Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ



ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸՀայրենիքի պաշտպանների նոր հերթափոխն է մեկնում ծառայության։ Համապետական միջոցառումը պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով նախապատրաստական մեծածավալ աշխատանք է տարվել, որի արդյունքում զորամասերը կհամալրեն ֆիզիկապես և հոգեպես առողջ երիտասարդները։

Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 4 տարածքային ստորաբաժանման բակը մարդաշատ է, ներսում՝ եռուզեռ: Զորակոչիկների առաջին խումբը ներկայացել է նշված ժամին։ Կատարվում են  ընթացակարգով սահմանված անհրաժեշտ գործողությունները: Ստուգվում են անձնական գործերը, համապատասխան մասնագետները մանրազնին հետազոտում են զինակոչիկներին: Անհրաժեշտության դեպքում երիտասարդները լրացուցիչ հետազոտության են ուղեգրվում:

Համապատասխան գործողությունների ավարտից հետո պատասխանատուները ներս են հրավիրում զորակոչիկների ծնողներին և հարազատներին։ Հուզմունք, ուրախություն, հպարտություն, ոգևորություն` հավաքվածների զգացմունքները միախառնվել են: Ներկաներին է դիմում թիվ 4 տարածքային ստորաբաժանման ղեկավար Աշոտ Հակոբջանյանը: Նա շնորհավորում է տղաներին բանակի շարքերը համալրելու կապակցությամբ, մաղթում խաղաղ ու անվտանգ ծառայություն, հորդորում պատվով կրել զինվորական համազգեստը:

Զորակոչիկներին են ուղղվում վերջին հորդորները՝ լիարժեք կատարել Հայրենիքի պաշտպանի պարտականությունները, լինել ընկերասեր ու սրտացավ։ Հարազատները, ընկերները խաղաղ ու անվտանգ ծառայության իրենց մաղթանքներն են հղում բոլոր տղաներին:

Ըստ անվանացանկի` զորակոչիկները պատրաստվում են նստել ավտոբուսները: Նրանց թվում է նաև Համլետ Հովհաննիսյանը։ Ամրակազմ, ձիգ կեցվածքով երիտասարդը իր լավատեսությամբ, բարձր տրամադրությամբ ինքն է ոգևորում իրեն ճանապարհելու եկածներին։ Ուրախությունն ու տխրությունը միախառնվել են, իսկ Կարինե տատիկը հպարտությամբ ասում է՝ երրորդ թոռանս եմ բանակ ճանապարհում, թող պատվով ծառայի, վերադառնա տուն։ Հուզմունքի պահին էլ հարազատները հասկանում են՝ բանակը կոփում ու տղամարդ դարձած իրենց է վերադարձնում որդիներին:

Բնականաբար, Համլետի ամենաերկար գրկախառնությունը մայրիկի՝ տիկին Ռուզաննայի հետ է։ Համլետը նրա մինուճար որդին է։ Ամուր գրկելով մորը՝ որդին անխոս հասկացնում է՝ գնում եմ պաշտպանելու այն ամենը, ինչը թանկ է ինձ համար։

-Շատ էի ուզում ծառայել,- ոգևորված ասում է Համլետը։ -Բժշկական հանձնաժողովի եզրակացությանն եմ լարված սպասել՝ հանկարծ առողջական լուրջ խնդիրներ չհայտնաբերվեն։ Երբ հայտնեցին, որ պիտանի եմ զինվորական ծառայությանը, ուրախությանս չափ չկար։ Հաստատ լավ զինվոր եմ լինելու։

Ժամանակն է մեկնելու: Ծափողջույնների ներքո զորակոչիկները ուղղություն են վերցնում դեպի հանրապետական հավաքակայան։ Այնտեղ մի քանի հետազոտություն էլ է անցկացվում. բժշկական հանձնաժողովը պետք է վստահ լինի, որ բանակ են գնում ֆիզիկապես և հոգեպես առողջ երիտասարդներ: Այնուհետև զորակոչիկները վիճակահանությանը մասնակցելու համար ստանում են անձնական պայմանական համարներով անվանապիտակներ, դասակարգման տարբերանշաններ:

Եթե եզրակացությունը դրական է, և զինակոչիկը պատրաստ է մեկնելու երկամյա ծառայության, նա անցնում է մասնագիտական ընտրական հանձնաժողովով: Սրահներից մեկում զորատեսակների ներկայացուցիչները զրուցում են տղաների հետ, ճշտում կրթական, ֆիզիկական պատրաստության աստիճանը, կարողությունները և նոր միայն որոշումներ կայացնում։ Նրանք նախնական տեղեկություններ են տրամադրում զինծառայողների իրավունքների վերաբերյալ, պարզաբանում են ծառայության առանձնահատկությունները: Զրույցների ընթացքում որոշվում է յուրաքանչյուրի` այս կամ այն զորատեսակում ծառայելու նպատակահարմարությունը:

Մոտենում է ամենակարևոր՝ վիճակահանության փուլը: Զորակոչիկների հարազատները գործընթացին հետևում են զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում ուղիղ հեռարձակմամբ, համոզվում են, որ ամեն ինչ արդար է և թափանցիկ։

Տղաները հերթով մոտենում են համապատասխան թմբուկին, հանում զորամասի համարը, բարձրաձայն կարդում և թուղթը պահում տեսանելի տարբերակով: Բարձրագույն կրթություն ունեցողները վիճակահանությամբ գործուղվում են ուսումնական զորամասեր՝ ըստ մասնագիտությունների:

Նրանք արդեն պատրաստ են զորամասեր մեկնելու։ Սակայն արդեն ճաշի ժամն է: Զորակոչիկները թարմ, համեղ, բարձր կալորիականությամբ սնունդ են ընդունում. Հայրենիքի ապագա պաշտպաններին ճանապարհ ընկնելուց առաջ սննդարար ուտելիք է պետք:

Հավաքակայանը ժամ առ ժամ համալրվում է զինվորական ծառայության առաջին քայլերը կատարող նորակոչիկներով։ Մինչ մի խումբը պատրաստվում է վիճակահանությանը կամ արդեն մեկնում զորամասեր, մյուսները նոր են ոտք դնում հավաքակայան, անցնում բուժզննության վերջին փուլը։ Զրուցում եմ նոր ժամանողների հետ, փորձում պարզել նրանց տրամադրվածությունը ծառայության հանդեպ: Տարբեր նախասիրությունների ու  բնավորությունների տեր են, բայց շատերն արդեն հասցրել են մտերմանալ:

Ռուբեն Խալափյանը հայկական պետական մանկավարժական համալսարանի  կուլտուրայի ֆակուլտետի ուսանող է, ապագա ռեժիսոր։

-Վստահ եմ՝ նոր միջավայրն իրականում շատ հետաքրքիր է լինելու, ուսումնասիրելու, սովորելու շատ բան կունենամ։ Պատերազմից հետո ընկերներով որոշել էինք վավերագրական ֆիլմ նկարել։ Օգտակար կլինի ներսից տեսնել բանակը, տարբեր ուղղություններով հարուստ նյութ հավաքել՝ մարդկային փոխհարաբերություններ, դրանց փոփոխությունը կանոնադրային, խիստ կարգապահության ռեժիմում և այլն։ Ինչ էլ լինի, Հայրենիքի հանդեպ պարտքը պիտի կատարվի։ Որոշ չափով տեղյակ եմ բանակային կյանքին։ Երեք եղբայր ենք, առաջինը ես եմ գնում ծառայելու։ Հուսով եմ, ինձ լավ կդրսևորեմ, փոքր եղբայրներիս համար օրինակ կհանդիսանամ։ Մեր խմբի տղաներով ավանդույթ ենք ձևավորել՝ բանակ մեկնողներին ճանապարհում ենք պարով։ Այս անգամ տարածքային ստորաբաժանման բակում «Յարխուշտա», «Ալաշկերտի քոչարի» պարեցինք ինձ համար…

Արամայիս Գեղամյանն ու Վարուժան Գևորգյանը մանկության ընկերներ են։ Փոքրուց սովոր են ամեն ինչ միասին անել, իրար օգնել։ Մեկը հանգիստ խառնվածքով  է, մյուսը առավել աշխույժ է, կարծես լրացնում են մեկը մյուսին։ Արամայիսը արևելյան մարտարվեստների խմբակ է հաճախել, Վարուժանն էլ ֆիզիկապես ամուր է, այնպես որ, զորամասում ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հաստատ չեն նեղվի: Երկուսն էլ ավարտել են համապատասխան դասընթաց և ծառայելու են որպես վարորդներ։

-Ծառայությանը պատրաստ ենք բոլոր առումներով,- նշում են ընկերները։ -Ամեն ինչ լավ է լինելու: Կծառայենք, կվերադառնանք մեր տները։ Դժվարություններից չենք վախենում, ամեն ինչ  էլ տղամարդու համար է։

Վարորդական դասընթաց է ավարտել նաև Նարեկ Վարդանյանը։ Զարդակիրառական արվեստի ուսումնարանն է ավարտել, մանրանկարիչ է։ Հիմա էլ Մանկավարժական համալսարանի դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնում է սովորում։ Մեծ եղբայրը պայմանագրային է, ծառայում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով, իր փորձով ու խորհուրդներով կօգնի ավելի հեշտ հաղթահարել սկզբնական դժվարությունները, հարմարվել ծառայության նոր միջավայրին։

-Տրամադրվածությունս մարտական է: Յուրաքանչյուր երիտասարդ պետք է ծառայի, պաշտպանի իր Հայրենիքը: Հիմա էլ իմ հերթն է: Անհանգստություն, անորոշություն ընդհանրապես չկա։ Ես գիտեմ իմ անելիքը, վստահ եմ ուժերիս։ Դժվարը միայն հարազատների կարոտն է,- նշում է Նարեկը։

Տարբեր ուղղություններով զորամասեր են մեկնում ավտոբուսները: Շուտով զորակոչիկները կանցնեն ծառայության՝ իրենց ուսերին առնելով մեր երկրի անվտանգության ապահովման պատասխանատվությունը։ Բարի ծառայություն տղաներին։

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #01 (1514) 09.01.2024 - 16.01.2024, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


11/01/2024