ՀԱՅՔ
Նա հետո է դարձել Ժան Ալթն, իսկական անուն¬ազգանունն է Հովհաննես Ալթունյան, ծնվել է 1709¬ին, Նախիջեւանի գավառի Ճահուկ գյուղաքաղաքում, գավառապետի ընտանիքում։
Հովհաննեսի ողջ ընտանիքը զոհ գնաց Նադիր շահի արշավանքին ¥1726 թ.¤, ինքը գերի վերցվեց եւ որպես ստրուկ վաճառվեց ու տարվեց Անատոլիա։ Այստեղ նա 14 տարի աշխատեց տորոնի դաշտերում եւ յուրացրեց այդ արժեքավոր բույսի մշակման եղանակը։ Ծանր, հոգեմաշ աշխատանք էր, իրապես ստրկական, եւ հարմար պահի փախավ Անատոլիայից՝ ապավինելով Զմյուռնիայի ֆրանսիական հյուպատոսին։ Դա փախուստ էր ստրկությունից, բայց միաժամանակ նոր ճակատագիր, որ իրեն պատիվ ու փառք էր բերելու։
Հովհաննեսը հեռուն էր նայել՝ իր հետ գաղտնի վերցրել էր տորոնի սերմերը։ Թուրքական օրենքով այդ սերմերը երկրից դուրս տանողին սպառնում էր մահապատիժ, բայց Հովհաննեսը չերկնչեց այդ վտանգի առջեւ, հյուպատոսի օգնությամբ կարողացավ հասնել Ֆրանսիա եւ հաստատվել Վոկլյուզի դեպարտամենտի Ավինյոն քաղաքում։
Դժվարություններն այստեղ էլ անպակաս էին, եւ միայն 1758 թվականին Ֆրանսիայի հարավում՝ Վոկլյուզի դեպարտամենտում, Հովհաննեսին հաջողվեց Եվրոպայում առաջին անգամ մտցնել տորոնի մշակությունը։ Այդ բույսը ալիզարինի՝ հրաշալի բնական ներկանյութի ստացման հումքն է, որը շահույթի առատ աղբյուր դարձավ տեղի բնակչության համար։ Ֆրանսիայի գյուղատնտեսության մեջ մտցվեց նոր ճյուղ, որը հսկայական շահույթ բերեց նաեւ ողջ երկրին։
Ժան Ալթնի անունը պսակվեց փառքով։ Ի պատիվ նրա, 1821 թ. ֆրանսիացիները հուշատախտակ դրեցին Ավինյոնի Կալվե թանգարանում, իսկ 1846¬ին, գնահատելով նրա ծառայությունները երկրին, Նոթր¬Դամ դը Դոմ բարձունքի վրա կանգնեցրին հայ գյուղատնտեսի բրոնզաձույլ արձանը՝ «Տորոնը ներմուծող Ժան Ալթնին՝ երախտագետ վոկլյուզցիներից» մակագրությամբ։
Անգլիացիները գնահատում էին հայերին
Անգլիայի Եղիսաբեթ թագուհու 1601 թ. հրովարտակով հաստատվեց Հնդկաստանում անգլիացի վաճառականների հիմնադրած Հնդկական ընկերությունը, որը շուտով դարձավ ռազմական ու տնտեսական հզոր ուժ՝ ամբողջովին նվաճելով արեւելքի, թերեւս, ամենահարուստ երկիրը։ Զուր չէ, որ Հնդկաստանը կոչվեց «անգլիական թագի մարգարիտ»։ Բայց նա այդպիսին պետք է դառնար մեծ դժվարությամբ՝ անգլիացիներն ստիպված էին արյունոտ պայքարի մեջ մտնել ոչ միայն հնդիկների, այլեւ նրանց երկիրը նվաճել ցանկացող եվրոպական մյուս ազգերի՝ պորտուգալացիների, իսպանացիների, հոլանդացիների եւ հատկապես ֆրանսիացիների հետ։
Պատմագիտության մեջ նկատված է, որ Եվրոպայի կողմից Հնդկաստանի նվաճումն ուղեկցվել է հնդկահայ վաճառականության աննախադեպ հարստությամբ։ Արեւելքում հայերն ազդեցիկ ուժ էին։ Պատմաբան Լեոն իր «Հնդկաստանի հայերը» աշխատության մեջ գրում է. «Հետեւելով իրենց հին, պապենական գործավարությանը, հայ վաճառականները, այնուամենայնիվ, այնքան առաջադեմ եղան Հնդկաստանում, որ եվրոպացիների համար լուրջ մրցակիցներ էին։ Այս հանգամանքի պատճառները ջուղայեցի վաճառականների ընդունակությունն ու ճարպկությունն էին, իրենց տակտով ու ազնվությամբ, իրենց չարքաշ համբերատարությամբ եւ բազմամյա անխոնջ աշխատությամբ նրանք ձեռք էին բերում հավատ, վստահություն եւ անդադար լայնացնում էին իրենց առեւտրաշրջանառությունը»։
