ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՆՎԵՐԸ
Պետրոսյանների ընտանիքի՝ Գառնու մերձակա Հացավան գյուղում գտնվող առանձնատան շեմին մեզ սրտաբաց դիմավորում է տիկին Արուսյակը՝ նորածին որդին գրկին։ Մեզ ներս է ուղեկցում, որտեղ ընդարձակ հյուրասրահի պատերին մեծ որդու՝ 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Նորայրի մեծադիր լուսանկարներն են: Դրանցից ժպտում է գեղեցկատես, հաղթ զինվորը, որը պատերազմի վճռական մի պահի իր կյանքը չխնայեց հանուն այն ամենի, ինչ թանկ էր իր համար… Մեծ եղբոր զոհվելուց երեք տարի անց լույս աշխարհ է եկել կրտսեր Նորայրը՝ կրկին կյանքով լցնելով այս տունը։
Սերժանտ Նորայր Պետրոսյանը հակատանկային մարտկոցի կազմում ակտիվորեն մասնակցել է 2020 թ. սեպտեմբերին սանձազերծված պատերազմին։ Հոկտեմբերի 8-ին մի խումբ զինծառայողներով շրջափակման մեջ է հայտնվել: Գերի չհանձնվելու համար պայթեցրել է իր մոտ եղած բեկորային նռնակը՝ վնաս հասցնելով մոտեցող թշնամուն և զոհաբերելով իր կյանքը։ …Խելացի, պարտաճանաչ կրտսեր հրամանատարը վայելում էր իր վերադաս հրամանատարների ու ծառայակիցների հարգանքն ու սերը, ծառայողական շահը բառացիորեն վեր էր դասում ամեն ինչից։ Հերոսի պես էլ զոհվեց՝ մահը գերադասելով գերությունից։ Նորայր Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։
-Նորոս շատ լավ տղա էր՝ հարգված, սիրված,- պատմում է տիկին Արուսյակը:- Իմ Նորոյի մասին, ցավոք, նրա զոհվելուց հետո միայն շատ բաներ իմացա։ Մեծերին հարգող, օգնող, անչափ ազնիվ, մաքուր։ Զորակոչվեց 2020 թ. հունվարի 24-ին։ Լավ էր ծառայում, հրամանատարությունը շատ գոհ էր նրանից: Սեպտեմբերի 11-ին կրտսեր սերժանտի կոչում ստացավ: Գնացինք շնորհավորելու։ Շատ լավ էր ամեն ինչ… Եկանք, ու չարաբաստիկ պատերազմը սկսվեց։ Հանգստացնում էր ինձ, ասում էր՝ մենք հեռու ենք առաջնագծից։ Բայց իրականում ամենաթեժ տեղերից մեկում էին։ Ես չէի էլ պատկերացնի, որ նման լայնամասշտաբ պատերազմ հնարավոր է մեր օրերում։
Վերջին անգամ զանգեց հոկտեմբերի 8-ին։ Խոսում էր, հարցեր էր տալիս ու խնդրում, որ երկար խոսեմ։ Նա երևի արդեն զգում էր մի բան, իսկ ես անհանգիստ էի՝ այդքան կարելի՞ էր խոսել։ Կտրուկ անջատեց: Դա մեր վերջին զրույցն էր…
***
Նորածինը՝ փոքրիկ Նորայրը, քնատ է. բացուխուփ է անում աչքերը։ Չնայած իր փոքրիկ չափերին՝ լիովին ձևավորված, սիրունիկ դիմագծեր ունի։
