներկայացավ, ամեն շարժում մանրակրկիտ մշակված էր՝ հստակ, հատու, համաչափ: Անթերի կատարած այս համարը օտարազգի հանդիսատեսը ծափերի տեղատարափով ընդունեց: Արաբական ու միջազգային մամուլի էջերում Հայաստան անունն էր հոլովվում: Բրիտանական հեղինակավոր «The Guardian» պարբերականը Պատվո պահակախմբի եւ զինվորական նվագախմբի կատարումը որակել էր «տպավորիչ, շքեղ ու փայլուն»:
Անշուշտ, ամեն փայլուն ու անթերի կատարման հետեւում քրտնաջան, տանջալից ու պատասխանատու աշխատանք է:
Ու այսպես ամեն օր հագեցած է անցնում Պատվո պահակային վաշտի ծառայությունը, ամեն շարժում, ամեն քայլ բծախնդրորեն հղկվում ու մշակվում է:
Մանվել Հարությունյանը ծառայությանը զուգահեռ սովորում է Հյուսիսային համալսարանի իրավագիտության բաժնում:
Մանվելը վերջերս մասնակցեց ատեստավորման քննություններին ու գերազանց հաղթահարեց նշաձողը:
-Որոշեցի ինքս էլ կամավոր մասնակցել ատեստավորմանը: Ինչ խոսք, մի փոքր լարվածություն կար, բայց ներքին ձայնս հուշում էր, որ կարող եմ: 100 մ վազքը վազեցի 12.9 վայրկյանում, այդ օրվա ամենաարագ արդյունքը վազողների շարքում ես գրանցեցի: Դե, շարայինից էլ, բնականաբար, Պատվո պահակայինում ծառայողը երբեք խնդիր չի ունենա: Կրակայինից էլ «գերազանց» ստացա, անշարժ թիրախի խոցումից, մասնագիտականից էլ:
Ատեստավորումը քո ուժերի, հնարավորությունների օբյեկտիվ քննություն է: Հպարտություն է, որ կարողացա հաղթահարել ատեստավորման շեմը, որ պահանջներին գերազանց ես տիրապետում: Ատեստավորումը անհրաժեշտություն է, որ ավելի կոփվես, ավելի շատ գիտելիք ձեռք բերես, մասնագիտությանդ ավելի լավ տիրապետես: Իհարկե, սոցիալական մոտիվացիան էլ է անչափ կարեւոր, քանի որ զգալիորեն կբարելավվի նյութական վիճակդ,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Մանվելը:
Այս ամենը լուրջ ազդակ կհանդիսանա ավելի բարձր արդյունքների հասնելու, անընդմեջ կատարելագործվելու համար: Ատեստավորված և հավելավճարի իրավունք ստացած պայմանագրային զինծառայողները, երեք տարին մեկ անգամ, ենթակա կլինեն ատեստավորման՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:
-Ուրախ եմ, որ գերազանց եմ հանձնել, ուրախ եմ, որ կարող եմ իմ զինակից ընկերներին էլ օգնել, փոխանցել իմ գիտելիքն ու հմտությունները, որ ավելի վարժ ու վստահ գործեն,- մեր զրույցի վերջում ասաց Պատվո պահակային վաշտի ավագ Մանվել Հարությունյանը:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #45 (1510) 01.12.2023 - 08.12.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում