Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՔ



ՀԱՅՔՇոպենի նշանավոր աշակերտը

 

Լեհ մեծ կոմպոզիտոր Շոպենի սիրված աշակերտներից է եղել հայազգի Կարլ Միկուլին (1819-1897), որը սերում էր 19-րդ դարի սկզբին Մոլդովայից Բուկովինա գաղթած հայ ազնվական տոհմից։ Նա ինքը նշանավոր կոմպոզիտոր էր, դաշնակահար, մանկավարժ, համերգներով հանդես է եկել Եվրոպայում եւ Ռուսաստանում, ընտրվել Գալիցիայի երաժշտական ընկերության նախագահ, նշանակվել Լվովի կոնսերվատորիայի տնօրեն։

Շոպենը ոչ միայն սիրել է իր աշակերտին, այլեւ բարձր գնահատել նրա երաժշտական տաղանդը, վստահել եւ սատարել նրան։ Ինքը՝ Միկուլին, համարվում է Շոպենի ստեղծագործությունների առաջին եւ լավագույն խմբագիրը, դրանց անխոնջ հրատարակիչը։

Կարլ Միկուլին երբեք չի մոռացել, որ ինքը հայ է, կապված է եղել լեհահայ համայնքի հետ, Լվովի հայերի հինավուրց երգերի հիման վրա գրել «Արմենիա» ծավալուն երկը։

Միկուլին թաղված է Լվովի հայկական եկեղեցու բակում։ Գերեզմանի հուշատախտակին գրված է. «Կարլ Միկուլի։ 1819-1897։ Նշանավոր դաշնակահարին եւ կոմպոզիտորին, Գալիցիայի երաժշտական ընկերության նախագահին, կոնսերվատորիայի տնօրենին։ Շնորհապարտ աշակերտներից եւ աշակերտուհիներից»։

 

Հայոց նավերի անունները

 

Հայերը, չունենալով ծով, նավեր ունեցել են դեռեւս մեր թվարկությունից առաջ։ Կիլիկիահայերի մի ավանդազրույցի համաձայն՝ մ.թ.ա. առաջին դարում հայոց մեծ արքա Տիգրան Երկրորդը կառուցել է տվել «Նետ» անունով մի նավ, որը լողացել է Միջերկրական ծովում։

Բայց գանք-հասնենք 19-րդ դար եւ տեսնենք, թե ինչ նավեր ունեին հայերը, ինչ անուններ էին տալիս դրանց եւ ինչու։

Հայտնի է, որ 18-19-րդ դարերում Հնդկաստանում եղել է հայկական մեծ գաղթօջախ, որի վաճառականական խավն իր մեծահարուստներով խոշոր դեր է խաղացել այդ երկրի տնտեսական կյանքում, զարկ տվել եվրոպական ու ասիական առեւտրային կենտրոնների հետ նրա գործարար կապերի զարգացմանը։ Հնդկահայերն ստեղծել են իրենց նավատորմը։ 19-րդ դարում Հնդկական օվկիանոսում եւ Պարսից ծոցում շրջում էին նրանց նավերը՝ «Հայկ», «Արամ», «Տիգրան» անուններով։

Հայերը նույնպիսի դեր խաղում էին Բիրմայում (ներկայումս՝ Մյանմա)։ 19-րդ դարում մեծահարուստ բիրմահայերին պատկանող նավերը կրում էին «Հայկ», «Արարատ», «Տիգրան», «Ջուղա» եւ նման այլ հայկական անուններ։ Ի դեպ, դրանց նավապետները եղել են բացառապես հայեր։

19-րդ դարի երկրորդ կեսին Ֆրանսիայի Մարսել քաղաքում գործում էր շոգենավի Արամյան ընկերությունը, որն ուներ երկու նավ՝ «Հայաստան» եւ «Արարատ» անուններով։

Նույն շրջանում Կասպից ծովում գործում էին հայերին պատկանող նավեր՝ «Արմենիա», «Արմենակ», «Արարատ», «Անի», «Մասիս», «Արցախ», «Սեւան», «Արաքս», «Վան», «Վասպուրական», «Շուշանիկ», «Արամյան» եւ այլ հայկական անուններով։

Հայոց նավերի այսպիսի անվանումները պատահական չէին։ Դրանց մեծահարուստ տերերը, զբաղված լինելով եկամտաբեր գործով, այսօրվա լեզվով ասած՝ բիզնեսով, չէին մոռանում իրենց հայությունն ու հայրենիքը. նրանց կողմից իրենց նավերին հայոց աստվածների, արքաների, տեղանունների հիշատակումը հայրենասիրության, ազգային հպարտության մի յուրատեսակ ցույց էր։ Չմոռանանք, որ նրանցից շատերը նաեւ ազգային մեծ բարերարներ էին։

Մի հատկանշական փաստ. Բաքվի հայ նավթարդյունահանող Պողոս Սարգսյանի այրին՝ տիկին Եղիսաբեթը, այնքան էր տարված «Մշակ» թերթի հիմնադիր եւ խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ Արծրունու ազգային-ազատագրական գաղափարներով, որ, ի նշան դրանց ջերմ պաշտպանության, Կասպից ծովում լողացող իր սեփական շոգենավը հենց այդպես էլ կոչել էր՝ «Գրիգոր Արծրունի»։

19-րդ դարում, ուրեմն, օվկիանոսների եւ ծովերի ջրերում հայոց մեծահունչ անուններ կրող նավերի մի ամբողջ «վտառ» է եղել, մի «լողացող Հայաստան»։

 

Պատրաստեց ՆՈՐԱՅՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

Խորագիր՝ #46 (1511) 11.12.2023 - 18.12.2023, Հոգևոր-մշակութային


14/12/2023