Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է



ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷՈւսումնական զորամասում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի տղաները պատրաստվում են առաջիկա քննություններին:

Հայաստան աշխարհի տարբեր անկյուններից  են, տարբեր  բնավորության, տարբեր խառնվածքի ու մտածելակերպի, բայց հանուն մի ընդհանուր նպատակի՝ հայրենիքի պաշտպանության:

Պայմանագրային զինվորական ծառայության նոր ձեւաչափը նախընտրած շարքային Գարիկ Խաչատրյանը Արտաշատից է.

– Ծնողներիս հետ խորհրդակցելուց հետո  որոշեցի «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայել: Լավ ծրագիր է, առաջինն ու ամենագլխավորը՝ հայրենիքդ ես պաշտպանում, քո լուման ունենում երկրիդ անվտանգության ապահովման գործում, եւ ծառայությունդ էլ վարձատրվում է՝ աշխատավարձ ես ստանում: Անկեղծ լինենք՝ այսօր կայուն աշխատավարձով կայուն աշխատանք  այնքան էլ հեշտ չէ գտնելը:  Բանակից հետո շատ երիտասարդներ հասնում են  օտար ափեր՝ աշխատանք գտնելու հույսով:  Ծրագիրն ինչ-որ առումով կնպաստի, որ իրենք հայրենիքում մնան, ծրագրի ավարտին տրամադրվելիք  հինգ միլիոն պատվովճարն էլ կարող է ֆինանսական հենք դառնալ տարբեր ձեռնարկումների համար: Ես մտադրվել եմ գումարը տան համար ներդնել, քանի որ իմ ամեն նպատակ ու երազանք իմ երկրի հետ է շաղկապված:

Գլաձորցի Սեյրան Բարսեղյանը ծառայավայրում է տեղեկացել ծրագրի մասին.

-Գրավիչ պայմաններ են՝ կայուն աշխատավարձ, զինծառայողների համար սահմանված բազմաթիվ արտոնություններ…  Կարող ես  բնակավայրիդ  մոտ ծառայել. համ ընտանիքիդ թև ու թիկունք կլինես, տունդ կպահես, համ էլ հայրենիքդ կպաշտպանես: Այժմ քննությունների ենք պատրաստվում՝ մասնագիտական, շարային, ֆիզպատրաստություն, որին կհաջորդի ատեստավորումը… Այսինքն՝ քո մասնագիտական որակներից, ֆիզիկական տվյալներից է մեծապես կախված աշխատավարձիդ բարձրանալը, ինչը, կարծում եմ, լրացուցիչ խթան է անընդմեջ  կատարելագործվելու: Սոցիալական գործոնը կարեւոր բաղադրիչ է, բայց չէի ցանկանա, որ զուտ գումարի համար լիներ ծառայությունը. հայրենիքն անգին է…

Գյումրեցի Գեղամ Մելքոնյանն էլ  զինվորական  քեռու  խորհրդով է համալրել հայրենյաց պաշտպանների շարքերը.

-Անկեղծ ասած՝ սկզբում երկմտում էի, ծանրութեթեւ անում, բայց երբ առավել մանրամասն ծանոթացա ծրագրի հնարավորություններին, որոշումս հստակվեց:

Մինչ ծրագրի մեջ ընդգրկվելը, Գեղամը ժամկետային ծառայությունը հենց այստեղ՝ ուսումնական զորամասում է անցկացրել:

ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է-Հիմա նախկինում անցած դասերը  նորից ենք անցնում, ավելի խորացված ուսումնասիրում: Իգլիստ եմ,- անթաքույց հպարտությամբ ասում է Գեղամն ու հավելում,- «Իգլա-Ս-ը» փոքր հեռահարության դյուրակիր զենիթահրթիռային համալիր է…

Գյումրեցի երիտասարդը  ներկայացնում է «Իգլա-Ս»-ով թիրախի խոցման բարձրությունը,  հեռավորությունը, բացատրում է, թե  եղանակային պայմաններից կախված՝ ինչպես  պետք է գործել, ճիշտ հաշվարկել, արագ կողմնորոշվել, մանրամասնորեն թվարկում է պարամետրերը՝  ջանալով  իր «զինվորական ընկերոջը» հնարավորինս  հավուր պատշաճի ներկայացնել: Լսելով հայրենիքի պաշտպանին՝ համոզվում ես, որ նա ամեն օրն արդյունավետ ու նպատակային է օգտագործել:

