ՍԹՐԵՍԸ ԵՎ ԴՐԱ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ
Զինվորական ծառայությունը այն մասնագիտություններից է, որում մարդը հաճախակի է բախվում լարված, սթրեսային իրավիճակների: Ի՞նչ է սթրեսը, ի՞նչ դրսևորումներ ունի, ինչպե՞ս հաղթահարել դրա բացասական ազդեցությունները:
Այս հարցերի շուրջ է մեր զրույցը ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն, կլինիկական հոգեբան, խորհրդատու Դավիթ Գևորգյանի հետ:
Սկիզբը՝ նախորդ համարում
-Երկարաձգվող սթրեսի հետ աշխատանքի հաջորդ ձևը հենց իր՝ մարդու ներքին աշխատանքն է իրեն վախ ներշնչող, իր մեջ տագնապ առաջացնող մտքերի հետ։ Ցանկացած սթրեսային իրավիճակ ուղեկցվում է տարբեր տագնապալի մտքերով՝ «Ի՞նչ է լինելու», «բա որ հանկարծ», «հաստատ էսպես կլինի…» և այլն։ Այս բոլոր դեստրուկտիվ (ապակառուցողական) մտքերը ոչ միայն իրենք են սթրեսից առաջանում, այլև իրենց հերթին սկսում են աճեցնել ու մեծացնել սթրեսի ազդեցությունը։ Այսպիսի մտքերի պատճառով անձն իրեն հետզհետե ավելի է սուզում այս հոգեվիճակի մեջ։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ մարդը ձևակերպի որոշ հարցադրումներ, որոնք նրան կօգնեն ինքն իրեն դուրս բերելու այդ ոչ կառուցողական հարցերի փակ շղթայից։ Նախ՝ պետք է գիտակցել և ինքդ քեզ հարց տալ՝ «Ի՞նչ եմ մտածում այս պահին»։ Սա այն է, ինչ հաճախ չեն անում մարդիկ՝ իրենց հանձնելով խուճապային մտքերի հորձանքին։ Բայց մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած հուզական վիճակի տակ կան համապատասխան մտքեր և համոզմունքներ։ Ուշադրություն դարձնենք, որ տվյալ դեպքում, օրինակ, մահվան վախն է մեր մտքում։ Պետք է գիտակցել, որ սա ընդամենը միտք է և ոչ իրողություն, բայց արդեն իսկ հուզականորեն ապրվում է որպես իրողություն։ Սովորաբար նման դեպքերում շատ օգտակար է սթափ բանականությունից ինքդ քեզ հարցեր տալը՝ «Ինչո՞ւ եմ այսպես մտածում։ Սա իմ երևակայությունն է՞, թե՞ իրական հիմքեր կան այսպես մտածելու։ Կա՞ արդյոք մի բան, որ հուշում է, որ այդպես չի լինի, կամ որ հնարավոր է, որ այդպես չլինի»։ Իհարկե, սա չի վերաբերում պատերազմական թեժ իրավիճակին, երբ կյանքին սպառնացող վտանգը իրականում առկա է՝ կրակոցներ, ռմբակոծություն և այլն։ Սա վերաբերում է ձգված, ամենօրյա սթրեսին։ Իսկ նեգատիվ մտքերի հետ աշխատանքներն ամբողջ կյանքի համար են, ուղղված փոխելու բացասական ընկալումները, կյանքի որակի բարելավմանն ու սթրեսակայունության բարձրացմանը։
Սթրեսին հակազդելու մյուս տեխնիկաները նեղ մասնագիտական են և վերաբերում են այն սթրեսային իրավիճակներին, որոնց դեպքում մարդն ի վիճակի չէ ինքն իրեն օգնություն ցուցաբերելու և պետք է դիմի հոգեբան մասնագետի։
-Պարո՛ն Գևորգյան, այժմ հարցը դիտարկենք սթրես հարուցող կոնկրետ իրավիճակների օրինակով։ Ծառայության ընթացքում հաճախակի հանդիպող սթրեսային իրավիճակներից անդրադառնանք, օրինակ՝ կոնֆլիկտներին։
