Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ



ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ ուսումնական զորամասերում անցկացվեցին ավարտական քննություններ, որոնց նպատակը ուսումնական փուլի ընթացքում անձնակազմի ստացած գիտելիքների և հմտությունների մակարդակի, գործընթացի կազմակերպման արդյունավետության ստուգումն էր: Ամփոփիչ քննություններն ընդունեցին համապատասխան ծառայությունների մասնագետներից կազմված հանձնաժողովները: Ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած եւ զորատեսակի մասնագետի որակավորում ստացած կուրսանտները շուտով կմեկնեն զորքեր եւ կհամալրեն համապատասխան ստորաբաժանումները: Ապագա ջոկի հրամանատարները ուսումնական զորամասերում ստացած իրենց նոր կարողություններով, գրագետ գործողություններով եւ արդյունավետ ծառայությամբ կնպաստեն զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը:

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄԱվարտական քննությունների շրջանակում անհատապես ստուգվել և գնահատվել են կուրսանտների` կրտսեր հրամկազմի պատրաստության ծրագրով և մարտական պատրաստության նորմացույցներով նախատեսված տեսական և գործնական գիտելիքները: Մինչ այդ, զինվորների հետ անցկացվել են տարաբնույթ դասընթացներ` կրակային, շարային, ֆիզիկական պատրաստությունից, գերակշռել են մասնագիտական և մարտավարական պարապմունքները: Լսարանային պայմաններում նրանք հիմնովին յուրացրել են տարբեր սարքավորումների կառուցվածքը, սպառազինության ու ռազմական տեխնիկայի աշխատանքի սկզբունքն ու առանձնահատկությունները: Զորամասերի ուսումնական կենտրոնում ստացած գիտելիքներն ամրապնդվել են զորավարժարաններում գործնական վարժանքներով: Զինվորը ինքնուրույն խնդիր է կատարել, մանրամասն ծանոթացել տեխնիկային: Հրամկազմը փաստում է՝ անձնակազմն ամբողջությամբ տիրապետում է ամրակցված տեխնիկային և կրակային միջոցներին:

Քննությունների արդյունքները դեռեւս պետք է ամփոփվեն եւ մասնագիտական խոր վերլուծության ենթարկվեն, ինչից հետո միայն պարզ կլինի, թե որքանով է արդյունավետ անցկացվել ուսումնական գործընթացը, որ օղակն է համապատասխան միջոցներն ու հնարավորությունները նպատակային ու ճիշտ օգտագործելով մարտունակ մասնագետների պատրաստել: Քննական հանձնաժողովն արձանագրում է, որ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ համալրվելու են մասնագիտորեն լիարժեք պատրաստված և ուսուցանված կադրերով, ինչի շնորհիվ կապահովվի նաև հայրենիքի պաշտպանների արժանի սերնդափոխությունը:

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄՍտուգող հանձնաժողովի շտաբի պետ, փոխգնդապետ Արմեն Բալայան.

-Հրետանային ուսումնական զորամասի ավարտական քննությունների նախնական արդյունքները գոհացուցիչ են։ Բոլորն ստացել են իրական գնահատականներ, որ արտացոլում է ստորաբաժանման պատկերը։ Զինված ուժերը կհամալրվեն որակյալ մասնագետներով։

Կրտսեր սերժանտ Հովհաննես Սաֆարյանն արդեն փորձառու ծառայող է, զորամասում նաև նրան է վստահված նորակոչիկներին ուսուցանելու բարդ ու պատասխանատու գործը։

-Կուրսանտների մի մասը ծառայության հետագա վայրում կատարելու է ջոկի հրամանատարի պարտականությունները, ամեն ինչ կախված է ամփոփիչ քննությունների ժամանակ նրանց ցուցաբերած արդյունքներից։ Բոլորը սովորում են անձնակազմը ճիշտ ղեկավարելու, առաջնորդելու, ենթակա խմբի գործողությունները կանոնակարգելու հմտությունները: Ինքս ուսուցանում եմ ամիսներ առաջ իմ սովորածը, խոսում ինքնուսուցման առավելությունների մասին։ Միևնույն ժամանակ, մշտապես պատրաստվում եմ, լրացուցիչ հմտանում մասնագիտորեն, որ կարողանամ հնարավորինս շատ բան փոխանցեմ իմ անձնակազմին։

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄՍմբատ Ղափանցյանն արձանագրում է վերջին շրջանի մեծ փոփոխությունները։

-Կոփվել եմ ֆիզիկապես։ Հրաշալի տիրապետում եմ հակատանկային միջոցին, պատրաստ եմ հետագա խնդիրների կատարմանը թե՛ անհատապես, թե ստորաբաժանման կազմով։ Մշտական տեղակայման վայրում առաջնահերթ ուշադրություն եմ դարձնելու կարգապահությանը, ինչը գերազանց ծառայության հիմքն է։

Միշա Ղազարյանը զինվորականների ընտանիքից է, հինգ ամիս ծառայելուց հետո ընտրել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայելու ձևաչափը։

-Տարիներ շարունակ հորս տեսնելով ոգեշնչվել եմ, ցանկացել եմ դառնալ զինվորական։ Զինվորական որոշ գիտելիքներ արդեն ունեի, սակայն զորամասում շատ բան ենք սովորել։ Սպաներն ուղղորդել, օգնել են, որ մենք հետագա ծառայության ընթացքում կարողանանք բացահայտել մեր ներուժը։ Նոր զորամասում ձգտելու եմ անձնակազմի հետ ընկերական հարաբերություններ հաստատել, բայց միևնույն ժամանակ լինել խստապահանջ։

Սամվել Խումարյանն էլ նշում է.

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ-Շատ բան ենք սովորել հինգ ամիսների ընթացքում՝ մարտավարություն, կրակային, ֆիզիկական պատրաստություն, տիրապետում ենք զինվորական կանոնագրքերի պահանջներին։ Փոփոխությունն ակնառու է։ Ամենակարևորն ինձ համար երևի թե պատասխանատվության զգացումն է, որ ձեռք եմ բերել որպես ջոկի ապագա հրամանատար։ Նույնը, ինչ ես եմ տեսել, երբ սովորում, պատրաստվում ես ոչ թե գնահատականի համար, այլ հետագայում սովորածդ մյուսներին փոխանցելու, ստորաբաժանման գերազանց ծառայությունն ապահովելու համար, ամեն ինչ շատ ավելի հեշտ է դառնում, գիտակցում ես՝ ինչի համար ես ծառայում։ Հիմա ինձ լիովին պատրաստ եմ զգում իմ հողն ու հայրենիքը պաշտպանելու։

Էրիկ Սեդրակյանը տանկի մեխանիկ-վարորդ է։

-Մինչև ծառայության գալը տանկի մասին ոչինչ չգիտեի, միայն պատկերացնում էի, որ չափսերով շատ մեծ է։ Շատերի համար երազանք է տանկ տեսնելը, նստելը, ու ես հիմա տանկ եմ վարում. պատկերացնո՞ւմ եք իմ ոգևորությունը։ Առաջին անգամ ինքնուրույն մեքենավարելիս թեթև վախ կար՝ ահռելի տեխնիկան ինչպե՞ս պիտի կառավարեմ, բայց աստիճանաբար վարժվեցի։ Հիմա ինձ համար ավելի հեշտ է տանկ վարելը, քան ավտոմեքենա։ Հասկանում եմ տանկի «լեզուն», զգում եմ իր հզորությունը, շարժիչի ձայնը լսելուն պես արդեն շուրջբոլորը երկրորդ պլան է մղվում։ Լուրջ մասնագիտություն եմ սովորել, պետք է անընդհատ հմտանամ, որ պատշաճ կատարեմ իմ պարտականությունները։

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #48 (1513) 25.12.2023 - 30.12.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


27/12/2023