Անգլիացիները լավ հասկանում էին, թե ինչ են հայերը Հնդկաստանի եւ առհասարակ ասիական առեւտրի համար, ուստի, ամեն ինչ արեցին նրանց իրենց կողմը գրավելու նպատակով։ Դրա ցայտուն վկայություններից մեկը 1688 թ. հունիսին մի կողմից՝ Հնդկական ¥Անգլիական¤ ընկերության, մյուս կողմից՝ հնդկահայության ներկայացուցիչ, ջուղայեցի խոշոր վաճառական Փանոս Քալանթարի միջեւ կնքված դաշնագիրն է։ Նկատենք, որ հիշյալ ընկերության ձեռքին էր Հնդկաստանի փաստական կառավարումը, ուստի, դաշնագիրը պետական փաստաթղթերի արժեք ուներ։
Դաշնագրով անգլիական իշխանությունը հայերին տալիս էր մի շարք կարեւոր արտոնություններ. 1¤ Հայ ազգը տիրանում է այն բոլոր իրավունքներին, որ ունեն անգլիացի վաճառականները, 2¤ Հայերին բացարձակ ազատություն է տրվում ամեն ժամանակ երթեւեկություն ունենալ Հնդկաստանից ուրիշ աշխարհներ եւ ուրիշ աշխարհներից Հնդկաստան՝ ընկերության նավերով եւ այն պայմաններով, ինչ վայել է ազատ մարդկանց, 3¤ Ազատություն բնակվելու ընկերության որ քաղաքում, ավանում, բերդում կամենան, առնել, տալ կալվածքներ եւ տներ գնել, ընտրվել քաղաքական պաշտոնների համար այնպես, ինչպես թե անգլիացի էին ծնված, հավատի եւ դավանության կատարյալ ազատություն։ Եվ եթե ընկերության որեւէ նահանգապետ կամենա խանգարել այդ իրավունքները եւ արտոնությունները, այդպիսին չպիտի պահվի ծառայության մեջ։ Հարկեր կամ տուրքեր Հնդկաստանում հայերը պետք է նույնքան տան, որքան բնիկ անգլիացիները։
Դաշնագրում երկար եւ մանրամասն հիշատակվում է, թե հայերն ինչ ապրանքների համար ինչ մաքս եւ նավավարձ պետք է տան։ Այդ ապրանքների հենց միայն ցուցակը բավական է պատկերացում կազմելու հայ վաճառականների գործունեության լայն շառավիղների մասին։
Մեկ այլ փաստաթղթով, որը ստորագրվել է նույն օրը եւ կցվել դաշնագրին, ընկերությունը հանձն էր առնում նաեւ հետեւյալ պարտավորությունները. եթե ընկերությանը, այն է՝ անգլիական իշխանությանը պատկանող որեւէ բնակավայրում հայերի թիվը հասնում է 40¬ի, ապա ընկերությունը պարտավոր է նրանց հողատարածք տալ եկեղեցի կառուցելու համար։ Միաժամանակ ընկերությունը հանձն է առնում կառուցել փայտե եկեղեցիներ հայերի համար` նրանց իրավունք տալով, եթե կամենան, դրանց տեղում կառուցել քարե եկեղեցիներ։ Ընկերությունը պարտավորվել է նաեւ յոթ տարվա ընթացքում իր միջոցներից ռոճիկ նշանակել այն քահանային, որին կընտրեն հայերն իրենց եկեղեցուն ծառայելու համար։
Դաշնագիրը, այլ փաստաթղթեր տպագրվել են «Ազգասեր» հանդեսի 1846 թ. 27¬29 համարներում։ Դրանք հայերի գործարար ընդունակությունների յուրօրինակ վկայագրեր են։ Եվ անգլիացիներն էլ հենց այնպես չէին գնահատում հայերին, նրանք հայ գործարարներից քաշում էին այն, ինչ պետք էր իրենց երկրին։
Ֆրանսիայի նախարարը միջամտեց…
