ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ
«Հայ զինվորը» հարցախույզ է իրականացրել՝ պարզելու, թե մեր հայրենակիցները ինչ տեսակետներ, կարծիքներ ու նկատառումներ ունեն կանանց զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ:
Ինքս լինելով կյանքը հայրենիքին նվիրաբերած զինվորականի կին, ամուսինս՝ Տիգրան Զաքարյանը, զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ, մեծ, շատ մեծ հարգանքով ու խորին երախտագիտությամբ եմ վերաբերվում հայրենիքի պաշտպաններին և նրանց գործունեությանն ու անչափ կարևոր առաքելությանը։
Իսկ հոգով ու մարմնով զինվորական լինելը շատ դժվար է, անձնազոհ ու պատասխանատու, և հատկապես, եթե աղջիկներն են ընտրել այդ մասնագիտությունը, դա անգնահատելի է:
Գնահատանքի է արժանի, երբ կինը որոշում է լինել զինվորական: Բայց նաև կանանց կյանքի գլխավոր առաքելությունն է սերունդ տալ և դաստիարակել արժանի զավակներ: Իսկ երբ մայրը պաշտպանն է նաև իր հայրենիքի և ծառայելով նաև իր հայրենիքն է պաշտպանում և իր ընտանիքը, դա ուժեղ կնոջ կերպար է:
Իմ երախտիքի խոսքն եմ հայտնում այն հերոս կանանց, որոնք ընտրել են զինվորականի դժվարին ու պատասխանատու ուղին որպես մասնագիտություն եւ կանգնել են մեր հերոս տղաների կողքին:
ՀԱՍՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ
լոգոպեդ, օլիգոֆրենոմանկավարժ
***
Եթե մի քանի տարի առաջ կինն իրեն միայն վստահ էր զգում ընտանիքում, խոհանոցում, ապա այժմ նկատելի է կնոջ ակտիվությունը քաղաքական դաշտում, նաև՝ բանակում, և օրեցօր ավելանում է այդ ակտիվությունը:
Սեր և նվիրում դեպի հայրենիքը, ազգի հավերժությունը անձնուրաց մայրերն են կերտում: Իրոք որ, մայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգի ճակատագիրը:
Տարիներ շարունակ եղել եմ բանակի կողքին, հոգ տարել 18 տարին բոլորած պաշտպանի համար, փորձել մի փոքր ժպիտ պարգևել, եղել եմ նաեւ առաջնագծում։
Բազմիցս եմ լսել՝ հայրենիքի սահմանները պահելը կնոջ գործ չէ, բայց, վստահեցնում եմ, կինն էլ կարող է հասկանալ հայրենիքի խնդիրները։
Միանշանակ, կնոջ ներուժը պետք է օգտագործել:
ՎԵՆԵՐԱ ԳՅՈՒԼԻՆՅԱՆ
Աբովյանի ուսանողական խորհուրդ ՀԿ նախագահ
***
Գովելի նախաձեռնություն է: Կարծում եմ, որ պետք է խրախուսել զինվորական ծառայության մեջ կանանց ընդգրկվելը: Կինը պետք է տիրապետի բազային մարտական պատրաստությանը, որպեսզի, հարկ եղած դեպքում, հնարավորություն ունենա պաշտպանելու իր ընտանիքը, իր երկիրը:
Հայ կինը հայոց պատմության դժվարին, օrհասական պահերին միշտ էլ կանգնել է տղամարդու կողքին, դարձել քաջ ու խիզախ զինվոր:
Դեռեւս հույն փիլիսոփա Պլատոնն էր կանխատեսել, որ կգան այնպիսի ժամանակներ, որ կանայք տղամարդկանց հավասար կյուրացնեն ամեն տեսակի արհեստներ ու նաեւ կպատերազմեն: Պլատոնը չէր սխալվել…
ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆ
ուսանողուհի
Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Խորագիր՝ #48 (1513) 25.12.2023 - 30.12.2023, Բանակ և հասարակություն