Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՕՐԻՆԱԿ Է ԾԱՌԱՅՈՒՄ



ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՕՐԻՆԱԿ Է ԾԱՌԱՅՈՒՄԱնցկացվել է զինված ուժերի բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորումը։ Քննական գործընթացին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները հանձնել են քննություններ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստությունից, իսկ վերջում հարցաշարերի միջոցով ստուգվել են մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու ծառայողական պարտականությունների իմացությունը։

Գործընթացի մասին խոսում են գերազանց ներկայացած սպաներից մի քանիսը։

 

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՕՐԻՆԱԿ Է ԾԱՌԱՅՈՒՄԳնդապետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՑԱԿԱՆՅԱՆ.

-Զինված ուժերում ատեստավորման գործընթացը սկսելուն պես կարծես ընդհանուր մտածողությունն է փոխվել. բոլոր օղակների զինվորականների շրջանում՝ շարքայինից մինչև բարձրագույն սպայակազմ, ակնհայտորեն նկատվում է առաջընթաց պատրաստության տարբեր ուղղություններով։ Բոլորը ձգտում են իրական բարձր արդյունքների, կոփվում, մարզվում, մասնագիտորեն կատարելագործվում են անհատապես ու ստորաբաժանման կազմով։ Վստահ եմ՝ առաջիկայում զորքերում պատրաստության որակը էականորեն կբարձրանա։ Հրամանատարական կազմը գիտակցում է, որ ատեստավորումն անհրաժեշտ է ոչ միայն սոցիալական, ֆինանսական բարելավման, այլ նաև խիստ անհրաժեշտ պատրաստության որոշակի աստիճան, ընդհանուր մարտունակություն ապահովելու առումով։ Ընտրված առարկաներից յուրաքանչյուրն իր կարևորությունն ունի։ Ֆիզիկական պատրաստվածության, գերազանց մարզավիճակի շնորհիվ սպան ավելի ներկայանալի է հասարակության մեջ, շարքի առաջ, իր շրջապատում։ Շատ դեպքերում միայն արտաքին տեսքով սպան հարգանք է ձևավորում զինված ուժերի հանդեպ։ Կրակային պատրաստությունը, հրաձգային զենքին վարժ տիրապետելը զինծառայողի սուրբ պարտականություններից մեկն է: Նա պարտավոր է անվրեպ խոցելու հմտություններ ունենալ։ Շարային պատրաստությունն էլ ձիգ կեցվածք է, զինվորական դաստիարակության ու պահվածքի որոշակի համակցություն։ Դե իսկ մասնագիտական պատրաստությունն էլ խիստ անհրաժեշտ է, քանի որ զինծառայողն իր պարտականությունների կատարման ժամանակ առանց ռազմական կարևոր դրույթների իմացության գործնականում հաջողության չի կարող հասնել։ Սեփական գործառույթների առանձնահատկությունների իմացությունն էլ ավելի մեծ վստահություն է հաղորդում խնդիրը կատարելիս։

Այս ամենի համատեքստում բարձրագույն և ավագ սպայակազմի ընդգրկումը ատեստավորման գործընթացում չափազանց կարևորում եմ, որովհետև հենց մենք պետք է օրինակ ծառայենք ենթակա անձնակազմին։ Եթե դու ունակ չես խնդիր կատարելու, էլ ի՞նչ պետք է պահանջես ենթականերից, ինչպե՞ս ասես՝ կատարիր, ինչպես ես։ Քննությունների մասին չեմ կարող ասել՝ հեշտ է կամ դժվար է։ Սա մեր գործն է, մեր պարտականությունն է, որ նոր չպետք է սովորենք։ Պարզապես միշտ ժամանակ պետք է գտնել ինքնապատրաստվելու, նաև այդպիսով ենթականերին օրինակ ծառայելու, ուսուցանելու իրավունք վաստակելու համար։

 

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՕՐԻՆԱԿ Է ԾԱՌԱՅՈՒՄԳնդապետ ՎԻԳԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ.

-Ատեստավորման գործընթացը կարևոր նախաձեռնություն է։ Այն երկու ընդգծված բաղադրիչ ունի՝ զինծառայողի սոցիալական շատ հարցեր է կարգավորում և մասնագիտական որակներն է զարգացնում։ Միգուցե ոմանց համար քննությունների պահանջը կատարելը դժվար է, բայց, կարծում եմ, ինքնապատրաստությամբ զբաղվելու դեպքում զինծառայողը հեշտությամբ կհանձնի բոլոր քննությունները։ Ինքս մոտ 2-3 ամիս սովորականից ավելի հագեցած ռեժիմով պարապել եմ, վերհիշել եմ բազային գիտելիքներս։ Հղկել եմ ֆիզիկական պատրաստության որոշ տարրեր, հրաձգությունն էլ իմ մշտական զբաղմունքներից է, այնպես որ, կրակայինից էլ խնդիր չեմ ունեցել, մեկ անգամից խոցել եմ բոլոր թիրախները։ Վստահ էի ուժերիս, դրա համար էլ կամավոր դիմել եմ ատեստավորմանը մասնակցելու։ Ինձ համար այս գործընթացը հերթական փորձությունն էր, որ պետք էր հաղթահարել, ու ես պատվով հաղթահարեցի այն։ Գիտակցել եմ՝ պետք է վարժվել, պարապել, հղկել որոշակի էլեմենտներ, արդյունքում նորմացույցներով գերազանց գնահատականի համար պահանջվող արդյունքից ավելի բարձր միավորներ եմ հավաքել։ Բարձրագույն և ավագ սպայակազմի համար բարձր գնահատական ստանալն առավել քան կարևոր է, որովհետև դրանով իսկ ենթակա անձնակազմին անձնական վառ օրինակ են ցույց տալիս։

 

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՕՐԻՆԱԿ Է ԾԱՌԱՅՈՒՄԳնդապետ ԱՐՏԱԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ.

-Ժամանակի ընթացքում հաստատվեց, որ ատեստավորման համակարգը զինված ուժերում ներդնելու որոշումը ճիշտ էր ու հեռանկարային։ Անկեղծ լինենք, շատ բան է փոխվել սպայի կյանքում թե՛ սոցիալական, թե՛ հետագա ծառայողական առաջխաղացման առումով։ Դրա վկայությունը ծրագրին մասնակցելու նպատակով կամավոր դիմողների քանակի ավելացումն է։ Մեր զորամիավորման ենթակա զորամասերում, օրինակ, սպաների մեծամասնությունն ատեստավորվելու ցանկություն է հայտնել։

Տվյալ գործընթացը նոր ազդակ կլինի՝ մեր բանակն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար։ Երբ ենթական տեսնում է, որ իր վերադասը պատրաստվում է ու լուրջ արդյունքներ է գրանցում, հնարավոր չէ, որ անձնական օրինակի մեթոդ չդիտարկի և նույնպես չձգտի բարձր արդյունքների։ Ճիշտ է, ծրագիրը համեմատաբար նոր է, որոշ դեպքերում դեռ հղկելու, կանոնակարգելու կարիք կա, բայց զարգացման պայմաններն ապահովված են։

 

 

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՕՐԻՆԱԿ Է ԾԱՌԱՅՈՒՄԳնդապետ ՎԱՐՇԱՄ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ.

-Ատեստավորումը ցանկացած սպայի ստիպում է աշխատել իր կարողությունների զարգացման վրա, կատարելագործել թե՛ ֆիզիկական, թե՛ մասնագիտական որակները և հաղթահարել սահմանված շեմը։ Քննություններին մասնակցող սպան ձգտում է ստանալ առավել բարձր գնահատական, ինչը ոչ միայն ծառայողական միջավայրում նրա հեղինակությունն է բարձրացնում, այլև նրա ընտանիքի կեցության բարելավումն է ապահովում։ Քննությունների ընթացակարգը մանրամասն մտածված, պլանավորված է այնպես, որ շատ դժվար չլինի, բայց հեշտ էլ չլինի։ Ինձ համար միջին դժվարության էր, հաղթահարելի։ Գերազանց արդյունքի ձգտող սպան անպայման լրացուցիչ կաշխատի։ Գործընթացը օբյեկտիվ էր, գնահատականները՝ արժանի։ Իմ գերազանց արդյունքը վստահաբար օգուտ կտա մեր զորատեսակին. վարչության, զորամասերի սպաները կտեսնեն, որ քննական շեմը հնարավոր է հաղթահարել գերազանց գնահատականներով, և իրենք էլ կձգտեն նմանվել ինձ։

Առաջիկայում ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու պատրաստության որակի բարձրացմանը, հատկապես կրակային պատրաստություն առարկայի շրջանակում, որ մյուս տարի արդեն մեր զորամասերի անձնակազմը մասնագիտորեն և հոգեբանորեն պատրաստված ներկայանա ատեստավորման քննություններին։

Ատեստավորմանը կամավոր մասնակցելու առաջին դիմողներից եմ, ինքս նաև քննական հանձնաժողովի անդամ եմ։ Սկզբից էլ գերազանցի եմ ձգտել։ Մարտի դաշտում, թե առօրյա կյանքի ցանկացած ոլորտում վստահությունը հաջողության գրավականն է, իսկ վստահ լինելու համար պիտի պատրաստված լինես։ Վստահ էի ուժերիս եւ կարողացա իմ գիտելիքներն ու կարողությունները լիարժեք ցուցադրել։

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝

ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ,

ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #46 (1511) 11.12.2023 - 18.12.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


14/12/2023