-Նորո’ ջան, արթնացի’ր, թող բոլորը տեսնեն, թե ինչ ուժեղ տղա ես դու, ժպտա՝ տեսնեն՝ ինչ լավ ես ժպտում,- տիկին Արուսյակը գորովանքով գգվում է նորածնին և քնքշորեն նրա դեմքից հեռացնում է թաթիկները, որպեսզի մեր լուսանկարիչը՝ Արեգը, կարողանա հաջող կադր ստանալ,-Նորոս էլ չէր սիրում լուսանկարվել, հենց էսպես ձեռքերով ծածկում էր դեմքը,-ասում է տիկին Արուսյակը: -Այս բոլոր լուսանկարները, որ տեսնում եք պատերին, բոլորը սերժանտ ստանալու օրվանից են: Այդ օրը, ինչպես եղավ, շատ նկարվեցինք, ու չէր դժգոհում: Մեր փոքրիկ Նորոն տեսնեք, թե ինչպես է երկար ու հետաքրքրությամբ նայում այս լուսանկարներին, ասես մի բան է հասկանում:
Փոքրիկ Նորայրը բացում է աչուկները և ուսումնասիրում իրեն շրջապատողներին. նոր դեմքեր է տեսել: Հետո անցնում է կարևոր գործին՝ պետք է ուտի, որ արագ մեծանա ու ամրանա:
Շատ մայրիկներ կամուկացի մեջ են լինում, և երեխա ունենալու որոշումը հեշտ չի տրվում, իսկ տիկին Արուսյակի մեջ որդուն կորցնելուց հետո անմիջապես էր առաջացել երեխա ունենալու ցանկությունը. անտանելի վիշտը սփոփելու միակ ելքը երեխայի ծննդյան մեջ էր տեսնում:
-Անդադար մտածում էի բժիշկներին այցելելու, բալիկ ունենալու հնարավորության մասին, ինչ գնով ուզում է լիներ։ Լսում էի, թե ինչպես են մեր մայրիկները ասում. «Աստված օգնեց, Աստծո հրաշքով»։ Մտքումս խնդրում էի. «Տե’ր Աստված, ի՛նձ էլ օգնիր, ի՛նձ համար էլ մի հրաշք գործիր»։ Չի եղել մի պահ, որ կասկածեմ որոշմանս կամ մտածեմ՝ կարո՞ղ եմ, թե՞ ոչ, կների՞ առողջությունս, թե՞ ոչ։ Խնդրում էի. «Թող այս տանը նորից երեխայի ձայն լսվի»։
Շատ դժվարություններով է անցել տիկին Արուսյակը։ Երեք տարի գրեթե ամեն օր այցելել է բժիշկներին։
-Օր է եղել՝ երկու-երեք տարբեր հետազոտություններ եմ անցել։ Բայց պայքարում էի, չէի հիասթափվում, չէի հուսալքվում, ասես զգում էի, որ ամեն ինչ լավ է լինելու։
Տիկին Արուսյակին միշտ ուղեկցել են մարգարեական երազները, հուշումներ արել, ուղղորդել։ Եվ հենց այն պահին, երբ բժիշկները հուսահատ ձեռքերն էին տարածում, հրաշք կատարվեց։ Երազ տեսավ՝ մի նորածին դրեցին իր անկողնում՝ բարձի վրա։
-Երեխային բերողին հարցրի՝ ի՞նչ է անունը, ասաց՝ «գլխարկի վրա գրված է»։ Կարդացի՝ «Գրիգոր Լուսավորիչ»։ Եվ անմիջապես այդ երազը տեսնելուց հետո իմացա, որ երեխա եմ ունենալու։ Նորոս ժամանակից շուտ ծնվեց՝ ընդամենը 600 գրամ քաշով։ Ծնվեց իր հայրիկի ծննդյան օրը,-պատմում է տիկին Արուսյակը,-բժիշկները հույս չէին տալիս, որ կապրի, բայց ես խոստացա իմ բալիկին, որ միայն իր հետ դուրս կգամ հիվանդանոցից։
Այստեղ նույնպես հուսալքություններով ու պայքարով լի ճանապարհ էին անցնելու միասին.
-Երբ հիվանդանոցում ծանր վիճակում էր բալիկս, ես անընդհատ երազներ էի տեսնում, որոնք ինձ միշտ հույս էին տալիս, որ նա ապրելու է։ Երազում խանութներով շրջում ու ասում էի՝ ինձ սև շորե’ր տվեք, բայց միշտ պատասխանը լինում էր. «Սև շորերը վերջացել են, կանաչ գո՛ւյնը փորձեք»։ Ու մի օր կանաչ զգեստը գնեցի ու հագա։ Արթնանալուց հետո հասկացա, որ կյա՛նքն եմ ընտրել։
Տիկին Արուսյակը պայքար էր մղել բժշկական ողջ անձնակազմի հետ միասին, հրաժարվել մի օր անգամ հեռանալ երեխայի կողքից, մինչև փոքրիկ Նորայրը լիովին չէր կազդուրվել, ու վտանգը չէր անցել։ Մի օր վերակենդանացման բաժանմունքի բժիշկներից մեկն ասել էր. «Էս պստոդ հիմիկվանից իր ասելիքն ասում է, ինքն է թելադրում մեր անելիքը. ամո՛ւր տեսակ է»։
Մայր ու որդի հիվանդանոցում մնացին ուղիղ 99 օր։
-99 օր շարունակ փնտրում էի զոհված Նորոյիս ու գտա 99-րդ օրը։ Իսկ այս Նորոս հիվանդանոցից տուն եկավ ծննդից ուղիղ 99 օր անց,- այստեղ էլ նախախնամություն է տեսնում տիկին Արուսյակը։
-Այն պահին, երբ բժիշկներն ասացին, որ կյանքին սպառնացող վտանգն անցել է, ինձ համար մի նոր կյանք սկսվեց, կյանքի նոր սկիզբ դրվեց։
Մեծս՝ Նորիկս, հիմա երազներում մեզ այցելում է, միշտ նորածին եղբոր մասին է հոգում, գուրգուրում է։ Ուրախանում ենք, որ այդ օրը, թեկուզ երազում, մեզ այցի է եկել, ու ինքն էլ է ուրախանում մեզ հետ:
Փոքրիկ Նորայրն իր հետ նոր կյանք բերեց Պետրոսյանների ընտանիք: Թեև կորստի ցավը չի ջնջվում երբեք, բայց նորածինն իր հետ նոր բախտ է բերել, նոր հույս:
-Ես միշտ այսպես եմ ասում. իմ առաջին կյանքը Նորոյիս հետ էր սկսվել ու ավարտվեց: Սա իմ նոր կյանքն է, որ սկսվել է մեր նորածին Նորոյի հետ։ Մյուս զավակիս՝ աղջկաս, փառք Աստծո, ամուսնացրել եմ, հույս ունեմ՝ շուտով թոռնիկ կունենամ։ Հիմա արդեն մեր կյանքի նոր հատորն ենք սկսում գրել և մեր փոքր Նորիկով ենք սկսում։ Ամուսնուս որոշումն էր եղել, եւ ինձանից թաքուն՝ անունը դրել էր Նորայր։ Երբ զանգեց ու ասաց այդ մասին, երեխան դեռ շատ ծանր վիճակում էր, ասացի. «Եթե Աստված պահի տղայիս, նա իմ համար Գրիգոր է լինելու»։ Կնքելիս երկրորդ անունն անպայման Գրիգոր կդնենք՝ մեր պահապան Սբ. Գրիգոր Լուսավորչի անունով։ Այնպես որ, երկու անվան տեր է մեր տղան՝ Աստծո կողմից մեզ ուղարկված լույս Գրիգոր բալան է և մեր Նորայրի անունը կրող նրա եղբայրը։ Պայքարով, բայց լավ ենք սկսել մեր նոր կյանքը: Հուսով եմ, որ այդպես էլ շարունակվելու է, ու այսուհետ ամեն ինչ միայն դեպի լավն է գնալու։
Անչափ շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց, բժիշկներին, որոնք ինձ ամեն կերպ օգնեցին։ Բժիշկների մի մեծ բանակ է կանգնած եղել իմ թիկունքում։ Անունները շատ են, ու նրանք բոլորն ինձ ճանաչում են։ Բոլորից շատ ու շատ շնորհակալ եմ հոգատարության համար։
Տիկին Արուսյակը սեփական օրինակով գիտի՝ պայքարել է պետք՝ կյանքը շարունակելու, կյանքին նորովի մոտենալու համար։
-Նորոյիս զոհվելուց հետո ամուսիններով ասես խոսելու թեմա չունենայինք. երկուսս էլ առանձին, մտքերով նրա հետ էինք։ Իսկ հիմա նոր ծրագրեր ենք կազմում, մտածում՝ որն ինչպես ենք իրականացնելու։ Մտածում ենք ապագայի մասին։ Ես ինքս շատ եմ պայքարել, որպեսզի արժանանամ այս օրվան։ Թող Գրիգոր Լուսավորիչը ինչպես մեր տունը լուսավորեց, այդպես էլ մեր բոլոր այն մայրիկների տները լուսավորի, որոնք երազում են երեխայի մասին։ Թող նրանց երազում էլ հայտնվի ու ավետի, որ բալիկ են ունենալու։
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարը՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #46 (1511) 11.12.2023 - 18.12.2023, Ճակատագրեր