Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՅԼ ԵՆՔ ԱՆՈՒՄ ԴԵՊԻ ՄԵՐ ԵՐԱԶԱԾ ԲԱՆԱԿԸ



ՔԱՅԼ ԵՆՔ ԱՆՈՒՄ ԴԵՊԻ ՄԵՐ ԵՐԱԶԱԾ ԲԱՆԱԿԸՄայոր Գևորգ Մելքոնյանը ատեստավորման քննությունների արդյունքներով լավագույններից մեկն է զորամասում: Հարցին, թե որն է նրա հաջողությունների ամենազորեղ խթանը, սպան պատասխանեց. «Իմ ծառայողական բոլոր ձեռքբերումները սկսվել են Հայրենիքի հանդեպ սիրուց ու Հայրենիքի ճակատագրի հանդեպ պատասխանատվությունից»:

 

– Իսկ որտեղի՞ց է սկսվում Հայրենիքը Ձեզ համար: Գուցե ամենաթանկ մարդուց, ամենաքաղցր հուշից, ամենասիրելի վայրից…

-Ես տեսել եմ, թե ինչպես է դրվում իմ հայրական տան առաջին քարը: Վեց տարեկան էի այդ ժամանակ: Բնականաբար, շատ տներ էի տեսել, բայց մտածել էի, որ դրանք այդպես ամբողջական են լինում, ու երբ հայրս ասաց՝ քեզ համար տուն ենք կառուցում, ես զարմացա, թե ինչպես կարող են բակում թափված կարմիր քարերը տուն դառնալ: Ժամերով կանգնում էի, նայում: Ինձնից 7 տարով մեծ եղբայրս էր օգնում հորս: Տունը բարձրանում էր օր օրի, առանձին քարերը միանում էին իրար, դառնում պատ: Դա իմ մանկության ամենամեծ հրաշքն էր: Քարերը կողք կողքի ավելի կարմիր էին թվում, միասին պինդ էին, տաք, ապահով… Հիմա քարերը խունացել են, բայց իմ մտապատկերում դրանք առաջվա նման կարմիր են ու վառ:

…Հիմա իմ մանկության ժամանակը չափվում է մեր գյուղի սարերի գույնով: Գարնանը սարերը պատվում էին ալ կակաչներով: Ամռանը բաց կանաչ էին խոտի առատությունից: Աշնանը չորացած տերևի գույն ունեին, իսկ ձմռանը ամբողջովին ճերմակում էին: Երբ ինչ-որ մանկական վերհուշ է արթնանում, անմիջապես փորձում եմ պատկերացնել, թե ինչ գույն ունեին սարերն այդ ժամանակ: Որքան մեծանում, այնքան մոտենում եմ անցյալին: Այնքան պարզորոշ եմ հասկանում, որ իմ Հայրենիքն սկսվում է Կարմիր տնից՝ աշխարհի ամենասիրուն սարի դիմաց:

-Ո՞վ է Ձեր մանկության ամենակարևոր մարդը, առաջին անգամ ումի՞ց եք սովորել ամենապարզ առաքինությունները:

-Հայրս: Նա արթնանում էր վաղ առավոտյան: Բոլորս միասին նախաճաշում էինք, ու հայրս գնում էր աշխատանքի: Նա մեքենա էր նորոգում: Ես երբեմն գնում էի հորս արհեստանոց ու նայում էի, թե ինչպես է նա աշխատում: Այնպիսի հոգատարությամբ ու բծախնդիր էր ուսումնասիրում ամեն դետալ: Չէր սիրում, երբ իրեն խանգարում էին, աշխատում եմ՝ ասում էր: … Հետո հայրս տուն էր գալիս ու սկսում էր աշխատել այգում, որտեղ կարտոֆիլ, կաղամբ ու այլ բանջարեղեն էր աճում: Հետո հայրս մտնում էր գոմ ու շարունակում էր աշխատել մինչև ուշ գիշեր: Ես աշխատանքի հանդեպ հարգանքն ու պատասխանատվությունը հորիցս եմ սովորել:

Օգնել բառը հորս շուրթերից ամենահաճախ հնչող բառն էր: Ասում էր՝ այսինչին պիտի օգնեմ, ու գնում էր տնից: Վերջերս հայտնաբերել եմ, որ կյանքիս ամենամեծ խորհուրդները ես բերել եմ Կարմիր տնից, օրինակ՝ ամենաուժեղը նա է, ով օգնում է, ամենահարուստը նա, ով տալիս է…

ՔԱՅԼ ԵՆՔ ԱՆՈՒՄ ԴԵՊԻ ՄԵՐ ԵՐԱԶԱԾ ԲԱՆԱԿԸ-Բանակ բերող ճանապարհն էլ է Կարմիր տնից սկսվե՞լ:

-Կարելի է ասել՝ այո՛: Մորեղբայրս զինվորական էր: Նա տարբերվում էր բոլորից: Ե՛վ կեցվածքն էր ուրիշ, և՛ քայլվածքը… խոսելու ձևը, բառապաշարը: Նրա հագուկապն անթերի էր, երբեք կոշիկների վրա փոշեհատիկ չէիր տեսնի: Օրվա որ ժամին էլ հանդիպեիր՝ զինվորական համազգեստը ասես հենց նոր լինեին արդուկած: Մորեղբորս ազնվության, կազմակերպվածության, կարգապահության մասին մեր տանն ակնածանքով էին խոսում: Բոլորը գիտեին, որ ծառայությունն անհամեմատելի ու բացարձակ կարևորություն ունի մորեղբորս համար, և ամեն ինչ ստորադասվում է դրան: Մինչեւ օրս մորեղբայրս զինվորականի կատարելատիպ է ինձ համար: Դպրոցական տարիներին ես երազում էի նմանվել նրան, հիմա էլ եմ օրինակ վերցնում նրա կերպարից:

-Ռազմական բուհը հնարավորություն ունի՞ զինվորական բարոյական վարքականոնը դարձնել ապագա սպայի արժեհամակարգի բաղադրիչը:

-Զինվորական ծառայությունը դժվար աշխատանք է: Սա բոլորն են հասկանում: Որքան էլ տարբեր սոցիալական ծրագրերով պետությունը փորձում է զինվորական սպայի մասնագիտությունը դարձնել գրավիչ ու շահեկան, միևնույն է, պատանին զինվորական բուհ դիմելիս գիտակցում է, որ ինքը շատ պատասխանատու ճանապարհ է անցնելու: Շատ մանրուքներ դու սովորում ես ծառայության ընթացքում, սեփական փորձի հիման վրա: Քո բնավորությունը, մտածելակերպը, վարքը անդադար հղկվում են: Դու կատարելագործվում ես հետզհետե:

Ես հրետանավոր եմ: Ռազմական բուհում, պատկերավոր ասած, ես ու հրետանին գտանք իրար, որովհետև ճշգրիտ, հզոր, դիպուկ այդ զենքն իմ նախասիրությունների ու ձգտումների խորհրդանիշն էր ասես:

-Ձեր ղեկավարած մարտկոցը 2016-ին համաբանակային մրցույթում գրավել է երկրորդ տեղը, իսկ 2018-ին ճանաչվել է բանակի լավագույն մարտկոցը: Ի՞նչն է նման հաջողությունների հասնելու ամենակարևոր գործոնը:

-Պետք է ենթակա անձնակազմի հետ խոսես առավելագույնս պարզ ու հասկանալի, խնդիրը դնես հստակ եւ բացատրես յուրաքանչյուրի անելիքը: Եթե ինձ ինչ-որ բան են հարցնում, ես անտրտունջ բացատրում եմ հարյուրերորդ անգամ, ձեռք չեմ քաշում, մինչև հարցնողը խորապես չյուրացնի գիտելիքը: Ամեն անգամ, երբ որևէ դժվարության եմ հանդիպում, հորս եմ հիշում՝ նրա անսահման աշխատասիրությունն ու բծախնդիր պատասխանատվությունը իր գործի հանդեպ: Մեքենան կաշխատեր նաև այն դեպքում, եթե ինչ-որ փոքր պտուտակ անսարք լիներ: Առաջին հայացքից կարող էր նույնիսկ անսարքությունը չնկատվել: Բայց եթե այդ պտուտակն ընդհանուր մեխանիզմի մաս է, ուրեմն՝ պետք է: Ես այս սկզբունքով եմ մոտենում գործին:

-Դուք անցել եք հրամանատարական աստիճաններով: Ի՞նչն է փոխվել զինվորական ղեկավարի Ձեր աշխատանքում:

-Աշխատանքի ծավալները, պատասխանատվության շրջանակը ու մի շատ կարևոր բաղադրիչ՝ ղեկավարման աշխատանքը կազմակերպելը: Եթե դու կրտսեր հրամանատար ես, ինքդ ես ղեկավարում ստորաբաժանումը, բայց եթե դու մի քանի ստորաբաժանման հրամանատար ես, պիտի կարողանաս ուղղորդել կրտսեր հրամկազմի աշխատանքը: Երբ դու պաշտոնի բերումով հնարավորություն չես ունենում հաճախ ու անձամբ շփվել բոլոր զինվորներիդ հետ, պիտի այնպես կազմակերպես ղեկավարման աշխատանքը, որ հստակ իմանաս, թե ինչ վիճակում է քո զինվորը բոլոր նկատառումներով: Զինվորական ծառայության տարիներին իմ ամենամեծ անձնական ձեռքբերումը մարդուն լսելու կարողությունն է: Որքան էլ զրուցակցիս ասելիքը թվա անկարևոր, ես մինչև վերջ ուշադիր լսում եմ նրան, որ հանկարծ որևէ անհրաժեշտ տեղեկություն բաց չթողնեմ: Եվ հետո այն, ինչ կարող է քեզ մանր ու չնչին թվալ, մեկ ուրիշին կհուզի մինչև հոգու խորքը: Սա ճիշտ մարդկային հարաբերություններ կառուցելու լավագույն պայմանն է:

-Ատեստավորման քննությունները դժվա՞ր էին:

-Լավ է, որ հեշտ չէին: Բանակը դրել է բարձր նշաձող, և ատեստավորումը հետզհետե կփոխի բանակի դիմագիծը: Մենք տարիներ շարունակ խոսել ենք, որ զարգացած երկրներում բանակ է գալիս հասարակության մտավոր ու բարոյական էլիտան, պատմել ենք սպայական բարձր պատվի եւ առաքինությունների մասին, բայց ատեստավորմամբ առաջին անգամ քայլ ենք անում դեպի մեր երազած բանակը:

-Ինչպե՞ս եք ապրում, ի՞նչ ուրախություններ, ի՞նչ երազանքներ, ի՞նչ հոգսեր ունի Ձեր երիտասարդ ընտանիքը:

– Դեռ բալիկ չունենք, փոխարենը՝ այնքան երազանքներ ունենք, որ հնարավոր չէ մեկ զրույցի շրջանակում ամփոփել: Ուրախությունները շատ են, հոգսերը՝ հաղթահարելի: Եթե որդի ունենամ, կուզենամ, որ նա զինվորական դառնա, որովհետև հայրենիքի պաշտպանությունը, սահմանը, բանակը մարդուն ավելի լավն է դարձնում:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #47 (1512) 18.12.2023 - 25.12.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


20/12/2023