17¬րդ դարի կեսերին ֆրանսիական Մարսել քաղաքը դարձել էր միջազգային առեւտրի խոշոր կենտրոն, որտեղ գլխավոր «դերակատարությունն» ստանձնել էին հայերը։ Սա առաջացրել էր տեղացի գործարարների դժգոհությունը, ավելի ստույգ՝ նախանձը, եւ Ֆրանսիայի կառավարությունն ստիպված որոշ սահմանափակումներ մտցրեց հայերի նկատմամբ։ Դրա բացասական ազդեցությունը երկրի առեւտրային գործունեության վրա շուտով զգալ տվեց իրեն, եւ նույն դարի 70¬ական թվականներին ֆրանսիական կառավարությունը հարկադրված եղավ վերանայել հայերի նկատմամբ վարած իր սահմանափակող քաղաքականությունը եւ որոշ դյուրություններ մտցնել նրանց գործունեության համար։ Մարսելի ֆրանսիական առեւտրական գրասենյակը փորձել է դատարանի միջոցով բողոքարկել կառավարության հիշյալ որոշումը, ինչն էլ առիթ է եղել, որ Լյուդովիկոս 14¬րդի նախարարը հատուկ գրությամբ դիմի Մարսելի դատարանի նախագահին։ Այդ գրությունը հասել է մինչեւ մեր օրերը։ «Խնդրում եմ հայերին ցույց տալ ամեն տեսակ պաշտպանություն, որը պատշաճում է ձեր պաշտոնին եւ հեղինակությանը, ինչպես եւ ապահովել նրանց ձեր քաղաքի բնակիչների տարատեսակ հարձակումներից, որովհետեւ տեղացիները չեն հասկանում, թե ինչն է իրենց շահը»,¬ ասված է նախարարի գրության մեջ։
Անկասկած, այն գրվել է հենց Լյուդովիկոս 14¬րդի ցուցումով։ Հայերը, ուրեմն, բեռ չէին Ֆրանսիայի համար, նրանք շահ էին բերում երկրին, եւ բարձրագույն ղեկավարությունը լավ էր հասկանում դա։
«Հայկական» թնդանոթներ՝ լեհերին
Արմատապես սխալ է կարծել, թե գաղթօջախներում հայերն զբաղվել են միայն վաճառականությամբ։ Նրանք աշխատել են նաեւ իրենց ապրած երկրների պետական կառույցներում եւ զբաղեցրել բարձր պաշտոններ, կատարել դիվանագիտական կարեւոր հանձնարարություններ, եղել գիտության, մշակույթի երեւելի գործիչներ։
Եղել են նաեւ զինվորականներ, մասնակցել պատերազմներին, ֆինանսապես աջակցել տվյալ երկրի պաշտպանունակության ամրապնդմանը։
Բազմաթիվ օրինակներից նշենք մի քանիսը՝ վավերացված հին հիշատակարաններում։ 1569 թ. հայազգի Միխնոն լեհական Կամենեց¬Պոդոլսկ քաղաքին նվիրել է իր միջոցներով պատրաստված մեկ թնդանոթ։ 1662 թ. նույն քաղաքի հայերից մեկը՝ Զախարիա Քշիշտոֆովիչը, քաղաքապետարանին կտակել է 7313 զլոտի՝ թնդանոթներ պատրաստելու համար։ 1672 թ. հայ վաճառական Ասվադուր Մինասովիչը Ժոլկվի քաղաքի պաշտպանության համար նվիրաբերել է 100 դուկատ, նույն թվականին թուրքերի կողմից Լվով քաղաքի պաշարումը վերացնելու համար՝ 500 դուկատ։ 1675 թ. հոկտեմբերի 10¬ին Լվովի հայերը լեհական զորքի օգտին մուծել են 9000 զլոտի՝ գլխավորապես թնդանոթներ պատրաստելու համար։
Մեկ այլ փաստ. Լեհաստանի Յան Կազիմիր թագավորի 1661 թ. հուլիսի 31¬ի հրամանագրում տեղ են գտել լվովահայեր Գաբրիել Բեռնատովիչի եւ Քշիշտոֆ Զադիկեւիչի ազգանունները՝ նրանք տարբեր ժամանակներում Լեհաստանի պաշտպանության նպատակների համար նվիրաբերել են 93 հազար 197 զլոտի։ Հայերի այդ քայլն իր արտացոլումն է գտել նույնիսկ այնպիսի կարեւոր պետական փաստաթղթում, ինչպիսին սեյմային սահմանադրությունն էր։
Սրանք փաստեր են, որ պատմաբանները քաղել են լեհական աղբյուրներից։ Խոսուն փաստեր…
Պատրաստեց ՆՈՐԱՅՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
Խորագիր՝ #02 (1515) 17.01.2024 - 23.01.2024, Հոգևոր-մշակութային