Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՑ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻ



ԶՈՐԱՑ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻ«Աստծու սպառազինությամբ, մեր մեջքը գոտեպնդած ճշմարտության Ավետարանով, հագած արդարության զրահը, մեր ոտքերը ամրացրած խաղաղության Ավետարանի պատրաստությամբ… հավատի վահանով, փրկության սաղավարտով ու Հոգու սուսերով, որ Աստծու խոսքն է, որպեսզի կարողանանք չար օրում դեմ կանգնել չարին…» (հմմտ. Եփես. Զ 13-17)։

Եղեգիսը (Եղեգիք) Վայոց ձորի հնագույն բնակավայրերից է: Եղել է Սյունյաց Վասակյան, ապա Օրբելյան իշխանների նստավայրը և մշակութային կենտրոնը։ Օրբելյանների իշխանության օրոք XIII դարը Եղեգիսի ծաղկման շրջանն է եղել՝ պահպանելով «իշխանաց նստոցի» կարգավիճակը։ Այդ շրջանում Եղեգիսն այնքան նշանավոր էր, որ գրչագիր ձեռագրերում Վայոց ձոր գավառը հիշատակվում էր «Ի գաւառս Եղեգիս» կամ «Ի երկիրն որ կոչի Եղեգիս» անվանումներով։ 1297 թ. Եղեգիսում Հովհան Գրիչի ընդօրինակած Ավետարանի հիշատակարանում կարդում ենք. «Բայց գրեցաւ Աստուածային մատեանս ի գաւառիս Սիսական, գերահռչակ մայրաքաղաքիս Եղեգեաց, առ ոտս Տիրամաւր Աստուածածնիս եւ Սուրբ Կաթողիկէիս եւ փառաւորեալ Սուրբ Նախավկայիս»։

Ավարայրի դաշտից շատ ու շատ հեռու գտնվող ձորում, ներկայիս Եղեգիս գյուղի տարածքում, պահպանվել է Վարդանանց պատերազմի հետ կապված մի ավանդություն։ Ըստ այդ ավանդության՝ Ավարայրի հայտնի ճակատամարտին (451 թ. մայիս 26) հաջորդած ազատագրական պատերազմների վերջին մարտերը մղվել են այստեղ՝ Եղեգիսի ձորահովտում, որտեղ պահպանված գերեզմանները նույն ավանդությունը վերագրում են այդ մարտերում զոհված մարտիկներին։

ԶՈՐԱՑ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻԵղեգիս գյուղը հարուստ է բազմաթիվ հուշարձաններով՝ Հերմոնի վանքը (Կնեվանք), «Ճգնավորի քար անապատ» վանական համալիրը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Քարեվանք վանական համալիրը, Զորաց (Սուրբ Ստեփանոս), Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան (Սուրբ Կարապետ) եկեղեցիները, Օրբելյանների տոհմական տապանատունը, ամրոցների մնացորդներ, հնամենի գերեզմանոցներ, «Հոստուն» (Ոստինք) գյուղատեղին, բազմաթիվ խաչքարեր։

Եղեգիս գյուղից արևելք է գտնվում հայկական ճարտարապետության ինքնատիպ կառույցներից մեկը՝ Զորաց եկեղեցին (Սուրբ Ստեփանոս), որի արևելյան ճակատի արձանագրությունների վերծանումից պարզ է դառնում, որ այն կառուցել է Տարսայիճ Օրբելյան իշխանի թոռը՝ Սյունյաց եպիսկոպոս Ստեփանոսը 1303 թվականին։ Եկեղեցու պահպանված մեկ այլ արձանագրությունից երևում է, որ եկեղեցին 1328 թվականին կանգուն է եղել։

Զորաց եկեղեցու կառուցման եղանակից, ինչպես նաև հարդարանքային հորինվածքից երևում է, որ այն նշանավոր ճարտարապետ ու ծաղկող Մոմիկի ստեղծագործությունն է։

Այս չափազանց հետաքրքիր կառույցը ներկայացնում է լայն բացվածքով, երկու սյուներով երեք մասի բաժանված միակ արևելյան բեմով, երկու կողմերին կից ավանդատներով բաց եկեղեցի։ Հուշարձանի հազվագյուտ ձևը ենթադրում է, որ այն նախատեսված է եղել զորքի համար։ Զորքը կանգնում էր դրսում՝ եկեղեցու դիմաց հոգևորականի աղոթքին հաղորդակից լինելու համար։ Ընդունված է, որ եկեղեցին կառուցվել է պատերազմ մեկնող զորքին օրհնելու և բաց պատարագ մատուցելու համար։ Այստեղից էլ առաջացել է Զորաց տաճար անվանումը։

ԶՈՐԱՑ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻԾավալատարածական հորինվածքով (առկա է միայն Ավագ խորանը) եկեղեցին եռանավ բազիլիկ է։ Հայկական զարգացած միջնադարում եկեղեցական ճարտարապետության մեջ եռանավ բազիլիկ եկեղեցիներ եղել են Մեծ Հայքի 14-րդ նահանգում՝ Տայքում։ Խոսքը IX-X դարերով թվագրված Չորդվանի և Պարխարի վանքերի մասին է։ Այս երկու նշանավոր վանքերը ավելի ուշ շրջանում վերանորոգել, վերականգնել է Դավիթ Կյուրապաղատը։ Առկա են շատ նմանություններ Զորաց, Չորդվանի և Պարխարի վանքերի միջև։ Հայտնի է, որ Չորդվանքի և Պարխարի վանքերում ամփոփված են Մամիկոնյան տոհմի երկու ճյուղերը՝ Չորդվանելյանները և Թոռնիկյանները։ Իսկ Զորաց եկեղեցու բակում ամփոփված են Օրբելյան տան ժառանգները։ Հետևաբար, ճարտարապետը պատահական չի ընտրել եռանավ բազիլիկ հորինվածքը։

Թեև Զորաց եկեղեցին ընդհանուր առմամբ հարուստ չէ գեղազարդային հարդարանքով, սակայն արևելյան ճակատում առկա են եռանկյունի խորշեր, որոնց կիսաշրջան պսակները զարդարված են հովհարաձև զարդանախշերով։ Հիմնական շեշտը դրված է արևելյան ճակատի խաչաձև շրջանակով նեղ ու ձգված լուսամուտի վրա, որն առնված է բարձրաքանդակ հուշապատկերի մեջ։ Այսպիսի պատուհաններ հայտնի են Վայոց ձորի նաև այլ նշանավոր պաշտամունքային կառույցներում՝ Նորավանքում, Արենիում։ Զորաց եկեղեցու հարավային ճակատին արևային ժամացույց է քանդակված, իսկ արևելյան ճակատի վերին եզրամասերում՝ մեկական հավերժության նշաններ։

Խորհրդային տարիներից պահպանված մի լուսանկարից պարզ է դառնում, որ եկեղեցու գլխավոր խորանից դեպի արևմուտք կամարաձև բացվածքը, կողային նավերի ծածկերը և քիվերը քանդված են եղել, իսկ կենտրոնական նավի քիվերը պահպանված։ 1970-ականների սկզբին Զորաց եկեղեցին վերականգնվել է՝ պահպանելով հիմնական կերպարային գծերը։

ԶՈՐԱՑ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻԶորաց եկեղեցու պատերին պահպանվել են որոշ արձանագրություններ, որոնցից առավել ուշագրավ է արևելյան ճակատինը։ Եկեղեցու արևելյան ճակատի հյուսիսային խորշի կիսաշրջան պսակի հարթ և թեք մակերեսներին փորագրված է հետևյալ արձանագրությունը. «Ես տէր Ստեփանոս, որդի Ջամալին, թոռն մեծի Տարսայիճին հիմն արկեալ շինեցի զեկեղեցիս յանուն սրբուհւոյ Աստուածածնի»։

Կառույցը խոյանում է երկաստիճան հիմքի վրա և պսակվում է երկթեք տանիքով։ Հատակը և ծածկը սալարկված են, իսկ եկեղեցու արևելյան և հարավային պատերում զետեղված խորշերի դարակները հիմք են տալիս կարծելու, որ Զորաց տաճարը եղել է միջնադարյան նշանավոր գրչության կենտրոն կամ գրապահոց մատենադարան։

Վերջին տարիներին ողջունելի նախաձեռնությամբ է հանդես գալիս տարածաշրջանի վարչակազմը. մարզի նորակոչիկները բանակ մեկնելուց առաջ օրհնություն են ստանում Զորաց եկեղեցում և նոր մեկնում հայրենիքը պաշտպանելու։ Հոգևոր հայրը նորակոչիկների օրհնության կարգ է կատարում և բոլոր նորակոչիկներին նվիրում Զինվորի Աստվածաշունչ։ Խորհրդանշական այս վայրում նորակոչիկների օրհնությունը պատմական մեծ խորհուրդ ունի, որը ժողովուրդը վեր է ածել ավանդույթի։ Հոգևոր հայրերը մաղթում են, որ Զորաց եկեղեցում օրհնություն ստացած նորակոչիկներին փոխանցվի այն հաղթական ուժը, որով նրանք անառիկ կպահեն մեր նորօրյա մեծ ամրոցը՝ Հայաստանի Հանրապետությունը։

Հայ զինվորը միշտ եղել է հայրենյաց պաշտպանության դիրքերում։ Սա է հայ զինվորի սրբազան ու դարավոր առաքելության մեծագույն պատգամը՝ ապրել ու ծառայել ի սեր մեր ժողովրդի հոգևոր ու ֆիզիկական փրկության։

ՀՀ ԶՈւ Հոգեւոր առաջնորդության խորհրդանշանի վրա պատկերված է Զորաց եկեղեցին:

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #03 (1516) 24.01.2024 - 30.01.2024, Հոգևոր-մշակութային


30/01/2024