ԱՆԱԿՆԿԱԼ՝ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՈՃՈՎ
Ամեն զինվոր էլ, հատկապես ծառայության վերջին օրերին, մտովի արդեն պատկերացնում է իրեն զորացրվելիս:
Զինվորներից շատերը հարազատներից գաղտնի են պահում զորացրման օրը, որ տնեցիներին հաճելի անակնկալ մատուցեն, հազար ու մի սցենարներ են մշակում՝ կախված իրենց երեւակայության սահմաններից ու հնարավորություններից: Ու շքեղ ծաղկեփնջով հայտնվում են, ասենք, քրոջ հարսանիքին կամ մայրերի աշխատավայրում, կամ իրենց տան առաջ, անպայման դռան դիտանցքը փակելով, որ մի քիչ էլ «ինտրիգ» հաղորդեն:
Օրերս զորացրված տղաներից մեկը պատմեց, որ ինքն էլ տնեցիներին իր զորացրման օրը չէր ասել և ինքն էր «անակնկալի» հանդիպել՝ տնեցիները երկու օրով գնացել էին Վանաձոր՝ բարեկամներից մեկի որդու զորացրման խնջույքին մասնակցելու:
Զորացրված մի զինվորի քույր էլ պատմեց հետևյալը. «Եղբայրս զորացրվել էր, բայց մեզ չէր տեղեկացրել։ Հարևանի աղջկա հարսանիքն էր։ Հարսանքավորները եկել էին ու բակում ուրախ-զվարթ պարում էին։ Այդ պահին եղբայրս տաքսիից իջնում է ու խառնվելով նրանց՝ սկսում է պարել։ Մայրս հիանալով զինվորի պարով, հարսանքավորներից մեկին դիմելով, ասում է. «Ինչքան նման է որդուս զինվորը: Հենց տղաս վերադառնա ծառայությունից, պատմելու եմ, որ հարսանիքին իր նմանակին եմ տեսել…»:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Հ.Գ. Կարծում ենք՝ զորացրված զինվորներից շատերը զորացրման իրենց գեղեցիկ ու ինքնատիպ պատմությունները կունենան։ «Հայ զինվորը» սիրով իր էջերը կտրամադրի նման հիշարժան դրվագներին։
Խորագիր՝ #03 (1516) 24.01.2024 - 30.01.2024, Բանակ և հասարակություն