Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՐԱԳՐՈՂ, ՈՐԻ ՋԱՆՔԵՐՈՎ ՎԵՐՋ ԴՐՎԵՑ ՎԻԵՏՆԱՄԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ



ԼՐԱԳՐՈՂ, ՈՐԻ ՋԱՆՔԵՐՈՎ ՎԵՐՋ ԴՐՎԵՑ ՎԻԵՏՆԱՄԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆԲԵՆ ԲԱՂԴԻԿՅԱՆ

 

1920 թվականին Արևմտյան Հայաստանի Մարաշ քաղաքից Բաղդիկյանների ընտանիքն ստիպված էր հեռանալ և հաստատվել Լիբանանում։ Գաղթի ճանապարհը շատ դաժան էր։ Ընտանիքը ոտքով հաղթահարում է հազարավոր կիլոմետրեր։ Ձյունոտ լեռներով անցնելիս Բաղդիկյանների կրտսեր որդին՝ Բենը, սառչելուց երկար ժամանակ կենդանության նշաններ ցույց չէր տալիս։ Ավագ քույրը, որ երեխային փաթաթել էր գլխաշորով, փորձում էր մի հարմար տեղ գտնել՝ կրտսեր եղբորը հողին հանձնելու համար։ Սակայն, երբ աղջիկը նստում է հանգստանալու և բաց է անում գլխաշորը, տեսնում է, որ կրտսեր եղբայրը կենդանության նշաններ է ցույց տալիս, և ուրախությունից ճչում է։ Բեն Բաղդիկյանն այս պատմությունը հետագայում դեռ երկար պատմում էր ու փառք տալիս Աստծուն՝ իրեն կյանք վերադարձնելու համար։

Բաղդիկյանները Լիբանանում երկար չեն ապրում և արտագաղթում են ԱՄՆ՝ հաստատվում Մասաչուսեթս նահանգում։ Բաղդիկյան ավագը Հարվարդի համալսարանի աստվածաբանական դպրոցում դասընթացներ անցնելուց հետո հոգևորական է ձեռնադրվում Բոստոնի հայկական եկեղեցիներից մեկում, իսկ Բաղդիկյանի մայրը ԱՄՆ-ում հաստատվելուց անմիջապես հետո հիվանդանում և մահանում է։ Մոր մահից հետո Բեն Բաղդիկյանին տեղափոխում են մանկատուն, քանի որ հայրը ի վիճակի չէր մեծ ընտանիքի հոգսը միայնակ հոգալու։

Սակայն դժվար մանկությունը չի խանգարում, որ Բենը լավ ուսում ստանա և ընդունվի Քլարքսի համալսարանի լրագրության բաժինը, որտեղ նա միանգամից աչքի է ընկնում իր խայթող հումորով ու սուր գրչով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա զինվորագրվում է ԱՄՆ ռազմածովային ուժերին՝ ծառայում մինչև պատերազմի ավարտը։ 1941 թ. Բաղդիկյանն սկսում է թղթակցել «Morning Union» պարբերականին։ Միաժամանակ նա հոդվածներ էր տպագրում «The New York Times», «Washington Post», «Boston Globe», «Time» թերթերում։ 1970 թվականին նա ստանձնում է հեղինակավոր «Washington Post» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը։

Բեն Բաղդիկյանն ամբողջ կյանքում պայքարել է արդարության համար։ 1975 թվականին՝ Հայոց ցեղասպանության 60-րդ տարելիցի օրերին, թուրքերի վարձած լրագրողները ամերիկյան պարբերականներում սկսում են ստահոդ հոդվածներ տպագրել Հայկական հարցի շուրջ։ Բաղդիկյանը գործի է դնում իր ամբողջ մասնագիտական ներուժն ու հմտությունները և ստիպում սուտ տեղեկություններ տպագրող պարբերականներից մեկին հրապարակավ ներողություն խնդրել՝ փաստերն աղավաղելու և հանրությանը մոլորեցնելու համար։

Մեկ ուրիշ անգամ նա դառնում է ծպտյալ բանտարկյալ՝ բացահայտելու Փենսիլվանիայի բանտերից մեկի անմարդկային պայմանները։

1978 թվականին Բաղդիկյանը հրավեր է ստանում դասախոսելու Բերկլիի համալսարանի լրագրության բաժնում։ Հետագայում նրան շնորհվում է այդ համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։

Բեն Բաղդիկյանը ամերիկյան լրագրության պատմության մեջ կմնա իր փայլուն լրագրողական գործունեությամբ։ Նրա գլխավորությամբ «Washington Post» պարբերականում հրապարակվում է «Պենտագոնյան փաստաթղթեր» հավաքական անունն ստացած «Ամերիկա-վիետնամական հարաբերությունները 1945-1967 թթ.» փաստաթղթերի հավաքածուն։ Այն գաղտնի փաստաթղթերի շարք էր, որի տպագրությունից հետո ամերիկյան հասարակությունն իմանում է ողջ ճշմարտությունը պատերազմի մասին։ Ըստ այդ փաստաթղթերի՝ հայտնի է դառնում, որ Վիետնամի պատերազմի հարցում նախագահ Ջոնսոնի և Քենեդիի վարչակազմերը ուղղակի ապակողմնորոշել են հասարակությանը։ Այս տեղեկությունները հանրային շահի տեսանկյունից շատ ավելին էին։ Լրագրողները ամենայն մանրամասնությամբ ուշադրություն էին դարձրել այն հանգամանքին, որ ամերիկացի որևէ զինվորի կյանքը վտանգի չենթարկվի, և փորձել էին հավասարակշռել լրագրողի մասնագիտական արհեստավարժությունն ու երկրի ազգային շահը։ Այդ փաստաթղթերը տպագրում են «The New York Time» և «Washington Post» թերթերը, և ամերիկյան ժողովուրդը տեղեկանում է պատմության իսկությանը։

ԼՐԱԳՐՈՂ, ՈՐԻ ՋԱՆՔԵՐՈՎ ՎԵՐՋ ԴՐՎԵՑ ՎԻԵՏՆԱՄԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆՃիշտ է՝ այս հեղինակավոր պարբերականները հայտնվում են դատարանի առաջ, սակայն շատ չանցած՝ ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է կայացնում նրանց օգտին։ Արդարությունը հաղթում է։ Այդ դեպքերից ավելի քան 40 տարի անց, իհարկե, հիշյալ փաստաթղթերը գաղտնազերծվում և հրապարակվում են, իսկ մեր հայրենակցի անունն ավելի հայտնի է դառնում։

Աշխարհահռչակ կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նկարահանում է «Գաղտնի գործը» հանրահայտ կինոնկարը, որտեղ պատմվում է այն լրագրողների մասին, որոնք պատերազմի մասին հրապարակում անելիս կարողանում են երկրի ազգային շահերը պաշտպանելով՝ իրականացնել մամուլի ազատության մասին իրենց իրավունքը։ Ֆիլմի հիմքում ընկած է իրական պատմությունը, իսկ ֆիլմի կերպարներից մեկը կրում է հենց Բաղդիկյան ազգանունը։

Բեն Բաղդիկյանն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների՝ Պուլիցերյան մրցանակ, Լրագրության ասպարեզում ամենաճանաչված քննադատ, Ջեյմս Մեդիսոնի անվան մրցանակ, Փիբոդի մրցանակ, Ամերիկյան գրադարանների ասոցիացիայի մրցանակ և այլն։

Բաղդիկյանը վախճանվել է 96 տարեկանում և հուղարկավորվել ԱՄՆ-ում։

«Երբեք չմոռանաք, որ պատասխանատու եք ժողովրդի առաջ, ոչ թե նրանց, ովքեր վճարում են ձեզ։ Դուք պատասխանատու եք հանրության առաջ»,- ասել է Բեն Բաղդիկյանը:

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #03 (1516) 24.01.2024 - 30.01.2024, Հոգևոր-մշակութային


30/01/2024