Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆ



ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ   ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆ«Աստված մարմնով հայտնվեց…»

Ա Տիմոթեոս Գ.16

 

Ամեն օր միլիոնավոր մարդիկ են ծնվում, բայց միայն մեկ ծնունդ է, որ անվանվում է Սուրբ Ծնունդ: Քրիստոսի ծնունդն է: Ինչո՞ւ է Սուրբ, որովհետև Աստված մարդացավ և իր ծնունդով փոխեց աշխարհը: Օրացույցի այս օրը՝ հունվարի 6-ը, քրիստոնյաներիս համար իմաստավորվեց նոր կյանքով, փրկության հույսով: Խավար աշխարհը լուսավորվեց նոր, երկար սպասված հավիտենական Լույսով:

Ըստ Անանիա Շիրակացու՝ Քրիստոսի Ծննդյան և Հայտնության տոնը բոլոր տոների սկիզբն ու հիմքն է: Աշխարհի Փրկիչը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ծնվել է Սուրբ և Անարատ Կույս Մարիամից` Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հռոմի Օգոստինոս կայսեր և հայոց Աբգար թագավորի օրոք: Ավետարանում այս մասին գրված է, որ երբ Մարիամն ու Հովսեփը Բեթղեհեմ հասան, Մարիամի ծննդաբերելու օրերը լրացան, և նա ծնեց իր անդրանիկ Որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց Նրան ու դրեց մսուրի մեջ (Ղուկ. Բ.7): Երկու հազար և ավելի տարիներ ողջ աշխարհին ավետվում է Քրիստոսի հրաշափառ Ծնունդը: Դարեդար հնչելով՝ չի լռում այս օրհներգությունը. «Փա՜ռք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»:

Ի՞նչ խորհուրդ ունի այս օրը յուրաքանչյուրի կյանքում, արդյո՞ք չի սահմանափակվում միայն տոնը նշելու արտաքին դրսևորումներով՝ բացառելով ներքին բովանդակությունը:

Այնինչ, երբ մարդն իրապես կարողանում է մասնակից լինել և ապրել տոնի ներքին և անպատմելի խորհրդին, ապա այն վերածվում է կյանքում կարևոր և ոչնչով չփոխարինվող մի իրողության:

Երբ մոտենում էր Նրա երկիր մուտք գործելու ժամանակը, Հռոմի Օգոստոս կայսրը ողջ երկրում մարդահամարի անցկացման հրաման տվեց, ըստ որի՝ յուրաքանչյուր հռոմեական հպատակ պարտավոր էր գրանցվել իր հայրենի քաղաքում: Հովսեփն ու Մարիամը, որ սերում էին Դավթի ցեղից, Գալիլեայի Նազարեթ քաղաքից գնացին Բեթղեհեմ: Այդ փոքրիկ քաղաքում, մարդահամարի պատճառով, հյուրանոցում ոչ մի ազատ տեղ չգտնվեց, այնպես որ՝ Հովսեփն ու Մարիամը ստիպված գիշերեցին քաղաքից դուրս այն քարայրում, որ որպես նախրատուն էր ծառայում: Այստեղ՝ քարայրում, Սուրբ կույսը առանց ցավի ծնեց Աստվածորդուն՝ աշխարհի Փրկչին, ապա Աստվածամայրը, բարուրելով մանկանը, դրեց մսուրի մեջ:

Այս մեծագույն իրադարձության մասին առաջինը իմացան հովիվները, որոնց Տիրոջ հրեշտակը հորդորեց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է» (Ղուկաս Բ.10-11): Այսպես հեզ և բարի հովիվները առաջինը արժանի ճանաչվեցին խոնարհվելու Նրան, Ով իջել էր երկնքից մարդկանց մոտ՝ հանուն նրանց փրկության: «Թեև Աստված էր բնությամբ, և Աստծուն հավասար լինել հռչակվելը նրա համար Աստծո պատիվը հափշտակել չէր նշանակում, բայց կամովին Ինքն Իրեն մերկացրեց այս պատվից՝ ծառայական մեր բնությունն իր վրա վերցնելով, և մարդկանց պես եղավ ու մարդկային կերպարանքով ճանաչվեց» (Փիլիպպեցիներ Բ.6-7):

Քրիստոսի Ծնունդը ազդարարվել էր նաև Բեթղեհեմի երկնքում հայտնված հրաշալի աստղի միջոցով: Երբ Հիսուս ծնվեց Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրոք, արևելքից մոգեր եկան Երուսաղեմ և ասացին. «Ո՞ւր է հրեաների արքան, որ ծնվեց, որովհետև Նրա աստղը տեսանք արևելքում և եկանք երկրպագելու»: Ավանդությունը հիշում է նրանց անունները՝ պարսիկների թագավոր Մելքոնը, հնդիկների թագավոր Գասպարը և արաբների թագավոր Բաղդասարը: Երբ մոգերը եկան Բեթղեհեմ, Սուրբ ընտանիքն արդեն ապրում էր մարդահամարից հետո ազատված քաղաքի տնակներից մեկում: Նրանք իրենց հետ նվերներ էին բերել Մանկանը՝ ոսկի, կնդրուկ և զմուռս: Ոսկին նվիրեցին իբրև ինքնակալ և հաղթող թագավորի խորհրդանշան, կնդրուկը՝ իբրև մարդասեր ու երկնային Աստծո, իսկ զմուռսը՝ իբրև մեզ համար ինքնակամ մեռնողի: Մանկանը երկրպագելուց և ընծաները նվիրելուց հետո մոգերը երազի մեջ Աստծուց հրաման ստացան չվերադառնալ Հերովդեսի մոտ, այլ գնան իրենց երկիրն այլ ճանապարհով: Այսպիսով, Փրկչին խոնարհվում են մարդկային իմաստությունը՝ հանձինս մոգերի, անմեղությունն ու պարզությունը՝ հանձինս հովիվների, այսինքն՝ ամենահասարակ և ամենակրթված մարդիկ: Այս ամենով պարզ է դառնում, որ Աստծո կողմից ընդունելի է յուրաքանչյուրը:

Հունվարի 6-ին նշում ենք ոչ միայն Հիսուս Քրիստոսի ծնունդը, այլ նաև մկրտությունը։ Ինչպես Հիսուս Քրիստոսի Ծննդյան, այնպես էլ Նրա մկրտության ընթացքում տեղի ունեցան մեծագույն և խորհրդավոր իրադարձություններ: Երբ լրացավ Հիսուսի երեսուն տարին, Նա Գալիլեայից Հորդանան եկավ, Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու: Սակայն Հովհաննեսն ընդդիմացավ. «Ի՛նձ պետք է, որ Քեզնից մկրտվեմ, և Դու ի՞նձ մոտ ես գալիս»:

Հիսուսը պատասխանեց. «Թո՛ւյլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծո ամեն արդարություն»: Եվ ամբողջ ժողովրդի մկրտվելուց հետո Հիսուսը ևս մկրտվեց: Իսկ երբ աղոթքի կանգնեց, երկինքը բացվեց, և Սուրբ Հոգին աղավնու տեսքով իջավ Նրա վրա, և երկնքից ձայն եկավ. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի Իմ ամբողջ բարեհաճությունը»: Քրիստոս Իր մկրտությամբ օրինակ տվեց. ինչպես Ինքը մկրտվեց, այնպես էլ բոլոր Նրա հետևորդները պետք է մկրտվեն: Նա Իր մկրտությամբ սրբագործեց և օրհնեց այն ջուրը, որ պետք է ծառայեր մարդու փրկչական մկրտության համար: Այդ նույն մկրտությամբ Հիսուս բացեց երկնային հավիտենականության դռները, քանի որ մկրտությունը «մեղքի մահն է և հոգու վերածնունդը» (Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի):

Բեթղեհեմի գիշերն Աստվածահայտնություն է՝ Աստված մարմնով հայտնվեց մեր մեջ:

Հիսուսի մկրտվելն Աստվածահայտնություն է՝ Աստված տեսանելի կերպով հայտնեց իրեն Երրորդության մեջ. Որդի Աստված՝ ջրերում, Սուրբ Հոգի Աստված՝ աղավնակերպ իջնելիս, Հայր Աստված՝ երկնքից ձայնելիս:

Սուրբ Ծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո: Հունվարի 5-ի երեկոյան եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սուրբ Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) վառել: Այդ օրը եկեղեցում վառված ճրագները մարդիկ տուն են տանում: Վառվող ճրագները խորհրդանշում են բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Մանուկ Հիսուս: Հավատացյալները Քրիստոսի Սուրբ Ծննդյան լույսն էլ եկեղեցուց տուն են տանում` հավատալով, որ աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը այդ կերպ հասցնում են իրենց օջախներ:

Քանի որ Սուրբ Ծննդյան տոնին նախորդում է պահքի շրջանը, հավատացյալներից շատերը պահքից դուրս են գալիս Ճրագալույցի Սուրբ Պատարագին՝ Սուրբ Հաղորդություն ստանալով:

Հունվարի 5-ի երեկոյից մարդիկ միմյանց ողջունում են`

«Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ:

Օրհնեալ է Յայտնութիւնն Քրիստոսի:

Ձեզ եւ մեզ մեծ Աւետիս»:

Ի հիշատակ Քրիստոսի մկրտության հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան Պատարագից անմիջապես հետո կատարվում է Ջրօրհնեքի արարողություն: Հավատացյալները, ավանդույթի համաձայն, այդ օրը այդ ջրից մի փոքր տանում են տուն՝ որպես հիվանդներին բժշկելու միջոց: Համարվում է, որ այն յուրահատուկ օգտակար հատկություններ ունի։ Սրբագործված ջուրը, քրիստոնեական ավանդույթի համաձայն, հարկավոր է խնամքով պահել և վերաբերվել որպես սրբության։ Քրիստոսի ծննդյան ավետիսը փոխանցում են նաև հոգևորականները՝ այցելելով մարդկանց և օրհնելով նրանց տները։

 

ԳԵՎՈՐԳ սարկավագ ԴԵՐՄԵՆՋՅԱՆ

Գնդերեց

Խորագիր՝ #01 (1514) 09.01.2024 - 16.01.2024, Հոգևոր-մշակութային


11/01/2024