Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԵՐԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ



ՀԱՅԵՐԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄԼիբանանը Միջերկրական ծովի արևելյան ափին գտնվող փոքրիկ երկիր է։ Լիբանանի հայ համայնքը Մերձավոր և Միջին Արևելքի ամենաազդեցիկ, հայ հոգևոր-մշակութային արժեքներ դավանող համայնքն է։ Հայերը հիմնականում բնակվում են Բեյրութում, Տրիպոլիում, Սայդայում, Զահլեում, Ալեյում, ինչպես նաև Այնճարում։

Ժամանակակից Լիբանանի տարածքում (պատմական Փյունիկիա) հայերը բնակվել են դեռևս վաղնջական ժամանակներից (մ.թ.ա. I դար)։

Ըստ հռոմեական պատմիչների՝ մ.թ.ա. IV-III դարերում հայ առևտրականները Սիդոնի (Սայդա) և Տյուրոսի (Սուր) շուկաներ են բերել Հայաստանի գինին, մրգերը, անտառանյութը, որդան կարմիրը և այլ ապրանքներ։ Իսկ Տիգրան Բ Մեծ թագավորը (մ.թ.ա. 95-55) զգալի թվով հայերի է վերաբնակեցրել Ասորիքում և նրան հարող փյունիկյան տարածքներում։

Միջին դարերում, մասնավորապես՝ սելջուկյան արշավանքների ժամանակաշրջանում (XI-XII դդ.) Հայաստանից «հազարք առ հազարս եւ բիւրք առ բիւրս» գաղթել են Ասորիք, Լիբանան։ XII-XIII դդ. Լիբանանի նավահանգստային Տրիպոլի և Սայդա քաղաքներում հիշատակվում են հայ համայնքներ, որոնք Կիլիկիայի հայկական պետականության անկումից հետո ավելի են ստվարացել։

Հայերի հոսքը Լիբանան զգալի մեծացել է VII դարի կեսերին, երբ տեղի դրուզ իշխանապետերն ու մարոնական ավատատերերը ձգտելով ամրապնդել կիսանկախության իրենց հենարանները, ապաստան են տվել օսմանյան լծից փախչող քրիստոնյաներին, մասնավորապես՝ հայերին։

Հայերին Լիբանանը հրապուրել է ոչ միայն տեղացիների բարյացակամությունը, այլև 1861 թ. Լիբանանի լեռնային մասում (Ջաբալ, Լուբնան) ինքնավարության հաստատումից հետո տեղի վարչակառավարման մարմնում հայազգի գործիչների ներկայությունը։

1861-1868 թթ. Դաուդ փաշան՝ Կարապետ Արթին Տավուտյանը (1816-1873) վարել է երկրամասի ինքնավարությունն անձեռնմխելի պահելու, համայնքները միմյանց շաղկապելու, առևտրատնտեսական և կրթամշակութային վերելքը խթանելու քաղաքականություն։ 1867 թ. Նապոլեոն III-ը նրան շնորհել է Պատվո Լեգեոնի շքանշան։ 1912-1915 թթ. Հովհաննես փաշա Գույումճյանը (1858-1933 թթ.) շրջանի բնակչությանը զերծ է պահել երիտթուրքերի ճնշումներից։ Քաղաքաշինության ասպարեզում Մանուկ Մանուկյանը (Մուհանդիզ) շուրջ 50 տարի գլխավորել է Բեյրութի և Դամասկոսի ճարտարագիտական վարչությունը, Բեյրութում կառուցել է հասարակական նշանակության բազմաթիվ շենք-շինություններ։

ՀԱՅԵՐԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ1742 թ. Հռոմի Պապից պաշտոնական ճանաչման արժանացած հայ կաթոլիկ առաջին կաթողիկոսը՝ Աբրահամ Պետրոս Ա Արծիվյանը (գահակալել է 1742-1749 թթ.), 1749 թ. կառուցում է հայ կաթոլիկների նստավայրը՝ նշանավոր Զմմառի վանքը, որը հայ հոգևոր-մշակութային կյանքում բացառիկ տեղ է գրավում՝ իբրև հայկական ձեռագրերի կարևորագույն հավաքածու ունեցող կենտրոն։ Զմմառի վանքը իր մնայուն և եզակի տեղն ունի Հայաստանից դուրս գտնվող մեր մյուս նշանավոր կենտրոնների՝ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան վանքերի շարքում։ Վանքն ունի Մերձավոր Արևելքի ամենահարուստ հայկական գրադարանը՝ շուրջ 30 000 անուն գիրք։ Այստեղ կան տասնյակ Շարակնոցներ՝ զարդանկար ու խազագրված, բժշկարաններ, որոնք կրում են Կիլիկյան Հայաստանի բժշկագիտական դպրոցի դրոշմը, ինչպես նաև հայ թարգմանական գրականության յուրօրինակ հուշարձաններ։ Զմմառի վանքում են պահվում ավելի քան 1500 հայկական ձեռագրեր, ինչպես նաև արաբական, ասորական, լատինական ձեռագրերի բնօրինակներ։ Այստեղ է պահվում Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» հնագույն ձեռագիրը (1240 թ.) և «Գիրք թղթոց» աշխատության միակ պահպանված օրինակը (1288 թ.)։ Զմմառի վանքը հարուստ է նաև որպես եկեղեցական իրերի թանգարան, որտեղ կան մարգարտաշար թագեր, արծաթե սաղավարտներ, սկիհներ, սրբապատկերներ, ասեղնագործ շուրջառներ, մասնատուփեր, Ավետարանների արծաթե հին պահպանակներ և այլն։

Լիբանանի Անթիլիաս քաղաքում է գտնվում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական 4 աթոռներից մեկը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ XI դարի կեսերին թուրք սելջուկները ավերում և ավարի են ենթարկում Անիի թագավորությունը, իսկ Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսական աթոռանիստը տեղափոխվում է Կիլիկիա և այնտեղ է մնում մինչև 1441 թվականը, երբ որոշվում է աթոռանիստը կրկին տեղափոխել Էջմիածին՝ վերահաստատվելով իր նախնական տեղակայման վայրում։ Բայց 1446 թվականին, երբ Կիլիկիայի հայկական թագավորության մայրաքաղաք Սիսում Կարապետ Ա Եվդոկացին օծվում է Ամենայն Հայոց կաթողիկոս, Էջմիածնի կաթողիկոսությանը զուգահեռ գործում է նաև Կիլիկիայի կաթողիկոսությունը։ XIX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության արդյունքում Կիլիկիայում կաթողիկոսության գոյությունը դառնում է անհնարին, և 1930 թ. Կիլիկիայի կաթողիկոսության աթոռանիստ է ընտրվում Լիբանանի Անթիլիաս ավանը (Մերձավոր Արևելքի ամենահայաշատ վայրը)։ Արդեն մոտավորապես 100 տարի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը տեղակայված է Անթիլիասում։

ՀԱՅԵՐԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ1058-1446 թթ. Կիլիկիո կաթողիկոսները լինելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդները, կրում էին Ամենայն Հայոց կաթողիկոսի տիտղոսը։ Էջմիածնի աթոռանիստի վերականգնումից հետո երկու աթոռներն առանձնացվում են միմյանցից, և Հայ Առաքելական եկեղեցու Կիլիկիո թեմի առաջնորդն ստանում է Մեծի Տանն Կիլիկիո Պատրիարք-Կաթողիկոսի տիտղոսը։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի նստավայրը Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարն է (1941-ից)։ 1995 թվականից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Քեշիշյանը։

Լիբանանի հայերը կատակով ասում են, որ Բեյրութը հայկական սփյուռքի մայրաքաղաքն է։ Մինչև 1970-ական թվականների քաղաքացիական պատերազմը Լիբանանում ապրում էր մոտավորապես 350-400 000 հայ։ Սակայն պատերազմը հարյուրավոր զոհեր ու նյութական մեծ վնասներ է պատճառում Լիբանանի հայ համայնքին, և առաջացած անապահովության ու տնտեսական ճգնաժամից հետո բազմաթիվ հայեր լքում են Լիբանանը և ապաստան են փնտրում ավելի բարեկեցիկ ու ապահով երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա։

1960-ական թվականների սկզբին հայ գործարարներին էր պատկանում Լիբանանի խոշոր արդյունաբերական և մանր արհեստավորական ձեռնարկությունների, ներդրված կապիտալի ու խոշոր ներդրումների մեծ մասը։ Մեծ հարգանք ու հասարակության շրջանում վստահություն էին վայելում հայ բժիշկները, դեղագետ-դեղագործները, ատամնաբույժները, ճարտարապետ-ճարտարագետները։

Հայերը մեծագույն ավանդ են ունեցել Լիբանանի պատմության մեջ, զարգացում ու բարգավաճում ապահովել տարբեր ոլորտներում՝ քաղաքականություն, մշակույթ, տնտեսություն, արվեստ, կրոն։ Եվ, իհարկե, երկրի նախկին առաջին դեմքերի մեջ քիչ չեն հայկական արմատներ ունեցող նախագահները։ Քամիլ Նիմր Շհամունը՝ ծնված հայկական ընտանիքում, նախագահ է եղել 1952-1958 թվականներին։ Էլիաս Յուսուֆ Սարգիսը, որի հայրը հայ էր, իսկ մայրը՝ Եգիպտոսի քրիստոնյա ղպտի, նախագահել է 1976-1982 թվականներին։ Էմիլ Ջամիլ Լահուդը Լիբանանի 11-րդ նախագահն էր, որ կառավարել է 10 տարի։ Ծնվել է քրիստոնյա արաբ գեներալ Ջամիլ Լահուդի և Մեծ եղեռնից մազապուրծ ծնողների զավակ Ադրինե Բաջակյանի ընտանիքում։ Էմիլ Լահուդը հարցազրույցներում միշտ խոստովանել է, որ իր և եղբայրների դաստիարակության գործում մեծ է եղել մորական կողմի մեծ տատի՝ Թագուհի Քալեբջյանի և պապի՝ Մինաս Սագերյանի կյանքի պատմությունը, որոնք Մեծ եղեռնի զոհ են դարձել։ Էմիլ Ջամիլ Լահուդը Բեյրութի ծովային ակադեմիան ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային քոլեջում, իսկ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին աջակցել է հայ համայնքին և բազմաթիվ հայերի ապաստան տվել ու պատսպարել մահմեդականների հարձակումներից։

1961 թվականին, երբ Խորհրդային Միությունն ու ԱՄՆ-ը պայքար էին մղում տիեզերքում գերագահություն սահմանելու համար, լիբանանահայ մաթեմատիկայի ու ֆիզիկայի ուսուցիչ Մանուկ Մանուկյանն իր 7 հայ ուսանողների հետ, որոնք Բեյրութի Հայկազյան համալսարանի գիտական ակումբի անդամներ էին, կառուցում են պինդ վառելիքով աշխատող 12 հրթիռ, որոնցից մեկն այնքան հզոր էր, որ հասնում է ջերմոլորտ (թերմոսֆերա), որտեղ այժմ գտնվում է Միջազգային տիեզերակայանը։ Այդ հայ երիտասարդները հետագայում Լիբանանում ազգային հերոսներ են դառնում։

ՀԱՅԵՐԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄՍտվարաթղթից ու մետաղե խողովակների կտորներից հայ երիտասարդ գիտնականների պատրաստած առաջին հրթիռը փորձարկում են Բեյրութի մոտակայքում գտնվող ամայի մի տարածքում։ 1961 թվականին, երբ Յուրի Գագարինն առաջին թռիչքն է կատարում բաց տիեզերք, այդ նույն տարում Մանուկ Մանուկյանն իր սաների հետ արձակում է իրենց պատրաստած հրթիռը, որ բարձրանում է մինչև 1 կմ։ Իսկ 1963 թվականին արձակված CEDAR հրթիռը բարձրանում է մինչև 140 կմ, որտեղ թռչում են որոշ արբանյակներ։ Ի պատիվ այդ նշանավոր իրադարձության՝ Լիբանանում նամականիշ է թողարկվում։ Լիբանանյան իշխանությունները հայազգի երիտասարդներին տարածք են հատկացնում փորձարկումների համար, սակայն 1970-ական թվականներին սկսված քաղաքացիական կռիվները մոռացության են մատնում հայերի հրթիռային լրջագույն հաջողությունները։

Բեյրութում և նրա շրջակայքում գործում են տասնյակ նշանավոր հայկական ուսումնական հաստատություններ՝ Վահան Թեքեյան միջնակարգ վարժարանը, Սահակյան-Լեւոն Մկրտիչյան միջնակարգ վարժարանը, Մխիթարյան հայրերի միջնակարգ երկսեռ վարժարանը, Արսլանյան ճեմարանը, ՀԲԸՄ Դարուհի Հովակիմյան երկրորդական, Կարմիրյան միջնակարգ և Նազարյան նախակրթական վարժարանները, Սրբոց Հռիփսիմյանց վարժարանը, Համազգայինի «Բարսեղ Կանաչյան» երաժշտական քոլեջը։ Լիբանանահայ անդրանիկ դպրոցը XVIII դարի կեսերին Զմմառի վանքում հաստատված դպրեվանքն է, որ ընդհատումներով գործում է մինչ այսօր։ «Թռչնոց բույն» վարժարան-որբանոցը հիմնադրվել է 1922 թվականին Լիբանանի Ջիբեյլ (Բիբլոս) քաղաքում դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի միջոցներով ու ջանքերով, որտեղ հանգրվանում են հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ որբերը։ 1970 թվականին «Թռչնոց բույնը» հանձնվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տնօրինությանը։

Լիբանանահայ ուսումնական հաստատությունների շարքում իր յուրօրինակ տեղն ունի 1955-ին հիմնադրված սփյուռքի թերևս միակ հայկական բարձրագույն հաստատությունը՝ Հայկազյան համալսարանը, որն անվանակոչվել է ի պատիվ հայ բարերար Արմենակ Հայկազյանի։

Լիբանանահայերի կյանքում նշանակալի դեր է խաղացել հարուստ ավանդույթներ ունեցող հայ մամուլը՝ հայրենակցական, գրական-գեղարվեստական, մշակութային, կրոնական, մարզական, կուսակցական, պաշտոնական 200 և ավելի պարբերականներ։ Առավել աչքի ընկնող և տևական ժամանակ հրատարակվածներից են՝ «Ազդակ» (1927), «Ավետիք» (1932), «Հասկ» (1932), «Զարթոնք» (1937), «Արարատ» (1937), «Նայիրի» (1941), «Նոր կյանք» (1957), «Բագին» (1962) օրաթերթերը և «Լույս» (1918), «Լիբանան» (1924), «Երիտասարդ հայուհի» (1932), «Ամենուն նոր տարեցոյց» (1937), «Մասիս» (1947), «Փարոս» (1951), «Շիրակ» (1956), «Հառաջ» (1957), «Ազդակ» (1969) ամսագիր-հանդեսները։

Լիբանանում են հաստատվել հայ ազգային կուսակցությունների կենտրոնական մարմինները, այստեղ գործում են բազմաթիվ հայրենակցական, մշակութային, մարզական, բարեգործական, մարմնակրթական կազմակերպություններ՝ համախմբելով և հայրենաշունչ դաստիարակություն տալով ապագա հայ սերունդներին, նեցուկ լինելով յուրաքանչյուր հայի։

Լիբանանում մի շարք արհեստներ՝ ոսկերչություն, որմնադրություն, ատաղձագործություն, ասեղնագործություն, կոշկակարություն հիմնականում կենտրոնացած է հայերի ձեռքում։ Հայերը հիմնել են նաև գորգագործական, մետաքսագործական, մետաղագործական, կաշեգործական, հյուսվածքեղենի, սննդարդյունաբերական և այլ մանուֆակտուրաներ, որ հետո վերածվել են ժամանակակից գործարանների։

Լիբանանի խորհրդարանի 128 պատգամավորական աթոռներից 5-ը վերապահվում է հայ առաքելական, 1-ը՝ հայ կաթոլիկ համայնքին։

Հայերը Լիբանանի ժողովրդի եղբայրական և իշխանությունների դրական վերաբերմունքի շնորհիվ կարողացել են պահպանել իրենց հարուստ ազգային մշակույթն ու հոգևոր արժեքները, որպես երկրի լիիրավ քաղաքացիներ շոշափելի ներդրում ունեցել Լիբանանի զարգացման ու բարգավաճման գործում։

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #02 (1515) 17.01.2024 - 23.01.2024, Հոգևոր-մշակութային


22/01/2024