-Այո՛, կոնֆլիկտները զինվորական գործունեությանն առնչվող հնարավոր սթրեսներից են, որոնք կարող են այս կամ այն պատճառով ծագել զինծառայողների միջև և ոչ միայն նորակոչիկների, զինվորների, այլև՝ երբեմն նաև սպայական կազմի հետ, և կարող են բավականաչափ լուրջ հետևանքների բերել, որոնք, հնարավոր է, անգամ իրավագիտական տիրույթ տեղափոխվեն։ Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ բոլոր զինծառայողները ծանոթ լինեն, թե ինչպիսի հոգեբանական մեխանիզմներ են աշխատում կոնֆլիկտային իրավիճակի դեպքում, ինչպես է կոնֆլիկտը ծագում, ձևավորվում, ինչպիսի ընթացք է ունենում, և թե ինչպես կարելի է այն կառավարել։
Կոնֆլիկտն ինքնին սթրեսային իրավիճակ է, և բնական է՝ նախընտրելի կլինի դրանից խուսափելը։ Բայց միաժամանակ մենք գիտենք, որ կան կոնֆլիկտներ, որոնք կառուցողական են, և դրանց արդյունքում մարդը նույնիսկ որոշակի օգուտ է ստանում այդ իրավիճակից. անձնային աճ է ունենում՝ ինչ-որ նոր բան է սովորում իր կյանքի, ընդհանուր առմամբ՝ մարդկային հարաբերությունների վերաբերյալ, և դա չի արվում դեստրուկտիվ ճանապարհով։
Կոնֆլիկտածին գործոնները բանակում, ինչպես և քաղաքացիական կյանքում, շատ տարբեր կարող են լինել։ Բայց կան օբյեկտիվ գործոններ, որոնք ազդում են բոլորի վրա, ինչպես, օրինակ, բանակի փակ համակարգ լինելը, ինչը արդեն հաստատված փաստ է՝ նպաստում է ագրեսիայի աճին։ Երկրորդը զորքերում տղամարդ զինծառայողների նշանակալի գերակշռումն է կանանց համեմատ, ինչը նույնպես զգալիորեն մեծացնում է կոնֆլիկտային բախումների ռիսկը։ Սովորաբար, ինչպես հայտնի է, իգական սեռի ներկայացուցիչների առկայությունը զորամասում նշանակալի զսպիչ դերակատարում է ունենում կոնֆլիկտների առաջացման հարցում։
Մյուս գործոնը կարող է լինել այն, որ զինվորական ծառայության պայմանները հարմարավետության տարածքից սովորաբար դուրս են։ Հատկապես, եթե զորավարժությունների, դաշտային ելքերի, կամ առավել ևս՝ պատերազմական իրավիճակում է ընթանում ծառայությունը։ Բնականաբար, սա էլ ֆիզիկական, ֆիզիոլոգիական տեսանկյունից օբյեկտիվ գործոն է, որը կարող է սթրեսոր առաջացնել, խթանել ագրեսիայի դրսևորումները։
Բայց այս ամենին զուգահեռ կան նաև բազում սուբյեկտիվ գործոններ, որոնց բացակայության դեպքում նշված օբյեկտիվ գործոններն այդչափ նշանակալից չէին լինի։ Դրանց թվին են պատկանում, օրինակ, անձի դիրքորոշումները։ Սա վերաբերում է հատկապես անձի բացասական դիրքորոշումներին, որոնք ևս ագրեսիա կարող են ծնել։ Մասնավորապես՝ «Տղա ես՝ պիտի ամեն գնով քո դիրքը դնես», «Մեջք պետք է ունենաս», ««Լավ տղա» պիտի լինես» և այլն։ Նման դիրքորոշումները գալիս են բակից, տնից, հասարակությունից։ Դրանք բանակում չեն ստեղծվել, բայց բանակում դրանք լիովին ուրիշ ազդեցություն ու դրսևորում են ունենում, քան բակում կամ տանը։ Բակում, աշխատավայրում, տանը կամ այլուր դու հնարավորություն ունես կոնֆլիկտից հեռանալու, այլ մարդկանց հետ հանդիպելու, առանձնանալու, խնդրից մտովի կտրվելու և վերականգնվելու, իսկ բանակի պես փակ համակարգում դու անընդհատ եփվում ես այդ ամենի մեջ և, հետևաբար, քո համոզմունքները իրենց ազդեցությամբ եռապատկվում, քառապատկվում են և բերում նրան, որ այն երևույթները, որոնք քաղաքացիական կյանքում, առօրյայում անգամ չէին էլ նկատվի, դառնում են խնդիրներ։ Այդ ամենին ավելանում է նաև այն հանգամանքը, որ դպրոցն ավարտելուց հետո տղաները լարված սպասումով են գնում բանակ, և մի հայացքը, ձայնի հնչերանգի փոփոխությունը կարող է այլ իմաստավորում ստանալ և դառնալ խնդիր։ Մինչև բանակը որոշակի դիրքորոշում կարող է ձևավորվել նաև սպայի հանդեպ։ Ըստ որում, նման դիրքորոշումները բնորոշ են հիմնականում 18 տարեկան, նոր ծառայության անցած տղաներին, որոնք դեռևս ձեռք չեն բերել սեփական հուզական վիճակները կարգավորելու հմտություններ։ Հայտնվելով փակ միջավայրում, նոր կանոնների պահանջի ներքո, պարզ է, որ նման դիրքորոշումները, որոնք եղել են մինչև բանակ գալը, հակում են ունենում ավելի սուր արտահայտվելու և արդեն, օրինակ՝ սպայի բարձր տոնայնությունը ինքնաբերաբար զինվորի գիտակցության մեջ բացասաբար է ընկալվում և առաջ է բերում նման մտքեր՝ «Ահա՛, տե՛ս, է, կոնֆլիկտ է հրահրում», «Ուրիշների ներկայությամբ ինձ դիտողություն արեց. ո՞նց կընկալեն մյուսները» մտքերի և այլն։ Կախված անձից՝ նման դիրքորոշումները կարող են վերածվել կա՛մ արտաքին, կա՛մ էլ ներքին կոնֆլիկտի անձի ներաշխարհում։
-Ներքին կոնֆլիկտների դեստրուկտիվ ազդեցությանը կխնդրեի հատուկ անդրադառնալ, քանի որ սա նույնպես շատ կարևոր խնդիր է անձի հոգեկան առողջության պահպանման տեսանկյունից։ Դրա ծայրագույն դրսևորումները, ինչպես հայտնի է, կարող են արտահայտվել ինքնախեղման, անգամ ինքնասպանության փորձերով։ Սրանց դիմագրավումը, կանխարգելումը, բացառումը ևս կարևոր հիմնախնդիր է։ Իսկ մինչ այդ, միջանձնային կոնֆլիկտների մասին խոսենք. ի՞նչն է կարևոր իմանալ, ի՞նչ հմտությունների է անհրաժեշտ տիրապետել։
-Եթե կա նոր սկսվող կամ թեժացող միջանձնային կոնֆլիկտ՝ երկու կամ ավելի մարդկանց միջև, ապա նման դեպքերում շատ կարևոր է, որ դրանում ներգրավված մարդիկ կարողանան հնարավորինս արագ վերականգնել հոգեկան կայունությունն ու ներքին հավասարակշռությունը։ Դրա մեխանիզմները նույնն են, ինչ արդեն նշել ենք՝ նույն շնչառությունը վերականգնելը, ինքդ քեզ սթափ մտածելու համար «ժամանակ տալը», ինչը հաճախ չենք անում։ Մենք, ընդհանրապես, մեր ազգային հատկանիշներով բուռն ենք, զգացմունքային, հակված ենք իմպուլսիվ վարք դրսևորելու։ Իսկ երիտասարդ տարիքում՝ առավել ևս։ Մարդու վարքը կառավարվում է ուղեղի կեղևային և ենթակեղևային բաժիններով։ Նորմայում, երբ մարդը հուզական որևէ վիճակի ազդեցության տակ չի գտնվում, նրա մոտ գերազանցապես ակտիվ են ուղեղի կեղևային բաժինները, իսկ ենթակեղևը պարզապես ապահովում է մարդու տրամադրության ֆոնը։ Մեր հույզերը կառավարվում են ենթակեղևային բաժիններով, իսկ մեր մտածողությունը, խնդիրներ լուծելու ունակությունը, տրամաբանությունը ուղեղի կեղևի վերահսկողության տակ են գտնվում։ Երբ կա սթրեսային, կոնֆլիկտային իրավիճակ, ակնհայտ է, որ ենթակեղևային բաժիններն են ակտիվանում՝ ճնշելով կեղևի գործունեությունը, այսինքն՝ ճնշում են բանական, տրամաբանական մտածողությունը։ Եվ մարդը ունենում է բուռն հույզեր, հնարավորություն չի ունենում սթափ մտածողությամբ հանգստացնելու ինքն իրեն։ Արդյունքում՝ ունենում ենք այն, ինչ ունենում ենք՝ կոնֆլիկտի թեժացում։ Կոնֆլիկտի դեպքում կարևոր հմտություն է՝ հուզական առաջին, բուռն ռեակցիան զսպելը և ուղեղի կեղևին հանգստանալու հնարավորություն տալը։
Եթե կոնֆլիկտը նոր սկսել է հասունանալ, մենք պետք է ձգտենք հանդարտեցնել ինչպես ինքներս մեր, այնպես և դիմացինի հուզական վիճակը։ Այս դեպքում ևս կիրառելի է հենց նույն շնչառության վերականգնման տեխնիկան, որի մասին արդեն նշել ենք, որով վերականգնում ենք օրգանիզմի հավասարակշռությունը, ուղեղին հնարավորություն ենք տալիս մեկ անգամ էլ մտածելու, մինչև որոշում կայացնելը։ Երբեմն բավական է ընդամենը մի քանի վայրկյան, որպեսզի մարդը դուրս գա սթրեսի ազդեցությունից, ճիշտ կողմնորոշվի և արդյունավետ գործի։ Ինչ վերաբերում է կոնֆլիկտի պահին դիմացինին հանդարտեցնելուն, ապա կարևոր է նախ և առաջ գիտակցել, որ դու ինքդ չես ուզում կոնֆլիկտի մեջ մտնել։ Բայց մենք հաճախ մոռանում ենք այդ մասին, քանի որ արժանապատվությունն է խոցվում, մտահոգվում ենք, թե մեր մասին ինչ են մտածում ներկաները և այլն։ Վիճաբանող կողմերից յուրաքանչյուրը ամեն կերպ ձգտում է ցույց տալ իր, այսպես կոչված՝ «լավագույն կողմերը»՝ իր «ուժը», իր «ճշմարտացիությունը», իսկ իրականում՝ նույն այդ հատկանիշների բացասական դրսևորումները։ Ի դեպ, սոցիալական հոգեբանության մեջ շատ հետազոտություններ կան, որոնք ցույց են տալիս, որ եթե վիճաբանությանը մասնակցող երկու անձից բացի երրորդ անձ ներկա չէ, նրանք շատ ավելի հեշտությամբ են լուծում կոնֆլիկտը։ Երրորդ անձի կամ ավելի շատ մարդկանց ներկայությունը կոնֆլիկտի վայրում կարևոր է, երբ կոնֆլիկտն արդեն ժայթքել է, և պետք է գնալ հաշտեցման կամ լուծման, իսկ երբ կոնֆլիկտը նոր սկսում է ձևավորվել, այլոց ներկայությունը կարող է նպաստել դրա բռնկմանը։
-Ի՞նչ պետք է անել, երբ տեսնում ենք, որ դիմացինն արդեն հատել է հանդարտության սահմանը և «դուրս է գալիս ափերից»։
-Կարելի է նրան առաջարկել ժամանակ տալ իրար՝ երկուստեք սառչելու, հանդարտվելու համար. «Ե՛կ կես ժամ ընդմիջում վերցնենք»։ Սա արվում է փոխադարձ համաձայնությամբ, պայմանավորվածությամբ։ Ասենք՝ կարելի է պայմանավորվել կես ժամ անց նորից հանդիպել և զրուցել։ Այսպիսով, հնարավորություն ենք տալիս ինչպես մեզ, այնպես և դիմացինին փոքր-ինչ հանդարտեցնել հույզերը, զգացմունքները և ավելի սառը դատելու հնարավորություն ստանալ։ Այդ դադարի ընթացքում կարելի է կիրառել նույն շնչառական պրակտիկան։ Ինչ վերաբերում է դիմացինին, պետք է այնպես վարվես, որ լրացուցիչ լարվածություն չհրահրես, խուսափես կոնֆլիկտածին ժեստերից և արտահայտություններից։ Դրանք շատ են։ Այժմ, քանի որ մեր զրույցը տպագիր է լինելու, ցույց տալն անիմաստ է, բայց պետք է խուսափել հատու, կտրուկ ժեստերից, ձեռքերի թափահարումով խոսելուց, եթե անգամ դրանք բնորոշ են քեզ։ Կոնֆլիկտի պահին դրանք բոլորը դիմացինի կողմից դիտվում են չափազանցված՝ ասես խոշորացույցի միջից։ Հարկավոր է զսպել սեփական ժեստիկուլյացիան, չօգտագործել կոնֆլիկտը հրահրող բառեր։ Անգամ բառերն այդքան կարևոր չեն, որքան դրանք արտաբերելու հնչերանգը։ Հաճախ կլսենք, օրինակ՝ «Տոնդ դուրս չեկավ»։ Առաջին հերթին, անկախ ամեն ինչից, կարևոր է այն գիտակցումը, որ «ես չեմ ուզում գնալ կոնֆլիկտի»։ Այստեղ է գլխավոր նախապայմանը, որպեսզի կողմերը, որոնք դիրքորոշված են, որ պետք է լինի կոնֆլիկտ, և հաղթողը հենց ինքը պետք է լինի, չեզոքացվի։
Եվ կրկին անդրադառնամ մտքերին։ Սովորաբար կոնֆլիկտը սկզբում ներքին է, հետո միայն արտաքին։ Այն իմաստով, որ անձը սկզբում մտովի անհամաձայնություն է ունենում տվյալ իրավիճակի հետ։ Սա կարող է շատ կարճ տևել՝ բառացիորեն վայրկյաններ, հետո արդեն դառնում է արտաքին կոնֆլիկտ։ Ի՞նչն է այստեղ կարևոր՝ որ մարդն ինքն իրեն հաշիվ տա, որ վիրավորվում է մի բանից, որ դիմացինը, հնարավոր է, նկատի չի ունեցել։ Եթե նա գոնե մեկ վայրկյան թույլ տա իրեն կասկածելու՝ արդո՞ք ճիշտ է հասկացել դիմացինին, ապա հնարավորություն է ունենում ճշտելու դա։ Շատ կարևոր է ինքդ քեզ շունչ առնելու, մի պահ մտածելու հնարավորություն տալը։ Պետք է հասկանալ, որ մեր հույզերը սերտորեն կապված են մեր մտքերի հետ եւ կարող են հրահրվել դրանցով։ Գիտակցել՝ ես ինքս եմ ինձ դրդում կոնֆլիկտի, որը ինձ պետք չէ։ Նմանատիպ վերլուծությունը և դրանից բխող՝ սեփական մտքերը ճանաչելու և դրանք կարգավորելու հմտությունները էականորեն կարող են նվազեցնել կոնֆլիկտում ներգրավված մարդու ագրեսիվ լինելու ցանկությունը։ Եվ սրան նաև հավելեմ, որ բացի ագրեսիվությունից, որը արձագանքի ձև է ագրեսիային կամ ենթադրվող ագրեսիային, գոյություն ունի նաև ասերտիվություն, որը նույնպես պատասխանի ձև է ագրեսիային, սակայն այն չի հրահրում դիմացինի ագրեսիվ վարքը կամ թեժացնում կոնֆլիկտը։ Սա այն է, ինչը սովորելու կարիքը մենք ունենք թե՛ դպրոցում, թե՛ բուհում և թե՛ բանակում։
Ասերտիվությունը մարդու՝ սեփական անձի սահմանները, շահերը պաշտպանելու ունակությունն է ՝ առանց ոտնահարելու դիմացինինը։ Սա կոնֆլիկտը վարելու, կառավարելու այն բարձրագույն մակարդակն է, որի դեպքում կոնֆլիկտները հաղթահարվում են դրական, կառուցողական ելքով։
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #02 (1515) 17.01.2024 - 23.01.2024, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում