Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՐՔԵՐԸ ՄԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԲԱՆԱՁԵՎԻ ՇՈՒՐՋ ՇԻԿԱՆՈՒՄ ԵՆ



Եվրամիությունը ՄԱԿ անվտանգության խորհրդին կոչ է արել միջոցներ ձեռնարկել դադարեցնելու արյունահեղությունը Սիրիայում և ընդունելու Արաբական պետություների լիգայի անունից հունվարի 27-ին Մարոկկոյի ներկայացրած բանաձևի նախագիծը, որը ենթադրում է նաև Ասադի կողմից իշխանության հանձնում երկրի փոխնախագահին, և հայտարարել է, թե վաղուց ժամանակն է, որպեսզի Անվտանգության խորհրդի անդամները հիշեն իրենց ստանձնած պարտավորություները և կատարեն վաղուց հասունացած քայլերը:

Բանաձևի նախագծի քննարկման նախօրեին Վաշինգտոնը հերթական անգամ հայտարարել է, որ Բաշար Ասադի վարչակարգի տապալումն անխուսափելի է և Միացյալ Նահանգները պնդելու են ընդունել Ասադին դատապարտող բանաձև:

Իսկ ահա Ռուսաստանը նախօրոք հայտնել է, որ անպայման օգտագործելու է վետոյի իր իրավունքը, քանի որ ներկայացված նախագիծն անընդունելի է Կրեմլի համար:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ թեև Մոսկվան Բաշար Ասադի բարեկամն ու դաշնակիցը չէ, սակայն մտադիր չէ նրան համոզել հեռանալու: «Վարչակարգերի փոփոխությունը մեր մասնագիտությունը չէ»,- հավելել է նա: Ըստ նրա, «Ռուսաստանը ՄԱԿ անվտանգության խորհրդին թույլ չի տա Սիրիային պարտադրել այն, ինչ պարտադրվեց Լիբիային», և որ հակամարտությունը պետք է դադարի միայն սիրիացիների ջանքերով:

Լավրովը միաժամանակ զարմանք է հայտնել իր և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ չկայացած հեռախոսազրույցի շուրջ լրատվամիջոցներում բարձրացած աղմուկի համար և ասել` երբ իրեն զեկուցել են իր հետ Քլինթոնի խոսելու ցանկության մասին, ինքը հանդիպում էր Ավստրալիայի արտգործնախարարության ղեկավարության հետ, և որ «հեռախոսազրույցը տեղի կունենա առաջին իսկ հնարավորության դեպքում»: ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուգլանդն ավելի վաղ լրագրողներին հայտարարել էր, որ Քլինթոնին ողջ օրվա ընթացքում չի հաջողվել կապվել Լավրովի հետ և քննարկել Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ նավտանգության խորհրդի ընդունելիք բանաձևի նախագիծը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


01/02/2012