ԱՏԵՍՏԱՎՈՐՎՈՒՄ Է ՆԱԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՎԱԳ ՍՊԱՅԱԿԱԶՄԸ
ՀՀ զինված ուժերում անցկացվել է բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորում։ Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկած քննական գործընթացը համակարգում էր ՀՀ պաշտպանության նախարար, ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը։
Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին կամավոր ներգրավված զինծառայողներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշելով ԶՈՒ մարտական պատրաստականության բարձրացման վրա ատեստավորման գործընթացի ակնհայտ դրական ազդեցությունը, համատեքստում կարևորել է քննություններին ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայակազմի մասնակցությունը` ընդգծելով, որ հրամանատարական պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր գեներալ ու բարձրաստիճան սպա պետք է օրինակ հանդիսանա ծառայակիցների և ենթակաների համար։ Նախարարի գնահատմամբ՝ սա ցուցիչ է, որ զինված ուժերում բոլորը հավասար են, հրամկազմը և շարքի վերջում կանգնած զինվորը միևնույն հարթակի վրա են պատրաստության և մարտի ժամանակ։
ՀՀ զինված ուժերի հրամանատարական կազմը չափազանց մեծ պատասխանատվությամբ մոտեցավ քննություններին։ Քառօրյա ատեստավորման ընթացքում մասնակիցները քննություններ հանձնեցին ֆիզիկական, շարային, կրակային պատրաստությունից, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների ու պարտականությունների իմացությունից։ Առաջին օրը ֆիզիկական պատրաստությունից ստուգումն էր՝ ձգումներ, վազք տարբեր հեռավորությամբ՝ ըստ տարիքային խմբերի։
Նոյեմբերի 28-ին ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվեց կրակային պատրաստության քննությունը։ Պահանջներն ու նորմացույցները նույնն էին, ինչ մյուս բոլոր ստորաբաժանումների անձնակազմի քննությունների ժամանակ։ Հրաձգության ժամանակ էլ, ինչպես և նախօրդ օրը, մասնակիցները բավական լավ հանդես եկան, դիպուկ խոցեցին սահմանված թիրախները։
Նոյեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի շարային պատրաստություն առարկայի քննությունը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը համոզմունք հայտնեց, որ մասնակիցները հանձնաժողովին կներկայացնեն պատրաստության այն նույն բարձր աստիճանը, որով նրանք աչքի էին ընկել նախորդ՝ ֆիզիկական և կրակային պատրաստության քննությունների ընթացքում։
Նոյեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվեց ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Ատեստավորման վերջին օրը հարցաշարերի միջոցով ստուգվեցին մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու ծառայողական պարտականությունների իմացությունը։ Տեսական քննությունից հետո բոլոր առարկաների արդյունքների հանրագումարով կձևավորվի նրանց ընդհանուր գնահատականը։
Գնդապետ Արման Դավթյան, ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ.
-Սկզբից էլ մեծ էր ձգտումը լավագույն արդյունքներ գրանցելու, իսկ կրակային և ֆիզիկական պատրաստությունից քննությունները գերազանց հանձնելուց հետո ավելի վստահ էի ուժերիս։ Կրկնակի պատասխանատվություն էի զգում, քանի որ մշտապես ընդգրկված եմ եղել տարբեր քննական հանձնաժողովներում։ Հիմա էլ իմ հերթն էր ցույց տալու, որ պատրաստված եմ, կարող եմ բարձր գնահատականներ ստանալ, ոչ միայն պահանջել։ Վստահաբար կարող եմ ասել՝ ատեստավորման գործընթացը դրական ազդեցություն է ունենում ստորաբաժանումների պատրաստության ամրապնդման գործում։ Ճիշտ է, սկզբնական շրջանում կար որոշակի անվստահություն անձնակազմի շրջանում, բայց այժմ մեր մարզական կառույցներում տեղ ու դադար չկա, մարզվողները ձգտում են կատարելագործել իրենց կարողությունները, լավագույնս ներկայանալ հանձնաժողովին։ Մեր ենթախմբում ֆիզիկական պատրաստությունից 37 մասնակիցներից 23-ը գերազանց գնահատական է ստացել, ինչը շատ բարձր ցուցանիշ է։ Հրամանատարական կազմի նման բարձր արդյունքները չափազանց կարևոր են, ոգևորելու են նաև հաջորդ հանձնողներին և դեռ երկմտողներին։
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Մարտիրոսյան.
-Ատեստավորումը կարևոր գործոն է, որ յուրաքանչյուր զինծառայող ինքնուրույն պատրաստվի, աշխատի իր կարողությունների զարգացման ուղղությամբ։ Բարձրագույն սպայակազմը պետք է ավելի լավ հանդես գա, անձնական օրինակը հրամանատարության հեղինակության հիմքն է։ Ատեստավորումն էլ նմանատիպ մի ձև է, երբ ավելի ցածր օղակի զինծառայողները տեսնում են քննություն հանձնող իրենց հրամանատարին, զգաստանում, երբ տարիքով ավելի մեծ, մասնագիտական ավելի հարուստ ճանապարհ անցած սպան իրենց աչքի առաջ իրենց պես վազում է, կրակում։ Ուրեմն, տարիքով ավելի երիտասարդը պարտավոր է է՛լ ավելի լավ պատրաստվել և առավել պատասխանատու մոտենալ իր գործին։
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #45 (1510) 01.12.2023 - 08.12.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում