Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՔ



ՀԱՅՔՀայոց ամենալավ եղեգը

 

Հնուց ի վեր հայերը պաշտամունք են ունեցել եղեգի նկատմամբ։ Հիշենք «Վահագնի ծնունդը»՝ հայոց աստվածը ծնվել է եղեգից.

Ընդ եղեգան փող ծուխ ելաներ,

Ընդ եղեգան փող բոց ելաներ,

Եվ ի բոցոյն վազեր խարտյաշ պատանեկիկ…

Եղեգնյա գրիչ է տեսել Վարուժանն իր ձեռքին.

Եղեգնյա գրչով երգեցի փառքեր,

Քեզի ընծա, իմ հայրենիք…

Այսպես՝ շատ քերթողներ։ «Եղեգան փող» արտահայտությունը հայերիս համար եղել է քերթության եւ մեղեդու խորհրդանիշ։ Եվ պատահական չէ, որ մատենագրությունը նշել է, թե որտեղ է աճել հայոց ամենալավ եղեգը՝ Բարձր Հայք նահանգի Եկեղյաց գավառում, Եփրատ գետի ձախ ափից ոչ հեռու գտնվող Անահտական լճի եզերքին։

 

Հայկական դրամը՝ փոխարժեքով

 

Կիլիկյան Հայաստանը եւ Ֆրանսիան ունեցել են տնտեսական եւ առեւտրային սերտ կապեր, ավելին՝ ամեն ինչ արել են դրանց հետագա զարգացման համար։

Բազում փաստերից վկայակոչենք միայն մեկը։

Ըստ պատմաբան Հրանտ Արմենի «Ֆրանսահայ տարեգրքի» ¥1927թ.¤՝ Կիլիկիայի հայոց արքունիքը ֆրանսիացի վաճառականներին տվել է մաքսային առանձնաշնորհ, որով նրանք ավելի պակաս գումար են մուծել որպես մաքս, քան այլ ազգությունների պատկանող վաճառականները։ Նույն աղբյուրի համաձայն՝ Ֆրանսիայի Մոնիֆիլիե քաղաքի դիվանատանը պահվում է Կիլիկյան Հայաստանի Օշին թագավորի 1314թ. հունվարի 7¬ի արտոնագիրը, որով թույլատրվել է այդ քաղաքի առեւտրականներից գանձել ընդամենը երկու տոկոս մաքս։

Բնականաբար, այս արտոնությունը մեծապես նպաստել է ֆրանս¬հայկական գործարար կապերի հաստատմանն ու խթանմանը։ Մեկ այլ աղբյուրի՝ Փարիզում լույս տեսնող «Հայկաշեն» հանդեսի 1943թ. հրապարակումներից մեկի համաձայն՝ 13¬14¬րդ դարերում ֆրանսիացիներն այնքան շատ առեւտրական գործարքներ են կնքել, որ Մոնիֆիլիե քաղաքի համալսարանի պատին մշտապես փակցրել են հայկական եւ ֆրանսիական դրամների փոխարժեքը ցույց տվող սակագները՝ դրանցով առաջնորդվելու համար։

Առեւտրային կապերի ահա այսպիսի մակարդակ` սրանից ավելի քան յոթ դար առաջ…

 

Գետը կիսեց գաղթօջախի ճակատագիրը

 

«Բազմավեպ» հանդեսի վկայությամբ՝ Ֆրանսիայի Ռոն գետն ունեցել է վտակ, որը կոչվել է Հայկական։ Նման անվանակոչության պատճառն այն է եղել, որ գետի հովտում ապրել են մեծ թվով վտարանդի հայեր, ակտիվ մասնակցություն ունեցել մոտիկ վայրում կազմակերպվող տոնավաճառներին։ Փաստորեն, այդ վայրը որոշ առումով հայկականացված է եղել, եւ ահա վտակն էլ կոչել են Հայկական։

Բայց ժամանակ է անցել, եւ Ռոն գետի վտակն աստիճանաբար չորացել է, անհետացել։ Աստիճանաբար անհետացել է նաեւ փոքրիկ հայկական գաղթօջախը։ Ռոն գետի վտակը, այդպիսով, յուրովի կիսել է գաղթօջախի ճակատագիրը։

Խորհրդանշական փաստ՝ շատ ու շատ հայ գաղթօջախների համար…

Պատրաստեց ՆՈՐԱՅՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

Խորագիր՝ #47 (1512) 18.12.2023 - 25.12.2023, Հոգևոր-մշակութային


20/12/2023