– Զինվորական գործի մեջ մանրուքներ չկան, ամեն ինչ էլ կարեւոր է,- շեշտում է Գեղամն ու բարձրաձայնում ապագա պլանները,- չի բացառվում, որ հետագայում էլ որպես սպա շարունակեմ ծառայությունս ՝ մեր բաժին  երկինքը պահելու համար. երկնքի սահմանապահներ՝ հաճախ հենց այսպես են բնորոշում հակաօդայիններին:

-Զրույցին միանում է շարքային Մարտիկ Աթոյանը, որը սովորում է  ԵՊՀ  միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

-Հիմա որպես հայրենիքի պաշտպան պատվով կծառայեմ, հետո էլ միջազգային հարթակներում Հայաստան անունը պատվով կներկայացնեմ:

Անդրադառնալով իր ընտրած ծրագրին՝ Մարտիկն ասում է.

-Կարևոր ծրագիր է, տանում է արհեստավարժ բանակի: Լավ հնարավորություն է հատկապես նրանց համար, ովքեր ուզում են զինվորական ճանապարհով գնալ: Միանգամից ժամկետայինից անցնում են պայմանագրայինի: Ծրագրի  առավելություններից է նաև, որ հնարավորություն է տրվում ուսումդ շարունակելու,  որ մոտ ես լինում քո բնակավայրին: Երբ  գիտես՝ թիկունքիդ քո գյուղն է, քո օջախն ու ընտանիքը, որտեղ քո մանկությունն է անցել, քո պատանեկությունը, պատասխանատվությունդ տասնապատկվում է, և ծառայում ես անսահման նվիրումով:

-Հայրս ասում է՝  երջանկություն ու բախտավորություն է հայրենիքի զինվորը լինելը, ամեն ազգի չէ դա վիճակված,- մեր զրույցին է միանում  կրտսեր սերժանտ Գագիկ Հակոբյանը: Գագիկն էլ զինվորական հայրիկի հորդորով է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն ընտրել:

-Զգում եմ՝ շատ եմ  փոխվել. ֆիզիկապես կոփվել եմ, ամրացել, ավելի գնահատող եմ դարձել, պատասխանատու, կյանքին ավելի լուրջ եմ նայում: Որոշել եմ նաև, ծառայությանը զուգահեռ, բարձրագույն կրթություն ստանալ: Կարող է նաև զինվորական գործը շարունակեմ: Պատրաստվում եմ քննությունների,  ձգտում եմ կատարյալ տիրապետել  զինվորական մասնագիտությանս:

 

***

 

Մինչ «Պաշտպան հայրենյացի» շահառուները կհանձնեն քննությունները և որպես պատրաստված մասնագետներ կմեկնեն հիմնական ծառայավայր, ուսումնական զորամասում ծառայող  ժամկետայիններից շատերը օրերս  ցանկություն են հայտնել այդ ծրագրում ներառվելու:

-Գերազանց հնարավորություն է՝ ժամանակն առավել արդյունավետ  օգտագործելու,  նաև զուգահեռ սովորելու,- նշում է շարքային Գրիշա Ղևոնդյանը,-ուզում եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետական բաժինն ընդունվել: Այստեղ՝ զորամասում, ոչ միայն տեղեկացել եմ ծրագրի մասին, այլեւ հենց ծրագրի մասնակից տղաների հետ եմ զրուցել ու վերջնական որոշել դառնալ պաշտպան հայրենյաց:

Շարքային Կարապետ Ռուստամյանն էլ նման մտադրություն ունի: Տնտեսագիտական համալսարանի ակտուարական ու ֆինանսական մաթեմատիկա բաժնի ուսանող է.

-Զինվորական կյանքը միշտ էլ սիրել եմ, հայրենիքի պաշտպանությունը կարեւոր է ու առաջնային. ոտքիդ տակ կայուն ու ամուր հող պետք է ունենաս, որ երազանքներդ իրագործես:

Պաշտպան հայրենյաց՝ ամեն ինչ ասված է…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #47 (1512) 18.12.2023 - 25.12.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


20/12/2023