Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՊԱՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԻՐՔԵՐՈՒՄ



ՍՊԱՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԻՐՔԵՐՈՒՄԶանգում եմ մաեստրոյին՝ տեղեկանալու՝ արդյոք կարո՞ղ ենք հանդիպում կազմակերպել զորքերում: Չեմ համարձակվում հեռավոր մի զորամաս կամ, առավել ևս, առաջնագիծ՝ դիրքեր այցելելու առաջարկ անել: Նրա պատկառելի տարիքը, ձմեռվա ցուրտը հաշվի առնելով՝ ասում եմ.

-Մոտակա զորամասերից մեկը կարող ենք այցելել, մաե՛ստրո,- ինչին ի պատասխան լսում եմ.

-Իսկ հնարավո՞ր է դիրքեր այցելել: Կուզենայի հատկապես այնպիսի դիրքերում լինենք, որտեղ ժամկետային զինծառայողներ կան:

Դե, իհարկե, կարելի է, ուրախանում եմ. ուրեմն՝ վստահ է, առողջությունը ներում է, ուրեմն՝ մեզ ջերմ հանդիպում է սպասվում:

Դեպի զորամաս տանող ճանապարհը կարճում են մաեստրոյի հետ հոգեպարար զրույցները: Նրա հետ ցանկացած թեմայով զրույցը թե՛ հաճելի է և թե՛ զորացնող: Ինքը՝ Տիգրան Մանսուրյանը, մանկան պես անմիջական է ու իր ծերունազարդ տարիքին, մարդկային ազնվական ու ազնվագույն տեսակի մեջ անպարագիծ իմաստուն: Պարզվում է՝ մաեստրոյին անձամբ Սպարապետ Վազգեն Սարգսյանը ժամանակին «փոխգնդապետի» կոչում է շնորհել:

ՍՊԱՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԻՐՔԵՐՈՒՄ-Իհարկե, սիմվոլիկ կոչում է, բայց ինձ համար շատ պարտավորեցնող ու հաճելի էր սպարապետի նման ուշադրությունը, այնպես որ՝ ես էլ ինչ-որ առումով զինվորական եմ,- իր վարակիչ ժպիտով ասում է մաեստրոն:

-Ի՜նչ լավ է, որ Նոր տարվա շեմին ենք դիրքեր բարձրանալու, մեր տղաներին տեսնելու,- մտորում է մաեստրոն:-Մեր զինվորները պե՛տք է զգան, իմանան, որ սրտով ու մտքերով իրենց հետ ենք:- Մաեստրոն հիշում է իր նախորդ այցելությունները: Հատկապես սահմանը պահող զինվորն է տպավորվել:

-Մեր զինվորն ուրիշ է: Հայ ժողովրդի մեծ կենսափորձը՝ պատմական, ներկայիս իրողությունները, մեր երիտասարդներին իրենց տարիքից մեծ հասունություն են հաղորդում: Հենց այս հատկությունն է, որ առանձնացնում է նրանց: Իհարկե, տարբեր ընտանիքներից են տղաները, տարբեր բնավորություններ ունեն, մեկ գույնով չես կարող ներկայացնել: Բայց հիմնականը, որ բնորոշ է բոլորին, խոհունությունն է, պարկեշտությունը, որ շատ գեղեցիկ բան է: Զինվորի պարկեշտությունը, հրամանին ենթարկվելու ներքին պատրաստվածությունը հայ զինվորի կարևոր առաքինություններն են:

-Մեր լայն հասարակության, զինվորների համար ավելի հոգեհարազատ ու ճանաչված են հատկապես ֆիլմերի համար գրված Ձեր երաժշտությունները՝ «Մենք ենք, մեր սարերը», «Մեր մանկության տանգոն», «Աշնան արևը», «Կտոր մը երկինք»: Ինչպե՞ս ծնվեցին այդ մոտիվները,- հարցնում եմ:

ՍՊԱՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԻՐՔԵՐՈՒՄ-Ես ֆիլմի ռեժիսոր Հենրիկ Մալյանի հետ մինչև «Կտոր մը երկնիք»-ը աշխատել էի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի վրա: Ի դեպ, նույն տարում գրեցի նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի երաժշտությունը: Այդ ժամանակներից դեռ իմ մեջ տպավորվել է Հենրիկ Մալյանի, եթե կարելի է այսպես ասել, չմիջամտելու աշխատաոճը: Երբ եկավ «Կտոր մը երկինք» ֆիլմի երաժշտությունը գրելու ժամանակը, իսկ ֆիլմը բավականին բազմաշերտ է, սպասում էի, որ ինչ-որ բան ասի՝ ցանկություն, ոճի նախընտրանք: Իսկ նա լռում էր: Հետո պիտի հասկանայի, որ ինձ այդ դրության մեջ դնելը՝ հարցականների տարածք մտցնելը, հատուկ էր արվում՝ ստեղծագործական լիարժեք ազատություն ստանալու համար: Մեկ նախադասություն միայն ասաց ինձ. «Սիմֆոնիկ թող չլինի»: Դրա տակ հասկանում էր որոշակի մի գեղագիտություն. պարզ, հասկանալի մոտիվներ, որոնք կդիպչեին մարդկանց սրտերին: Ֆիլմն արդեն նկարվել էր, մոնտաժը Հենրիկ Մալյանի տիկինն էր անում, և դժգոհ էր ֆինալից: Հիշո՞ւմ եք այն պատկերը, երբ Թորիկը ֆայտոն է նստեցնում Անժելին և հայտարարում՝ «Կնիկս բաղնի՛ք պիտի երթա»: Նրա կարծիքով՝ չէր ստացվել այդ պատկերը: Նա դժգոհում էր, իսկ մենք զբաղված էինք պատկերի տակ երաժշտությունը տեղադրելով: Մեկ էլ, որ երաժշտությունը դրեց… անմիջապես դժգոհությունը վերացավ,- ուրախ ծիծաղում է մաեստրոն,- ամեն ինչ իր տեղն ընկավ: Շատ անսովոր համընկնումներ եղան այդ ֆիլմի ստեղծման ընթացքում: Շատ արտասովոր համընկնում եղավ Թորիկի դերակատարի՝ Աշոտ Ադամյանի՝ ֆայտոնի մեջ ձեռքերը տարածելու, բերանը բացելու և ճչալու պատկերի հետ: Երաժշտությունը տեղադրելիս այնպես ստացվեց, որ շեփորն իր բարձրակետին հասավ, երբ Թորիկը գոռում էր ձեռքերը տարածած, ու թվում է, թե հենց ինքն է շեփորի ձայնով գոռում: Սկզբում Մալյանը մտածեց, որ արհեստական կարող է հնչել այս համընկումը, փորձեցինք տեղաշարժել, բայց հետո հասկացանք, որ շատ լավ է, և հենց այդպես էլ մնաց:

Ո՞րն է իր ամենասիրելի ստեղծագործությունը հարցին, մաեստրոն դժվարանում է պատասխանել:

-Բոլորն իմ զավակներն են՝ սկսած Նահապետ Քուչակի չորս «Հայրեններից», որ գրել եմ, երբ դեռ ասպիրանտ էի:

Գործեր ունեմ, որ ավելի հաճախ են հնչում, և այնպիսիները, որ քիչ են հայտնի լայն հասարակությանը: Համաշխարհային ճանաչում ունեցող գործերից մեկը՝ «Ռեքվիեմը»՝ նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին, լատիներենով է: Եթե «Ռեքվիեմ» ես գրում, բառերը պետք է լատիներենով հնչող եկեղեցական տեքստ լինեն: Օրենք կա՝ ինչ լեզվով գրում ես, այդ երգի երաժշտության լեզուն պետք է համընկնի տվյալ լեզվի ավանդույթներին, դրա հիմքերի վրա պետք է կառուցվի: Ես արեցի ճիշտ հակառակը՝ իմ գրած «Ռեքվիեմի» բառերը լատիներեն են, իսկ երաժշտությունը՝ հայերեն: Ընդհանրապես, իմ երաժշտությունը հայերեն է: Ես դեռ փոքրուց բանաստեղծություններ էի գրում: Հետո բառերը վերածվեցին մեղեդիների:

Այն հարցին, թե ինչպես է ծնվում մեղեդին, պատասխանում է խորհրդավոր.

ՍՊԱՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԻՐՔԵՐՈՒՄ-Երբեմն արթնանում եմ ու զգում, որ մեղեդին ինձնից շուտ արդեն արթնացել է: Իրենից մի քանի վայրկյան հետո ես եմ արթնանում,- ասում է ժպիտով և շարունակում, որ աշխատանքն իր կյանքի անբաժանելի մասն է, և այսօր էլ ինքը առանց ստեղծագործելու չի պատկերացնում իրեն:

Շուտով մոտենում ենք զորամասին, որտեղից կարճատև դադարից հետո ուղևորվելու ենք դիրքեր: Մեզ դիմավորում է զորամասի հրամանատարը՝ գնդապետ Միքայել Ֆարմանյանը: Զորամասի զինծառայողները ինքնագիր են խնդրում մաեստրոյից, իսկ վերջինս սիրով պատասխանում է՝ «Կարելի է նաև լուսանկարվել»: Հետո խնդրում, որ իր հեռախոսով էլ նկարենք:

Թեյի շուրջ մաեստրոն զրույցի է բռնվում հրամանատարի հետ, տեղեկանում զորամասի անցուդարձի, բարեփոխումների, սահմանին տիրող ներկայիս դրության մասին: Գնդապետը սիրով պատասխանում է մաեստրոյի հարցերին՝ վստահեցնելով, որ անում են հնարավորը, որպեսզի զորքերը, զորային պայմանները բերվեն ժամանակակից պահանջներին լիովին բավարարող չափանիշների:

Տաք թեյից ու ջերմ ընդունելությունից հետո զորամասի հրամանատարի ուղեկցությամբ ուղևորվում ենք դիրքեր: Այստեղ մեզ դիմավորում են ստորաբաժանման հրամանատար, փոխգնդապետ Հակոբյանը, դիրքի ավագն ու անձնակազմը՝ հիմնականում ժամկետային զինծառայողներ:

-Ձեզ բոլորն այստեղ ճանաչում ու սիրում են, մաե՛ստրո: Անհամբեր սպասում էին Ձեզ,- ասում է գնդապետ Ֆարմանյանը:

-Ես էլ շատ ուրախ եմ բոլորիդ տեսնելով՝ այսպես արտակարգ զուսպ, լուրջ: Գիտեմ, որ հայ զինվորը ճիշտ այսպիսին է, և դուք հաստատում եք դա: Շատ ուրախ եմ ձեզ հետ փոքր-ինչ շփվելու համար: Հպարտ եմ ձեզնով, ինչպես ամեն հայ մարդ: Դուք մեր երկրի միջուկի միջուկն եք:

Մաեստրոն հարցուփորձ է անում զինվորներին, տեղեկանում, ով որտեղից է, տանը նրան ո՞վ է սպասում: Գոռին է դիմում, որը լավ ձայն ունի, երգում է:

-Ո՞վ ունես տանը:

-Հայրս, մայրս, քույրս:

-Քեզնից փո՞քր է քույրդ:

-Այո՛:

-Ուրեմն, դու տան ավագն ես:

Մյուսի պատասխանից անմիջապես գուշակում է. «Գորիսի՞ց ես»:

Զինվորներից Տիգրանն է ներկայանում, որը կարճ ժամանակ անց զորացրվելու է:

-Մենք Տիգրան անունով փառահեղ թագավոր ենք ունեցել,- ասում է մաեստրոն,- դե, դու ինքդ էլ գիտես՝ ինչ անուն ես կրում:

-Լևոն,- ներկայանում է մյուս զինվորը:

-Լևոն անունով հզոր թագավոր էլ ենք ունեցել:

-Սահակ,- ասում է մյուսը:

-Օ՜, դու էլ Սահակ Պարթևն ես,- անմիջապես կնքում է մաեստրոն:

-Կոլյա,- ներկայանում է մյուսը:

-Հայերեն դա Նիկողայոսն է: Կներես, որ անմիջապես թարգմանեցի, բայց հայերեն գեղեցիկ է հնչում՝ Նիկողայոս. շատ լավ անուն է:

-Նարեկ:

-Ես Նարեկ անունով թոռնիկ ունեմ:

-Նվեր,- հերթով ներկայանում են տղաները:

-Իսահակ:

ՍՊԱՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԻՐՔԵՐՈՒՄ-Ավետիք Իսահակյանի գյուղը հիշեցի՝ Ղազարապատը: Հիմա չկա այդ գյուղը. դրա տեղում լիճ են հիմնել: Իսկ ա՛յ կողքի գյուղն այժմ Իսահակյան է կոչվում՝ Ավետիք Իսահակյանի անունով: Տղե՛րք ջան, իսկ կարդալու ժամանակ ունենո՞ւմ եք,- հետաքրքրվում է մաեստրոն:

-Իհարկե,- միաբերան պատասխանում են զինվորները:

-Դա լավ է, շատ լավ:

Իսահակը մաեստրոյին թևանցուկ ցույց է տալիս իրենց կացարանը:

-Ահա այստեղ անձնակազմն է քնում, իսկ այնտեղ կապի հանգույցն է, որտեղից ապահովվում է կապը մեր բոլոր մյուս հենակետերի հետ: Ինչպես նաև տեսախցիկների միջոցով մշտապես դիտարկում ենք:

-Մի բան հարցնեմ,- ասում է մաեստրոն,- բոլորդ Աստվածաշունչ ունե՞ք:

-Իհարկե, միշտ ընթերցում ենք:

-Լավ է, շատ լավ,- գոհունակությամբ ասում է մաեստրոն:

-Այստեղ ահա մեր զինանոցն է,- շարունակում է ներկայացնել Իսահակը,- մեր զենքն ու զինամթերքն այստեղ է տեղադրված: Ամեն անգամ դիտակետ բարձրանալուց անձնակազմը լիցքավորում է իր զենքը և գնում դիտարկում իրականացնելու:

Դիրքի ոլոր-մոլոր խրամուղիներով շարժվում ենք դեպի դիտակետերից մեկը, որտեղ հերթապահում է Խաչիկը: Զինվորը հանում է հեռադիտակը, տալիս է մաեստրոյին:

-Ես ինձ այստեղ շատ պաշտպանված եմ զգում՝ ձեր մեջ, Խաչի՛կ ջան:- Մաեստրոն գորովանքով նայում է խրոխտ զինվորին:

-Մեր պարտքն է, մաե՛ստրո, որ Դուք Ձեզ պաշտպանված զգաք,- պատասխանում է երիտասարդը,- մենք դրա համար ենք այստեղ, և կարող եմ վստահեցնել, որ Դուք, մեր բոլոր ազգակիցները կարող եք հանգիստ լինել:

-Այո՛, իհարկե: Մենք մի ընտանիք ենք, Խաչի՛կ ջան: Բարդ ժամանակներում ենք ապրում: Դուք կանգնած եք մեր երկրի ամենազգայուն հատվածում՝ սահմանին: Վերջին տարիները շատ դժվար էին բոլորիս համար: Բայց, վստահ եմ, որ՝ «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան», ինչպես ասում է դասականը: Ձեզ հետ շփումն է՛լ ավելի է ամրացնում այս հավատս:

ՍՊԱՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԻՐՔԵՐՈՒՄՎերադառնում ենք դիտակետից: Դիրքի խոհանոցում մաեստրոյի համար զինվորներն այս ընթացքում գեղեցիկ հյուրասիրություն են պատրաստել: Տաք թեյը ցուրտ եղանակին շատ տեղին է: Սեղանին ամեն տեսակի բարիքներ են՝ թարմ հաց, պանիր, կարագ, անարատ մեղր, զանազան մրգեր, կոնֆետներ, չրեղեն ու ընդեղեն՝ իսկը Նոր տարվա սեղան: Շուտով նաև տոնածառը կտեղադրվի: Մաեստրոն՝ այդ օրվա բարի Ձմեռ պապը, նվերով է եկել իր թոռնիկների մոտ: Մակագրում է ֆիլմերի՝ իր հեղինակած գործերով ձայնասկավառակը՝ նշելով մարտական դիրքի անվանումը և մակագրելով՝ «Պայծառ տղաներին, աննման հայորդի զինվորներին»:

Դիրքի միակ կին զինծառայողը՝ Գոհարը, հրամցնում է տաք թեյերը, իսկ զինվորներից մեկը կարագ է քսում հացին ու հյուրասիրում մաեստրոյին:

-Ախ, Աստված իմ, ի՜նչ համով թեյ է: Շատ համեղ է ամեն ինչ,- ասում է մաեստրոն:

Միշտ էլ դիրքերում զինվորների պատրաստած ամեն մի կերակուր ամենահամեղն է թվում:

Մի փոքր անց սեղանն իր երգով ավելի է գեղեցկացնում զինվոր Գոռը՝ կատարելով Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր» և Արթուր Գրիգորյանի «Կյանք ու կռիվ» երգերը: Շնորհակալություն ենք հայտնում տղաներին, մաղթում բարի՜ ծառայություն և հրաժեշտի պահին, իհարկե, լուսանկարում մաեստրոյի հետ: Տղաները շրջապատում են նրան՝ թիկունքում ամուր վահան կազմելով:

Հետդարձի ճանապարհին տեղեկանում եմ մաեստրոյի տպավորություններից:

-Հիացած եմ մեր զինվորներով, նաև հրամանատարական կազմով, որոնց հետ առիթ ունեցա շփվելու այսօր: Գնդապետ Ֆարմանյանն իր մարդկային նկարագրով, իր վարքագծով պարզապես հիացրեց: Ինքն իր հոգսերի մեջ է, բնական է, ես՝ իմ: Բայց այս մի քանի ժամվա մարդկային կապը, որ հաստատվեց մեր միջև, ինձ հետ կլինի միշտ: Եղա առաջնագծի այն կետում՝ դիտակետում, որտեղ հերթապահ զինվորն է հսկում: Երբ այս տարածքում ես գտնվում, թիկունքում սարերը շա՜տ ավելի գեղեցիկ են, վեհ, հարազատ: Այդ զգացումն ինձ ստիպում է անվերջ նայել մեր սարերին, որոնց վրա այս օրերին թեթև ձյուն է:

-Այս տարիքում էլ Ձեզ միշտ ձգում է սահմանը, ամեն Նոր տարվա շեմին ցանկանում եք զինվորների կողքին լինել:

-Ասեմ, որ դա պարտքի խոր զգացումն է զինվորի հանդեպ, երկիր պահողի հանդեպ, այն ընտանիքների, որոնց զինվորներն այսօր, այս բարդ իրավիճակում մեր Հայրենիքն են պաշտպանում: Որևէ խաբկանք չունենք. բարդ ժամանակներ են: Բայց երբ տեսնում եմ այս տղաներին, ինձ անչափ հպարտ եմ զգում: Ես նրանց մեջ զգում եմ հայ զինվորի ամենալավ, ամենաբարձր հատկանիշները՝ խոնարհություն, մի տեսակ իմաստուն լռություն և այդ լռության տակ լեցուն խոհունություն: Անմիջապես ուզում ես իմանալ՝ ո՞վ ունի տանը, որտեղի՞ց է: Այդ բոլոր տները, մեր տղաների ընտանքիները, հարազատ են ինձ համար: Իրենց ևս խոնարհումս եմ ուզում փոխանցել: Մեր բոլոր զինվորներին Նոր տարվա նախօրյակին մաղթեցի լավագույնը՝ ամենամեծ բանը, որի գինն իրենք շատ լավ գիտեն, դա խաղաղությունն է: Եվ խնդրեցի, որ իրենց ընտանիքներին փոխանցեն իմ բարեմաղթանքները նույնպես, քանի որ ես անձամբ իրենց չեմ ճանաչում, բայց իրենց որդիները՝ իբրև երկրի զավակ, նաև մերն են՝ բոլորինս: Ժպտալիս շատ գեղեցիկ են մեր տղաները, զենք բռնելիս շատ խոհեմ: Այս տարածքը հեշտ տարածք չէ: Իր բնույթով, ապրելակերպով այն պարտադրում է խիստ կացութաձև, հոգեբանական խիստ վիճակ: Այստեղից ինձ հետ այսօր կրկին տանում եմ մարդկային հարաբերությունների անչափ գեղեցիկ մի կենսափորձ, մի դրվագ, որը ինձ հարստացրեց: Երկրի մաշկն է սահմանագիծը, ամենազգայուն, խոցելի հատվածն է, որի պաշտպանությանն են կանգնած մեր այս լավ տղաները: Շատ ուրախ եմ, որ եղավ այս հանդիպումը: Երբ տեղյակ չես զինվորի կյանքի, գործի, կացութաձևի մանրամասներին, մի այլ հոգեվիճակի մեջ ես գտնվում, բայց երբ գալիս ես, քո աչքերով տեսնում, ծանոթանում առօրյային և մանավանդ, երբ քեզ մանրամասն պատմում են ու ներկայացնում սահմանին տիրող իրավիճակը, այդ ամենը քեզ հուսալիության, ապահովության զգացում է ներշնչում, և դա, անշուշտ, մեծագույն հարստություն է:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #48 (1513) 25.12.2023 - 30.12.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


27/12/2023